ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ | ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Մեծ վիրաբուժություն փոքր կտրվածքներից»

Օրվա ընթացքում մարդու լյարդն արտադրում է 1-2 լիտր լեղի, որն անչափ կարևոր է օրգանիզմի համար: Այս նյութն օգնում է յուրացնել ճարպերը, կլանել վիտամինները և այլն: Նույնքան կարևոր է նաև լեղապարկը, որում էլ կուտակվում է լեղին, ուստի այս օրգանի հետ կապված խնդիրների դեպքում հարկավոր է շտապ դիմել բժշկի:

Հարցազրույց Գյումրու բժշկական կենտրոնի վիրաբուժական բաժանմունքի վարիչ, բժշկական գիտությունների թեկնածու, լապարոսկոպիկ վիրաբույժ ԱՐՄԵՆ ՆԱՍԻԲՅԱՆԻ հետ:

— Բժիշկ, զրուցելու ենք լեղաքարային հիվանդությունների մասին, որը, եթե անգամ վիճակագրական տվյալներ չվկայակոչենք, գոնե առօրյա կյանքում շատ ենք լսում՝ շատ է տարածված. լեղապարկում քարեր, լեղածորանի բորբոքում, լապարոսկոպիկ վիրահատություն, և այլն:

— Լեղաքարային հիվանդությունն, առհասարակ, այն պաթոլոգիան է, որը շատ է տարածված առաջատար, զարգացած երկրներում, որտեղ ընդունված է ճարպերով ու խոլեստերինով հարուստ սննդամթերքի, ինչպես նաև հացահատիկների ու հացաբուլկեղենի գործածությունը: Տեսեք, օրգանիզմում կատարվում է նյութափոխանակություն, որպեսզի կերակուրը յուրացվի, մարսվի, և այն կազմակերպվում է լյարդում լեղու արտադրմամբ, իսկ լեղապարկը հանդիսանում է ռեզերվուար, որտեղ հավաքվում է արտադրված լեղին, և երբ մարդը սնվում է, լեղապարկը կծկվելով լեղին մղում է 12-մատնյա աղիք, և այնտեղ կատարվում է նյութափոխանակությունը՝ լեղային թթուների ազդեցության հետևանքով: Աշխարհում, եթե ամբողջ բնակչության թվաքանակով վերցնենք, ապա 10-12 տոկոսի մոտ հանդիպում է լեղաքարային հիվանդությունները, դրանք բավականին տարածված են: Թեպետ, եթե, օրինակ վերցնենք, ասենք՝ Ճապոնիան, որտեղ ավելի շատ օգտագործվում է ձավարեղեն, բրնձեղեն, իսկ կենդանական կերակուրը քիչ է գործածվում, գուցե իրենց մոտ տոկոսայինը քիչ լինի, սակայն այստեղ էլ հաճախակի են ստամոքսային հիվանդություններն ու ուռուցքները: Ինչ վերաբերում է քարերի առաջացմանը. լեղաքարային հիվանդությունն առհասարակ կարելի է բաժանել 3 տիպի. առաջին տիպն այն է, երբ լեղապարկում են առաջանում քարեր, երկրորդ՝ երբ լեղածորանում են առաջանում, և երրորդ՝ երբ լյարդային հյուսվածքի մեջ՝ փոքր լեղածորանի մեջ են առաջանում քարեր: Բացի այդ, լեղաքարային հիվանդության առաջացման հավանականությունը բարձրանում է ճարպակալման, շաքարային դիաբետի, հոդատապի, միզաքարային հիվանդության, նյութափոխանակության խանգարման, արթրիտի, աթերոսկլերոզի և վիտամին A-ի պակասի դեպքում:

— Այսինքն, սննդակա՞րգն է հիմնականում առաջացնում լեղաքարային հիվանդություններ:

— Մի քանի պատճառների մասին պիտի խոսենք: Նախ՝ սննդակարգն է: Ապա՝ մարդու կոնստիտուցիոնալ կառուցվածքն է. սեռը, տարիքը, սպիտակամաշկությունը… Ճարպակալում ունեցող, 40-ից բարձր տարիք ունեցող մարդկանց մոտ այս հիվանդությունն ավելի հաճախ է հանդիպում:

— Սեռը… ինչ-որ տեղ կարծես հասկանալի է, բայց մաշկի գույնը…

— Սեռով պայմանավորվածությունը նրանում է, որ կանանց մոտ ավելի շատ է հանդիպում, քան տղամարդկանց մոտ՝ 1/5, 1/8, անգամ 1/13 հարաբերակցությամբ: Սա, իհարկե, բացատրվում է նրանով, որ հղիության ընթացքում կանանց օրգանիզմում տեղի են ունենում հորմոնալ լուրջ փոփոխություններ, նաև հակաբեղմնավորիչ կոնտրացեպտիվ օգտագործելն է պատճառ հանդիսանում: Վերևում ես նշեցի ամբողջ բնակչության 10-12 տոկոսը, իսկ 60-անց կանանց մոտ այդ թիվը կարող է լինել 30 տոկոս: Արդեն պատկերացրեք, թե ինչ մեծ թիվ է այն կազմում: Սպիտակամորթերի մոտ ավելի հաճախ է նկատվել լեղաքարային հիվանդությունները, նույնիսկ ամերիկյան առողջապահության համակարգում F-երի հապավում կա՝ Female (կին), Fat (գիրություն), Forty (քառասուն և բարձր տարիք), Fertile (կին, ով ունեցել է հղիություն), Fair (շիկահեր), այսինքն՝ երբ 40-նն անց է, մի քիչ գիրություն ունի, մաշկի բաց գույն… Մի կարևոր պատճառ էլ կա՝ գենետիկան, որը չենք կարող անտեսել: Սա պարզ է, չէ՞, գենետիկական նախատրամադրվածության մասին ենք խոսում, ասել է, թե այն պացիենտների մոտ, որոնք լեղապարկի հետ ունեն խնդիր, փորձը ցույց է տվել, որ իրենց տոհմում՝ մայրերի, տատիկների մոտ այդ պաթոլոգիայով հիվանդացությունը մեծ տոկոս է կազմել:

Իսկ մյուս պատճառը՝ բորբոքային պրոցեսն է, որը բերում է լեղապարկի վատ կծկման, առաջանում է կանգային երևույթներ, ինչի հետ կապված լեղապարկում եղած լեղային աղերը սկսում են նստվածք տալ, կուտակվել, առաջանում են փոքր միկրոկրիստալներ՝ միցել, հավաքվելով, առաջացնում են քար, որի չափերը կարող են 2-3մմ-10սմ լինել: Լեղաքարային հիվանդությունն ամենատարածված բարդություններից մեկն է, որի դեպքում մկանների կծկումների խանգարման ու խոլեստերինի մեծ քանակության ազդեցության հետևանքով լեղին քարանում է՝ առաջացնելով քարեր: Եթե այդ քարերն անշարժ են, դրանք խնդիր չեն առաջացնում, սակայն լուրջ խնդիրներ են առաջանում, երբ դրանք սկսում են շարժվել կամ խցանում են լեղածորանը: Իսկ լեղապարկի ու լեղածորանների մկանների աշխատանքը պետք է լինի հստակ ու համաձայնեցված: Այդ աշխատանքի խանգարման դեպքում առաջանում է դիսկինեզիա, որը կարող է պայմանավորված լինել նյարդային խնդիրներով, որովայնի խոռոչի օրգանների հիվանդություններով, գինեկոլոգիական հիվանդություններով, վարակներով, հորմոնալ խանգարումներով կամ ալերգիաներով: Բացի այդ, նման խնդիր կարող է առաջանալ նաև նստակյաց կենսակերպի և սխալ սննդակարգի դեպքում:

— Եթե շոշափելի տվյալներից խոսենք՝ օրինակ, ԲԿ-ում տարեկան քանի՞ դեպք եք ուսումնասիրում՝ կապված լեղաքարային հիվանդությունների հետ:

— Տարեկան 220-250 դեպք՝ լեղաքարային պաթոլոգիայի հետ կապված: Այդ թվում են նաև վիրահատությունները:

— Ճի՞շտ է, որ լեղապարկի հետ լուրջ խնդիր ունեցած պացիենտների մոտ քաղցկեղային հիվանդությունների հավանականությունը մեծանում է:

— Ոչ, դա այդպես չէ: Սակայն ամբողջ ուռուցքների 2 տոկոսն է կազմում լեղապարկի քաղցկեղը: Եվ գլոբալ առումով, երբ դիտարկում ենք, այն, ինչ խոսք, փոքր թիվ չի կազմում: Խրոնիկական բորբոքային պրոցես ունեցող պացիենտները պետք է բուժում անցնեն, որպեսզի հնարավորություն չտան թեկուզ 1/100, 1/200 հավանականությամբ ուռուցքի առաջացմանը: Մեր հիվանդանոցում տարեկան 1-3 ուռուցքի դեպք մենք ենք հայտնաբերում: Սա ժամանակին առողջությանը չհետևելու, ժամանակին չվիրահատվելու հետևանք է: Ինչ վերաբերում է բուժմանը, ապա այսօր կա լապարոսկոպիկ խոլեցիստիտէկտոմիա, այսինքն, լեղապարկի հեռացում՝ փոքր անցքերից: Այս վիրահատությունը նոր չէ: Աշխարհում առաջին անգամ կատարվել է դեռ 1986-87 թվականներին՝ Ֆիլիպ Մյուրեի կողմից:

— Բժիշկ, իսկ մինչ վիրահատություն, արդյո՞ք հնարավոր է դեղամիջոցներով բուժել լեղաքարային խնդիրները, ասենք՝ փշրել քարերը:

— Կախված նրանից, թե ինչ տիպի քարեր են դրանք: Կան 4 տիպի քարեր. խոլեստերինային, պինգմենտային, կիր՝ կալցի պարունակող քարեր և խառը՝ նշվածներից հավաքական քարեր: Դրանք նույնիսկ գույներով են տարբերվում. խոլեստերինայինը դեղնավուն է, բելոռուբինայինը՝ սև և կանաչ, կիրայինը՝ սպիտակ, իսկ խառը՝ բոլոր գույներից: Երբ քարատեսակը խոլեստերինային է, ապա կան պրեպարատներ (դեզոքսիխոլաթթու), որոնք բերում են ի վերջո քարալուծման: Բայց, փորձը ցույց է տալիս, որ նախ այդ բուժման ընթացքը բավականին երկար է՝ մոտ մեկ տարի: Բայց այստեղ երբ տևողությունը, դեղամիջոցի գնային արժեքը համադրում ես, ստացվում է բավականին թանկ, դեռ հայտնի էլ չէ, եթե քարը մեկ տարի հետո լուծվի, արդյո՞ք ամբողջովին կմաքրվի ու չի կրկնվի: Քանի որ, այն պատճառները, որոնք նպաստել էին քարերի առաջացմանը, դրանք մնալով նույն մակարդակում՝ բերելու են նորերի առաջացման: Էլ չենք խոսում, որ պացիենտը ժամանակ առ ժամանակ ցավային սրացումներ է ունենում: Այս հանգամանքը կարող է բերել լուրջ բորբոքումների, որն էլ, ինչպես նշեցի, կարող է հանգեցնել ուռուցքի: Լապարոսկոպիկ վիրահատության մեթոդը նրանով է լավ, որ եթե առաջներում բաց կտրվածքով էին անում, ապա այս սարքի ներդրմամբ, ընդամենը 3 փոքր անցքերի միջոցով է արվում, ու հետվիրահատական շրջան՝ որպես այդպիսին, համարյա չկա, պացիենտը կարող է հաջորդ օրն արդեն ոտքի կանգնել, դուրս գրվել: Լապարոսկոպիան հենց այդպես էլ կոչվում է՝ մեծ վիրաբուժություն փոքր կտրվածքներից: Գյումրու ԲԿ-ում դեռ 2012-ից է ներդրվել այս մեթոդը, 5 տարի է, ինչ ես եմ այստեղ աշխատում, և արդեն բավականին լայն սպեկտորի վիրահատություններ են կատարվում լապարոսկոպիկ եղանակով՝ թե կույր աղիքի, թե՝ լեղապարկի, ճողվածքների, ստամոքսի մասնահատում, ստոծանու, կերակրափողային ճողվածքների, փայծաղի, կպումային պրոցեսների դեպքերում, գինեկոլոգիական վիրահատություններ ևս արվել են մեր պրակտիկայում:

1,244