ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Շիրակի մարզում մեծ թվով երեխաներ մանկապարտեզ չեն հաճախում.հետազոտության արդյունքները

Հայաստանում նախադպրոցական կրթությունը վճարովի է.միայն մայրաքաղաք Երևանում են համայնքային մանկապարտեզներն անվճար:

Նախադպրոցական կրթության մասին օրենքի 23-րդ հոդվածը սահմանում է՝ ՀՀ-ում մանկապարտեզահասակ տարիքի երեխաներն ունեն նախադպրոցական կրթություն ստանալու հավասար իրավունքներ: Այն պետք է անվճար դառնա բոլոր երեխաների համար՝ բացառելով խտրական մոտեցումը:

Հանրապետության ամենաաղքատ քաղաքում՝ Գյումրիում բյուջե/բնակչություն հարաբերակցության արդյունքում բյուջեից մեկ շնչին բաժին ընկնող գումարը 2019 թվականին մոտ 2,80 անգամ պակաս է  եղել Երևանում բյուջեից մեկ շնչին բաժին ընկնող ցուցանիշից, որն հիմնավորվում է Գյումրու և Երևանի բյուջեի միջև առկա հսկայական տարբերությամբ.2019-ին Գյումրու բյուջեն մոտ 26,46 անգամ պակաս է եղել Երևանի բյուջեից:

Երևանի քաղաքապետարանի տրամադրած տեղեկատվության համաձայն, 2019 թվականին մեկ երեխայի համար համայնքային բյուջեից ամսական ֆինանսավորման չափը  կազմել էր 22.500 դրամ, որն հետագայում կազմել է 25.700 դրամ՝ հաշվի առնելով մայրաքաղաքում մանկապարտեզների աշխատակիցների աշխատավարձի 20% բարձրացումը: Նաև յուրաքանչյուր մանկապարտեզին ամսական հատկացվել էր պահպանման հաստատուն ծախսերի համար նախատեսված գումար՝ 650.000 դրամի չափով, մինչդեռ մյուս համայնքների մանկապարտեզներում աշխատավարձերի բարձրացման հնարավորություն գրեթե չի եղել:

Չնայած աղքատության բարձր մակարդակին Գյումրու համայնքային մանկապարտեզների վարձավճարներն անցած տարի բավական բարձր են եղել՝ 5000-8000 դրամ՝ պայմանավորված ջեռուցման և այլ ծախսերով: Դրանք ձևավորվում են կոմունալ, սննդի ծախսերից: Լոկալ ջեռուցման համակարգ ունեցող մանկապարտեզում գազի մեկ ամսվա ծախսը կարող է 200.000-450.000 դրամ կազմել, մեկ այլ մանկապարտեզում գազի սպառման ամսական վարձավճարը շատ ավելի փոքր կարող է լինել՝ ամսական 120.000-130.000 դրամ:

Ըստ Շիրակի մարզի սոցիալ-տնտեսական զարգացման 2019 թվականի ծրագրում առկա տվյալների, աղքատության, այդ թվում՝ մանկական աղքատության մակարդակով Շիրակի մարզն Հայաստանում առաջատարն էր 44,3 և 51,8%-ով: Այս, նաև ՀՀ վիճակագրական կոմիտեի կայքում առկա տվյալներով, հանրապետությունում Շիրակի մարզի միջին ամսական աշխատավարձի ամենացածր ցուցանիշն ունենալու, Գյումրու համայնքային մանկապարտեզներում ծնողական բարձր վարձավճարների պատճառով, իմ երկարաժամկետ դիտարկման արդյունքում, 2017, 2018, 2019 թվականներին մեծ թվով երեխաներ՝ Գյումրու 3-6 տարեկան մանկապարտեզահասակ երեխաների մոտ 38%-ը մանկապարտեզ չեն հաճախել, որը վերը նշված տարիներին Գյումրիում մանկապարտեզ չհաճախած երեխաների միջինացված ցուցանիշն է:

ԿՔՆ-ի հետազոտությամբ բացահայտվել է, որ 2017 թվականին Գյումրու համայնքային մանկապարտեզներ չհաճախած երեխաների թիվը կազմել է 43,80%, 2018-ի վերջին մանկապարտեզներ և նախակրթարաններ չհաճախած երեխաների թիվը կազմել է 3-6 տարեկան մանկապարտեզահասակ երեխաների 31,36%-ը, 2019 թվականին Գյումրիում 3-6 տարեկան մանկապարտեզահասակ երեխաների 37,73%-ը չի հաճախել քաղաքում գործող համայնքային մանկապարտեզներ և դպրոցներում գործող նախակրթարաններ:

Ծնելիության նվազման և արտագաղթի պատճառով ևս հանրապետությունում նվազել է մանկապարտեզահասակ երեխաների թիվը: ԽՍՀՄ տարիների համեմատ Գյումրու բնակչությունը կրկնակի նվազել է: ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով, ՀՀ-ում մշտական բնակչության միջին թվաքանակը 2000-2018 թվականների ընթացքում գնալով նվազել է:

Ի՞նչ տարբերակներով էր հնարավոր նախորդ տարի փոխհատուցել Գյումրու համայնքային մանկապարտեզների ծնողական վարձավճարները:

Ըստ Գյումրու քաղաքապետարանի, Գյումրու 2018 թվականի բյուջեից տնտեսված ազատ միջոցները կազմել էր 339 միլիոն դրամ: Այս գումարի մեծ մասը՝ 229.974.000 կամ 191.198.460 դրամը լիովին բավարար էր 2019 թվականին Գյումրու համայնքային 23 մանկապարտեզ հաճախող երեխաների տարեկան ծնողական վարձավճարներն ամբողջությամբ փոխհատուցելուն, հաշվարկի հիմք ընդունելով մանկապարտեզներ երեխաների հաճախելիության ցուցակային և տարեկան միջին ցուցանիշները:

2019-ին Գյումրու համայնքապատկան 23 մանկապարտեզի վարձավճարների միջին գինը կազմել է մոտ 7435 դրամ: 2019 թվականին համայնքային բյուջեից միջինը 191.198.460 դրամ գումար էր անհրաժեշտ փոխհատուցել, որպեսզի Գյումրիում 2143 երեխա անվճար հաճախեր համայնքային մանկապարտեզներ, քաղաքապետարանի՝ մանկապարտեզներին զեղչերի համար հատկացված գումարի դեպքում այն կնվազեր շուրջ 7.800.000 դրամով և կկազմեր 183.398.460 դրամ, որի կեսը՝ 91.699.230 դրամը կկազմեր Գյումրու ընդհանուր բյուջեի 2.55%-ը:

Նախորդ տարի Գյումրու 23 համայնքային մանկապարտեզների տարեկան ծնողական վարձավճարների կեսը (համայնքապետարանի կողմից մանկապարտեզներին հատկացված զեղչերի գումարն հանած) կազմել է Գյումրու վարչական բյուջեի ծախսային մասի 2.82%-ը:

Ըստ «Կոմպասս» գիտահետազոտական կենտրոնի նախագահ Ղ.Հարությունյանի, համայնքի բյուջեում կառուցվածքային փոփոխությունների իրականացումը ցանկալի է մինչև 3%-ի սահմաններում, իսկ 2019 թվականին Գյումրու ճանապարհաշինական աշխատանքներից մեծ գումարներ են եղել տնտեսված, որոնք կարող էին ուղղվել մանկապարտեզների ծնողական վարձավճարների փոխհատուցմանը:

2019 թվականին վարձավճարների փոխհատուցման հարցը հնարավոր էր կարգավորել նաև մասնակիորեն՝ սահմանելով միասնական սակագին: Պահպանելով համայնքային մանկապարտեզներում ծնողական վարձավճարների զեղչային համակարգը հնարավոր էր Գյումրու համայնքային մանկապարտեզներում սահմանել միասնական ծնողական վարձավճար՝ ամսական  3700 դրամի չափով, (իրական ծնողական վարձավճարը պայմանականորեն ընդունենք 7400 դրամ, որի կեսը  տարվա ընթացքում համայնքային մանկապարտեզ հաճախող յուրաքանչյուր երեխայի համար փոխհատուցելու էր Գյումրու քաղաքապետարանը): Այս դեպքում հաճախելիության միջին թվով հաշված 2019-ին 23 համայնքային մանկապարտեզ հաճախած 2143 երեխայի համար տարեկան ծնողների վճարած վարձավճարը, որը փոխանցվել էր Գյումրու քաղաքային բյուջե կկազմեր 95.149.200 դրամ, այդքան գումար էլ տարեկան համայնքային բյուջեից պետք է փոխհատուցվեր համայնքային մանկապարտեզներին, որը կկազմեր Գյումրու ընդհանուր բյուջեի 2.65%-ը:

Թեև նախորդ տարի Գյումրու համայնքային բյուջեից համայնքային մանկապարտեզներին հատկացվել էր բավական մեծ գումար՝ 17,1%-ի չափով կամ 600.000.000 դրամից ավել, սակայն համայնքապատկան մանկապարտեզներն անվճար դարձնելու համար այս գումարը ոչ միայն բավարար չի եղել, այլև մանկապարտեզներում զեղչերից օգտվող երեխաների թիվը բավական փոքր էր՝ ըստ Գյումրու քաղաքապետարանի՝ մինչև 330 երեխա:

Ելնելով սոցիալական վիճակից Շիրակի մարզում յուրաքանչյուր համայնք ինքն է որոշում, թե համայնքային մանկապարտեզ հաճախող մեկ երեխայի ֆինանսավորման համար համայնքային բյուջեից որքան գումար տրամադրի, ավագանին սահմանում է համայնքային մանկապարտեզների ծնողական վարձավճարները, որը 2019-ին ամենացածրն Ախուրյան համայնքում է եղել՝ 3000 դրամ, համեմատաբար ցածր Արթիկում՝ 6000 դրամ (Ախուրյանի և Արթիկի համայնքային մանկապարտեզներում առկա է եղել ծնողական վարձավճարների միասնական համակարգ), Անի համայնքի Մարալիկի և Սառնաղբյուրի համայնքապատկան մանկապարտեզներում գործել է ծնողական վարձավճարների միասնական համակարգ՝ 5000-ական դրամ:

Գյումրու քաղաքապետարանի տրամադրած տեղեկատվությամբ, նախորդ տարի համայնքային բյուջեից համայնքապատկան մանկապարտեզ հաճախող մեկ երեխայի ամսական ֆինանսավորման չափը կազմել է 21.400 դրամ, որը ներառել է մանկապարտեզների աշխատավարձերը, էլեկտրաէներգիան, սնունդը, կոմունալ ծախսերը, կապը, գրասենյակային նյութերը, ընդհանուր բնույթի ծախսերը, գույքի ձեռքբերումը, շենքերի ընդհանուր նորոգումը, հատուկ նպատակային նյութերը, առողջապահական և լաբորատոր ծախսերը:

Իմ հաշվարկով 2019 թվականին Շիրակի մարզի Անի համայնքում ամսական մեկ երեխայի պահպանման ծախսը կազմել է 18.099, Ախուրյանում՝ 25.541, Արթիկում՝ 31.224, Գյումրիում 31.304 դրամ: Հաշվարկը կատարելիս հիմք է ընդունվել տարեկան ծնողական վարձավճարների և համայնքապետարանների՝ համայնքային մանկապարտեզներին հատկացվող տարեկան դրամական միջոցների հանրագումարը:

Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքում, որն ընդգրկում է 19-ը բնակավայր, մանկապարտեզ չհաճախող երեխաների թիվը 2019 թվականին կազմել է մոտ 70%, (տե´ս գրաֆիկական պատկերը՝ https://infogram.com/–1hzj4oqnr5132pw?live):

Անի համայնքի Լուսաղբյուր գյուղի մանկապարտեզը 20 տարուց ավել է, ինչ չի գործում: Համայնքում մանկապարտեզ չհաճախող մեծ թվով երեխաների՝ նախադպրոցական կրթության մեջ ներգրավելու և Լուսաղբյուրի մանկապարտեզի վերաշագործման անհրաժեշտության վերաբերյալ հարցերը նախորդ տարի ներկայացվել էին Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանին: Հարցը քննարկվել էր Անի համայնքի ղեկավար Արտակ Գևորգյանի հետ: Քննարկման արդյունքում արձանագրվել է, որ Լուսաղբյուր բնակավայրի մանկապարտեզը շահագործվել է 1992 թվականի հունիսից մինչև 1998 թվականի սեպտեմբեր ամիսը: Մինչ մանկապարտեզի գործունեության դադարեցումը,   ֆինանսավորումն իրականացվել է պետական բյուջեի միջոցներով, սակայն պահպանման և շահագործման ծախսերը Լուսաղբյուր համայնքին փոխանցվելուց հետո մանկապարտեզը չի շահագործվել՝ ֆինանսական միջոցների բացակայությամբ պայմանավորված: Մանկապարտեզի շենքն ունի վերանորոգման և նոր գույք ձեռք բերելու կարիք, իսկ մանկապարտեզի շենքի վերանորոգման, գույքավորման և շահագործման հարցը ներառված չէ համայնքի 2018-2022 թվականների զարգացման ծրագրում և համայնքի 2019 թվականի բյուջեով այդպիսի գործառույթների իրականացման համար հատկացումներ պլանավորված չեն եղել:

Շիրակի մարզի Արթիկ համայնքում մանկապարտեզ չհաճախող երեխաները մեծ թիվ են կազմում՝ 0-6 տարեկան մանկապարտեզահասակ երեխաների շրջանում կազմելով 42,19%:

2019 թվականին Շիրակի մարզում եղել են համայնքներ, որտեղ գործել  են և´ համայնքային մանկապարտեզներ և´ դպրոցներում գործող նախակրթարաններ, ինչպես Գյումրիում, Արթիկում, Մարմաշենում: Որոշ գյուղական համայնքներում, որտեղ չեն եղել համայնքային մանկապարտեզներ գործել են մարզպետարանի ենթակայության նախակրթարաններ՝ Կառնուտ, Գետք, Ջրառատ, Ղարիբջանյան  և այլ գյուղերում:

Շիրակի մարզպետարանի կրթության, մշակույթի սպորտի վարչությունից բանավոր տրամադրված տեղեկատվության համաձայն, անցած տարի Շիրակի մարզի Հայկասար, Լուսակերտ, Գետափ, Տուֆաշեն, Հովտաշեն, Անիպեմզա, Անի կայարան կամ Անիավան՝ (վերջին երկուսն Անի համայնքի կազմում են գտնվում), Լեռնուտ, Փոքրաշեն, Կապս (Կապսի վթարային դպրոցում նախակրթարան բացելն հնարավոր չէ, այն Մարմաշեն խոշորացված համայնքի կազմում է գտնվում), Կրաշեն գյուղերում մարզպետարանի, համայնքային ենթակայության նախակրթարաններ, մանկապարտեզներ չեն եղել:

Շիրակի մարզի որոշ գյուղեր աղետալի վիճակում են, դրանցում բնակվողներ չկան, ուստի այս շրջաններում, ինչպես Նորշենն ու Բարձրաշենն են նախադպրոցական կրթության գոյության կամ զարգացման մասին խոսք լինել չի կարող:

Անհրաժեշտ է ուշադրության կենտրոնում պահել Շիրակի մարզում մանկապարտեզահասակ երեխաների հաշվառման գործընթացը:

Մարզի  համայնքապետերի կողմից համայնքապետարանների համապատասխան բաժինների միջոցով նախադպրոցական տարիքի երեխաների հաշվառումն իրականացնելիս թվային տվյալները պետք է զետեղվեն համայնքապետարանների կայքերում: Շատ դեպքերում այս գործընթացը թերի է իրականացվում, ուստի «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ  նոր օրենքի նախագծի՝ օրենքի վերածվելու դեպքում մարզպետարանը պետք է վերահսկի Շիրակի մարզի համայնքներում մանկապարտեզահասակ երեխաների ճշգրիտ հաշվառման իրականացման գործընթացը:

Կրթության մասին օրենքով նախադպրոցական տարիքի երեխաների հաշվառումն համայնքի ղեկավարի իրավասությունն է, սակայն այս գործընթացի իրականացման հարցում մեծ համայնքներում առկա են որոշակի խնդիրներ:  Թեև օրենքի առկայությանը, համայնքապետարանների կողմից մանկապարտեզահասակ երեխաների հաշվառման իրականացումը դժվարությունների հետ է կապված.կարող են լինել քաղաքից բացակայող, մի թաղամասից մյուսը տեղափոխվող ընտանիքներ, մանկապարտեզահասակ երեխաների հաշվառման իրականացման համար համայնքապետարաններում ոչ բավարար թվով աշխատակիցների առկայություն:

Հանրապետությունում ապակենտրոնացման քաղաքականությունն ու համայնքների տնտեսական զարգացումն անհրաժեշտ է:

Իմ հաշվարկով, մայրաքաղաքում ՀՀ ազգաբնակչության 36,24%-ի կենտրոնացվածությունը, համայնքային՝ պետական բյուջեներից մեծ չափերի հասնող կախվածությունը վկայում է մյուս համայնքների թույլ զարգացվածության մասին: Միայն Գյումրուն պետական բյուջեից հատկացված դոտացիան 2019-ին կազմել է Գյումրու հաստատված տարեկան բյուջեի 59,65%-ը:

Համայնքային բյուջեները լրացուցիչ գումարներով համալրելն անհրաժեշտ է, որպեսզի համայնքներն ինքնուրույն կարգավորեն իրենց հուզող մի շարք հիմնախնդիրներ: Այդ լուծումներից մեկը կարող է լինել ՏԻՄ օրենքի 86-րդ հոդվածի կիրարկումը՝ համայնքներին եկամտահարկից մասհանումների իրականացումը, որը 17 տարի շարունակ չի իրականացվել:

 

Հետազոտության, գրաֆիկական պատկերների հեղինակ
Անահիտ Սիմոնյան

print
296