ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Ուրեմն Արային հասցնեն այս վիճակին ու իրենք իրենց ազատությունը վայելե՞ն…»

«Իմ 110կգ տղայիցս 50կգ էլ չի մնացել… թե ինչ ենք քաշում էս վեց ամիսը… հետը կխոսամ, որ գոնե մե շարժումմ տա, գոնե ցավի զգացում ցույց տա՝ չէ, հեչ մի ռեակցիա…»,- վշտից հյուծված, արցունքները սրբելով ասում է Եղեգնաձորում վեց ամիս առաջ դաժան ծեծի ենթարկված ու կոմայի մեջ գտնվող փոխգնդապետ Արա Մխիթարյանի մայրը՝ Սոֆի Մխիթարյանը:

Փոխգնդապետի մայրն ու եղբոր կինը հրավիրել էին մամուլի ասուլիս՝ հայտնելու իրենց դժգոհությունը քրեական գործի ընթացքից, գործով մեղադրյալներից մեկին գրավի դիմաց ազատ արձակելու հանգամանքից, ինչպես նաև իրենց որդու և տեգրոջ՝ առողջության մեջ ոչ մի փոփոխություն չլինելու և այլ երկրի բուժօգնության դիմելու խնդիրը բարձրաձայնելու խնդրանքով:

«Ի՞նչ հարբած…,- իր դժգոհությունն է բարձրաձայնում Արա Մխիթարյանի եղբոր կինը՝ Ցողիկ Մխիթարյանը,- և թեկուզ խմած կամ հարբած. ինչի մարդն իրավունք չունի՞ աշխատանքից հետո, այն էլ ընկերոջ ծննդի առիթով ինչ-որ տեղ նստեն, հաց ուտեն, մի երկու բաժակ էլ, ասենք, խմեն… Կարելի է մարդուն այդպես հեղինակազրկե՞լ, որ իրենց հանցագործներին արդարացնե՞ն… Արան 27 տարվա զինվորական ծառայության պատվարժան ճանապարհ է անցել, նա վաստակած հեղինակություն ունի, թող հետաքրքրվեն Արայի անցած ուղիով: 12 տարի Շամշադին է ծառայել, Եղեգնաձոր է ծառայել, Վարդենիս… Մի թերություն, մի սխալ բան թույլ չի տվել: Պոստեր է կանգնել իր զորքով, ծառայության ընթացքում զորքից ոչ մեկին ոչ մի բան չի եղել: Լենինգրադում է զինվորական մասնագիտություն սովորել, Մոսկվայում զինվորկան ակադեմիա է ավարտել… Իրենց տեղով բան չարժեն, կարծես կյանքն ապրելն ու վայելելն իրենց համար է, մյուսների անունից են կախվո՞ւմ…»:

Արա Մխիթարյան

Հիշեցնենք, 2019թ. սեպտեմբերի 17-ին՝ ժամը 23:40-ի սահմաններում, Եղեգնաձոր քաղաքի շենքերից մեկի բակում փոխգնդապետ Արա Մխիթարյանի և Վայոց Ձորի մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանի մասնակցությամբ ծեծկռտուք է տեղի ունեցել: Ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, որը Եղեգնաձորի 28-ամյա բնակիչ է, զանգով նրան աջակցելու համար այնտեղ եկած 3-4 անձ փորձել են պարզաբանումներ ստանալ, որից հետո նրանց միջև սկսված ծեծկռտուքի ժամանակ ծեծի են ենթարկել սպաներին: Որի հետևանքով գլխուղեղի աջ կիսագնդի միջին աստիճանի սալջարդ, աջ քունք-գագաթային, ճակատային բլթերի շրջանի սուբդորալ հեմատոմա՝ արտահայտված քունքտենտորյալ լատերալ դիսլոկացիայով  նախնական ախտորոշմամբ, հիվանդանոց էր տեղափոխվել ՀՀ ՊՆ զորամասի սպա Արա Մխիթարյանը և ենթարկվել շտապ վիրահատության: Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք էր առաջադրվել Վայոց Ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի օգնականին՝ Հարություն Գրիգորյանին և նրա եղբորը՝ Զավեն Գրիգորյանին:

Նախաքննությամբ պարզվել է, որ նշված վիճաբանության ժամանակ բացի վերը նշված սպայից մարմնական վնասվածքներ են ստացել նույն զորամասի ևս երկու սպա:

Առաջին ատյանի դատարանի որոշմամբ երկուսն էլ կալանավորվել էին, սակայն Վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել Զավեն Գրիգորյանին ազատ արձակել 1,5 միլիոն գրավի դիմաց։

«Զավեն Գրիգորյանին ազատ են արձակել 1,5 միլիոն դրամ գրավի դիմաց. սա արել են բյուջե լցնելու համա՞ր… Փաստորեն ցանկացած մեկը կարող է հանցանք գործել, ու ընդամենը 1,5  միլիոն դրամով ազատ արձակվե՞լ, սա՞ է ղեկավարությունը. նախորդին էին բան ասում, իրենք ավելի վատը դուրս եկան… Արան այնքան ազնիվ ու բարի, խաղաղասեր մարդ է, որ նման մարդկանց մատների վրա կարելի է հաշվել: Այնքան արժանիքներ ունի, որ իր զինվորներն ամեն օր համարյա գալիս են հիվանդանոց, գլուխ խոնարհում, հույս փայփայում, որ Արան կառողջանա…»,- ասաց Ցողիկ Մխիթարյանը և զայրույթով արտահայտեց իր վիրավորանքն առ այն, որ դատարանում հակառակ կողմի փաստաբանները փոքրոգաբար փորձել են նվաստացնել Արայի սպայական պատիվը:

Ըստ նրանց, հակառակ կողմի փաստաբանն անհիմն փաստեր է դատարանում ներկայացրել. տեսախցիկով դեպքի վայրից նկարահանված տեսաերիզ, որտեղ բացարձակ ոչինչ չի երևում, չի երևում՝ իրո՞ք մարզպետը ներս է մտել ու դուրս չի եկել, իբր ուզում են ապացուցել, որ Զավենը մեքենայով անցել է, մինչդեռ ոչինչ չի երևում: Մինչդեռ 4 սպա վկայություն են տալիս՝ չեն ընդունում նրանց ցուցմունքները: «Ուրեմն Արային հասցնեն այս վիճակին ու իրենք իրենց ազատությունը վայելե՞ն…»:

Արայի մայրը պատմեց, որ սեպտեմբերի 21-ին, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գյումրի էր այցելել, Արայի հայրը մոտեցել է նրան, և վարչապետը խոստացել է, որ արդար քննություն կիրականացվի: «Մենք էլ հույս ունեինք, որ հեղափոխությունից հետո այս երկրում արդարություն կտիրեր, բայց արի ու տես, որ այդպես չէ. վարչապետը փոքր եղբոր պես՝ մեծ եղբորը խոստացել էր արդար քննություն, մինչդեռ, այդ օրը, այդ հանցագործությանը մասնակցել են 6-7 հոգի, ընդամենը երկուսին ձերբակալեցին, իսկ մեկին էլ դեռ գրավով դուրս բերեցին… Այդ ժամանակվա մարզպետ Տրդատ Սարգսյանին էլ գործից հանեցին, թե այդտեղ չի եղել: Իսկ սպաները պնդում էին, որ մարզպետն այդտեղ կանգնած է եղել, կանգնել ու նայել է, թե ինչպես 6-7 հոգին ծեծում են Արային. ի՞նչ է, թո՞ւրք էր Արան… Ու հիմա Զավեն Գրիգորյանին ազատ թողնելու կապակցությամբ հաղթանակի քեֆ են անում, կենաց են խմում… Հաղթանակ ո՞ւմ նկատմամբ, թուրքի՞ն են հաղթել, երկիր են պաշտպանել ու այդ կապակցությամբ հաղթանակների կենացն են խմո՞ւմ… անամոթներ»,- զայրույթով պատմեց տիկին Սոֆին: Վերջինիս խոսքը շարունակելով, Ցողիկն ասաց. «Ու երեկ տեսնում եմ, որ Եղեգնաձորում հանրաքվեի քարոզարշավին այդ մարզպետ կոչեցյալը, վարչապետի կողքին, բեմին կանգնած է, ու նույն այն շորերով, ինչ հանցանքի գիշերը… Իրենց նման հանցագործներ են պե՞տք, ուզում են վստահություն շահե՞լ…»:




Ըստ Արա Մխիթարյանի հարազատների, ինչ-որ շրջանակի մարդիկ քննչական մարմինների դեմ խոչընդոտներ են ստեղծում, որ գործի հանգամանքները չպարզվեն, որ ընդամենը մի հոգի պատասխանատվություն կրի ու հանկարծ խմբակային ծեծ չորակվի, որն ավելի մեծ պատիժ է նախատեսում։ Ըստ նրանց, շատերը վախենում են վկայություն տալ. «Քննչական մարմիններին խոչընդոտում են, արդար քննություն չի ընթանում, զինվորական ոստիկանությունն ու օպերատիվ աշխատողներին թույլ չեն տալիս…Չեմ հասկանում՝ ինչո՞ւ։ Նախարարությունն ինչի՞ համար է, որ իր 3-4 սպային գցել են էդ օրը… ինչ ասես ասում են սպաների հասցեին: Մի՞թե նախարարությունն այդ ամենը չի լսում, մի՞թե մեծ պատիվ է նախարարության համար, որ նման բաներ են խոսում իր սպաների հասցեին»,- հարցադրում է մայրը՝ տիկին Սոֆին։

Հարսը՝ Ցողիկն էլ պատմում է, որ Արայի դեպքի հետ կապված հեռուստաընկերություններից մեկով ինչ-որ նկարահանումներ էր եղել, որտեղ եղեգնաձորցի մի տղամարդու հարցուփորձ էին անում դեպքից՝ «…բայց այդ հաղորդման անոնսը հանեցին ու այլևս ցույց չտվեցին. ինչո՞ւ… վախից: Ընդամենը մի աղջիկ է վկայություն տվել, այն էլ ուզում են նրա վրա էլ ճնշումներ գործադրել»,- ասում է Ցողիկը:

Թե ինչո՞ւ է նման դեպք եղել, տիկին Սոֆին մի զավեշտալի բան է պատմում, որը դեպքի օրերին էր շրջանառվում. Արան շփոթելով մեկի հետ, մոտեցել է, բայց հետո տեսնելով, որ սխալվել է, ներողություն հայտնել, ուզեցել է հեռանալ… ու այդտեղ սկսվել է: «Ասում են՝ Արան հարբած է եղել… Իսկ ի՞նքն (հանցագործը) ինչ վիճակում է եղել, ոչ մի տեղ չկա ֆիքսված, գուցե ինքն էլ թմրանյութի ազդեցության տա՞կ է եղել, ու տեսնես իրեն ի՞նչ է թույլ տվել, որ սպաները նրան հետապնդել են…»,- ասում է Ցողիկը:

Առողջական վիճակի հետ կապված տիկին Սոֆին ասում է, որ ոչ մի փոփոխություն չկա. տղան մի բուռ է դարձել. «Բժիշկները՝ կախված փրփրուներից, ամեն կերպ նրա կյանքը փրկեցին, բայց հիմա, երբ հարցնում ես՝ ինչ կլինի, ասում են՝ մենք Աստված չենք, դա Աստծո գործ է և ժամանակի։ Նախարարությունից կարծեմ Դավիթ Տոնոյանն էր եկել, ասացի՝ տեղափոխեք իմ էրեխիս, բուժեք, իմ էրեխիս իմ ձեռքը տվեք: Բժիշկներից տեղյակ պահեցին, որ բջիջները մեռած են… Էլի մարդիկ եղել են էդ վիճակում, հետո դուրս են եկել… Թող տեղափոխեն, թող տանեն իմ էրեխիս… այնպես չլինի, որ իմ էրեխես 27-28 տարի իզուր ծառայեց այս երկրի համար: Նվիրյալ ծառայող է եղել, ու թող չփորձեն Արայի հեղինակությանը կպնեն… Ինքն անգամ իր աշխատավրձը չի խնայել զորքի համար, առանց մի ՉՊ-ի ծառայել են»,- մղկտում էր մայրը:

Հարցին, թե այդուամենայնիվ, ենթադրություններ կա՞ն, թե ով կամ ովքեր են հանցագործների թիկունքում կանգնած. «Եղել է մարզպետ, փոխմարզպետ. ուրեմն թիկունք ունին, որ հասել են ըդտեղ… Կառավարությունն է թիկունքը, պարզ չէ՞, հետը կքայլե… Հանցագործին անհիմն տեսանյութով արդարացրին… Ու Եղեգնաձորում էդ նույն նախկին մարզպետը կանգնած է վարչապետի կողքին, ուրեմն ո՞վ է նրա թիկունքին: Բա հեղափոխություն արեցին, սեր ու բարություն քարոզեցին, հիմա ո՞ւր է, մոռացա՞ն: Քարոզարշավ կենե՝ թե ամեն ինչ լա՞վ կլինի… ու էդ մարզպետը հենց սկզբից գիտե՞ք ինչ կպատմեր, թե իբր լսել է, որ Արան հարբած է եղել, աստիճաններից է գլորվել-ընկել… Արան սարերից, ձորերից է գլորվել՝ սահման պահելու ժամանակ, անգամ մի քերծվածք չի ստացել: Հետո էլ հերքեց իր ներկա գտնվելը շենքի մուտքի մոտ դրված տեսախցիկով, այն տեսախցիկով, որտեղ պարզ չի երևում իր շենքից դուրս գալը։ Իրենք ասում են ժամը 10-ին տուն է մտել, բայց տեսախցիկը ցույց չի տալիս, թե երբ է դուրս եկել, մութ է, բայց չորս սպաներն ու հարևան աղջիկը կվկայեն, որ ինքն այդտեղ կանգնած է եղել։ Սպաներն առերեսման ժամանակ կփաստեն, որ իր հետ խոսել են, բայց արդարացրեցին, քննչական կոմիտեն, հիմք ընդունելով տեսախցիկը, արդարացրեց մարզպետին»,- ասում է Ցողիկ Մխիթարյանը։ Մայրն էլ հարց է հնչեցնում. «Եթե ինքը մեղավոր չէր, ինչի՞ հրաժարական տվեց, թող ազնիվ լիներ՝ ասեր…»:

Արա Մխիթարյանի ընտանիքը պահանջ է ներկայացնում. արդար քննություն, արդար դատավարություն. «Արդարություն. ով իմ երեխուն էդ օրն է գցել, պիտի պատասխան տան, անկախ ամեն ինչից՝ ում են բարեկամ, ում են ծանոթ, ովքեր են թիկունքներում, պատասխան պիտի տան, իմ պահանջը սա է ու իմ երեխայիս պիտի տանեն արտասահման բժշկեն, առաջին հերթին բժշկեն իմ էրեխիս։ Պիտի արդար դուրս չգան, մեր ներվերի հաշվին հաղթանակների կենացը չխմեն, ամոթ է։ Հարսս մինչև հիմա հոգեբանների դռներից չի կարողանում տուն գալ, երեխան էլ սաղի բերաններին է նայում, թե ինչ պիտի լսի իր հոր համար… Է՞ս է երկրի կարգը»,- ասում է փոխգնդապետի մայրը։

Արա Մխիթարյանի հարազատները նշեցին, որ եթե արդարությունը հաջողությունով չպսակվի, իրենք պատրաստ են ամեն ծայրահեղ քայլի:

print
739