ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Մենք հասկացանք, որ պետք է կարողանալ ապրել կարանտինի ժամանակ»

Հարցազրույց Գյումրու քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Երիտասարդական պալատ» ՀՈԱԿ-ի տնօրեն ԼԻԼԻԹ ՄԱԿԱՐՅԱՆԻ հետ:

Լիլիթ, ինչպես և մնացած ոլորտները, «Երիտասարդական պալատը» ևս նախորդ տարի բարձր ակտիվությամբ էր աշխատում, գերազանց ցուցանիշներ արձանագրում: Ի՞նչ սպասելիքներով էիք ոտք դրել 2020 թվական, և ինչպե՞ս կառույցն ապրեց պանդեմիայի շրջանում:

– Իրոք, մեծ սպասելիքներով էինք սկսել տարին: Ամբողջ տարին բավականին բեղուն էր եղել՝ հագեցած ծրագրերով, տպավորություն էր, որ մենք արդեն հասել էինք մի կետի, որտեղից միայն զարգացման այլ փուլով էինք ընթանալու: Սակայն մի այնպիսի անսպասելի վիճակ ստեղծվեց, որ… Հենց այդ անսպասելի վիճակը բոլորի մոտ մի պահ պանիկա առաջացրեց, վախ՝ ունեցածը զրոյացնելու, անելիքդ չիմանալու և այլն: Ծրագրեր ունեինք, որ արդեն 4-րդ փուլն էր թևակոխել. արդեն կայուն, հաստատուն ընթացքով: Նույնիսկ մեզ հետ համագործակցող կազմակերպությունները՝ վստահելով, պատրաստակամ էին մեզ ֆինանսավորելու, ինչը ոչ մի անգամ չէր եղել: Քաղաքապետարանն էլ էր պատրաստվում ֆինանսավորել մեր «Բացօթյա ճամբար» ծրագիրը: Չնայած, պետք է նշեմ, որ Պալատն այն կառույցներից է, որ ունենալով սահմանափակ բյուջե, ամեն ինչ պլանավորում էր իր հնարավորությունների սահմաններում և ապա մնացյալը՝ հենվելով թիմի նախաձեռնողականության վրա, և պանդեմիայի շրջանում մենք այնքան չէինք կարող տուժել, ինչպես մյուսները: Ինչ խոսք, շատ լավ կլիներ կողքից ֆինանսավորում ստանալը, քանզի այն ավելի լայն գործելու հնարավորություն կտար: Իսկ մենք շարունակել ենք մեր ծրագրերը, նույնիսկ ավելի շատն ենք կարողացել անել:

Այսինքն, եթե ոչ ֆորմալ ուսուցողական ծրագրերի մասին ենք խոսում, ապա այդ ամենը շատ արագ հնարավոր էր տեղափոխել օնլայն հարթա՞կ

– Նախորդ տարիներին մենք ամեն ինչ անում էինք, որպեսզի երիտասարդությանը կտրեինք վիրտուալ աշխարհից ու ավելի շատ սոցիալական շփման տանեինք, որովհետև հասկանում ենք՝ անհատական շփման էներգետիկան լրիվ այլ է՝ թե՛ հոգեբանական, թե՛ զարգացման տեսանկյուններից: Բայց, Դուք ճիշտ եք, ոչ ֆորմալ կրթությունը՝ այն է տարբեր ակումբները, օտար լեզուների ուսումնասիրումը և այլն, բնականաբար, հասանելի մնաց օնլայն տիրույթում: Եվ մենք շատ արագ մեր աշխատանքները ստիպված կազմակերպեցինք այս հարթակում: Ավելին՝ ավելի շատ երիտասարդներ են հայտագրվել մեր օնլայն ծրագրերին ու զարմանալին էլ այն էր, որ տարբեր մարզերի գյուղական համայնքներից:

Կարելի է ասել, որ կարանտինն իր դրական կողմն էլ ունի. երիտասարդները սովորեցին օնլայն հարթակին, հեռավար դասապրոցեսին և, փաստորեն, այլ մարզերի երիտասարդներն ունեին ձեր առաջարկած ծրագրերի կարիքը:

– Կարանտինի դրական կողմերից էլ այն էր, որ նոր գաղափարներ, նոր գործելաոճ թելադրեց: Տեսեք, կառավարության՝ կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման ծրագրերի մասով մենք փորձեցինք սոցիալական համերաշխության դերակատարում ստանձնել. երիտասարդներն իրենց պատրաստակամությունը հայտնեցին, որպեսզի յուրաքանչյուրը տան, շքամուտքի, բակի տարածքում հայտարարություններ փակցնեն՝ մեր հեռախոսահամարներով, որպեսզի նրանք, ովքեր չեն կարող օգտվել այդ ծրագրերից՝ համացանցից օգտվել չիմանալու պատճառով, կամ «Թեժ գծերից»՝ ինչի և ուր դիմելու համար, մենք նրանց կարող էինք աջակցել՝ գրանցվելու հարցում: Երիտասարդները բնականաբար, համացանցից շատ ավելի լավ գիտեն օգտվել, քան ծնողները, տարեցները: Նույնիսկ եղան դեպքեր, որ մեզ զանգում, խնդրում էին, թե այսինչ տատիկը չի կարող գնալ գնումների: Չեմ ասում, թե շա՜տ են եղել նման դեպքերը, բայց եղել են: Եթե ամեն մի երիտասարդ մեկին էլ օգնել է, դա արդեն լավ գործ է: Մեր այս օրինակին հետևեց նաև Ջերմուկի «Երիտասարդական կենտրոնը», սա շատ լավ մոդել էր, որպեսզի մյուս տարածքների երիտասարդական թիմերը ևս օրինակ վերցնեին: Մենք հասկացանք, որ պետք է կարողանալ ապրել կարանտինի ժամանակ: Մենք մեր երիտասարդների հետ կապը պահում ենք, «Ֆեյսբուքն» էլ վատ հարթակ չէ այդ տեսակետից: Մենք հասկանում էինք, որ երիտասարդների մոտ ավելի շուտ դեպրեսիվ իրավիճակներ կարող են լինել՝ ժամանցի, զվարճության բացակայությունից, և յուրաքանչյուրին փորձում էինք ուղղորդել՝ ըստ նախասիրության, մինչև կկարողանայինք լիարժեք աշխատանքի դուրս գալ: Ոչ մի օր ազատ ժամանակ չենք ունեցել, ծրագրերը, թրեյնինգները շարունակվել են:

Ընդհանրապես, կամավորների հետ փորձել ենք այնպես կազմակերպել, որ հանձնարարությունը տրվել է՝ տանն անելու համար: Եվ այս ընթացքում մեծ թվով մարդիկ ցանկություն հայտնեցին հայտագրվելու որպես կամավորներ, սա բնական է, քանզի Հայաստանում երիտասարդական պալատներ չկան, Ջերմուկում է եղել, որն էլ փակվել էր:

Մեր «Երիտասարդական մեդիա» ծրագիրը ևս արդյունավետ աշխատեց. մարզերից ունենք թղթակից-բլոգերներ, պարտադիր չէ՝ պրոֆեսիոնալ մակարդակում, թող լինի սիրողական, բայց նախաձեռնությունն իրենց է թողնված:

Տարեկսկզբից որոշել էինք, որ էկո ծրագրեր ենք շարունակելու: Գտանք այլ լուծում. հին հագուստի վերամշակում, որը կխթաներ դիզայներական, կարուձևի կարողությունների կատարելագործմանը: Նաև թղթի վերամշակում ունենք՝ էկոմշակութային, որի արդյունքում օրիգինալ, նկարազարդ բացիկների շարք կթողարկենք:

Տիկնիկային երիտասարդական էքսպերիմենտալ թատերախումբ ունենք. սցենարը, տիկնիկների պատրաստումը, դեկորացիան, խաղը՝ բոլորը ոչ պրոֆեսիոնալ երիտասարդների կողմից են: 4 բարեգործական ներկայացում ցուցադրել ենք: Այս տարի, կարանտինի շրջանում մի հեքիաթ ենք վերցրել և բոլոր աշխատանքները կատարվել է՝ առցանց հարթակի համար, յութուբյան կոնտենտում կլինի… Եթե նկատել եք, հայկական լավ կոնտենտներ չունենք, այս կերպ ապահովում ենք մեր երեխաների համար հայալեզու տիկնիկային ներկայացումներ:

print
1,111