ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մեզ չինական վիրուս պետք չէ

Ժողովրդական խոսքով ասած «քյասիբի ձմռան»՝ առանց տեղումների եղանակների ստեղծած «բարենպաստ» միջավայրը, շատերի համար անբարենպաստ անդրադարձ ունեցավ. 39,5, երբեմն 40 աստիճան ջերմություն, մարմնացավեր, հազ… վիրուսի ստվերն է շրջում ընտանիքներում: Սակայն փառք տանք Բարձրյալին, որ սա չինական վիրուսը չէ…

Ինչպես հայտնի է, Չինաստանում կորոնավիրուսի օջախ է ստեղծվել, որն արդեն իսկ մի քանի տասնյակ մարդու կյանք է խլել, և սարսափ ու խուճապ է տարածել աշխարհում:

Չինաստանի հետ բոլոր սահմանային կետերը վերահսկվում են բարձր մակարդակով. ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն հայտարարեց, որ գերատեսչությունը տեղյակ է Չինաստանում տարածվող նոր վարակից և հետևում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայտարարություններին. «ՀՀ սահմանները գտնվում են սանիտարահամաճարակային ուժեղ հսկողության ներքո: Դեպքերի զարգացմանը զուգահեռ, եթե կարիք լինի միջոցներ ձեռնարկելու, մենք կձեռնարկենք»: Նախարարը նաև հայտնեց, որ այս վիրուսը կարող է փոխակերպվել թոքաբորբի, ինչպես գրիպի այլ տեսակների, ուստի քաղաքացիներին կոչ արեց կիրառել կանխարգելման այն միջոցները, ինչը կիրառում ենք այլ վիրուսների դեպքում։ Իսկ ախտանշանների ի հայտ գալու դեպքում, դիմել բժշկի։

Ինչպիսի՞ն է վիրուսային ցուցանիշները մեր առողջապահական հաստատություններում: Զրուցեցինք պատասխանատուների հետ:

Գյումրու «Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի» մանկական բաժանմունքի վարիչ, բժշկուհի  Սուսաննա Տոնոյանի հավաստմամբ՝ համաճարակի վտանգ այս պահին չկա: «Մեր մոտ, ճիշտ է, սեզոնային վիրուս է տարածված, բայց դա ամեն տարվա, նույն սեզոնի ժամանակի մակարդակում է, որոնք ցրտերին զուգահեռ ակտիվանում են: Իսկ հատկապես երեխաների շրջանում՝ մանկապարտեզներ, դպրոցներ… շփումները շատ են, այդ իսկ պատճառով վիրուսների փոխանցումն արագ է տեղի ունենում և, բնականաբար, օդակաթիլային վարակները տարածվում են: Հունվարյան առաջին օրերին այնքան էլ բարձր չէր, սակայն այս օրերին մի քիչ շատ է վիրուսով հիվանդների թիվը, սակայն այն չի գերազանցում սովորական ցուցանիշը:

Այսինքն, մենք համաճարակի, այսպես ասած, «կարմիր գիծ» չունենք արձանագրված:

– Այո, նման բան չկա: Նորից եմ ասում՝ բոլոր տարիների համեմատության մեջ՝ նույնն է: Ավելին ասեմ. եթե կար ժամանակ, որ ստացիոնարի համար անգամ մահճակալներ չէին բավականացնում, ապա այս տարի նման բան չի եղել, անգամ ազատ մահճակալներ ունենք: Ամեն ինչը վերահսկվում է, մենք շատ ուշադիր ենք: Հորդորում եմ առաջնային օղակների բժիշկներին՝ լինեն շատ ուշադիր, տեղամասերում թե՛ մեծերի, և թե՛ առավել ևս փոքրերի նկատմամբ ամենայն մանրամասնությամբ զննություններ իրականացնեն:

Չնայած նրան, որ այս տարվա ձմեռն այնքան էլ ցուրտ չէր, որ շնչառական ուղիների հիվանդություններն ակտիվանային, սակայն շատերի պնդմամբ, անգամ ամբողջ ընտանիքում օդակաթիլային այդ վարակը տարածված է:

– Ինչ խոսք, սառը օդը, տեղումները կմաքրեին, կոչնչացնեին վիրուսները, բայց ի պաշտոնե հաստատում եմ, որ մեզ մոտ շատ ավելի հանգիստ վիճակում ենք ու ոչ մի արտառոց բան չկա:

Իսկ այլ, ասենք՝ ջրծաղիկ, կարմրուկ, որոնք կարծես անցած տարեվերջ մի փոքր ակտիվացել էին

– Հիմա, այս վերջին երկու ամսում այլևս չի նկատվում, թեպետ աշնանը մի թեթև ջրծաղիկը գլուխ բարձրացրեց: Բայց հիմա դա էլ չկա: Գուցե համաբուժարաններ են դիմում, որտեղից ստանում են բարձր մակարդակի բուժօգնություն, և ստացիոնար բուժման անհրաժեշտությունը չի լինում, բոլոր դեպքերում, եթե լիներ ակտիվություն, մենք տեղյակ կլինեինք:

Ասել է թե՝ առաջնային օղակներն իրենց դերակատարմամբ, կարողանո՞ւմ են կառավարել հիվանդությունները:

– Իհարկե, եթե տեղամասեր ժամանակին դիմում են, ուրեմն կանխվում է հիվանդության բարդացումն ու տարածումը: Ծնողները պետք է շատ ուշադիր լինեն, եթե բալիկների մոտ նկատում են ինչ-ինչ ախտանիշներ, պետք է տվյալ դեպքում մանկապարտեզ ու դպրոց թույլ չտան հաճախել, և դիմեն իրենց բժիշկներին: Պետք է հետևեն հիգիենայի կանոններին, գիտակից մոտենան թե՛ երեխաների, թե՛ իրենց առողջությանը:




Գյումրու բժշկական կենտրոնի թերապիայի բաժանմունքի վարիչ Լիլիթ Սարգսյանի հետ ևս զրուցեցինք: Բժշկուհու պնդմամբ, չնայած հիվանդների դիմելիությունն ավելացել է, բայց համաճարակ և/կամ որևէ նման իրավիճակ չկա: «Ամեն տարվա այս սեզոնին բնորոշ է առայժմ. մենք նույն ծանրաբեռնվածությամբ ենք աշխատում, ինչ-որ նախորդ տարիներին: Բաժանմունքն այս պահին, ճիշտ է, գրեթե 100 տոկոս մահճակալային ծանրաբեռնվածությամբ է. շատացել են վերին շնչառական ուղիների հիվանդությունների դիմելիությունը թե՛ ամբուլատոր, թե՛ ստացիոնար առումով: Հատկապես ժամը 4-5-ից հետո ջերմողների դիմելիությունն ավելանում է, քանի որ պոլիկլինիկաները արդեն փակ են լինում, և դրա համար կենտրոն են դիմում: Այն հիվանդներին, որոնց մոտ հարկ կա ստացիոնար բուժման՝ նրանց ընդունում ենք, իսկ նրանց, որոնց խորհրդատվությունն է բավարար, ստանում են մասնագիտական խորհրդատվություն, ստանում են տնային բուժում: Հատկապես ստացիոնար բուժման են անցնում խրոնիկ հիվանդություններ ունեցող հիվանդները. այն է՝ խրոնիկ բրոնխիտ, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդները, սիրտ-թոքային անբավարարություն ունեցողները, որոնք տուժած իմունիտետ ունեն և հակված են վիրուսներն արագ ընկալելու, և որոնց մոտ հնարավոր է, վիրուսային բարդություններ լինեն: Իսկ ինչ մնում է վիրուսների փոխանցմանը, ապա դա էլ ինչ-որ տեղ մեր մենտալիտեդի հետ է կապված. նախ՝ հարազատաբարեկամական շփումները, բարևելիս՝ համբուրվելը, և այդկերպ վիրուսների ազատ փոխանակում է տեղի ունենում, և այն միայն օդակաթիլայիններին չի վերաբերում:

Կարելի՞ է պնդել, որ այս պահին վիրուսները կառավարելի են, և այն չինական սարսափազդու վիրուսի հետք չունենք արձանագրված:

– Ոչ, չունենք: Խուճապն այս պահին Չինաստանում է բարձր, արտակարգ իրավիճակ է հայտարարված, միջոցառումներ են ձեռնարկում, իսկ այլ պետություններ սահմանահատման կետերում ևս բարձր զգոնություն և վերահսկողություն է իրականացվում, այդ թվում Հայաստանում: Իսկ մեր հայրենակիցներին հորդորում եմ՝ ընտանիքներում պետք է բոլոր միջոցառումները ձեռնարկեն. և՛ պրոֆիլակտիկ, և՛ հիգիենիկ, և՛ վիտամինաթերապիան, և՛ առողջ սնունդը, և՛ հեղուկների, և՛ դեղորայքների առումով: Հագուստին ևս պետք է ուշադրություն դարձնել. տաք գլխարկներ կրելը, ականջներն ու կոկորդը տաք պահելը կարևոր կանխարգելիչ միջոցներ են: Եթե բարդ իրավիճակներ են, բարձր ջերմություն՝ պարտադիր բժիշկ հրավիրել կամ դիմել: Պետք չէ սպասել՝ հիվանդության խորացմանը, զարգացմանն ու բարդացմանը, եթե բարձր ջերմությունը պահպանվում է, առավել ևս:

Դիմակների կրելը կանխարգելի՞չ է:

– Դիմակները ցանկալի են և արդարացված փակ տարածքներում՝ տրանսպորտ, սենայկներ, բաց տարածքում դա անիմաստ է: Նաև կարևոր է ինքնագիտակցումը. եթե վիրուսով հիվանդ ես, ապա հարգիր դիմացինիդ: Առողջություն եմ մաղթում բոլորին:

print
1,049