ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ | ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Մեզ պետք են կրթված մայրեր

Հարցազրույց «Գյումրու ծննդատուն» ՓԲԸ մանկաբարձ-գինեկոլոգ ԳԱՅԱՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հետ:

Բժշկուհի, հաճախակի ենք անդրադառնում կանանց գինեկոլոգիական խնդիրներին, քանզի այսօր, առավել քան երբևէ, անհրաժեշտ է լուծել դեմոգրաֆիկ խնդիրը՝ ունենալով առողջ մայրառողջ բալիկ: Հաճախ հանդիպող ինչպիսի՞ գինեկոլոգիական խնդիրների հետ եք առնչվում:

– Գինեկոլոգիական հիվանդությունները տարբեր են տարբեր տարիքային խմբերի կանանց մոտ: Օրինակ, սեռահասունացման՝ 13-17 տարիքային խմբում, հիմնականում միստրուացիոն ցիկլի խախտումն է տարածված: Քանի որ մեր տարածաշրջանում բնակչության սոցիալ-կենցաղային պայմանները բավականին ծանր են, ապա նման խնդիրներ հաճախ են առաջանում: Պատճառներն են՝ մրսածությունը, ոչ ճիշտ, ոչ լիարժեք սննդի ընդունումը, հիգիենիկ պայմանների ոչ լիարժեք ապահովումը, կենցաղային ծանր խնդիրները, նստակյաց կյանքը, նորագույն տեխնոլոգիաներից կախվածությունը… Այսօր գերթե չեք գտնի մեկին, որը որոշակի կախվածություն չունենա նորագույն տեխնոլոգիաներից, իսկ սեռահասունացման շրջանում երեխաների տարվածությունը հանգեցնում է նստակյաց կենցաղավարության, որի հետևանքով տուժում, իսկ ավելի շուտ՝ չի զարգանում ֆիզիկականը. կամ ընդհանրապես սպորտով չեն զբաղվում, կամ ջանք չեն ներդնում, որպեսզի օրվա չափաբաժին ֆիզիկական վարժություններ անեն: Սրան էլ գումարվում է սոցիալ-հոգեբանական ֆակտորը, ինչը կարող է նպաստել յուվենիլ (սեռահասունացում) խախտումների:

Եթե ժամանակին չեն դիմում, սպասում են, թե ինքն իրեն կկարգավորվի, ապա բարդությունների են հանդիպում:

– Հենց անհրաժեշտությունն այն է, որ ժամանակին դիմեն, անգամ այնպիսի ծանր դեպքեր են լինում, որ արդեն արյան փոխներարկման անհրաժեշտություն է առաջանում։ Մենք մեր ծննդատանն ունենք համապատասխան՝ Դեռահասների առողջության կենտրոն, որի խնդիրն է երիտասարդ սերնդի առողջության պահպանումն ու ամրապնդումը, դեռահաս աղջիկների գինեկոլոգիական ախտաբանությունների ժամանակին ախտորոշումը և բուժումը. բորբոքային հիվանդություններ, դաշտանային պարբերաշրջանի խանգարումներ, պատանեկան դիսֆունկցիոնալ արյունահոսություններ և այլն: Ժամանակին չդիմելը, առաջացած խնդիրը գրագետ չվերացնելը կարող է բերել հետագա լուրջ հիվանդության, օրինակ, մինչև անգամ չբերության:

Ինձ թվում է այս խնդիրը մի ուրիշ՝ կարծրատիպային կողմ էլ ունի. դեռահաս աղջնակին ծննդատուն բերելը, գինեկոլոգի մոտ տանելը:

– Ցավոք, հոգեբանական նման բարդույթավորվածության խնդիր դեռ ունենք: Հաջորդիվ գալիս է ռեպրոդուկտիվ՝ վերարտադրողական տարիքին բնորոշ գինեկոլոգիական խնդիրները: Առողջապահության համաշխարհային կազմակերպության սահմանմամբ, առողջությունը՝ դա սոցիալական, ֆիզիկական, հոգեբանական բարեկեցությունն է (և ոչ միայն հիվանդության բացակայություն): Ինչպես տեսնում եք, մեր տարածաշրջանում այս բաղադրիչներն այնքան էլ բարձր մակարդակում չեն գտնվում և ուրեմն դա վերաբերում է նաև կանանց առողջությանը: Սակայն, մյուս կողմից պետք է փաստեմ, որ մեր տարածաշրջանում համարյա չունենք սեռավարակային հիվանդացություններ կամ շատ նվազ թիվ են կազմում: Մի քանի գործոնով է դա պայմանավորված: Առաջին հերթին սեռավարակային հիվանդացություններն ավելի շատ փոխկապակցված էին լինում ուղղակի իմաստով՝ արտագնա աշխատանքի հետ, նաև ծովափնյա հանգստից վերադառնալու հետ՝ սեզոնային բռնկումներ են լինում: Վերջին տարիներին, առավել ևս 2020-ին՝ COVID-19-ի հետևանքով, սահմանների փակ լինելու պարագայում այն պակասել է: Մյուս հանգամանքն այն է, որ դիմելիությունն է աճել. այսինքն, նման խնդիրների առաջացման դեպքում այլևս կարծրատիպը չի գործում: Երրորդն այն է, որ մեր պոլիկլինիկաներն են բարձր մակարդակում գտնվում: Այս ամենին զուգահեռ, մի հանգամանքի եմ ուզում անդրադառնալ. հիվանդը չպետք է դիմի դեղատան աշխատակցին… Պատկերացնո՞ւմ եք, կողքից իմանալով, թե ինչ դեղեր են անհրաժեշտ, դիմում են դեղատան ծանոթին, վերջինս էլ իր իմացությամբ «դեղատոմս է գրում»: Եվ դեղատան աշխատակիցն էլ նման պատասխանատվություն չպիտի վերցնի իր վրա: Կարևորում եմ խոսել պարանոցի քաղցկեղի՝ սկրինինգի մասին (ՊԱՊ քսուկ): Ճիշտ է, ՊԱՊ քսուկը պարտադիր թեստ է կանանց համար, որը պետության կողմից անվճար ծրագիր է, սակայն այն ընդամենը սկրինինգային հետազոտություն է, բայց ոչ դիագնոստիկ. եղել են դեպքեր, երբ ՊԱՊ քսուկի թեստը մաքուր է, սակայն հետագայում լուրջ ախտորոշումով է գալիս պացիենտը: Այսինքն, պետք չէ ամբողջությամբ հիմնվել այս թեստի դրական արդյունքի վրա: Եթե կնոջ մոտ խնդիր է նկատվել, ունի գանգատներ, ապա անհրաժեշտ է մանրամասն զննություն անցնել:

Որպես գինեկոլոգ՝ ի՞նչ խորհուրդ կտաք:

– Խորհուրդ չէի ասի… Որ բարեմաղթեմ՝ պահպանել առողջությունը, բայց դա, ինչպես վերևում նշեցի, շատ հանգամանքների ու բաղադրիչների համակցությամբ է պայմանավորված… Լավ, խորհուրդ կտամ մի քիչ բարձրացնել գրագիտության մակարդակը, ավելի շատ կարդալ, իմանալ, կրթվել, գիտելիք ձեռք բերել, մանավանդ, մայր դարձող անհատի մասին է խոսքս: Կարող է մայրացողը հմտություն չունենա, բայց գոնե տարրական գիտելիքների տիրապետելը պարտադիր է՝ կնոջ օրգանիզմի, ֆիզիոլոգիայի, նորածնի զարգացման մասին: Կարևոր է մայրության դպրոցն անցնելը, երիտասարդները պետք է ամուր լինեն, խելք ունենան ու կրթվեն: Պետության ամրությունն ընտանիքներն են, իսկ ընտանիքի ամրությունը՝ կինն է, մայրն է, որովհետև երեխայի պլանավորումից սկսած մինչև երեխային կրթելն ու դաստիարակելու ողջ ծանր բեռը կնոջ, մոր ուսերին է, ուրեմն՝ պայծառ ապագա ունենալու համար միայն երեխա ունենալը քիչ է, մեզ պետք են կրթված մայրեր, որպեսզի որակյալ սերունդ ունենանք:

print
3,305