ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Յուրաքանչյուրը կարող է ունենալ իր ներդրումն առողջ դպրոցի կայացման, նրա զարգացման ու տարածման գործում»

«Շրջապատը» դիմել էր «Իմ քայլը» հիմնադրամին՝ խնդրելով ներկայացնել, թե ինչ է իրենից ներկայացնում հիմնադրամի կողմից իրականացվող «Հանրակրթական դպրոցներում առողջ ապրելակերպի խթանում» ծրագիրը:

Հարցմանը պատասխանել է «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն ՀՈՎՀԱՆՆԵՍ ՂԱԶԱՐՅԱՆԸ:

– Այս տարվա մայիսին, ամիսներ տևած նախապատրաստական աշխատանքից հետո, «Իմ քայլը» հիմնադրամը մեկնարկեց «Հանրակրթական դպրոցներում առողջ ապրելակերպի խթանում» ծրագիրը։ Այն միտված է խթանելու ֆիզիկական կրթությունը, հանրայնացնելու ֆիզիկական ակտիվության և առողջ ապրելակերպի մշակույթը, նպաստելու վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելմանը, ակտիվացնելու համայնքային կյանքը:

Ունենք մի իրավիճակ, երբ տասնամյակներ շարունակ Հայաստանի հանրակրթական դպրոցներում ֆիզիկական կրթությունն անտեսված է եղել հիմնականում երկու՝ մարզադահլիճների ու սանհանգույցների անմխիթար վիճակի, ինչպես նաև ակտիվ ու առողջ ապրելակերպի կենսամշակույթի ցածր մակարդակի պատճառներով: Ցավոք սրտի, ֆիզիկական կուլտուրայի դասընթացներն էլ համարվել են երկրորդական ու անկարևոր:

Առաջին փուլով ուսումնասիրել ենք առկա խնդիրները, դրանց առաջացման պատճառները, այս բոլորի հանրագումարում մշակել ենք հստակ գործողությունների քարտեզ: Հիմա ունենք մեկնարկ, և համակողմանի նախապատրաստական աշխատանքը հիմք է տալիս ասելու, որ մեկնարկը հաջող է: Պիլոտային ծրագրի շահառու դարձած Արմավիրի մարզի Տանձուտի և Այգեշատի դպրոցները կդառնան ծրագրի առաջամարտիկներ: Այս դպրոցների օրինակով մշակվում է մոդել, որը պատրաստվում ենք կիրառել Հայաստանի մյուս դպրոցներում: Ու բացարձակապես մեզանից՝ յուրաքանչյուրից է կախված լինելու, թե քանի դպրոցում կներդրվի այս մոդելը, քանի դպրոց կունենա վերանորոգված մարզադահլիճ ու սանհանգույց, քանի երեխայի համար կապահովենք լիարժեք ֆիզիկական ակտիվություն ու անհրաժեշտ կենսական միջավայր: Յուրաքանչյուրը կարող է ունենալ իր ներդրումն առողջ դպրոցի կայացման, նրա զարգացման ու տարածման գործում:

Մինչև տարեվերջ կունենանք ևս մի քանի դպրոց։ Որպես խրախուսող միջոցառում վերանորոգումներ կիրականացվեն «Մանկական լիգա» ծրագրի հաղթող դպրոցներում: Այնուհետև, դպրոցները կընտրվեն հստակ չափորոշիչների հիման վրա:

COVID-19-ի հետևանքով առաջացած դժվարությունների ու սահմանափակումների դեպքում, կարծում եմ, սա լավ մեկնարկ է: Հատկապես, եթե հաշվի առնենք, որ ծրագրի մեկնարկային փուլում արդեն ունենք շատ դրական ու ոգևորող արձագանքներ ինչպես պոտենցիալ շահառուներից, այնպես էլ մեր ծրագրերի, նախաձեռնությունների աջակիցներից: Մեր թիմը լիահույս է, որ ծրագրում կընդգրկվեն շատ դպրոցներ, կունենանք բազմաթիվ երջանիկ աշակերտներ, որի հաջողության գրավականն, իհարկե, առողջ դպրոց, առողջ սերունդ ունենալու մղումն է:

Հարց.- Ծրագրում կընդգրկվե՞ն Շիրակի մարզի դպրոցները:

Պատ. – Կարևոր եմ համարում ընդգծել, որ ծրագրի հիմնական շահառուները մարզային դպրոցներն են։ Այս մոտեցման հիմքում Հայաստանի համաչափ զարգացման քաղաքականությունն է։ Այժմ ավարտում ենք «Հանրակրթական դպրոցներում առողջ ապրելակերպի խթանում» ծրագրին դիմելու առցանց հարցաշարը: Այն հասանելի կլինի բոլոր դպրոցներին, պարզապես այն պետք է լրացնել ճշգրտությամբ, որից հետո՝ դպրոցի վիճակից ու մեր մշակած չափանիշների վերլուծությունից հետո, կընտրվեն որոշակի քանակի դպրոցներ, կլինեն աշխատանքային այցեր, կարվեն գնահատումներ, որի հիմքով էլ տվյալ դպրոցը կամ դպրոցները կդառնան մեր շահառուները: Սրա մասին առանձին կհայտարարվի, հուսամ՝ Դուք էլ այդ գործիք-հարցաշարի մասին կհրապարակեք, որ Շիրակի մարզի դպրոցները նույնպես մասնակցեն:

Հարց.-  Շիրակի մարզի շուրջ 60 տոկոս դպրոցների մարզադահլիճները վերջին անգամ երևի վերանորոգվել են խորհրդային տարիներին կամ, շատերն ընդհանրապես չունեն մարզադահլիճ:

Պատ. – Պետք է ցավով արձանագրեմ, որ այդ վիճակը համատարած բնույթ է կրում: Այո, դրանց զգալի մասը կառուցվել են դեռ խորհրդային տարիներին, որոնցից շատերը կա՛մ չեն վերանորոգվել, կա՛մ մասնակի են վերանորոգվել: Ինչպես արդեն նշեցի, այս բոլոր իրավիճակների համար մշակել ենք էլեկտրոնային հարցաշար, որը մեզ հնարավորություն կտա ունենալ դպրոցում առկա խնդիրների հստակ պատկեր, կան մշակված հստակ չափորոշիչներ, որոնցով կառաջնորդվենք ու կընդարձակենք առողջ դպրոցների աշխարհագրությունը: Այն թույլ կտա մեզ առանձնացնել առաջնահերթ կարիք ունեցող դպրոցներին։

Հարց.-  Որքա՞ն գումար է նախատեսված:

Պատ. – Յուրաքանչյուր դպրոցի համար կազմվում է առանձին նախագիծ-նախահաշիվ-դիզայն՝ հաշվի առնելով դպրոցի կարիքները՝ սեյսմակայունության ապահովումից մինչև պահպանության ծախսեր: Մենք միանշանակ գնում ենք որակի հետևից, ինչը մեզ համար առաջին հերթին նշանակում է միջազգային չափանիշներին համապատասխանող ֆունկցիոնալ միջավայրի ստեղծում, որտեղ կլինեն բոլոր բազային պայմանները, ներառյալ մարզագույքը, երեխաներին լիարժեք մարզելու, առողջ սովորություններ սերմանելու և ֆիզիկական դաստիարակության առումով կրթված սերունդ ունենալու համար:

Հարց.-   Նույն ծրագրի շրջանակում նշվում է՝ «Առողջ ապրելակերպի խրախուսման արշավներ»… Սա մինչ կորոնավիրուսն ու դրա հետ կապված արտակարգ դրությո՞ւնն էր պլանավորված, թե՞ առաջիկայում դեռ հնարավոր է իրականացնել, կամ՝ միգուցե այլընտրանքային գաղափա՞ր է իր մեջ ներառում:

Պատ. – Ծրագիրը շատ ավելին է, քան ենթակառուցվածքային բարելավումը։ Հիմքում դրված է վարքագծի փոփոխությունն իր բոլոր ուղղակի և անուղղակի դրական հետևանքներով: Ծրագրի իրականացման շրջանակներում դպրոցների հետ կնքվում է պայմանագիր, որի կետերից մեկն անդրադառնում է «Ֆիզիկական կուլտուրա» առարկան և «Առողջ ապրելակերպ» դասընթացը դասավանդող ուսուցիչների կարողությունների զարգացմանը, առողջ ապրելակերպի իրազեկման արշավների իրականացմանը: Արտակարգ դրության պայմաններից ելնելով՝ ակտիվ հանդիպումներ դեռ տեղի չեն ունեցել, բայց մենք հույս ունենք, որ ստեղծված իրավիճակը վաղ, թե ուշ հաղթահարվելու է և անցնելու ենք բնականոն կյանքին:

Իսկ մինչ այս դպրոցների աշխատակազմի հետ հանդիպումները ցույց տվեցին ու մեզ հուշեցին, որ առողջ ապրելակերպի իրազեկման արշավների հանդեպ հետաքրքրություն ու պրոցեսում ակտիվ ընդգրկվելու ցանկություն ունեն ոչ միայն տվյալ առարկաների ուսուցիչները, այլ նաև անձնակազմի մյուս անդամները:

Ընդհանրապես, այս ծրագրի մեկնարկով ու ընթացքով և՛ շատ ոգևորված ենք, և՛ շատ պարտավորված: Կա հսկայական կարիք, կա հասարակության արդարացված ակնկալիք, պետք է ամեն ինչ անենք, որ այս և Հիմնադրամի մյուս ծրագրերն իրականացնենք:

print
1,038