ՀԱՅՐԱՔԱՂԱՔ

«Մարդիկ կային` դեմքերը կորցրեցին, մարդիկ էլ կային՝ սրբագործվեցին»

30 տարի առաջՀիշողությունների այն կետը, որտեղից մեր կյանքը բաժանվեց երկու մասի՝ առաջ ու հետոԱյնտեղից հետո մրմուռ ու կսկիծ, չսպիացող վերք է, որ ամեն պատահած պահի ցավեցնում է, կոկորդդ սեղմումԱկանջներիդ մեջ քաոս է, չդադարող հեկեկոց, աչքերիդ առաջ արյունը սառեցնող պատկերներ, որոնք մերթընդմերթ կինոժապավենի պես պտտվում են, պտտվում ենՄի պահ փորձում ես կանգնեցնել, բայց անզոր ես, ու թուլացած թևերդ ընկնում են: Անզորությունից ձեռքերդ երկինք ես պարզում ու հարցնում Երկնային Տիրոջը՝ «ԻՆՉՈ՞ւ»: Պատասխան չգտնելով՝ համակերպվում ես եղածի հետ ուայդ կետից ոմանք հավերժի ճամփորդն են, իսկ ոմանք նորից են սկսում ապրել: Միգուցե ժամանակը բուժում է ցավը, բայց «Շրջապատի» այս շարքը փորձ է՝ վերհիշելու ցավն ու այն բուժելու ճանապարհ գտնել:



Պատմում է Առողջապահության աշխատողների Շիրակի մարզի արհեստակցական կազմակերպությունների մարզային միության նախագահ ՄԻՇԱ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ:

Այդ տարիներին վերադառնալն այնքան էլ ցանկալի չէ, սակայն մյուս կողմից, ինքնըստինքյան, որևէ բանի առնչությամբ հետ ես գնում այդ տարիները…

Վազեցի տուն: Հարևանները մորս հանել էին: Մեծ տղաս բանակում էր, իսկ փոքրս Պոլիտեխնիկ ինստիտուտում էր սովորում: Ասեմ՝ բախտի բերմամբ, այդ չարաբաստիկ օրը դատախազ Սերգեյ Խաչատրյանի տղայի հետ դասից փախել էին: Այդ երկու երեխան փրկվեցին…

Ընտանիքս հավաքվեց: Տուն էլ չկար, բայց մենք ողջ էինք: Մերոնց տեղափոխեցի քեռանցս տուն, ու ետ վազեցի աշխատավայր. 16 փողոցի վրա էր, կոչվում էր «Բուժգործիքների և օպտիկների միավորում», որտեղ ես էի տնօրենը: Տեսնեմ՝ դռները բաց եմ թողել, բայց դե, այդ խառնաշփոթի ու քաոսի, համատարած վշտի մեջ ո՞ւմ ինչին էր պետք: Մեր վարչության պետը և մինիստր Էմիլ Գաբրիելյանը շատ արագ եկան: Ասին՝ ոչ մի բանի վրա ուշադրություն չդարձնեմ: Շիրակացի փողոցի վրա Ֆիզկուլտ դիսպանսեր կար, հետո գնացինք այնտեղ, դուռը բացեցինք, փաստաթղթերը դուրս հանեցինք, առողջապահական գրասենյակ դարձրեցինք: Հետագայում «Պոլոզ Մուկուզ» ճաշարան տեղափոխեցինք, որը դարձրեցինք բժշկական գործիքների մատակարարման պահեստ: Ամեն ինչ այնտեղ էինք լցրել: Իսկ դիմացը, չգիտեմ որտեղից, երկու հատ տնակ բերեցին, դրանք դարձրեցինք գրասենյակ, ու սկսեցինք, եթե կարելի է ասել, գործունեություն ծավալել: «Սպարտակ» սպորտայինի պահեստները կիսեցինք, մի մասում ներարկիչներ լցրեցինք, մյուսում՝ դեղորայք: Աշխարհի որ ծայրից ասես՝ օգնություն էին ուղարկում, տեղ չկար, դրա համար այդպես կազմակերպեցինք: Որ բերում էլ էին, ուրիշ ոչ մեկն ընդունման փաստաթղթերի տակ կնիք չէր դնում, դեռ սովետական համակարգի վախը կար, բայց, քանի որ պետք է մարդկանցից ապրանքն ընդունեինք, ստիպված ես էի իմ կնիքով կնիքում: Նախարար Էմիլ Սամսոնիչն էլ մանավանդ տեղյակ էր, ասաց, որ ես կարող եմ հանգիստ խղճով դա անել, քանզի առողջապահության կնիք էր:

Առաջին հիվանդանոցը դարձրեցինք կենտրոն: Այնտեղ սկսեցին բուժումներ իրականացնել սկզբում Ռուսաստանից եկած բժիշկները, հետագայում արտասահմանցիները: Մի քիչ պատմությունս խառը կստացվի, միգուցե նաև ժամանակագրությունը խառնեմ, բայց կարծում եմ, ընթերցողին ամեն ինչ պարզ կլինի, թե ինչպես այդ օրերին ու դրանից հետո կազմակերպեցինք առողջապահական աշխատանքները: Խաչատրյան Սեդրակի գլխավորությամբ նախկին ռայկոմի շենքը դարձրեցինք վիրաբուժական 2-րդ հիվանդանոց… Չէր բավականանցնում: Վրանային հիվանդանոց բացվեց նաև մարզադաշտի մեջ, հրեաներն էին այնտեղ կազմակերպել: Վրանային մեկ այլ հիվանդանոց էլ բացվեց Տեքստիլի մարզադաշտի մեջ: Համալիր հիվանդանոցի ողջ մնացած կոլեկտիվն էլ, Ռուբիկ Խաչատրյանի գլխավորությամբ, Լենինգրադյանի վրա վրանային բուժկենտրոն բացեցին: Գիշեր ու ցերեկ աշխատում էինք, չէինք հասցնում: Մեծ տղայիս բանակից արձակուրդ թողեցին, եկավ ու փոքր տղայիս հետ ինձ օգնում էին, Վրաստանից նաև քրոջս տղաները եկան, մարդկանց էլ հավաքագրեցի, որպեսզի կարողանանք թիմային աշխատել: Աշխատանքի ծանրաբեռնվածությունն այնքան մեծ էր, մանավանդ առաջին շաբաթում, որ ոչ քնել ենք, ոչ աչք կպցրել: Մի բան պատմեմ. Առաջին հիվանդանոցից փողոցն անցա, եկա ֆիզկուլտ դիսպանսեր, ներս մտա, մոտեցա դարակներին, որ նյութեր վերցնեմ, դու մի ասա՝ դեմ եմ եղել էդ պահարանին ու քնել… Ոչ մի բան չեմ զգացել, ցրտից էր, թե ինչ՝ արթնացա, նոր զգացի, որ քնել էի, ու թե որքան ժամանակ էր անցել, դա էլ չգիտեի, բայց հիշում էի, թե ինչի համար եմ եկել, վերցրեցի նյութերը և ուզում էի դուրս գալ՝ դուռը փակվել էր: Պատուհանը կոտրեցի, դուրս եկա ու… դագաղներ էին լցված, վախեցա, հազիվ մի կերպ անցա, վերադարձա Ճերմակ հիվանդանոց: Այնտեղ էլ դագաղներ էին շարված՝ մեջները դիեր… Ում հանել էին, բերել էին այդտեղ, մինչև հարազատները կհայտնվեին… Մի կին, լուցկին վառել, դիերի մեջ իր տղային էր փնտրում… Արյունս երակների մեջ սառեց: Ես մինչ այդ չգիտեի վախն ինչ էր… Կքանիստ մնացի: Տնտեսվար Կարապետն եկավ, թե՝ «Միշա, էդ ընչի՞ ես ըդտեղ պպզել»: Օգնեց՝ ելա, ու գնացինք հիվանդանոց, ինչ ուզել էին՝ տվեցի, հարցուփորձ արեցին, թե՝ «Այ, Միշա, արագ-արագ շարժվում ես, էս ի՞նչ էղար»: Չասեցի, թե գլխովս ինչեր էին անցել, բայց խիղճս տանջում էր, վերադարձա, որ տեսնեմ՝ այդ կինը տղային գտա՞վ… Տեսնեմ՝ գտել է, փարվել ու լալիս էր…

Մի խոսքով, «Պոլոզ Մուկուչում» ամբողջ բժշկական նյութերը հավաքագրում էինք: Չեք պատկերացնի. որտեղ ինչ ասես թափած էր, օդանավակայանի դաշտերում ինչ ասես լցրած էր, երկաթգծի կայարանում, որտեղ ազատ տեղ կար՝ արկղներով օգնություն էր լցված, էլ չեմ ասում՝ փողոցներում դագաղներ էին լցված… Մի բան էլ, իմ կարծիքով, հանցագործություն, բայց հետագայում այդ հանցագործությանս համար շնորհակալության արժանացրին. Ադրբեջանի Կիրովաբադից մի մեծ մեքենայով արյուն էին բերել: Այն ժամանակ, գիտեք, որ հարաբերություններն արդեն սրված էին, ուղեղս կայծակնային արագությամբ աշխատեց, մտածեցի՝ ի՞նչ իմանաս, թե ինչ են ուղարկել, ԿԳԲ-ի տղեքից մեկին մոտեցա, ասացի, որ նման բան կա, ի՞նչ անենք: Բայց վարորդի փաստաթուղթը կնիքեցի, ճանապարհեցի: Նախարարին բան չասացի, մեզ մոտ կուրատոր էին ուղարկել Վյաչեսլավ Կալինինին, որը հետագայում ինձ Մոսկվա հրավիրեց՝ աշխատանքի, բայց ես չգնացի, քանի որ բացարձակապես ոչ մի բանի մասին չէի մտածում, ու իմ համար կարևորը տեղում լինելն էր ու անհրաժեշտ բժշկական նյութերը հասցնել ուր որ պետք էր: Այն ժամանակ հիանալի էին աշխատում Շտապ օգնության Թորոսյան Ռուբիկը, Գրիգորյան Ֆելիքսը, առբաժնի վարիչի տեղակալ Հեկտորը, ու էլի մի շարք մարդիկ իմ նման օր ու գիշեր աշխատում էին՝ անմնացորդ, նվիրված, սրտացավ: Մի խոսքով, այդ արյունը մեքենայով տեղափոխեցի Ճերմակ հիվանդանոցի հետնամասը, տրակտոր էինք տարել, խորը փոս փորեցինք, վրեն էլ քլոր լցրեցինք ու խորը թաղեցինք… Հետագայում, տարիներ անց մինիստրին պատմեցի, հիմնավորեցի: Ասաց. «Ապրես, բայց մարդու մի ասա»:

Օգնության արկղների վրա ինչ լեզվով ասես գրառումներ կային, բայց այդքան թարգմանիչ հո կողքերս չկա՞ր: Մի անգամ Շչերբինան էր հիվանդացել, ինձ ասացին դեղերից տուր: Մոտավորապես գույներով ջոկելով, տարա: Մի գեներալ վերցրեց, ինքն էլ նայեց-նայեց, բան չհասկացավ, ետ տվեց: Իմ, իբր գիտությամբ, ասացի առաջին երեք օրը թող կապույտ գույնի գծիկներովը խմի, հետո մնացածը: Ծիծաղելի է, բայց արի ու տես, որ խմել էր, ու իրոք, լավացավ: «Վան» ռեստորանի կողքը ֆրանսիացիներն էին եկել, թարգմանեցին, որ հակաբիոտիկներ էին: Հետո շնորհակալություն հայտնեցին, բայց փառք Աստծո, ես փրկվա, որ սխալ բան չէի տվել:

Մեծ մեքենայով ապրանք էին բերել, մեզ ասացին, թե թորած ջուր է: Դրանք դատարկեցինք դիսպանսերի պահեստները: Գորիսից բժիշկներ եկան, տվեցինք, սկսեցին հաճախակի գալ, զարմացա, թե այդքան վիրահատություն են անում, որ անընդհատ գալիս, տանում են: Սա զավեշտալի պատմություններից է: Դու մի ասա, միանման շշերի մեջ, մի կեսում թորած ջուր էր լցված, մյուս մասում բժշկական սպիրտ՝ միայն պիտակների վրա կապույտ ու կարմիր գծիկով էին տարբերվում: Երբ ես հարցրեցի, նոր միայն հասկացանք, որ նրանք եկել, սպիրտ էին տարել: Խոստովանեցին, որ կեսը խմել են, կեսն էլ օգտագործել…

Շատ էինք ուրախացել, որ մեկանգամյա օգտագործման ներարկիչներ էին ուղարկել: Սրանք սկսեցինք բաժանել բոլոր ուզողներին, որովհետև մարդիկ փողոցներում էին, վարակի հավանականությունը շատ բարձր էր, ու անհրաժեշտությունը կար, որպեսզի մի հատ էլ նույն ներարկիչներից օգտվելով չվարակվեին:

 

Կամացկամաց

… ժողովուրդը սկսեց ուշքի գալ: Մի քանի շենքեր արդեն սկսեցին կառուցել: Սովետը փլուզվեց: Էն ժամանակ Էմիլ Կիրակոսյանն էր քաղսովետի նախագահը: Ընկերս Լվովից էր, միլիցիայի վարչության գեներալ-մայոր: 3-սենյականոց բնակարանի փաստաթղթեր էր բերել իմ համար, որ գնայի այնտեղ ապրելու… Էլի չգնացի: Թղթերը տարա Էմիլ Կիրակոսյանի մոտ, ասացի՝ ի՞նչ անեմ: Հարցրեց՝ ինչի՞ չես գնում: Ասացի՝ ես, նա, մյուսը որ գնանք, բա այստեղ ո՞վ մնա աշխատի: Մենք էլ, հո, վրանում էինք ապրում, հետագայում 2 տնակ տվեցին, բայց վարորդս բողոքեց, թե ինքն էլ տուն չունի: Տվեցի նրան: Հետագայում բարեկամներով հավաքվեցին, գումար դրեցինք, մեզ համար բնակարան գնեցինք, ու մինչև հիմա էլ բնակվում ենք:

Ասում են՝ թալանում էին… Ասեմ՝ հիմնականում դրսից էին այստեղ շատերը լցված, դեղեր ու ներարկիչներ հիմնականում նարկոմաններն էին գողանում: Ու շատ գողություններ տեղի ունեցան: Այնպիսի մարդկային ագահությունների դրսևորումների հանդիպեցինք, որ հիմա հիշելիս, մարմնովս սարսուռ է անցնում: Բայց պետք է ի գիտություն ընդունենք, որ ամբողջ աշխարհում, անգամ սուպեր զարգացած երկրներում բնական կամ այլ տիպի աղետներից հետո մարդկանց մոտ գայլային հատկանիշներն արթնանում են ու պետք չէ դա միայն վերագրել մեզ: Ես էլի մի զավեշտալի բան հիշեցի այս ֆոնին. «Գալակտիկա» խանութը հիշում եք, ուրեմն էդ խանութից ավարառած մի ծեր կին է գնում, չգիտեմ շալակին իր չափերից մեծ ինչ էր, մի ձեռքին էլի ինչ-որ սարքեր, մյուսում էլ կիթառ… Կիթառն էր, որ ինձ զարմացրեց, թե դա տանում է, որ ի՞նչ:

Իմ աչքին ոչ մի բան չէր երևում: Ես մի քանի հատ ծածկոց էի վերցրել մերոնց համար: Բայց, երբ տեսնում էիր, որ մարդիկ, ասենք սնունդը, տանում էին՝ ըմբռնումով էիր մոտենում, հագուստ էր վերցնում՝ էլի ըմբռնումով էիր մոտենում, բայց որ ձեռքի հետ դեղեր էին տանում, այն դեպքում, երբ մենք, գիտակներս, չէինք էլ հասկանում, թե որն ինչի համար է… Մարդիկ կային՝ իրոք, դեմքերը կորցրեցին, մարդիկ էլ կային՝ սրբագործվեցին:

Հետո եկան այլազգիներ, մոդուլային հիվանդանոցներ սարքեցին շատ արագ, առողջապահական կենտրոններ ձևավորվեցին՝ «Բեռլին», Իտալական, Ավստրիական, «Կարմիր Խաչ»… Երախտագիտությամբ պետք է հիշենք այս մարդկանց, որ մեզ հասան օգնության:

 

Սովետի օրոք

…արհմիութեններն հիանալի համակարգ են եղել, ամեն կերպ հասել են իրենց անդամներին, սա մի համակարգ է, որի գաղափարն եթե խորը ընկալեն, ապա հիմա էլ կկիրառեն: Հիմա մեր այս հիմնարկությունն ի՞նչ կարող է անել չնչին գումարներով… Ամեն տարի դեկտեմբերի 7-ին մի մեծ պսակի փող է հավաքվում, որն ես պարտաճանաչորեն գնում, տանում այդ հիշատակի օրը դնում ենք ու ողորմի տալիս մեր անցավորաց, անմեղ հոգիների խաղաղության ու խնկարկում ննջեցյալների համար:

 

Գրառեց՝ Ս.ՄԵԽԱԿՅԱՆԸ

print
504