Մարզպետն արձագանքեց ֆեյսբուքյան գրառմանը կամ՝ զբոսաշրջիկը մեզ «օդնոռազովի այցով» պետք չէ ⋆ «Շրջապատ»
ՀԱՅՐԱՔԱՂԱՔ

Մարզպետն արձագանքեց ֆեյսբուքյան գրառմանը կամ՝ զբոսաշրջիկը մեզ «օդնոռազովի այցով» պետք չէ

Իմ ֆեյսբուքյան էջում գրառում էի կատարել՝ մտահոգված լինելով այն իրավիճակով, որը տեղի էր ունենում Գյումրու օդանավակայանում, երբ մարդիկ՝ այս դեպքում՝ մաքսավորները, տաքսիստները՝ թեկուզ հացի փող վաստակելու համար, բայց ավելի շուտ, ոմանց բիզնես-շահերը սպասարկելու համար «գցում» էին քաղաքի վարկանիշը զբոսաշրջիկների մոտ: Իսկ դա ինձ, որպես ՀՀ քաղաքացու, անտարբեր չէր կարող թողնել: Մի խոսքով, հետևյալ գրառումն արեցի սոցցանցում.

«Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյան և Գյումրու քաղաքապետ Սամվել ԲալասանյանԶբոսաշրջության զարգացումը սկսվում է «տամոժնիկպոգռանիչնիկից» և տաքսիստից: Օտարը նախ այս երկու ոլորտի մարդկանց հետ է շփվում, հետո նոր միայն մնացածիԱյսօր հանդիպեցի զբոսաշրջիկների, ովքեր ընկերներիցս մեկին պատմում էին, թե իրենց գլխով ինչեր է անցել՝ իջնելով Գյումրի օդանավակայան: Անելանելի վիճակի մեջ հայտնվելով, վախեցած զանգել, գտել են իրենց ծանոթին ու խնդրել «փրկել» տաքսու վարորդների «նապադենիայից» (անթրաշ, կեղտոտ հագուկապով, վայրենի պահվածքով, և նույնիսկ զոռով ուղևոր «փախցնող» տաքսիստների մասին է խոսքը): Ինձ նաև պատմեցին, որ սահմանապահմաքսավորներն էլ իրենց հերթին են «ուղղորդում», թե որ հյուրանոցը ՊԻՏԻ մնան

Հետո պատմեցին, որ տաքսին Գյումրու օդանավակայանից քաղաք բերում է, ձիգ բռնվեք, 1000 ռուբլով՝ իմա՝ 7500 դրամ, եթե 4 հոգի է տեղափոխում՝ մարդա 500 ռուբլով

Բացի այս, օդանավակայանը «սպասարկող» տաքսիստների «շեֆը» նույնիսկ ցուցակով տեղյակ է, թե քանի հոգի օտարազգի է իջնելու օդանավիցԼրիվ James Bond:

Ասելս ի՞նչ է. մենք մեկ օրվա փող կպցնելու անհագ ծարավով տոգորվածների համար էի՞նք էսքան ժամանակ գոռում՝ Գյումրիում պետք է զբոսաշրջություն զարգացնենք, որ քաղաքը զարգանա: Տեր եղեք: Կարծում եմ, որ լավ կլինի, եթե օդանավի վայրէջքի ժամին քաղաքային տրանսպորտ սպասարկի, և պարտադիր «Հրեշտակների գնդից» կամ ոստիկանությունից կանգնած լինեն, որ էս տեսակ խայտառակ բաներից զերծ մնանք: Զբոսաշրջիկը մեզ «օդնոռազովի այցով» պետք չէ, մեզ պետք է, որ նա գոհ գնա, մյուս գալուց հետը ուրիշներին բերի»:

Ֆեյսբուքյան այս գրառմանս անմիջապես արձագանքեցլ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը՝ գրելով. «Սյուզի ջան, վերցրեցի ներկայացրածդ խնդրակազմը»։

Հաջորդ օրն արդեն մարզպետի հետ զրույց ունեցա և տեղեկացա, որ ոստիկանությունը խստացված վերահսկողություն է իրականացնում Գյումրու օդանավակայանում: Իսկ 3 օր անց մարզպետը ոստիկանության սպայակազմի հետ այցելել էր օդանավակայան, որպեսզի անձամբ համոզվի, թե որքանով է իր հանձնարարականն իրականացվում:

Մանրամասների համար զրուցեցի մարզպետի հետ, և նա փոխանցեց հետևյալը.

— Գյումրու օդանավակայանից եկող ուղևորահոսքերի և դրա հետ կապված Ձեր կողմից բարձրացված մտահոգությունները խնդրակազմի վերածեցինք, և ոստիկանության մարզային վարչության հետ արդեն ունեցած քննարկման արդյունքում որոշվեց ուժեղացված հերթապահություն սահմանել, նաև պարեկապահակային ծառայության՝ «Հրեշտակների գնդի» աջակցությամբ կարգուկանոնին հետևել: Մոսկվա-Գյումրի միակ չվերթի ինքնաթիռի վայրէջքից առաջ ընդլայնված խորհրդակցություն ունեցանք, որին մասնակցում էին ոստիկանության, օդանավակայանի անվտանգության ծառայության ներկայացուցիչները: Կոմպլեքս հարցերի քննարկում տեղի ունեցավ: Քննարկվեց այցելուներին լեզուների տիրապետող դիմավորողների, որոշակի տեղեկատվական աջակցություն ցուցաբերելու հարցերը: Ինչպես գիտեք, Գյումրու օդանավակայանում բացակայում է տեղեկատվական վահանակ՝ ծառայություն, որից երկիր, քաղաք մտնողը կկարողանար տեղեկություն ճշտել, ինչը, իմ կարծիքով, կլուծեր խնդիրների մեծ մասը: Որոշեցինք օդանավակայանում շրջել, խնդիրները տեղում քննարկկել նաև տաքսիստների հետ, խոսել երկիր ժամանողների հետ, լսել կարծիքներ:

Եվ, իրոք, մեր այս իրականությունում, Գյումրու տուրիստական սեգմենտի զարգացման մեծ ակնկալիքների պարագայում հիասթափեցնող մոտեցում ցուցաբերելով ոչ շահեկան վիճակում կհայտնվենք: Բացատրեցինք, որ տուրիստական սեզոն է, և որևէ տուրիստ պոտենցիալ ևս երկու տուրիստ է, և այս պարագայում մեկի գոհունակության մակարդակը երաշխիք է նոր տուրիստական հոսքեր ունենալու համար: Մանավանդ, չվերթների քանակը խիստ սահմանափակ է: Մենք վարորդներին բացատրեցինք, որ, եթե հանկարծ բողոքները շարունակվեն, ապա մենք արդեն այլկերպ լուծումներ կգտնենք, որոնց վերջնաարդյունքում իրենց օգուտ չի լինի: Բացատրեցինք, որ նրանց հնարավորություն է տրվել գումար վաստակելու, բայց դա պետք է խելամտորեն անել, որպեսզի հիասթափության առիթ չհանդիսանա: Կարծում եմ, մարդիկ պետք է հասկանան, որ մեկ օրվա համար չեն աշխատում:

Տիգրան Պետրոսյանը նաև պատմեց, որ այդ ընթացքում հետաքրքիր գաղափար է իր մոտ ծնվել. զրուցելով ժամանող հյուրերի հետ՝ նրանց ուղեկցել քաղաքում, ներկայացնել քաղաքի պատմությունը, ճարտարապետությունը, խոսել ավանդույթների ու սովորությունների մասին:

Եվ նա որոշել է տեղում իր գաղափարն իրացնել, այսպես ասած, դիմավորելով Մոսկվա-Գյումրի չվերթով Գյումրի ժամանած զբոսաշրջիկների, զրուցել է նրանց հետ, իսկ առաջին անգամ Նիժնի Նովգորոդից Գյումրի ժամանած Գոնչարով ամուսիններին անձամբ է ուղեկցել ու ցույց տվել մեր քաղաքը՝ իր ողջ գունապնակով:

Կատյա Գոնչարովան Գյումրի է եկել տպավորված հատկապես ճարտարապետությամբ և նշել է, որ Գյումրիից կգնա զարմացած հյուրընկալությունից: «Պարոն մարզպետ, մենք մտածում էինք, որ տպավորված ենք գնալու ձեր քաղաքից, բայց նաև զարմացած ենք ու հիացած: Եթե մեր ընկերներին պատմենք, որ մարզպետն անձամբ է ուղեկցել և պատմել քաղաքի մասին, երևի չհավատան: Մենք վստահ ենք, որ Գյումրին տուրիստական լուրջ ներուժ ունի, իսկ եթե այստեղ ապրողներն այսքան հյուրընկալ ու բարյացկամ են, ուրեմն հաստատ հաջողելու եք»,- մարզպետին հրաժեշտ տալով, նշել է Կատյա Գոնչարովան:

Նիժնի Նովգորոդից Գյումրի ժամանած Գոնչարով ամուսիններին մարզպետ Տիգրան Պետրոսյանն անձամբ է ուղեկցել ու ցույց տվել մեր քաղաքը՝ իր ողջ գունապնակով:

Մարզպետն ասաց, որ եթե Գյումիրում հայտնի, համբավ վայելող մարդիկ, տարբեր ոլորտի ներկայացուցիչներ, նույնկերպ մեկ կամ մի քանի զբոսաշրջիկի այսպես ուղեկցեն, ապա սա շատ հետաքրքիր, գրավիչ, ինդիվիդուալ մոտեցում կլինի, ինչը տուրիստական ֆորումներում ասել-խոսելու, ճամփորդությունից գոհացած պատմելու թեմա կդառնա, որն էլ իր հերթին մարդկանց կգրավի դեպի մեր քաղաք:

Մարզպետը նաև նշեց, որ վարչապետը մասնակցելով ավիափոխադրողների ֆորումին, հատուկ շեշտադրել է Գյումրու օդանավակայանի կարևորությունը: Հաստատվել է, որ ժամանողների համար նոր տերմինալի կառուցման թույլտվությունն արդեն կա, շատ արագ շինարարություն կընթանա: «Շիրակ» օդանավակայանն ունենալով առանձնահատկություն, ամբողջ թափով պոտենցիալն օգտագործելով, բեռանփոխադրումների ծավալը մեծացնելով, լոգիստիկ կենտրոն հիմնելով՝ բավական առաջընթաց կապահովենք:

Ս.ՄԵԽԱԿՅԱՆ

print
1,475