ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ | ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Նրանք, ովքեր գնում էին արտերկիր՝ աշխատելու, չգնացին, մնացին, հողն օգտագործեցին»

Հարցազրույց Շիրակի մարզպետարանի գյուղատնտեսական վարչության պետ ՄՈՎՍԵՍ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ հետ:

Պարոն Մանուկյան, ձմեռը տեղումնային չեղավ, իսկ գարնանն ավելի շատ տեղումներ եղան, նաև ցրտահարություններ, ինչը անհետևանք չէր կարող մնալ գյուղատնտեսության համար: Նաև համաճարակը մտավ մեր կյանք: Ի՞նչ վիճակ կնկարագրեք Շիրակի մարզի գյուղատնտեսության համար:

– Միանշանակ, գարնանային ցրտահարությունները վատ առումով ազդեցություն թողեցին գյուղատնտեսության վրա. անցած շաբաթվա ցրտահարությունը Արթիկի տարածաշրջանի բարձրադիր գոտում՝ Մանթաշում: Տեղական հանձնաժողովը ուսումնասիրում է, հետո արդյունքները կուղարկվեն մարզպետարան, այստեղ մարզային հանձնաժողովն, ըստ ընթացակարգի, կանցկացնի ուսումնասիրություն, և ապա, երբ որոշում կայացվեց, նոր կուղարկվի հանրապետական հանձնաժողով: Վտանգված են գազարի, ճակնդեղի դաշտերը, իսկ ցորենին, գարուն խնդիր չկա:

Աշնանացանի՞ մասին ենք մենք խոսում:

– Ոչ, աշնանացանին խնդիր չկա, նորմալ է, ցրտահարություն չունենք, գարնանացան գարին էլ խնդիր չունի: Հիմնականում, ուղղակի նախորդ տարիների համեմատ, ծավալները պակասել են: Թե չէ, հացահատիկային մշակաբույսերին խնդիր չկա:

Այսինքն, պտղատու այգիներին, բանջարաբոստանային կուլտուրաների՞ն է վնաս հասցրել անբարենպաստ եղանակը:

– Օրինակ, ես ապրում եմ բարձրադիր գոտու գյուղում՝ Սառնաղբյուրում, և իմ այգու ծառերին բացարձակ վնաս չի հասել: Վնաս է հասել այն տարածքներին, որտեղ սեղանի ճակնդեղը, գազարը բողբոջման փուլում են եղել:

Կարո՞ղ ենք փաստել, որ բանջարաբոստանային կուլտուրաները գոնե մեր մարզի համար ինքնաբավություն կապահովեն:

– Իմ ուսումնասիրություններով ու հաշվարկներով, այս տարի կարտոֆիլի ցանքերն ավելացել են և բերքը ևս ավել կլինի, որովհետև և՛ արտերկրից են ավել սերմ բերել, և՛… Այստեղ է, որ պիտի կորոնավիրուսը միայն բացասական կողմով չդիտարկենք, այլ ինչ-որ առումով՝ օգտակարության. նրանք, ովքեր գնում էին արտերկիր՝ աշխատելու, չգնացին, մնացին, կարտոֆիլ ցանեցին, հողն օգտագործեցին լայն իմաստով: Մոտ 200-300 հեկտար, էլիտարն էլ գումարած, մոտ 500 հեկտար կարտոֆիլի ցանք ունեցանք: Բայց նույնը չեմ կարող ասել ցորենի և գարու համար. մոտ 1000 հեկտար ցորեն, 1200 հեկտար գարի պակասել է: Այսօրվա դրությամբ 13000 հեկտար էլիտար գարնանացան գարու ցանք ունենք, բայց տարեկան, այլ հացազգիներ կամ չեն ցանել, կամ քիչ են ցանել, դրանց մասով այս պահին տեղեկություն չեմ կարող հայտնել: Երբ նայում եմ նախորդ տարվա հետ համեմատականով, ապա 1000-1500 հեկտար պակաս ցանք ունենք:

Դա ինչի՞ հետ կարող ենք կապել. եղանակի՞, կորոնավիրուսի՞, անարդյունավետությա՞ն

– … Ավելի շատ ես այն կապում եմ սերմնացուի հետ՝ և կորնկան, և գարին, և առվույտը… Այս պանդեմիայի պատճառով ներկրումը կասեցվեց, իսկ անցած տարի ՌԴ-ից բերվում էին սերմեր… Հիմնականում, էլի եմ ասում, սերմնացուի հետ էր կապված, թե չէ՝ այլ խնդիր չկար:

Մեր նախկին զրույցներից գիտենք, որ բացի ինքնաբավությունից, նաև արտահանման համար էր քանակ ապահովվում: Այս տարի պանդեմիայի պատճառով խնդիր կունենա՞նք:

– Ոչ, բացարձակապես խնդիր չկա: Օրինակ, Վրաստանից եկել, գնել են: Եթե կարկտահարություններ չլինեն, ապա տարին պիտի որ բարենպաստ լինի: Ընդհանուր, եթե մինչ օրս դիտարկենք, ապա շուրջ 14500 հեկտար գարնանացան գարու, 3000 հեկտար կարտոֆիլի, 3000 հեկտար կերային մշակաբույսերի և 700 հեկտար բանջարեղենի ցանքեր են կատարվել: Իսկ նախորդ տարվա համեմատությամբ աշնանացանը նվազել է 1082 հեկտարով, կազմել է 14783 հա: 2020-ի ընթացքում սպասվում է գարնանացանի ցանքատարածությունների աճ: Ինչպես նաև, Եվրամիության «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն» ծրագրով մարզում իրականացվելու է հատիկավոր բույսերի ևս 50 հեկտար ցանք, Շիրակի մարզում առաջին անգամ փորձնական կմշակվի 2 հեկտար սոյա։

Իսկ անասնապահության մասով ի՞նչ կասեք. արտագնա աշխատանքի որ չգնացին, անասնապահությամբ զբաղվեցի՞ն:

– Դե, իհարկե, այդ մասով էլ կարող ենք ասել. մնացին, խոտաբույսեր ցանեցին… մյուս կողմից, նաև պետական ծրագրերը ևս մեծ օգուտ տվեցին: Ովքեր որ պարտաճանաչ են, վարկային դրական պատմություն ունեն, այդ մարդիկ կարողացան օգտվել կորոնավիրսի չեզոքացման ծրագրերից, մանավանդ, եթե առաջ 2-5-10 տոկոսով գյուղվարկեր էին վերցնում, հիմա անտոկոս կարող են օգտվել ու, բնականաբար, դա մեծ օգուտ է:

Դա գյուղտեխնիկայի՞ն էլ կարող է վերաբերել:

– Իհարկե, այս անտոկոս վարկերը նաև գյուղտեխնիկային են վերաբերում, նաև ինտենսիվ այգիներին, հակակարկտային ցանցին, կաթիլային ոռոգմանը, անասունների ձեռքբերում, խելացի անասնագոմերի կառուցում, տոհմաբուծության զարգացում, և այս ամենը 0 տոկոս վարկով:

Պարոն Մանուկյան, իսկ Կապսի ջրամբարի կառուցումը հաստատ է, չէ՞: Քանի որ նախկին իշխանությունների ժամանակ միշտ խոսվել, բայց արդյունքում ոչինչ չի արվել:

– Այո, իհարկե: Ներկայում նախահաշվային փուլում է. ծրագիրն հաստատվել է՝ 45 մլն դրամ արժողությամբ, հետագայում ևս 60 մլն է ավելանալու: Սա շատ կարևոր ջրամբար է, քանզի դրանից մեր մարզն ամբողջ թափով կօգտվի:

print
259