ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Յուրաքանչյուր այցելու մեր ընտանիքի հյուրն է»

Հարցազրույց «Florence Gyumri» ռեստորանային համալիրի տնօրեն ԿԱՐԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ:

Կարեն, երբ 2019-ին բացվեց «Florence Gyumri» ռեստորանային համալիրը, այն մեր համաքաղաքացիների ու զբոսաշրջիկների համար դարձավ հանգստի ու սննդի սիրելի վայրերից մեկը: «Ֆլորենսն» ինչպե՞ս թոթափեց համաճարակսահմանափակումները, 44-օրյա պատերազմն ու հաջորդող ամիսների ծանր ժամանակաշրջանը:

– Ինչպես գիտենք, Գյումրին ունի մեծ պոտենցիալ՝ զբոսաշրության համար, և 2019-ը, կարելի է ասել, թե՛ Հայաստանի, և հատկապես՝ թե՛ Գյումրիի համար զբոսաշրջային բում էր: Մենք շատ արագ հասցրեցինք հունի մեջ ընկնել և կայացման ուղի բռնել: Բնականաբար, համավարակի շրջանում՝ լոքդաունի պայմաններում ռեստորանը ևս սահմանափակումների մեջ մտավ, իսկ սահմանափակումների թուլացումից հետո ինչ-որ կերպ փորձեցինք հաղթահարել բացթողնվածը, այն էլ այն դեպքում, երբ զբոսաշրջիկների հոսքը նվազել էր, իսկ մեր ներքին կյանքն անմիջապես իր բնականոն հունի մեջ չընկավ… 2020-ի սեպտեմբերին պատերազմը սկսվեց, և դարձյալ սկսվեց մի շրջան, որ աշխուժություն կամ ակտիվություն դրսևորելը դեմ կլիներ բարոյական նորմերին: Սակայն որոշ ժամանակ անց դարձյալ փորձեցինք հաղթահարել այդ իրավիճակը և ռեստորանը պահել գոնե այն մինիմալ սանդղակին, որը կպահպանի իր գործունեության շարունակականությունը: Ի վերջո, մենք մեր դեմ խնդիր ունեինք դրված, որ Գյումրին պետք է ունենա այնպիսի ռեստորանային համալիր, որը Հայաստանի շատ բարձրակարգ ռեստորանների մակարդակին չէր զիջի: Եվ մեզ հաջողվել է դա անել. ունենալ գրավչություն, որակ, ձգողականություն: Մենք մեզ համար մի կարգախոս ենք կիրառել՝ «Եթե մեկ քայլ հետ, ապա երեք քայլ առաջ»:

Այսօր Գյումրիում գործում են բազմաթիվ ռեստորաններ, սննդի ինքնատիպ օբյեկտներ, ինչպե՞ս դիմանալ մրցակցությանը:

– Մրցակցությունն ինչ-որ առումով լավ բան է, որովհետև այն քեզ ստիպում է չլճանալ, այլ՝ մշտապես զարգանալ ու մի նիշ անգամ չիջեցնել որակի սանդղակը: Սննդի օբյեկտների համար հիմնական ու գրավիչ նախապայմանն է սննդի որակը, համն ու մատուցումը, նաև մաքրությունն ու սպասարկման որակը:

Իսկ գնային քաղաքականություն մշակե՞լը:

– Անշուշտ, դա ևս առաջնային պայմաններից է՝ մրցակցային դաշտում դիմակայելու համար: Եվ չնայած այն բանին, որ Հայաստանում վերջին շրջանում ամեն ինչ թանկացել է, մենք փորձել ենք թեկուզ չնչին, բայց գնային փոփոխություններ կատարել: Բայց, երբ ինձ հարցնում են, թե ո՞ր ռեստորանն է մեզ մրցակից, ես ասում եմ՝ մենք չունենք: Իմ կարծիքով, եթե այս ոլորտում դու ունես ինքնատիպ ձեռագիր, ինքնատիպ ճաշացանկ, պահում ես որակիդ ցուցանիշը կայուն ու բարձր, ապա դու միակն ես քո տեսակի մեջ:

Մենյուն ինչպիսի՞ ճաշատեսակներից է կազմված:

– Ինչպես եվրոպական հայտնի ուտեստներ, այնպես էլ հայկական ազգային ճաշատեսակներ են ներառված, օրինակ՝ Գյումրվա չանախ, տավարի լեզու, պանրխաշ, ճմուռ… որոնք դարձել են մեր այցելուների ամենասիրելի ուտեստները, իսկ շուտով կունենանք նաև նորություններ: Մենյուն բավական հագեցած է, եռալեզու, նկարներով հագեցած: Ինքնատիպ է, որը որոշ ռեստորաններ կրկնօրինակում են: Մենք նաև հետաքրքիր ու հաճելի ժամանցներ, միջոցառումներ ենք կազմակերպում, կենդանի երաժշտություն, շոուներ:

Ովքե՞ր են Ձեր այցելուները:

– «Ֆլորենսի» այցելուները բոլոր խավերից են, բոլոր ոլորտներից: Մեզ մոտ հյուրընկալվել են և՛ արվեստագետներ, և՛ պետական գործիչներ, և՛ նախարարներ, և՛ երկրի նախագահը, որն ունի իր նախընտրությամբ՝ սիրելի սեղան: Իսկ հատկապես շաբաթվա վերջին երեք օրերին զբոսաշրջիկների հոսքը չի դադարում: Մեր ռեստորանն ունի երեք հարկ, որից յուրաքանչյուրն առանձնանում է իր դիզայներական լուծումներով, և շատերն այստեղ գտնում են իրենց սրտին ու ճաշակին մոտ գունային համադրությամբ սրահ, կամ սեղան: Երբեմն մեզ հարցնում են, թե ինչո՞ւ է այսքան տարբեր հարկաբաժինները, բացատրում ենք, որ յուրաքանչյուր այցելու՝ հաջորդ անգամ լինելով մյուս հարկաբաժնում, իրեն զգա մի նոր միջավայրում: Այստեղի գունային լուծումները, անգամ յուրաքանչյուր պատը, աստիճանները իրենց գունային գամաներով ակնահաճո են մտածված: Եվ այդ է պատճառը, որ մեր այցելուները միշտ գոհ են հեռանում:

Այցելուների գոհունակությունից խոսեցինք, մի հարց հղացավ ինձ մոտ. ժամանակին, սովետական շրջանում, ռեստորանները ունենում էին, այսպես ասած, «Բողոքի գիրք» կամ գոհունակության մատյան

– Ճիշտն ասած, մենք նման գիրք կամ մատյան չունենք, երևի պատճառներից մեկն այն է, որ կա համացանց, և մարդիկ իրենց թե՛ դժգոհությունը, թե՛ գոհունակությունը շատ արագ ու անմիջական կարող են արտահայտել, մանավանդ, մենք ունենք մեր սոցիալական էջերը:

Սննդի օբյեկտները շատ հաճախ մարդկանց հիշողության մեջ են մնում սննդի համային գամայով, սպասարկման որակով: Վերջերս զրուցում էի մի գերմանացի հայտնի շեֆխոհարարի հետ, որը նկատեց, թե Հայաստանում շատ քիչ են սննդի լավ, բարձր որակավորում ունեցող օբյեկտները, և ուր գնում ես, առաջարկում են քյաբաբ կամ խորոված:

– Չեմ կարող հակառակը պնդել այն առումով, որ հատկապես որակավորում ստացած մատուցող, իրոք, չեք գտնի, մանավանդ մեր իրականությունում, հոգսաշատ կյանքում այնքան դժվար է մարդուն հասցնելը, որ իր հոգսերը թողնի դրսում և բարձր մակարդակով սպասարկի ուրախ զբոսաշրջիկին: Այո, անհրաժեշտ են հատուկ քայլեր, ուսուցում, որպեսզի համապատասխան մասնագետները ստանան որակավորում: Իսկ ինչ վերաբերում է խոհարարին, ապա խոհարարությունն համարյա կարելի է համարել արվեստի ճյուղ և, բնականաբար, խոհարարական ոլորտին էլ է անհրաժեշտ բարձր կրթություն: Իհարկե, կան խոհարարական քոլեջներ, սակայն ուսանողները պրակտիկայի ընթացքում են հասել ինչ-որ մակարդակի:

Ովքե՞ր են Ձեր աշխատակիցները

– Հասկացա հարցի խայծը. տարիքային սահմանափակում չունենք, սակայն ստացվել է այնպես, որ մեզ մոտ հիմնականում երիտասարդ կոլեկտիվ է ձևավորվել: 30 հոգանոց աշխատակազմ է, աշխատավարձը բավականին բարձր է: Սակայն նաև պետք է փաստեմ, որ ոչ միայն մեզ մոտ, նաև շատ տեղերում կա աշխատողի պահանջարկ, բայց, չգիտես ինչու, աշխատանք փնտրողները չեն ուզում աշխատել: Այն թիմը, որն ես ցանկանում էի, վերջապես ունենք: Ընտանիքի սկզբունքով ենք աշխատում: Եվ յուրաքանչյուրն այցելուին մոտենում է այնպես, ինչպես իր ընտանիքին, յուրաքանչյուր այցելու մեր ընտանիքի հյուրն է:

1,329