ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ | ՄՇԱԿՈՒՅԹ

Շիրակի երկրագիտական թանգարանի շենքի վերականգնման հարցը տեղափոխվեց 2024 թվական

Դեռևս 2018-ին Գյումրու Ջիվանու փողոցի 74 հասցեում գտնվող Գալուստ Գյուլբենկյանի անվան հիվանդանոցի նախկին շենքը կառավարության որոշմամբ անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով հատկացվեց «ՀՀ Շիրակի մարզի Շիրակի երկրագիտական թանգարան» ՊՈԱԿ-ին: Այդ ժամանակ մշակույթի նախարարն էր Լիլիթ Մակունցը, որն առաջին աշխատանքային այցը կարևորել էր Գյումրի այցելելով, և հենց Գյուլբենկյանի անվան հիվանդանոցի նախկին շենքի դիմաց էլ հայտարարեց, որ շենքի վերանորոգման համար նույն տարվա սեպտեմբերից մեկնարկելու է դրամահավաք, որը տևելու է մեկ ամիս: Գումարը փոխանցվելու էր Շիրակի երկրագիտական թանգարանի հաշվեհամարին: Նախարարը նաև տեղեկացրել էր, որ դրամահավաքին միանալու պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխարհահռչակ դաշնակահար Տիգրան Համասյանի հետ: Ասաց. «Բանակցությունների արդյունքում մեզ կհաջողվի համաձայնության գալ և շենքը ծառայեցնել նաև որպես պատկերասրահ, քանի որ Գյումրին չունի պատկերասրահ, կարծում եմ՝ այն կտավները, այն նմուշները, որոնք այսօր ֆոնդերում են, արժե ցուցադրել»:

Հարցազրույց  ՀՀ Շիրակի մարզի Շիրակի երկրագիտական թանգարանի տնօրեն ԱՐՏԱՇԵՍ ԲՈՅԱՋՅԱՆԻ հետ:

Պարոն Բոյաջյան, ի վերջո գյումրեցիները, հյուրերը ե՞րբ պետք է հնարավորություն ունենան զմայլվելու թանգարանի ցուցանմուշներով:

— Այս պահին էսքիզային նախագիծն է ավարտվել, ԿԳՄՍ նախարարի գրությունն ենք ստացել, որ 2023թ-ի միջանկյալ ծախսերով կառավարություն պիտի ներկայացվի նախագծա-նախահաշվային ծախսերը, և 2024թ-ին գումար հատկացվի՝ վերականգնման համար:

Իսկ ակցիաներով, դրամահավաքներով որոշակի գումար հավաքվե՞ց: Կամ, կուզենայի հստակ պատասխանեիք՝ հանրային պահանջ կա՞:

— … Ոչ… Որովհետև, երբ դրամահավաք հայտարարվեց, նույնիսկ Հանրային հեռուստատեսությամբ տեսահոլովակներ թողարկվեցին, գովազդվեց, որ գումար հատկացվի, Մշակույթի նախարարության ենթակայությամբ գտնվող բոլոր կազմակերպություններն իրենց մեկ օրվա հասույթը փոխանցեցին թանգարանի հաշվեհամարին, 5 միլիոն դրամ էլ «Երևան՝ իմ սեր» հիմնադրամը, երբ հանրապետության նախագահն էր Արմեն Սարգսյանը, այդ ժամանակ փոխանցվեց, որի գումարը ծախսվեց էսքիզային աշխատանքների վրա: Ես գտնում եմ, քանի որ թանգարանը պետական կառույց է, ՊՈԱԿ է, թող կոպիտ չհնչի՝ ճիշտ չէ՝ «Մեծապատիվ մուրացկանների» պես ընկնել դռնեդուռ, գումար հավաքել, քանի որ այդ ծախսը պետք է պետությունն անի:

Հասկանում եմ, բայց ենթադրում եմ՝ միգո՞ւցե աշխատանքներն առաջ գցելու համար անհրաժեշտություն կար, ասենք՝ ակցիաների, ֆլեշմոբերիՈրպեսզի կառավարությանը զգոն պահվեր, կամ, որպեսզի ավելի շուտ հատկացումներն աներ: Թե՞ մտածում եք, որ այնքան շատ են խնդիրները, որ

— Այդ ակցիաներն արդյունք չեն տա, ի վերջո, բոլորն էլ՝ ԿԳՄՍ նախարարությունն էլ, մարզպետարանն էլ շահագրգռված են, որ թանգարանի շենքի հարցը լուծվի, բյուջեով պիտի հատկացվի, ականջի հետև չեն գցել, ուղղակի համապատասխան չափով գումար էր պետք:

Հասկանալի է, բայց կուզենայի հակադարձել, արդեն  4 տարի է՝ կա շահագրգռվածություն, սակայն չկա տեսանելի արդյունք, մինչդեռ մի նախարարության զուգարանները թարմացնելու համար 30-40 միլիոն հատկացվեց, կամ ԱԺ բուֆետը սիրունացնելու համար միլիոններ հատկացվեց:

— Կառավարությունն ինքն է որոշողը, ինքն է գումար հատկացնողը:

Այս պահին քանի՞ ցուցանմուշ ունեք:

— 25 հազար ցուցանմուշը վաղուց ավելացել է, ի վերջո, տարին տարու վրա, ամեն մի նոր հնագիտական արշավների և պեղումների ժամանակ նոր ցուցանմուշներ են հայտնաբերվում: Կամ մարդիկ կան, որ բերում, հնագիտական փաստաթղթեր են հանձնում: Համալրման աշխատանքները թանգարանն իրականացնում է, գիտալուսավորչական աշխատանքները փայլուն կերպով անցկացվում են, հրատարակվում են գիտական հոդվածներ: Հիմա Հյուսիս-հարավ ճանապարհային հատվածում պեղումներ են իրականացվում: Թանգարանի 90-ամյակի կապակցությամբ ուզում ենք բարձրակարգ տպագրությամբ կատալոգ հրատարակել: Հնարավորության սահմաններում՝ Գիտությունների ազգային ակադեմիայի թանգարանում որոշ ցուցանմուշներ դրված էին ցուցադրության:

Իսկ հնարավոր չէ՞ Գյումրիում էլ ինչոր տեղ ցուցադրություն կազմակերպել, թեկուզ մի փոքր հատվածով:

— Որտե՞ղ: Այս է խնդիրը: Տարածք է պետք, որը կհամապատասխանի, կամ ամեն մի ցուցափեղկը մոտ 300 հազար դրամ է, որ պիտի պարտադիր արվի, կամ կան առարկաներ, որոնց համար համապատասխան պատվանդաններ են պետք…

Ցուցանմուշների մեջ ամենաթանկարժեքը որը՞ կնշեիք:

— Բոլորն էլ թանկարժեք են՝ պատմության տեսանկյունից, իսկ ինչ մնում է բացառիկության առումով, ապա շատ կան, որոնք եզակի արժեք են ներկայացնում ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ աշխարհի համար:

469