ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ | ՍՊՈՐՏ

Մեկնարկը տրվեց

Վերջապես տրվեց Հրանտ Պետրոսյանի` շուրջ 12-ամյա երազանքի մեկնարկը. Գյումրիում կառուցվում է մականախաղի, աղջիկների ֆուտբոլի և լակրոսս (սա ևս մականախաղաղ է, միայն ռետինե գնդակով,- հեղ.) մարզադաշտերը:

«Շրջապատի» օգոստոսյան համարներից մեկում պատմել էինք, թե Հրանտ Պետրոսյանն ինչպիսի ճանապարհ էր անցել, որպեսզի հասներ իր երազանքի իրագործմանը: Հիշեցման կարգով մեջբերենք մի հատված. «… 6 տարի առաջ ռուսաստանաբնակ գործարար, Հայաստանի վաստակավոր մարզիչ, աղջիկների մականախաղի դպրոցի հիմնադիրներից գյումրեցի Հրանտ Պետրոսյանը կարելի է ասել բում առաջացրեց Գյումրիում. նա առաջարկում էր կառուցել «Սպորտ Սիթի» մարզահամալիր, որն իր տանիքի տակ կկենտրոնացներ 30-ից ավելի մարզաձևեր։ «Սպորտ Սիթին» ոչ միայն տարբեր մարզական համալիրների միավորում էր լինելու, նաև ունենալու էր առևտրի և հասարակական ժամանցի վայրեր, հյուրանոցներ, սրճարաններ, մարզասրահներ, մարզադաշտեր, սահադաշտեր, լողավազաններ, սննդի կետեր, վաճառատներ և այլն։ Գաղափարը, սպորտային ավանդույթ ունեցող Գյումրիի համար, իրոք, հիասքանչ էր»: Սակայն ինչ-ինչ խնդիրների պատճառով այդ գործընթացը կանգ առավ. Հրանտ Պետրոսյանը բացակայում էր երկրից, և արդեն այս տարվա օգոստոսին, երբ Հայաստանում շատ բան էր փոխվել, վաստակավոր մարզիչը վաճառելով Նովոսիբիրսկում գտնվող բնակարանը, մեծ գումարով վերադարձավ հայրենի քաղաք, որպեսզի իրագործի իր երազանքը: Քաղաքապետարանի հետ բանակցությունները վերջապես տվեց իր արդյունքը. Հրանտ Պետրոսյանին 5,5 հա հողամաս հատկացվեց «Մուշ» թաղամասում՝ Ֆուտբոլի ակադեմիայի հարևանությամբ և պաշտոնապես տրվեց մարզադաշտի կառուցման մեկնարկը. տրակտորները սկսեցին իրենց գործը:

Հրանտ Պետրոսյանն իր ոգևորությունն ու ուրախությունը կիսեց մեզ հետ՝ ցույց տալով շինհրապարակը. «Այստեղ՝ ինչպես որ պլանավորել եմ, պետք է կառուցվի կանանց մականախաղի, ֆուտբոլի և լակրոսսի մարզադաշտերը: Սա ոչ միայն սպորտային տարածք կլինի, նաև կծառայի շոուների, միջոցառումների համար: Գիտեք, որ շուտով Գյումրիում ձմեռը կսկսվի, դրա պատճառով մենք կհասցնենք միայն հողի դրենաժային աշխատանքներն իրականացնել, բայց նախատեսել ենք այս տարի ձմեռային սահադաշտ սարքել, ամանորյա միջոցառումներն այստեղ անցկացնել, «Շիրակի ձմեռ» ամենամյա միջոցառումն անցկացնել… Համապատասխան կլուսավորենք, կզարդարենք, բեմ կդնենք, համերգ կկազմակերպենք: Հետո, գարնանն արդեն կշարունակենք աշխատանքները, մարզադաշտի արհեստական խոտածածկը կհավաքենք: Հաջորդ տարի արդեն միջազգային մրցաշարեր ենք նախատեսել անցկացնել: Ընթացքում ենթակառուցվածքները կկառուցենք, ինչպես նախատեսել ենք՝ հյուրանոցներ կլինեն, սրճարաններ և այլն, մանավանդ, որ շատ բիզնեսմենների հետ վաղուց բանակցում էի, որ համագործակցեն մեզ հետ: Տեսեք, տրակտորները, որ այստեղ են, ընկերաբար առաջարկում են արագ աշխատել, ավելին անել, որովհետև իմ ոգևորությունը նրանց էլ է փոխանցվել: Սկիզբը մեծ ոգևորությամբ է սկսվել, հուսամ, մենք այն նույն ոգևորությամբ մինչև վերջ կհասցենք: Եվ գարնանը շատ մեծ հանդիսավորությամբ բացում կանենք, ասեմ, որ հայտնի մարդկանց ենք հրավիրելու»:

print
2,233