ՀԱՅՐԱՔԱՂԱՔ

Մի քիչ էլ սպասենք… Էհ՝ կսպասենք

«Իմ քայլը հանուն Շիրակի մարզի» բիզնես համաժողովի շրջանակներում Գյումրիում էր նաև քաղաքաշինության կոմիտեի նախագահ ՎԱՀԱԳՆ ՎԵՐՄԻՇՅԱՆԸ: Նրանից հետաքրքրվեցինք, թե, ի վերջո, աղետի գոտու վերջնական վերացման համար ի՞նչ ծրագրեր են առաջարկում:

– Դուք արդեն գիտեք, որ արդեն ունենք վերջնական տվյալներ՝ ժամանակավոր տնակների և անօթևան ընտանիքների մասով: Հիմնական մասն, իհարկե, Գյումրիում է: Այդ հարցն առաջին հերթին քաղաքաշինական խնդիր է, որ պետք է լուծվի, և երկրորդը՝ սոցիալական է: Առաջարկությունների փաթեթ է ներկայացվել կառավարությանը, որն հիմա քննարկման էտապում է: Համոզված եմ, որ այս ամսվա վերջ մենք կունենանք տեսլական, թե ինչ ճանապարհով ենք շարժվելու: Դե, իհարկե, չի լինի մի որոշում, կլինի մի քանի տարբեր լուծումների փուլ, որ վերջնական այդ հարցին, հուսամ, լուծում կտրվի: Չնայած կառավարությունը որոշում կկայացնի, ես ավելի շատ հակված եմ, որ սոցիալական բնակարաններ կառուցելն է ճիշտ: ԲԳՎ-ի փուլով ևս տարբերակ կլինի: Կլինի նաև հողերի հատկացում: Ասենք, մարդիկ այնպես են տնակը տան վերածել, կառուցապատել, որ ստիպված տակի հողը կհատկացվի: Կամ կիսակառույցներ կան, եթե բնակիչները ցանկություն հայտնեն, կարող են մասնակցել կառուցապատմանը: Էլի եմ կրկնում, մի քանի տարբերակներ են քննարկվում:

Իսկ սոցիալական բնակարաններ, որ ասացիք, դա բոլոր տնակների բնակիչների՞ն է վերաբերում:

– Ոչ: Մոտավորապես 13 կատեգորիայի է բաժանվել, տարբեր կատեգորիայի տարբեր լուծումներ են առաջարկվում: Այն մարդիկ, որոնք շահառուներ չեն, երկրաշարժից տուժված չեն, պետությունը նրանց հանդեպ որևէ պարտավորություն չունի, նորմալ երկրներում, զարգացած եվրոպական երկրներում, որպեսզի բնակիչը չդառնա վերջնական անօթևան, նրանց տրամադրում է սոցիալական բնակարաններ, որոնք ապահովում են բնակարանային մինիմալ պայմանները, բայց այն չի լինի իրենց սեփականությունը:

– 2850 տնակ. այս թիվն այլևս փոփոխման ենթակա չէ՞, վերջնակա՞ն է:

– Կարծում եմ, այո: Վանաձորից մի քանի հատ եղավ ավելացում, բայց Գյումրիից տեղեկություն էլ չկա:

Պարոն Վերմիշյան, կառավարության նախկին որոշումներից մեկով, բազմանդամ դարձած ընտանիքներին կորցրածի չափով հատկացված բնակարանի ծրագրով ընտանիքները կիսվեցին, և մի մասը մնաց դարձյալ տնակում: Նրանց հարցի լուծումն ինչպե՞ս եք տեսնում:

– Դարձյալ կարծում եմ, որ սոցիալական բնակարանով պետք է ապահովենք:

Այսինքն, ստացվում է, որ բնակարանաշինություն լինելու է:

– Կոնկրետ այս դեպքում՝ այո: Որովհետև Գյումրին նորմալիզացված միջավայր ունի: Ունեք կիսակառույցներ, որ պիտի ավարտենք:

Իսկ վթարային շենքերի բնակիչների հարցը՞:

– Այդ թվում նաև վթարային շենքերի բնակիչներն են, նույնկերպ նրանց հարցը կկարգավորվի: Մենք բոլորին՝ տուն առ տուն արդեն գիտենք: Որոշումը երբ կայացվեց, թե ինչ փուլային տարբերակներով կլինեն հատկացումները, մի երկու ամսվա ընթացքում հատուկ կազմված հանձնաժողովի կողմից կլինեն բաշխման մեթոդիկան ու գործընթացները: Մենք նյութերը հանձնում ենք կադաստրի պետական կոմիտե, վերջնական բալային սիստեմի մասին նրանք որոշում կկայացնեն:

print
308