ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Մեր թիմում ամեն մեկը պետք է փոփոխություն բերի եւ արդյունք ապահովի»

Կային ժամանակներ, երբ բուհեր ընդունվելու համար «գլուխ էին կոտրում», հազար ու մի ծանոթ փնտրումգտնում, «մեծ թվեր» էին պտտվումՍակայն Հայաստանի բուհերում այս տարի թափուր տեղեր են մնացել, մեծությամբ երկրորդ քաղաքի բուհերում ևս կամ՝ առավել ևս։ Այս տարի, ըստ Շիրակի մարզպետարանի Կրթության բաժնի պետի, 1689 շրջանավարտից բուհեր են դիմել 851-ը: Թե քանիսն են դարձել ուսանողներ, դեռ չգիտենք, բայց որ Գյումրու բուհերում անգամ անվճար տեղերն են թափուր մնացել՝ լուրջ վերլուծության և եզրահանգումների կարիք ունի:

Պարոն Պետրոսյան, ընդունելության քննություններն ավարտված են, արդյունքները՝ հայտնիՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղում ինչպիսի՞ն է վիճակը:

— Արդեն 4 տարի է, ինչ մեզ մոտ դիմորդների, համալսարան ընդունվողների շարունակական աճ ունենք: Եթե 2018թ-ին մեր մոտ 20 դիմորդ էր դիմել, ապա այս տարի 160-ն է: Սա մեր մարզի շրջանավարտների շուրջ 10 տոկոսն է: Մենք մեզ համար 3 տարի առաջ սանդղակ էինք սահմանել, ու դրան հասել ենք: Սա լավ ցուցանիշ է բուհի համար և կարծում եմ՝ այն դեռ շարունակաբար կաճի, որովհետև հավատում ենք, որ տնտեսագիտական, մանավանդ, կառավարահենք մասնագիտությունները, նաև ֆինանսական գրագիտություն և կրթություն պարունակող մասնագիտություններն այսօր մեծ պահանջարկ ունեն, արդիական են և երկրի համար պիտանի: Եվ դա է պատճառը, որ տարեց տարի ավելացնում ենք և մեր մասնագիտությունները, և ուսանողների թիվն է աճում: Մենք մեկ տարում կայացրեցինք Մարքեթինգ մասնագիտությունը. եթե առաջին տարում մեկ դիմորդ ունեինք, ապա այսօր 25 ընդունված ունենք: Կարելի է համարել, որ այդ մասնագիտությունը շատ արագ կայացել է մեզ մոտ: Նաև հետաքրքիր դինամիկա է նկատվում ուսանողների թվի աճի. եթե 2019-ին ունեցել ենք 55 ուսանող, 20-ին՝ 80, 21-ին՝ 97, անցած ուստարում 110 ուսանող, ապա այս տարի 121 ուսանող է: Կարծում եմ այստեղ շատ կարևոր է հասկանալ բուհ ընդունվողների մակարդակը: Հիմա, ցավոք, մեր կրթությունը կազմակերպվում է այնպես, որ բուհ ընդունվում են անգամ 7,5 բալով. այսինքն՝ 20 բալանոց համակարգում եթե ուսանողը հավաքում է երկու հատ 7,5՝ 15 բալ, ապա նա դառնում է ուսանող, միաժամանակ այդ կուրսում ուսանող է դառնում 38-40 բալ ստացած դիմորդը: Մեզ համար, որպես կրթության կազմակերպիչներ, շատ դժվար է համարժեք կրթություն տալը և նրանց, և նրանց: Տեսականորեն՝ հնարավոր է, բայց գործնականորեն… Որովհետև 7,5 և 20 բալեր ստացող ուսանողների միջև տարբերությունը մեծ է, և նույն մակարդակի կամ համարժեք կրթություն տալն այստեղ է, որ բարդանում է. մի քիչ բարձր սանդղակ ես դնում՝ թույլերն են դուրս մնում, մի քիչ ցածր ես դնում՝ ուժեղների համար հետաքրքիր չէ:

Ձեր բուհի հանդեպ հետաքրքրությունն աճել է՝ որովհետև արդի պահանջված մասնագիտություննե՞ր ունեք, թե՞ ՓիԱռն է լավ կազմակերպված, ինչն այդպես է, քանզի մենք անընդհատ դրա ականատեսն ենք լինում:

— Մեր ունեցած մասնագիտություններով շատ բուհեր կան Հայաստանում, միակը չենք: Միշտ այնպես է եղել, որ ուսանողների մի մեծ հատված դիմում էին երևանյան բուհեր, այսինքն, եթե դա կապված լիներ միայն ու բացառապես մասնագիտությունների հետ, ապա այդպես էլ կշարունակվեր ինչ-ինչ պատճառներով: Բայց հիմա տնտեսագիտական մասնագիտություններով Երևան դիմած ուսանողների տեսակարար կշիռը հօգուտ մեզ է աճում: Այսինքն, տնտեսագիտական մասնագիտություն ընտրող շիրակցիները նախընտրում են Գյումրին: Երկրորդ հանգամանքը կուզենայի նշել. ՓիԱռ-ը, մարքեթինգը հենց այն է, ինչ մենք սովորեցնում ենք մեր ուսանողներին, այն, այո, շատ կարևոր է, բայց… Բայց ես իմ ուսանողներին էլ եմ սովորեցնում, որ դատարկ մարքեթինգը դա փուչիկի նման է, ինքը պայթելու է ու ավելի մեծ վնասներ է տալու: Եվ մենք որևէ դեպքում ՓիԱռ-ը չենք կառուցում դատարկ մարքեթինգի սկզբունքով, մենք չենք ներկայացնում որևէ բան, որը մենք չունենք: Բայց մենք կարող ենք ներկայացնել այն, ինչը մենք ունենք, և ոչ թե զուտ ներկայացնելու համար, այլ օգնում ենք մարդկանց՝ մասնագիտություն ընտրելու համար ռացիոնալ և օբյեկտիվ որոշում կայացնել: Եթե հարցնեք, թե որն է մեր բուհի ամենակարևոր հատկանիշը, ապա իմ սուբյեկտիվ կարծիքով՝ մենք բուհում սահմանել ենք այնպիսի խաղի կանոններ, որով բոլոր կողմերը ներքուստ համոզված են արդարության հարցում. և՛ վարչական աշխատակազմը, և՛ պրոֆեսորադասախոսական կազմը, և՛ ուսանողները, և՛ ծնողների համար մենք լուրջ ջանքեր ենք տանում՝ և՛ կազմակերպական, և՛ կառավարչական, որպեսզի բոլորը համոզված լինեն, որ մեր բուհում բոլոր հարցերը, բոլոր խնդիրները, բոլոր կրթական գործընթացները, բոլոր վարչական գործընթացները կամզմակերպվում են արդար: Այսինքն, եթե որևէ մեկը մեր համալսարանից դուրս է մնում, ապա դա բացառապես օբյեկտիվ է և արդար, այլ ոչ թե սուբյեկտիվ հանգամանքով է պայմանավորած: Եթե որևէ դասախոս գիտելիքի որոշակի անբավարար մակարդակ ունի, ապա նա երբեք ավելի շահեկան դիրքում չի կարող հայտնվել բուհում, քան այն դասախոսը, որն ավելի պատրաստված է ու ավելի մասնագիտացած: Վարչական ապարատը գիտի, որ խրախուսվում են այն աշխատակիցները, որոնք ավելի շատ բարիք են ստեղծում բուհի և հատկապես ուսանողի համար: Երբ դու խաղի կանոններ ես սահմանում արդարության սկզբունքով, բուհը սկսում է ինքնակազմակերպվել և սկսում է ստեղծել համակարգեր: Կրթության ոլորտում և, ընդհանրապես, բոլոր ոլորտներում էլ լավագույն կառավարումն այն է, երբ անձը գնա՝ տեղը չերևա: Պետք է ոչ թե կառավարեն անձինք, այլ համակարգերը: Եվ մեր հաջողությունը պայմանավորված է մեր ստեղծած կառավարման համակարգով և, իհարկե, թիմով: Թիմի յուրաքանչյուր անդամ շահագրգռված է ընդհանուրի հաջողությամբ՝ ուսանողի կրթության որակով, բուհի զարգացմամբ:

Քանի՞ ֆակուլտետ ունեք: Քանի՞ մասնագիտություն է դասավանդվում ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղում:

— Մեկ ֆակուլտետ է, բակալավրում ունենք 4 մասնագիտություն՝ ֆինանսներ, կառավարում, հաշվապահություն և մարքեթինգ:

Բոլոր մասնագիտություններով համալրում ունե՞ք:

— Ժողը հայաստանյան միակ բուհն է, որ բոլոր մասնագիտություններում պետության կողմից հատկացված տեղերն ավելի քիչ են եղել, քան վճարովիները: Մեր դիմորդների թիվը գերազանցել է պետության կողմից տրամադրված տեղերին, ավելին, այս տարի առաջին տարին է, որ մի մասնագիտությունում ունեցանք լուրջ մրցակցություն. այնտեղ շեմը 25-ն է, այսինքն, ստացած գնահատականի մոտավորապես 60 տոկոս ստացած ուսանողն է մեզ մոտ ընդունվել: Իսկ դա նշանակում է, որ շատ որակյալ կուրս է ստեղծվել, և մեծ ուշադրությամբ ենք հետևում այդ կուրսին, անգամ դասաբաշխումը կատարել ենք լավագույն դասախոսական կազմով, որպեսզի իրենք կարողանան այդ կուրսն ավելի բարձր մակարդակի հասցնել:

Դուք նաև Երևանի՞ց հրավիրված դասախոսներ ունեք:

— Ոչ միայն Երևանից, այլ նաև արտերկրից ունենք: Մեր դասախոսակազմի կառուցվածքում տեղական դասախոսների թիվը 40 տոկոս է:

Ինչո՞ւերևի տեղական մասնագետների պատրաստվածության մակարդակը զիջո՞ւմ է:

— Մի սկզբունք ունենք. ունենալ լավագույն մասնագետներ: Եթե լավագույն դասավանդող չունես, ուրեմն չես կարող ունենալ լավագույն կրթություն:

Եթե դպրոցներում անցկացվում են ուսուցիչների ատեստավորումներ, իսկ դասախոսների համար չկա՞ նման մոտեցում:

— Բազում վերապատրաստումներ, սեմինարներ, դասընթացներ կան: Հիմա գլխամասային բուհը մշակում է դասախոսների ատեստավորման կարգ, և ամենայն հավանականությամբ, հաջորդ տարվանից կկիրառվի: Մյուս կողմից, մենք դասախոսակազմը համալրում ենք բացառապես մրցութային կարգով, և արդեն մրցույթի ժամանակ հաշվի է առնվում մասնագիտական ու նաև մարդկային որակները: Կարևոր է դասախոսի պրոֆեսիոնալ հատկանիշը, սակայն լսարանում՝ կոմունիկացիա ապահովելու համար, վստահության ձևավորման համար, ուսանողների մոտ մոտիվացիա առաջացնելու համար անշուշտ մարդկային հատկանիշները նույնպես կարևոր են:

Աշխատավարձերի շեմերն ինչպե՞ս եք կազմում:

— Մենք ունենք դասախոսի 5 կատեգորիա. պրոֆեսոր, դոցենտ, ավագ դասախոս, դասախոս և ասիստենտ: Նաև ժամավճարով վարձատրվող դասախոսներ ունենք: Վերջին երեք տարվա ընթացքում երեք անգամ աշխատավարձ ենք բարձրացրել, և որոշ կատեգորիաների մոտ անգամ 50 տոկոսով, սեպտեմբերին ևս պատրաստվում ենք բարձրացնել:

Եթե գաղտնիք չէ, որքա՞ն է աշխատավարձը:

-Մեր մոտ դոցենտի աշխատավարձն այս պահին կազմում է 300 հազար դրամ: Աշխատավարձի չափով մեր բուհը՝ հայաստանյան բուհերի համեմատականում հինգերորդն է:

Աշխատավարձերը գոյանում են ուսմա՞ն վարձերով, եթե այո՝ դա նշանակո՞ւմ է, որ եթե Ձեզ մոտ աշխատավարձը բարձր է, ուրեմն և ուսման վարձերն էլ են բարձր:

— Մարզում ամենաբարձր վարձերը մեզ մոտ են: Բայց մենք համակարգ ենք սահմանել. այն ուսանողը, որը ՄՈԳ-ում 15 և ավել գնահատական կունենա, եթե ուսանողը հանրային օգտակար աշխատանք է կատարում, կամավորական կամ հետազոտական աշխատանք է կատարում, ապա նրան սահմանվում է ուսման վարձի 30 տոկոսով զեղչ, իսկ եթե բարելավում է գնահատականը մինչև 18, ապա միանգամից 50 տոկոս է զեղչվում վարձը: Այդ դեպքում, ստացվում է, որ վարձը ամենացածրն է ստացվում, քանզի վատ սովորող ուսանողների թիվը ցածր է: Մեր մտածած համակարգը բավական լուրջ մոտիվացիա է ուսանողի համար:

Ի վերջո, կարո՞ղ եք մեկնաբանել, թե ինչումն է խնդիրը, որ բուհերում թափուր, անգամ անվճար տեղեր կան

— Ես ինձ թույլ չեմ տա այլ բուհերի մասին խոսել… Հայաստանում կրթության որակը լուրջ ուսումնասիրության կարիք ունի: Կրթության համակարգը միշտ ունեցել է խնդիրներ: Կարծում եմ, նաև բուհի վարած քաղաքականությունն է կարևոր: Մենք ամեն տարի ուղի ենք սահմանում. առաջին տարին նվիրումն էր, հետո՝ պատասխանատվություն, ապա՝ կենտրոնացվածություն, իսկ այս տարի երկու արժեք ենք սահմանել՝ նախաձեռնողականություն և արդյունքահենք աշխատանք: Մեր թիմին ասել եմ, որ ամեն աշխատող պետք է հավատա, որ ինքը փոփոխություն առաջացնող մարդն է, և պետք է որևէ արդյունք ապահովի:

1,667