ՍՊՈՐՏ

Ունենալու ենք Հայաստանում նմանը չունեցող սպորտային համալիր

Գյումրու քաղաքապետարանում տեղի ունեցավ «Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մարզադպրոց» ՀՈԱԿ-ի շենքի կառուցման նախագծի և նախատեսվող գործունեությունից շրջակա միջավայրի վրա ակնկալվող ազդեցությունների վերաբերյալ հանրային քննարկում:  Քննարկումը սակավամարդ էր, ինչի կապակցությամբ քաղաքապետը հեգնեց, թե հետո մարդիկ չհայտնվեն, ասեն, թե իրենք տեղյակ չէին և այլն:

Վաստակավոր մարզիչ Գևորգ Ալեքսանյանը ներկայացրեց սպորտային համալիրը. «Ըստ նախագծի, նախատեսվում է  շինարարություն մոտ 10 հեկտար հողի վրա: Մրցումային միջոցառումների անցկացման համար լինելու է դահլիճ՝ 1140 նստատեղով: Ունենալու է  մարզումային մարզադահլիճ՝ ըմբշամարտի համար, 6 գորգով, որի նմանը հանրապետությունում չկա: Ունենալու է ծանրամարտի դահլիճ՝ 8 մրցահարթակով, որի նախադեպը ևս չկա: Ունենալու է նաև տրենաժորային դահլիճ: Կլինեն շոգեբաղնիս, հյուրանոցային մաս՝ 240 հոգու համար, իր բոլոր հարակից կառույցներով, բացի այդ, կլինեն թենիսի, բիլիարդի տարածքներ՝ ժամանցային մասն ապահովելու համար: Ունենալու է մեծ միջազգային ստանդարտով լուսավորված ֆուտբոլային մարզադաշտ՝ 850 նստատեղով: Պլանավորված էր 25 մետրանոց միջազգային ստանդարտներին համապատասխանող լողավազան՝ իր հարակից մասերով, սակայն այս պահին այն նախատեսված չէ՝ գումարների սղության պատճառով: Տարածքը կլինի բարեկարգված, կանաչապատված, նստատեղերով, կունենա ճանապարհ դեպի «Ֆրանսիական այգի»: Եվ այս ամենից զատ, կլինեն 8 մեծ վազքուղիներ»:

Սամվել Բալասանյանը երախտագիտություն հայտնեց Գևորգ Ալեքսանյանին, Արթուր Ալեքսանյանին, որոնց շնորհիվ քաղաքն այսօր մեծ համբավ ունի միջազգային արենաներում, որ քաղաքում իրենց շնորհիվ նման սպորտային համալիր է կառուցվելու: Նշեց, որ լավ կլինի՝ լողավազանն էլ կառուցվի, գուցե տնտեսված գումարներով հնարավոր կլինի մրցույթով այդ հարցին լուծում տան. «Եթե այդպես էլ հնարավոր չլինի, կառավարությանը կդիմենք: Որովհետև ընտիր սպորտային պալատ է կառուցվում, որը ոչ միայն հնարավորություն կտա հանրապետության մարզիկներին անցկացնել մարզումներ ու հավաքներ, այլև միջազգային մակարդակի մրցաշարեր անցկացնել: Սա պարծենալու բան է: Նախատեսված է 2 տարվա ընթացքում ավարտել շինարարությունը: Երևի 2022-ին արդեն կունենանք համալիրը»:

Գևորգ Ալեքսանյանը հավելեց, որ տարածքն այնքան լավ տեղում է նախատեսված, որի համար շնորհակալ է քաղաքապետին, ավագանուն: Նախ՝ քաղաքի բոլոր հատվածներից կարելի է մեկ երթուղով հասնել, ինչը կհեշտացնի մարզիկի, սանի տեղափոխումը. «Այս համալիրում հնարավորություններ են ստեղծվում բոլոր սպորտաձևերի համար՝ սկսած ֆուտբոլից, վերջացրած բասկետբոլ, վոլեյբոլ, մինի-ֆուտբոլ, ձեռքի գնդակ և, ընդհանրապես, բոլոր խաղային ձևերի համար է հարմարավետ»:

«Շրջապատի» հարցին, թե հնարավո՞ր է, որ մարզադաշտը ծածկ ունենա, որպեսզի անբարենպաստ եղանկներին ևս մարզումներ անցկացվեն, Գ.Ալեքսանյանը պատասխանեց. «Տարածքն ունի այդ հնարավորությունը, սակայն գումար նախատեսված չէ: Նախնական հաշվարկված է 5 միլիարդ 400 միլիոն դրամ, մինչդեռ, երբ կառավարությունը նոր էր տվել համաձայնությունը, նշածս գումարի կեսն էր նախատեսել»:

Հարցին, թե ի՞նչ են կարծում, այս ծրագիրն իրագործելն իրատեսակա՞ն է, Գևորգ Ալեքսանյանը պատասխանեց. «Ես հասկանում եմ Ձեր մտահոգությունները, քանի որ 2005 թվականից մենք այս խնդրով շատ ենք տանջվել, շատ խոստումներ են տրվել ու չեն իրականացվել, բայց հիմա այլ է: Միայն մի փաստ արձանագրեմ. մինչ այս պահը բյուջեից 21 միլիոն 850 հազար գումար է ծախսվել: Չեմ կարծում, որ օդի մեջ կթողնեն: Այս տարվա բյուջեում 2 մլրդ դրամ նախատեսված էր, որ շինաշխատանքներ տարվեին, բայց կորոնավիրուսի պատճառով հետաձգվեց: Բայց գումարը կա, ոչ մի խնդիր չի եղել կառավարության կողմից: Կարծում եմ շինարարությունը կմեկնարկի մրցույթ հայտարարելուց, տենդեր շահելուց հետո, երևի այս տարի հասցնեն հողային աշխատանքները»:

print
4,555