ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Նոյեմբերից նոր երթուղային ցանց՝ նոր ավտոբուսներով

Դեռևս տարեսկզբին «Շրջապատը» զրուցել էր Գյումրու համայնքապետարանի տրանսպորտի բաժնի պետ Արտյոմ Սարգսյանի հետ՝ Գյումրու տրանսպորտային ցանցի, ավտոբուսների վիճակի, ժամանակացույցի և այլ հարցերի շուրջ, և ի ավետումն մեր բնակիչների, հայտնել, որ 6 ամիս էլ սպասենք և կունենանք նոր ավտոբուսներ՝ նոր երթուղիներով: «Գազել» մակնիշի 16-տեղանոց երթուղային ավտոբուսներ են, պլանավորված է 65 հատի գնումը՝ 50/50 հարաբերակցությամբ, գնումն իրականացվելու է համայնքային բյուջեից և պետական սուբսիդավորմամբ: Ունենք ևս մի ծրագիր, որով պետք է ձեռք բերենք 5 էլեկտրոավտոբուս, որոնք հարմարեցված են հաշմանդամություն ունեցող անձանց սպասարկելու համար»,- ասել էր պարոն Սարգսյանը:

Այսպիով՝ այսօր արդեն պետք է փաստենք, որ ավտոբուսներն արդեն Գյումրիում են: «Այո, ինչպես խոստացել էինք, մեր խոստման տերն ենք,- մեզ հետ զրույցում ասաց Ա.Սարգսյանը,- 422մլն համայնքապետարանն է ծախսել, նույնքանն էլ պետությունը: Ինչպես գիտեք, երթուղային ցանցն էլ էր կազմվել, դեռ 80 տոկոսով է, որոշվել է երթուղիների սկզբնակետն ու վերջնակետը: Կան երթուղիներ, որ միացվել են, որպեսզի մեր ունեցած մեքենաների քանակով կարողանանք ապահովել: Մինչև սեպտեմբերի վերջ երթուղային ցանցն ամբողջությամբ ավարտուն տեսք կունենա: Սեպտեմբերին ավագանու նիստին կքննարկվի նաև նոր երթուղային ցանցով նոր ավտոբուսները շահագործելու հարցը: Կարծում եմ՝ նոյեմբեր ամսից մեր բնակիչները նոր ավտոբուսներով են երթևեկելու»:

Հարցին, թե, այդուամենայնիվ, քաղաքը կունենա՞ իր ավտոբուսային պարկը, թե՞ որևէ կազմակերպության հետ համագործակցելու է, պարոն Սարգսյանը պատասխանեց.

– 80 տոկոս հավաստիությամբ կասեմ, որ մենք հակված ենք երթուղային ցանցը Գյումրու համայնքապետարանի կողմից շահագործելուն, որովհետև այս պարագայում թե՛ շահագործումը, թե՛ պատասխանատվությունը, թե՛ պահանջները՝ կարգ ու կանոնը մեր իրավասությունների ներքո կլինեն: Շատ դեպքերում մենք երթուղին սպասարկող ՍՊԸ-ին չէինք կարող մեր պայմանները պարտադրել, քանզի կային խնդիրներ թե՛ ոչ բարեկարգ փողոցների, թե՛ շահութաբերության, թե՛ այլ առումներով: Համայնքապետարանը կունենա իր ավտոբուսային պարկը, բայց շահագործումը հանձնված կլինի համայնքապետարանին պատկանող փակ բաժնետիրական ընկերությանը: Ղանդիլյան 5/4 հասցեում գտնվող նախկին «ՕՌՍ»-ի տարածքում է տեղակայված մեր պարկը: Մեքենաներն ամեն օր՝ երեկոյան կկայանվեն պարկում, իսկ ամեն առավոտ, երթուղին սկսելուց առաջ, բժշկի, մեխանիկի ստուգումներից հետո նոր կսկսեն աշխատանքները:

Ձեր դիտարկմամբ, արդյո՞ք 63 ավտոբուսները բավարար են քաղաքային երթուղային ցանցն ապահովելու համար:

– Ոչ: Ըստ մոնիթորինգի, երթուղային ցանցի 8 երթուղին սպասարկելու համար անհրաժեշտ է 85 ավտոբուս: Ունենք 63-ը…

Իսկ էլեկտրոավտոբուսները՞:

– Եվրամիության վարկային ծրագրով, 450 հազար եվրո արժողությամբ 6 էլեկտրոավտոբուսներ պետք է ունենանք: Ավտոբուսներում  ներդրվելու է էլեկտրոնային քարտային համակարգը, այսինքն՝ ուղևորը վճարելու է քարտով: Այս ավտոբուսները 18-20 տեղանոց են: Վեցն էլ հարմարեցված է լինելու սահմանափակ հնարավորություններ ունեցող անձանց սպասարկելու համար: Մենք 5 երթուղում կունենանք 2-ական, 3 երթուղում՝ մեկական նման ավտոբուսներ: Միայն թե դեռ հարցական է, արդյո՞ք այս տարի կհասցնենք այդ 6-ը:

Կստացվի 69… Իսկ մնացած բացն ինչպե՞ս եք նախատեսում լրացնել:

– Ավագանու նիստին քննարկման է դրվելու նաև թույլտվություն տան շահագործելու «Գյումրու գարեջուր» ընկերությանը պատկանող 15 ավտոբուսները, որոնք խափանվել էին, սակայն այս պահին արդեն սարքին վիճակում են և պատրաստ են շահագործման: Եթե ավագանին թույլատրի, ցանցն արդեն հագեցած կլինի: Դիսպետչերական ցանցն իրագործվելու է էլեկտրոնային, բոլոր ավտոբուսների վրա կլինեն GPS համակարգեր, այդկերպ մենք քարտեզով կարող ենք տեսնել երթուղու ողջ ընթացքը:

Այսինքն՝ նաև հնարավոր կդառնա վարորդին արգելել արագ վարել, բջջայինը ականջին, բարձր երաժշտության ներքո

– Նման բաներ այլևս չեն լինի: Մենք ավտոբուսային մրցույթ շահած «Մուլտիմոթորս» կազմակերպությունից պահանջել ենք առանց աուդիո համակարգի ավտոբուսներ, որպեսզի էդ մագնիտոֆոն հասկացությունը չլինի, մեր ունեցած հիմնական բողոքները քաղաքացիներից այդ բարձր ռաբիս երաժշտությունից էր: Կարծում եմ՝ իդեալական տրանսպորտ կունենանք:

Իհարկե, իդեալական կլինի, այլևս ուղևորը կռացած չի երթևեկի:

– Չէ, այդ ավտոբուսները 16-տեղանոց են, բարձրությունը 2,1 մետր, սրահում նստարանների միջակայքում մեկ հոգի կանգնելու է, այլևս իրար վրա լցնելու տեղ չի լինելու:

Ժամանակային չափը կերկարացվի՞:

– Տեսեք, կարծում եմ, որ երեկոյան 21:00-ից ավելի ուշ դժվար թե, բայց երթուղային ցանցի աշխատանքն այնպես ենք կազմակերպել, որ մինչև 18:00-ն, ասենք, 10 մեքենան 4 րոպեն մեկ պիտի աշխատեն, իսկ 18:00-ից հետո, 4 ավտոբուսը կմնան գծի մեջ և պիտի մինչև 21:00 աշխատեն, թեկուզ ուղևոր չլինի: Սպասման ինտերվալը կմեծանա, բայց բնակիչը կսովորի, որ գոնե մինչև ժամը 9-10 ավտոբուս կլինի: Հաշվարկել ենք, որ թեկուզ համայնքապետարանի ՓԲԸ-ն շահույթ չունենա, բայց բնակչին մինչև ժամը 21:00-22.00-ն պիտի սպասարկենք:

Իսկ այս ավտոբուսները նույնպես որտեղ ուղևորն ուզի՝ պիտի կանգ առնեն:

– Այս հարցը ՀՀ տրանսպորտային օրենքով սահմանված է. երթուղային տաքսին իրավունք չունի ուղևոր վերցնի՝ որտեղից ասես, այլ բացառապես կանգառից: Սակայն իջնելուց, որտեղ ուղևորն ասի, պարտավոր է կայանելու, իհարկե ոչ չթույլատրվող վայրերում:

Նաև 100-դրամանոց, այսպես ասած, «քիլլերի» հարցը կլուծվի

– Դե, իհարկե, արդեն չի լինի, որովհետև օրենքն արգելում է կանգնել ու ճանապարհի տարբեր հատվածներից ուղևոր վերցնել…

674