Tigran Petrosyan
ՀԱՅՐԱՔԱՂԱՔ

Շիրակյան ապրանքատեսակները կներկայացվեն Մոսկվայում

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը վերջերս «Ռուսաստանի Հայերի Միություն» համառուսական հասարակական կազմակերպության մոսկովյան քաղաքային բաժանմունքի հրավերով մեկնել էր Մոսկվա: Այս թեմայի շուրջ զրուցեցինք մարզպետի հետ:

— Իհարկե, նախքան մեկնելը մենք Շիրակի ձեռներեցների և մեր լավ ընկերների աջակցությամբ մի քանի պատվիրակություններ հյուրընկալել էինք: Պատիվ էի ունեցել Շիրակի մարզպետարանում ընդունելու Մոսկվայի՝ Ժողովրդական տնտեսության ձեռքբերումների ցուցասրահ-համալիրի (ԺՏՁՑ հայերեն հապավմամբ, ԹԺծղ) փոխտնօրեն, ծնունդով գյումրեցի Արթուր Անտոնյանին: Նա առաջարկել էր ցուցասրահ-համալիրի վաղուց գործող «Հայաստան» տաղավարում ցուցադրել շիրակյան արտադրության տարբեր ապրանքանիշներ: Նաև հայկական ծագումով հայտնի ռուսաստանցի բլոգեր Ռոման Բաղդասարյանի կողմից Շիրակի մարզում շարունակական բարեգործական ծրագրերի ու ակցիաների համատեքստում Մոսկվայում պիտի կազմակերպեին բարեգործական համերգ, որը կրելու էր «Սիրով՝ Շիրակի մարզին» խորագիրը: Ապա «Ռուսաստանի Հայերի Միություն» համառուսական ՀԿ-ի մոսկովյան բաժանմունքի ղեկավար Շահեն Պետրոսյանի կողմից ես հրավեր ստացա:

Երկու աշխատանքային օրեր ենք անցկացրել: Հենց Ժողովրդական տնտեսության ձեռքբերումների ցուցասրահ-համալիրի հայկական մեծ տաղավարում հանդիպեցինք նոր տնօրենի հետ, հին թիմն էլ մեզ հետ աշխատեց, և պատրաստակամություն հայտնեցին գործող վաճառասրահներում ակտիվ ցուցադրել շիրակյան ապրանքատեսակները: Սա շատ լավ առաջարկ էր: Հիմա մենք մեր տնտեսվարողների հետ այստեղ պետք է հանդիպենք, զրուցենք, ներկայացնենք, որ իրենք որոշեն, թե ում է հետաքրքիր ռուսական շուկան:  Շատ տպավորված եմ աշխատանքային հանդիպումներից, ես տեսա, որ իրենք պատրաստ են ամեն ինչ անել մեր պետության համար, իրենց ռեսուրսներն օգտագործեն, որպեսզի թիկունք լինեն մեր երկրի զարգացմանը:

Գործարարների հետ հանդիպմանը ներկա էին միայն այնտեղի ծնունդով Շիրակի մարզի ձեռներեցնե՞րը:

— Նախատեսված էր հանդիպում մոսկվայաբնակ հայ ձեռներեցների և ծնունդով Շիրակի մարզից՝ հասարակական, մշակութային, գործարար շրջանակաների ներկայացվածությամբ: 40-50 մասնակից կային, մոտ 2-3 ժամանոց հանդիպում ենք ունեցել: Իմ կողմից ներկայացվել է մարզում ընթացող գործընթացները, Շիրակի բիզնես-համաժողովի ժամանակ հավաքագրված ներդրումային ծրագրերը և այլն: Այդ պահին արդեն իսկ հետաքրքրվողներ կային: Մի խոսքով, այդ օրը Շիրակի մարզն էր օրակարգում: Ես մեծ երախտագիտություն ունեմ հայտնելու «Ռուսաստանի Հայերի Միություն» համառուսական հասարակական կազմակերպության մոսկովյան քաղաքային բաժանմունքի ղեկավար Շահեն Պետրոսյանին, որի անձնական գործոնը շատ մեծ դերակատարություն ուներ այս ամենի համար: Ինչպես և ձեռներեց Հովիկ Առաքելյանը, ով ևս բավական գործուն մասնակցություն ունեցավ, որպեսզի կայանար հնարավորինս շատ մասնակիցների համատեղ հավաքագրումը: Հետո, իհարկե, այցելել եմ Հայերի Միության շենքը, որը բավական ներկայանալի է: Այստեղ Շահեն Պետրոսյանը ևս մեկ առաջարկ արեց. բավականին լավ հնարավորություններ ունեցող շենք է, հմտացած երիտասարդական լուրջ կենտրոնով, ռեսուրսներով, ասացին, որ, եթե որևէ հայկական կազմակերպություն, նախաձեռնություն հետաքրքրված է Մոսկվայում որևէ միջոցառում իրկանացնել, ապա իրենք պատրաստ են հենց այդ կենտրոնի ռեսուրսներն ի շահ մերոնց աշխատեցնելու:

Մեկ այլ հետաքրքիր բան կար, որով կուզենայի կիսվել. նախ, շատ երկրներում եմ շրջագայել, սակայն երբևէ առիթ չէր եղել Մոսկվա մեկնելու: Եվ «Շիրակ» օդանավակայանից մեկնելն ինձ համար մեկ այլ բավականություն էր, մանավանադ, որ այնտեղ վերակառուցման աշխատանքներ էին ընթանում: Իսկ հետաքրքիրն այն էր, որ վերադառնալուց տոմս չկար, ինչն ինձ շատ ուրախացրեց, որովհետև, երբ մեզ մոտ արդեն եղանակային սառը օրեր են, բայց զբոսաշրջիկները ցանկություն ունեն այցելելու մեր քաղաք:

Իսկ բարեգործական համերգը՞Հայկակա՞ն խմբերն էին հիմնականում ելույթ ունեցողները:

— Մոտ 150 մասնակից կար՝ պարային, երաժշտական խմբեր: Այն տեղի ունեցավ Մոսկվայի «Կոլիզեյ-հոլլ» համալիրում:

Համերգից գոյացած հասույթը իրե՞նք էին տնօրինելու՝ թե՞

— Այո, ինչպես ասեցի, բլոգեր Ռոման Բաղդասարյանը բարեգործական շարունակական ծրագրեր է իրականացնում և հենց հաջորդ օրն իմացա, որ արդեն Շիրակի մարզում է, 30 ընտանիքի փաթեթներ է բերել: Շատ հիանալի երիտասարդ է, նվիրված, պարկեշտ ու, իհարկե, հայրենասեր: Այնտեղ էլի նման թիմերի հետ եմ ծանոթացել, «Երազանքի մոլորակ» ՀԿ-ի հետ, որը համերգի կայացման գործում նույնպես մեծ ներդրում ունի: Մի խոսքով, ես գոհ եմ հանդիպումից, կարծում եմ՝ արդյունքներն իրենց սպասել չեն տա: Վերջում էլ, անշուշտ, հանդիպեցի Հայերի Միության նախագահ Արա Աբրահամյանի հետ: Ներկայացրեցինք մեր օրակարգային թեման, իրենք էլ որոշակի մտքեր ունեն Շիրակի մարզի հետ կապված, պայմանավորվեցինք, որ շարունակելու ենք աշխատել:

Պարոն մարզպետ, մինչ արդյունքների գրանցումը, ըստ Ձեզ, հավանական համարո՞ւմ եք, որ ներդրումներն իրենց հետ աշխատատեղեր կստեղծեն:

— Մենք պետք է ցույց տանք, որ Շիրակի մարզն այլևս ռիսկային չպետք է դիտարկել, որ բիզնեսի լայն հնարավորություններ արդեն կան: Չենք ասում՝ խնդիրներ չկան… Ինչպե՞ս չկան. սկսած ենթակառուցվածքներից, վերջացրած շուկայի գլոբալ զարգացածությունը և, որ ամենակարևորն է, մարդկանց սպասումները: Մեր կողմից այսօր փորձ արվեց՝ ներկայացնելու եղածն ու հնարավորինը: Մարդիկ, ովքեր կայացել են, ովքեր մտածում են՝ ինչպես կարող են զարգացնել, ընդլայնել իրենց բիզնեսը, արդեն իրենց է մնում օգտվել ինչ-ինչ հնարավորություններից: Մանավանդ, վարչապետի և նախագահի նման ուշադրությունները Գյումրու հանդեպ շատ դրական, նպաստ հող է ստեղծել: Որպես մարզպետ, սա իմ առաջին պաշտոնական այցելությունն էր, ու շատ կարևոր հանգամանք եմ արձանագրել. հայկական սփյուռքը, գոնե Մոսկվայինը, շատ է հետաքրքրված երկրում տիրող զարգացումներով, և ուզում են հստակ մասնակից դառնալ, ու իրենց համար կարևոր է հավատքի գործոնը: Ցավոք, որոշ մեդիաների կողմից ներկայացվող սև ու գորշ գույները երբեմն մարդկանց մոտ կասկածներ են առաջացնում, սակայն, երբ իրական պատկերը լավատեղյակ մարդուց են լսում, ինչ փուլեր ենք անցնում, ինչ է սպասվում, ինչ ենք նախատեսում, ինչ հարաբերություններ են ստեղծված, ապա թեթևացած շունչ են քաշում:

print
364