ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ | ՍՊՈՐՏ

«Շիրակը» որեւէ մեկինը չէ, այլ մեր բոլորինն է՝ Գյումրիինն է

Տիգրան Վիրաբյանին գյումրեցիները գիտեն Գյումրու դրամատիկական թատրոնից, ծանոթ էինք նրա կառավարչական հմտություններին, իսկ հեղափոխությունից հետո էլ մայրաքաղաքցիները ճանաչեցին փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանին… Սակայն ֆուտբոլային ակումբի նախագահ Տիգրանին նոր ենք ճանաչելու…

Հարցազրույց «Շիրակ» ֆուտբոլային ակումբի նորանշանակ նախագահ ՏԻԳՐԱՆ ՎԻՐԱԲՅԱՆԻ հետ:

Տիգրան, նախ շնորհավորում ենքՎերջերս մեր սիրելի թիմում շատ լուրջ փոփոխություններ տեղի ունեցան. մարզիչը՝ Վարդան Բիչախչյանն, ու թիմի 7 լավագույն խաղացողներ լքեցին ակումբը՝ տեղափոխվելով «Արարատ»: Հիմա էլ շուրջ 10 տարի «Շիրակ» ակումբի ղեկավարությունը ստանձնած, «Շիրակին» ծանր ճգնաժամից դուրս հանած, քաղաքային մարզադաշտին կենդանություն տված գործարար Արման Սահակյանն է լքել «Շիրակը»…

– Վարդան Բիչախչյանը 10 տարի փայլուն մարզչական գործունեություն է ծավալել: Փոփոխությունները շատ բնական են՝ ինչպես խաղացողների, այնպես և մարզչի համար, ով ուզում է իր ուժերը ուրիշ տեղ էլ փորձել, մարզչական կարիերա կառուցել. դա ամենուրեք ընդունված նորմ է: Դա մեզ՝ գյումրեցիներիս համար է ծանր, որ լեգենդար մարզիչ Բիչախչյանին այլ թիմի մարզչական կազմում ենք տեսնելու: Չնայած, որ յուրաքանչյուր գյումրեցի, ով իր կյանքի փուլում ինչ-որ պատճառով տեղափոխվում է մայրաքաղաք կամ այլ վայր, միևնույն է, իր սիրտը մնում է սիրելի քաղաքում: Նույնն էլ կասեմ Արման Սահակյանի մասին, ով հեռանալով՝ մնում է «Շիրակի» բարեկամը, թիմի ընկերը, իր ամբողջ ուժով դարձյալ կլինի «Շիրակի» կողքին:

Նա «Շիրակ» ակումբի սեփականատե՞րն է մնում

– «Շիրակն» ընդհանուր հասարակական կազմակերպություն է, որն ունի իր խորհուրդը, և որն էլ ընտրում է իր նախագահին: «Շիրակի» միակ սեփականատերը գյումրեցին է, և այլ սեփականատեր նա չունի: Ինչ վերաբերում է փոփոխություններին. երկար ժամանակ Գյումրիում գործում է ֆուտբոլի ակադեմիան, սակայն մեր սաները շատ դեպքերում հստակ խաղաժամանակ չէին ստանում՝ ցուցադրելու իրենց լավագույն որակները, խոսքը երիտասարդ կադրերի մասին է: Կա հստակ քաղաքականություն, որպեսզի գյումրեցիներին էլ ավել խաղաժամանակ տրամադրվի: Ես կարծում եմ, որ «Շիրակը» կարող է թասիբի, ուժի և իր պրոֆեսիոնալ մարզչական կազմի օգնությմաբ ցուցադրի բարձր որակներ, ուղղակի ժամանակ է անհրաժեշտ:

Նկատի ունեք, որ թիմի լավագույն խաղացողների մեծ մասը գնալով, նորերի համալրմամբ, շատ արագ «Շիրակը» կկարողանա այն խաղը ցույցադրել, որից երկրպագուները դժգոհ չե՞ն մնա:

– Լավագույն խաղացող դառնում են խաղի ընթացքում: Տեսեք, մինչև «Սևան» ակումբի հետ ընկերական հանդիպումը մենք շատ չէինք լսել Լյովիկ Մրյան անունը, բայց այս խաղում երիտասարդ ֆուտբոլիստը ստացավ հստակ խաղաժամանակ և դարձավ «հեթ-տրիկի» հեղինակ: Հիմա արդեն խոսում ենք լավ կադրի մասին, այն ձևավորվում է հստակ խաղաժամանակ ստանալով և իր ուժերն ու որակներն ապացուցելով: Մենք չպիտի խուսափենք փոփոխություններից: Փաստն այն է, որ արդեն երկրորդ անգամ «Շիրակը» հասնում է գրեթե չեմպիոնության, և նրան մի պատմության մեջ են դնում, ու մենք կորցնում ենք այդ հնարավորությունը: Անցած պատմության մասին չխոսենք, երբ միավորներ հանվեցին «Շիրակի» հաշվից, անարդար մրցավարությունից չխոսենք, երբ ՀՖՖ-ն արդարացրեց մրցավարին: Մենք մեր ուժերով, իհարկե, չեմ բացառում, որ ժամանակ առ ժամանակ հրավիրված ֆուտբոլիստներով, որոնք, սակայն գերակշռող մաս չեն կազմի, կհասնենք հաջողության: Չի կարող Գյումրին իր կոլորիտով, համով-հոտով, իր թասիբով գալ մարզադաշտ և երկրպագել օտարերկրացիներով կազմված իր սիրելի թիմին: Սա էս քաղաքի յոլ ու ղայդին չի համընկնում: Գիտե՞ք, ամենաշատ հայ ֆուտբոլիստներ խաղում են Գյումրիի թիմում:

Տիգրան, ինչպե՞ս կայացվեց որոշումը. ընտրությունն ինչպե՞ս քո վրա կանգնեց:

– Ես փոքր տարիքում մարզվել եմ ֆուտբոլով, հետագայում «Շիրակի» երկրպագուն եմ եղել: Ես, երբ թատրոնի տնօրենն էի, ակումբի նախագահի հետ մի քանի տարի հիանալի համագործակցություն ենք ունեցել, նաև ընկերներ ենք: Բնականաբար, «Շիրակի» մասին քննարկումներ ենք ունեցել, և ինձ առաջարկեցին, ինչը ես մեծ սիրով ընդունեցի: Շատ անելիքներ կան. ամենակարևորներից մեկը մարզադաշտի լուսավորության բացակայությունն է, ինչի պատճառով հանդիպումները տեղի են ունենում ցերեկները, աշխատանքային ժամերին, իսկ մարդիկ հնարավորություն չեն ունենում գալ՝ երկրպագելու սիրելի թիմին:

Տիգրան, խնդիրներին ծանոթ եսԱկումբը պահելու համար մեծ ֆինանսներ են անհրաժեշտ, ինչպե՞ս ես կարգավորելու այս ամենը:

– Կարծում եմ, որ այն մարդիկ, այն կազմակերպությունները, որոնք օժանդակել են «Շիրակին», այն ուշադրությունը, որի կենտրոնում եղել է ակումբը, մնալու է այդ նույն ուշադրության կենտրոնում: Աշխատանքներում որոշակի ռազմավարական փոփոխություններ կանենք: Կարծում եմ, «Շիրակը» խնդիր չի ունենա՝ հավուր պատշաճի ներկայանալու թե՛ Հայաստանում, թե՛ դրսում: Մեզ պետք է, որ այժմ թիմը համալրվի, ամրանա, և նոր խաղաշրջանում պայքարի չեմպիոնության համար: Այս տարվա առումով, մենք ըմբռնումով պետք է մոտենանք, քանի որ կոսմետիկ փոփոխություններ չեն եղել, այլ՝ հիմնարար:

Ակումբի նախագահը պետք է նաև եկամուտ ապահովի, թիմի անունը առաջ տանիմեծ պատասխանատվություն է, որը վերցրել եք:

– Ինչպես նշեցի սկզբում, ակումբի նախկին նախագահ Արման Սահակյանը հեռացել է նախագահությունից, բայց չի հեռացել «Շիրակ» ակումբից. նա շատ հարցերում մնալու է «Շիրակի» կողքին, թիմը ոչ մի խնդիր չի ունենալու՝ ո՛չ օժանդակության, ո՛չ աջակցության հարցերում: Տարիներով ստեղծված «Շիրակ» բրենդը հնարավորինս պահվելու է ուշադրության կենտրոնում, այստեղ հստակ անելիք ունենք, անելիք ունի նաև քաղաքը: «Շիրակը» որևէ մեկինը չէ, այլ մեր բոլորինն է՝ Գյումրիինն է:

print
627