ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ | ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ | ՄՇԱԿՈՒՅԹ

«Մի չմեկնաբանված բեկոր անհանգստության հափշտակությամբ կուղեկցի ինձ ողջ կյանքում»

Լույս է տեսել երիտասարդ հեղինակ Հայկ ՏերՄկրտչյանի «Կյանք՝ մի սիրտ այն կողմ» գիրքը՝ նվիրված 2020թ. Արցախյան պատերազմում զոհված և անհետ կորած իր մարտական ընկերներին:

Հայկ ՏերՄկրտչյանն իր գրական ինքնությունը թրծել է Արցախյան մերօրյա պատերազմի բոցերում՝ իրողություններն ու երևույթների էությունը գնահատելով ներսից: Պատմվածքների ժողովածուն Հայկի առաջին ստեղծագործությունն է:

Հայկը ծնվել է Գյումրիում՝ 1998թ.: Ավարտել է Գյումրու ակադեմիական վարժարանը: Այժմ սովորում է Շիրակի պետական համալսարանի սոցիալական գիտությունների և իրավունքի ֆակուլտետի պատմության բաժնում: 2019թ. ավարտել է պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունը և նույն տարում ծառայության է անցել ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերում: 2020թ. մասնակցել է Արցախյան 44-օրյա պատերազմին:

Գրքի շապիկին Արցախյան Երկրորդ պատերազմում զոհված, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանի արժանացած Հովհաննես (Ջոն) Մազմանյանի համակարգչային գրաֆիկական գործերից մեկն է:

Հարցազրույց ՀԱՅԿ ՏԵՐ-ՄԿՐՏՉՅԱՆԻ հետ:

Հայկ, Ձեր պատմվածքների նկարագրությունները՝ լեզուն, բավականին հագեցած է, մինչդեռ սա Ձեր առաջին ստեղծագործությունն է: Ինչպե՞ս է ստացվել այսքան հարուստ նկարագրերով պատմվածքներ գրելը:

– Հավանաբար ազդեցություն է թողել մանկավարժների սերունդ լինելը, իսկ ավելի շուտ՝ ես մեծ ընթերցասեր եմ, մեծ գրադարան ունեմ, որը պապիցս եմ ժառանգել:

Գիրքն անդրադառնում է 44-օրյա պատերազմի՞ն

– Պատերազմը բոլոր ժողովուրդների համար ընդհանուր թեմա է, չկա մի ազգ, որ պատերազմի դաժանությունների ու ողբերգությունների միջով անցած չլինի: Սա ստեղծագործական ժանր է, որը կարող եք վերագրել որևէ ազգի, իսկ մեզ համար, բնականաբար, հայ ազգին: Գիրքը չունի ժամանակագրություն, այն կարող եք տեղափոխել թե՛ Արցախյան առաջին պատերազմ, թե՛ Ապրիլյան, թե՛ վերջին:

Գրքում տեղ գտած պատմվածքները վավերագրություն, հուշեր, փաստագրություն չեն

– Անկեղծ ասած, գիրք գրելու գաղափարը դեռ այս պատերազմից առաջ էր իմ մոտ առաջացել, մի քանի շտրիխներ ունեի արված: Սակայն պատերազմին մասնակցելով՝ ավելի հասունացավ: Դրվագներ, հիշողություններ կան ներառված, կարող է մի մանրուք ես իմ մտքում մտապահեի, որն ասենք կողքիս գտնվող ընկերոջ համար աննշան էր: Գրքում կան երկխոսություններ, որոնք իրականում եղել են: Ես փորձել եմ հերոսներին անուններ չտալ, չնայած 15 պատմվածքում հերոսները շատ են: Որպեսզի ընթերցողն ամեն հերոսի մեջ կարողանա իրեն, իր հարազատին, իր ընկերոջը տեսնի: Կարճ պատմվածքներ են, միայն «Վախ» վիպակն է, որ երկար է ստացվել, դա էլ, իմ կարծիքով, իմ ապրումներն ու տեսածը դուրս բերելու ինչ-որ միջոց էր:

Հայկ, Դուք այս պատերազմի մասնակից եք

– Պատերազմին մասնակցել եմ կարճ ժամանակահատվածում՝ հոկտեմբերի 3-8-ը՝ Արաքսի ափին մղվող մարտերին՝ Արաքսավան գյուղի պաշտպանությանը (Ջրականի շրջան): Հակառակորդի ծանր հրետանուց արձակված արկից ստացել եմ բեկորային վիրավորում գլխի և ոտքի շրջանում, տեղափոխվել եմ հոսպիտալ: Թվում է, ինչ է որ՝ 5 օր, սակայն շատ բաների միջով հասցրեցի անցնել, այնպիսի բաների ականատեսը եղանք, որ… Մինչ գնալը, ընկերներից լսել էինք, բայց հենց տեղ հասանք, սարսափն ավելի խորացավ… Քո ուղղությամբ առաջին արձակված գնդակի հետ կամ արիություն ես ձեռք բերում, կամ՝ ուղղակի սովորական է դառնում:

– «Վախ» վիպակում մի նկարագիր կա, որտեղ ասվում է. «…Ինչպե՞ս կարող ես մարդ սպանել: Ինչպե՞ս ես ապրելու այն զգացողությամբ, որ ինչոր մեկի կյանք ես խլելԴու մարդասպան չես, դու մոլագար չեսՈմանք վախենում էին նույնիսկ այդ մասին մտածելուց…»: Իրո՞ք այդպես է, երբ մարդուն, այս դեպքում՝ թշնամուն, սպանում ես, հետո ասես սառնասրտություն է առաջանում, արյան հոտը անտարբեր է դարձնում:

– …առաջին զոհը տպավորվում է… Այո, սառնասիրտ ես դառնում, պատերազմների ժամանակ այդպես է. պահը բաց թողեցիր՝ երկրորդ պահ չես ունենա: Այո, սառնասրտությունը պետք է, և արյան հոտը քո վրա թմրանյութի նման ազդեցություն է թողնում:

Պատերազմական, սուր սյուժեով ֆիլմ դիտելուց հետո շատերն այնքան են տպավորվում, որ անքուն գիշերներ են անցկացնում: Ինչպե՞ս է հնարավոր պատերազմին ականատեսի հոգեկան աշխարհը խաղաղեցնել, իրականություն վերադարձնել, հավասարակշռել:

– Իմ անձնական փորձից ելնելով ասեմ, որ հոգեբանի կարիք կա, հոգեթերապիայի կարիք կա: Որքան էլ դու, ասենք, քո բնույթով, կարողացել ես չվախենալ, նախաձեռնությունը քո ձեռքը վերցնել, սառնասիրտ դատել, սակայն ոչ մեկը հակառակը չի պնդի, թե պատերազմից հետո շատ սովորական կյանքի է վերադարձել: Մենք այնպիսի դրվագների ականատեսն ենք լինում, որ դա ամենադաժան ֆիլմում էլ կարող է չտեսնեիր:

Վախը թուլությո՞ւն է, թե՞ պատերազմում դա բնական է:

– Յուրաքանչյուրին բնորոշ է վախը, ֆոբիան, իսկ լարված իրավիճակում, պատերազմում այն տասնապատկվում է: Իսկ պատերազմի դաշտում գալիս է պահ, որ դու վախերդ մի կողմ ես դնում: Հնարավոր է, որ քեզ այնպես դրսևորես, որ դու վախ ներշնչես հակառակորդին, ու դա քեզ ուժեղացնի, հաճույք պատճառի:

Մենք կարո՞ղ էինք դիմակայել այս պատերազմում:

– Ունենք այն, ինչ ունենք: Մի խոսք կա. «Հայի հետին խելքը»… Եթե դասեր քաղենք, հետևություններ անենք, հետագայի սխալներից խուսափելու համար… «Եթե»-ներ շատ կլինեն: Բնականաբար, հակառակորդն ամեն ինչով գերազանցում էր, իսկ մենք արել ենք այնքան, որքան կարողացել ենք:

Վերադառնալով Ձեր գրքին՝ ո՞վ կդառնա Ձեր ընթերցողը, ո՞ր տարիքային խումբը: Որովհետև, կարծես շատ դժգոհություններ կան, թե երիտասարդները գիրք չեն ընթերցում:

– Կար ժամանակ, որ այդպես էր, սակայն հիմա շատ երիտասարդների եմ տեսնում, որ գրախանութներում գրքեր են գնում, սոցիալական ցանցերում գրքերով են կիսվում, քննարկում են: Դա ուրախացնում է:

Այս պահին ունե՞ք ստեղծագործական նոր գաղափար:

– Այո, մի գրքի վրա արդեն սկսել եմ, փակագծեր շատ չեմ բացի, բայց կասեմ, որ սյուժեն դարձյալ պատերազմի մասին է, բայց արդեն վավերագրությունը կլինի հիմքում:

Գիրքը վաճառքում կա՞:

– Դեռ չկա, շնորհանդեսից հետո կլինի գրախանութներում, և ողջ հասույթը, որը չնայած մեծ գումար չի կազմի, կփոխանցվի վիրավոր զինվորների վերականգնողական կենտրոն:

Ինչպե՞ս է Ձեր առողջությունը:

– Մի չմեկնաբանված բեկոր անհանգստության հափշտակությամբ կուղեկցի ինձ ողջ կյանքում:

597