ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

 «Չեմ թաքցնում, որ իմ դիմումների համաձայն՝ քրեական գործեր են հարուցվել»

Հարցազրույց Շիրակի մարզպետ ՆԱԶԵԼԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ հետ:

Տիկին մարզպետ, չնայած Ձեր պաշտոնավարման մեկ տարին դեռ չի լրացել, սակայն, պաշտոնը ստանձնելու առաջին պահից էլ լավատեղյակ էիք մարզի խնդիրներիցԻնչպիսի՞ խնդիրներ առաջնային դիտարկեցիք, և որո՞նք են հնարավոր եղել լուծել կամ լուծման ուղիներ գտնել:

— Գաղտնիք չէ, որ Շիրակի մարզն ամենախնդրաշատ մարզերից է, մանավանդ սոցիալական առումով: Ինձ համար, պատասխանատվությունից զատ, նաև ռիսկային էր այս մարզի ղեկավարումը: Բայց ես դա ընդունեցի նախ որպես մարտահրավեր, որ պետք էր հաղթահարել, և ապա՝ ո՞վ, եթե ոչ ես… Եթե ոմանց համար մարզպետի պաշտոնը խանդավառություն է, ասում են էսինչ մարզի մարզպետն եմ, ես ասում եմ ոչ թե մարզպետ եմ, այլ մարզպետ եմ աշխատում: Մարզպետարանի ցանկացած աշխատակցի հետ համահավասար աշխատանք եմ տանում, շատ հաճախ մարդիկ կարող են տեսնել, որ իմ աշխատասենյակի լույսերը վառ են կամ ոչ աշխատանքային օրերին աշխատելն ինձ համար սովորական երևույթ է դարձել: Իրականում, իմ պատկերացումներն էլ տարբեր էին, մինչ պաշտոնավարումը, երբ արդեն ստանձնեցի, մանրամասներին ծանոթացա, հասկացա, որ այստեղ շա՜տ անելիք կա: Առաջնայինը՝ կազմակերպչական և կարգապահական որոշակի տարրեր մտցնելն էր, որը և հաջողվել է: Ցանկացած աշխատանքում պետք են պարտաճանաչություն և հետևողականություն: Որևէ կերպ չթերագնահատելով իմ իրավանախորդ գործընկերներին, բայց կարծում եմ, որ յուրաքանչյուրը գալով որոշակի պաշտոնի՝ բերում է աշխատանքային ձեռագիր: Սրան էր միտված այն գործողությունները, որ երբ պաշտոնը ստանձնեցի, ձեռնամուխ եղա հստակ կանոնակարգումներ ունենալ այն ոլորտներում, որտեղ ես բացեր նկատեցի:

Առաջինը՝ սոցիալական ոլորտն էր, որը կանոնակարգման անհրաժեշտություն ուներ: Պետք է նշեմ, որ սոցիալական ուղղությամբ ֆինանսական հատկացումները, որն ունի մարզպետարանը, մեր կողմից հստակ կանոնակարգված է՝ հստակ աշխատակարգով, գործառույթներով, չափորոշիչներով, և այլևս հարց չի ծագում, թե ինչու մեկին որևէ հատկացում է լինում, իսկ մյուսին՝ ոչ, քանզի ինչպես արդեն ասացի, հստակ չափորոշիչներ են դրված: Եվ ամենակարևորը, այդ ֆինանսական հատկացումների գործողություններից ես զերծ եմ մնացել՝ որպես մարզպետ, նախկինում ստեղծված հանձնաժողովներում հաճախ ղեկավարում էր մարզպետը և իր որոշումներով էր իրականացվում, իսկ այժմ գործում է առանձին հանձնաժողով, որը գլխավորում է աշխատակազմի ղեկավարը, իսկ կազմը ռոտացիոն կարգով է, և յուրաքանչյուր անգամ, նոր ֆինանսական հատկացումներից առաջ մարզպետի որոշմամբ ձևավորվում է նոր հանձնաժողով: Սա թույլ է տալիս կոռուպցիոն ռիսկերը բացառել:




Հաջորդ քայլն եղավ մարզի խնդիրները գույքագրելը: Երբ կառավարությունն ինչ-որ գումար է հատկացնում որևէ ծրագրի համար, հարց է առաջանում, թե ինչու, օրինակ, ասֆալտապատվելու է այս փողոցը, և ոչ թե այն, օբյեկտիվորեն հարց է առաջանում՝ ինչու է մի բուժհաստատությանը երկու տարին մեկ գումար հատկացվում, իսկ մյուսներն անուշադրության են մատնված, և այլն: Եվ քանի որ հստակ մոտեցումներ չեն եղել, կամայական լիազորություններ են եղել… Էլի եմ ասում՝ յուրաքանչյուրն ունի իր աշխատանքային ձեռագիրը, բայց ես նախընտրել եմ աշխատել այն սցենարով, որ նախ պետք է գույքագրել մարզի խնդիրները, ապա առանձնացնել ու հերթականության մեջ դնել խնդիրները, որ երբ Կառավարությունը գումար է հատկացնում, հասկանանք, որ այս գյուղի դպրոցի կտուրի վերականգնելն ավելի առաջնային է, քան այն գյուղի մշակույթի տան կտուրինը, և այլն… Այս դեպքում աշխատանքն հեշտացել է, և այլևս հարց չի ծագում, երբ գումար է հատկացվում, որ ուղղությամբ այն ծախսել: Եվ բնավ կարիք չկա զանգել մարզպետին, թե՝ «Կարո՞ղ է մեր դպրոցն ընդգրկեք»… որովհետև կան հստակ կրիտերիաներ, և մարզպետարանն ըստ այդմ է աշխատում: Եվ ոչ թե ինչ-որ մեկի հայրական կամ պապական գյուղի փողոցներն ասֆալտապատվեն, իսկ մյուս գյուղինը ոչ: Ասածներիս վառ ապացույցն էլ այն է, որ այն բազմաբնակարան շենքի հարակից տարածքը, որտեղ իմ բնակարանն է, ասֆալտապատ չէ: Եվ ի դեպ, մոլորյալ կարծիքներին ի հակադրումն, ես և իմ ընտանիքը բնակվում ենք վթարային շենքի 3-րդ հարկում, որը գնվել է 2015թ-ին՝ հիփոթեքային վարկով, մինչև հիմա էլ դեռ վարկ ենք փակում…

Նույն մոտեցմա՞մբ էր՝ ըստ առաջնահերթության, որ Գյումրու Տիգրան Մեծ փողոցի վթարային թիվ 5 շենքին վերջերս Կառավարության որոշմամբ վերջապես գումար հատկացվեց: Մեր թերթը տարիներ առաջ, դեռևս Լիդա Նանյանի օրոք էր այդ շենքի հարցը բարձրաձայնել

— Այո, ըստ առաջնահերթության, և ոչ թե ըստ սուբյեկտիվ շահերի… Մարզում, այո, ունենք բազմաթիվ վթարային շենքեր, բնակարանաշինության խնդիր, և պետք է նշեմ, որ Կառավարության նախորդ նիստում որոշում կայացվեց այս շենքի մեկ մուտքի վերականգնման համար գումար հատկացնել, քանզի չգիտես ինչու այս շենքի մեկ շքամուտքն էր ամրացվել, իսկ մյուսները կիսատ էին մնացել շուրջ 10 տարի և ավելի: Մեր պնդումների շնորհիվ, և մեր գործընկերների, պատգամավորական խմբի այցելության ժամանակ նրանք համոզվեցին, որ շենքը փլուզման ենթակա է: Հիմա նախագծա-նախահաշվային փուլն է ընթանում, հուսանք, որ հաջորդ տարեսկզբին արդեն շինարարական աշխատանքներ կիրականացվեն:

Հաջորդ խնդիրները, որոնք կան մարզում, բնականաբար, ևս լուծումներ են պահանջում: Ցավոք սրտի, ունենք բազմաթիվ ճանապարհներ՝ միջհամայնքային, միջմարզային, միջպետական, Գյումրիում երկրորդական փողոցներ, որոնք ասֆալտապատման, վերականգնման կարիք ունեն: Ճիշտ է, Տարածքային զարգացման հիմնադրամով, այս տարի Գյումրու փոքր կենտրոնն (պատմական միջուկի հատվածը) ընդգրկված է ծրագրում, և շուրջ 14 մլրդ դրամ է հատկացված վերականգնման, վերակառուցման համար: Ներկայում նախագծա-նախահաշվային փաստաթղթային փուլում է: Ինչպես գիտեք, այս տարի Շիրակի մարզին 40մլրդ դրամ է հատկացված և հիմա ձեռնամուխ ենք, որ հրատապության կարգով լուծումներ պահանջող խնդիրների համար պահուստային ֆոնդից գումարներ բերենք, որպեսզի կարողանանք մի մասին գոնե մասնակի լուծում տալ, հիմնականում՝ մշակույթի տների, սպորտ դպրոցների, բուժհաստատությունների մասին է խոսքը, որոնք ոչ միայն Գյումրիում են, այլև մարզի մի շարք բնակավայրերում:

Գլխավոր խնդիրներից է մարզում՝ Կառավարության, պետական բյուջեի միջոցներով ծրագրերի համար հատկացված գումարների նպատակայնությունը: Որպես մարզպետ, արձանագրել եմ, որ շատ դեպքերում գումար հատկացվել է, բայց ծրագիրը թերի է արված, կամ ավարտին հասցված չէ, այլ կերպ ասած՝ գումարները մսխվել են: Այս ուղղությամբ ես շատ հետևողական եմ, և այն ծրագրերը, որոնք թերություններով են արվել, դրանց տրվել են իրավական ընթացք: Այստեղ խնդիրը որևէ մեկին պատժելը չէ, պատժելն ինքնանպատակ չէ, բայց երբ պետությունը գումար է հատկացնում, իսկ քաղաքացին, որը պետությանը հարկեր է վճարել, խնդրի լուծումը չի տեսնում, սա լուրջ խնդիր է. երբ պետությունը գումար է հատկացնում որևէ փողոցի ասֆալտապատման համար, բայց գնում, տեսնում ես քարուքանդ է, երբ պետությունը գումար է հատկացնում որևէ մշակույթի տան կտուրի համար, բայց գնում, տեսնում ես, որ հարևան գոմի տանիքն են քանդել, բերել մշակույթի տան վրա տանիք կապել, երբ որ գումար է հատկացվում որևէ գյուղական համայնքում ջրագիծ, ոռոգման համակարգ անցկացնելու համար, բայց տեսնում ես, որ այդ ջրագծից ջուր չի գալիս, և երբ պետությունը գումար է հատկացնում «աղետի գոտու խնդիրները վերացնելու» համար, մանավանդ, անօթևանության խնդիրները լուծելու ուղղությամբ, իսկ դու տեսնում ես տները կիսաքանդ վիճակում, ապա այո, մարզպետը հետևողական պետք է լինի, և չեմ թաքցնում, որ իմ դիմումների համաձայն՝ քրեական գործեր են հարուցվել: Նպատակը մեկն է. ես չեմ ուզում, որ մեր քաղաքացիների վճարած հարկերը գրպանվեն, որևէ մեկի համեստ աշխատավարձից պետական բյուջե մուտքագրված գումարը փոշիանա: Այդ է պատճառը, որ հատկապես սուբվենցիոն ծրագրերի նկատմամբ ունենք վերահսկողություն, մի քանի ծրագրեր ունեն թերացումներ՝ և Գյումրիում, և այլ բնակավայրերում… Դիցուկ, Կառավարությունը 3 տարի շարունակ գումար է տվել Գյումրիի «Մուշ» թաղամասի հրապարակի համար, գումարը կա, համայնքապետարանի մոտ է շուրջ 30մլն դրամը, բայց աշխատանք չի տարվում: Կառավարությունը կես միլիարդ տվել է տրանսպորտային միջոցների համար, բայց մեկ տարուց ավել է այն դեռ չի շահագործվում… Սրանք խնդի՞ր են… Այո, խնդիր են:

Անհասկանալի է, ի՞նչն է պատճառը, որ գումարները կան, սակայն աշխատանքները չեն իրականացվում

-Գյումրու համայնքապետը պատասխանատվություն է ստանձնել, որ կարճ ժամկետում տրանսպորտային միջոցները շահագործվելու են: Ներկայում ուսումնասիրություններ են, ես իմ մասով կասեմ, որ խիստ դժգոհ եմ ընթացքից: Մեկ այլ ծրագրով Կառավարությունը գումար է հատկացրել վթարային շենքի ամրացման նախագիծ իրականացնելու համար, քաղաքապետարանը 3 տարի չի կարողացել այն կյանքի կոչել, և հիմա Ֆինանսների նախարարությունից ամբողջ մարզում ֆինանսական ստուգումներ են Կառավարության ծրագրերի նկատմամբ, ստիպված այդ գումարները հետ պետք է տանեն պետական բյուջե, որովհետև ժամկետն ավարտվել է: Եվ սա խայտառակություն է: Անձամբ եմ հետևողական եղել, որ այդ վթարային շենքի համար գումար հատկացվի, խոսքը Սայաթ-Նովա փողոցի այն քարաթափված շենքի մասին է…

Մինչդեռ երկրաշարժից հետո բոլորս, այդ թվում ԶԼՄներն ու քաղաքացիներն անընդհատ այդ շենքի մասին բարձրաձայնում են, մի քանի անգամ քարաթափումներ եղանինչո՞ւ ոչինչ չի արվել:

— Պատճառաբանում են, թե մրցույթ են հայտարարել, ոչ մեկը չի դիմել.. Է, բնականաբար, քանզի դուք մրցույթում ամբողջ շենքի վերականգնման համար եք նախագիծ առաջարկել… Ո՞նց սիրտդ չտրաքի…  Հաջորդ խնդիրը, որ կար մարզում, բևեռացումն էր՝ քաղաքական հայացքներից սկսած, մինչև ոլորտային մոտեցումներ: Փորձում եմ մարզում լավ միջավայր ստեղծել: Նրանք, ովքեր կարող են մարզի, քաղաքի համար լավ բան անել, օգտակար լինել, պետք է բոլորն իրենց ջանքերն ու ներուժը ներդնեն: Այս առումով պետք է այնպիսի խմբերի վրա ուշադրություն դարձնել, որոնք միշտ չէ, որ ուշադրության կենտրոնում են եղել իշխանությունների կողմից. դրանք են՝ արվեստագետները, մտավորականները, գիտաշխատողները, և դրան են միտված մարզպետարանի կողմից արվող փոքր ու մեծ քայլերը. նկարիչների ստեղծագործությունների պարբերաբար ցուցադրություն, երաժիշտների համար հարթակ ստեղծվեց, գիտական լսումներ են անցկացվում և այլն: Անշուշտ, դեռ որոշակի խմբեր մեր ուշադրությունից դուրս կարող են մնալ, բայց հետևողական ենք, որպեսզի մարդիկ չմտածեն, թե մարզպետը և մարզպետարանն առանձին կառույց են ու նստած ինչ-որ բան են անում… Ծրագրերը բոլորի համար ու բոլոր ուղղություններով պետք է ծառայեցնենք: Մարզի բնակավայրեր եմ այցելում, փորձում տեղում ճշտել, թե ինչ խնդիրներ կան, որոնք են առաջնային, ու որոնք պարտադիր չէ, որ համայնքի ղեկավարն ինքն իր որոշմամբ որևէ ծրագիր ներկայացնի, այլ անհրաժեշտ է համայնքի բնակիչների մասնակցությունը, կարծիքը: Շատ բարդ է, այո, լինելով որպես կին մարզպետ, իհարկե, բազմաթիվ դժվարությունների բախվում եմ, շատ էներգիա է տանում, ռեսուրս, երբեմն տղամարդկանց կողմից անհանդուրժողականության ես հանդիպում, բայց ես ամուր նյարդեր ունեմ՝ դիմադրում եմ:




Տիկին մարզպետ, Դուք բավական մանրամասներից խոսեցիք, մեկ հարցազրույցի շրջանակում տեխնիկապես հնարավոր չէ խոսել կուտակված հարցերից, բայց կփորձեմ մի քանի խնդիր բարձրաձայնել. օրինակ, Մարմաշենի վանական համալիր տանող ճանապարհը խիստ անբարվոք է (հետաքրքիր զուգադիպությամբ, այդ պահին մարզպետն ընթերցում է նախորդ օրը Կառավարության նիստում կայացված, ԳյումրիՎահրամաբերդ՝ հանրապետական նշանակության Հ32 հատվածի 10կմ հատվածի վերականգնման համար գումար հատկացնելու որոշումը)…  Գյումրու կենտրոնի անբարեկագ վիճակին՝ հատկապես ամենաբանուկներին, այն է՝ Ալեք Մանուկյան փողոցը «Հայուհու» հրապարակ միացնող աջակողմյան հատվածի մայթի անբարեկարգ վիճակը, թատրոնին կից հատվածն անմխիթար է, և այլն:

— Ցավոք, մենք նախորդող ժամանակաշրջանում երբ ունեցել ենք  ասֆալտապատում, մարդիկ մտածել են, թե փողոցը ասֆալտելը բավարար է, պետք չեն մայթերը, լուսավորությունը: Ուրախ եմ, որ ՎԶԵԲ-ի ծրագրերով վերականգնվող փողոցներն ունեն բարեկարգվող մայթեր, լուսավորություն, կահավորանք, և փաստացիորեն, Ձեր նշած հատվածի փողոցը երբ բարեկարգվել է, մայթային հատվածը դուրս է մնացել: Կարելի է Գյումրու համայնքապետարանին առաջարկել այն ընդգրկել սուբվենցիոն ծրագիր, վստահ եմ, որ Կառավարությունը պատրաստակամ կլինի: Ես ևս պատրաստակամ եմ աջակցելու: Ի դեպ, 2023թ-ի ծրագրերը մինչ ներկայացնելը, համայնքապետարանում պետք է լինեն լսումներ, շատ լավ կլինի, որ նման խնդիրները բարձրաձայնվեն, ես էլ պատրաստակամ կլինեմ դրանց հաստատմանը:

Տեսեք, երբ նախարար է այցելում, երբեմն այնպիսի հարցերով ենք մոտենում, որ մեղմ ասած, գուցե այդ պահին դրա կարիքը չկար, սակայն մյուս կողմից մտածում ես, թե այդ հարցի լուծման բանալին ուրեմն ՏԻՄի կամ մարզպետի հնարավորություններից վեր են, և ուզում ես մինչև վերև այն հասցնել:

— Պետական ծրագրով մայթի շինարարություն որպես այդպիսին չկա, բայց երբ համայնքն ասում է, թե ինքը 50 տոկոսը կտա՝ այս-այս հարցը լուծելու համար, պետությունը գումար կտա:

Դուք մանկխորհրդի նիստ էիք հրավիրել, որը մանրամասնորեն մենք հրապարակեցինք, և հարցերից մեկին, որին անդրադարձաք, այն էր, թե այն դպրոցի տնօրենները, որոնք որևէ հոդվածով քրեական գործով են անցնում, այլևս իրավունք չպիտի ունենան կառույցը ղեկավարելուԴա նաև բարոյական էթիկետով է անընդունելի:

— Դա իմ ցանկությունը չի, հիմա շրջանառվում է օրինագիծ, կարծում եմ աշնանը խորհրդարանում կընդունվի օրենք, և այնտեղ հստակ գրված է՝ այն տնօրենները, որոնք ներգրավված են եղել քրեական հանցագործությունների մեջ և անցել են որպես մեղավոր, իրավունք չունեն մրցույթների մասնակցելու: Այսինքն, առաջ ո՞նց էր. կոռուպցիոն գործարքով քրեական գործ էր հարուցվում, պետությանը հասցված վնասը հատուցում էին, ու նորից շարունակում պաշտոնավարել… Նա առնվազն արդարացման վճիռ պետք է ունենա: Իմ անձնական մոտեցումն էլ է, որ եթե որևէ քրեական դրվագով անցնում է, չպետք է պետական պաշտոն զբաղեցնի, բայց ես այս դրությամբ իրավունք չունեմ արգելելու, դատարան կդիմի, կասի՝ խոչընդոտում եմ: Դպրոցների մասով ասեմ, այս տարի շուրջ 60-ից ավել մրցույթ ենք անցկացրել դպրոցներում, և որևէ տեղ աղմուկ չկա… Որովհետև մարզպետը չի խառնվում տնօրենների ընտրությունների գործընթացներին: Որևէ տեղ որևէ կոնֆլիկտ չկա, չեն գալիս մարզպետին «տեսնելու», եթե կոռուպցիոն ռիսկեր լինեին, ապա զլմ-ներդ կիմանայիք: Բայց նաև ունենք դպրոցներ, որտեղ տնօրենների տեղերը թափուր են, դիմողներ չկան: Ճիշտ է, գյուղական համայնքներում են, բայց…

Ինչպե՞ս կբնութագրվի Շիրակի մարզը՝ վաղեմի արդյունաբերականը թողնելով անցյալում:

— Մենք մեծ ճանապարհ ունենք անցնելու… Ուրախ եմ, որ մեր մարզը գոնե գյուղատնտեսական ոլորտում առաջատար է, հատկապես տոհմային անասնաբուծությունն է զարգանում, մենք նախորդ տարում ունեցել ենք անասնագլխաքանակի աճ, այն կարծես նոր տենդենց է: Բայց գյուղատնտեսությունը, որ մեր մարզը զբաղվում է, զարգանալու շատ տեղեր ունի՝ նորարական մոտեցումների, ճիշտ պլանավորման, խելացի գյուղատնտեսական լուծումների: Ինչպես գիտեք, Արցախի որոշ տարածքների կորստից հետո, հացահատիկի հիմնական շտեմարանը Շիրակի մարզն է: Այս տարի մեզ հաջողվել է լուծել ջրամբարների հարցը, չնայած եղանակային պայմաններն էլ ջրային ամբարման համար բարենպաստ էին, և այս տարի որևէ տեղ որևէ խնդիր ոռոգման մասով չունենք: Ջրային ռեսուրսների ճիշտ կառավարման և ոռոգման հարցը լուծելու համար Կառավարությունը գտել է, որ պետք է փոքր ջրամբարներ ևս կառուցել՝ ամբարման համար, քանզի, գիտեք, որ ջուրը համաշխահային խնդիր է:

Վերջերս Ձեզ հետ հանդիպում են դեսպաններԻրատեսակա՞ն ծրագրեր են առաջարկում: Սպասելիքներ կա՞ն:

— Չեմ թաքցնում, որ դիվանագիտական կորպուսի հետ հարաբերությունները բավականին ինտենսիվ են, և սա ինչ-որ տեղ իմ նախկին աշխատանքից ժառանգածի արդյունք է՝ ունենալով կապեր, տարբեր դեսպանների և ներկայացուցիչների հետ, փորձում եմ ներգրավել Շիրակի մարզում ներդրումների առումով: Օրինակ, Հնդկաստանի դեսպանի հետ ծրագիր ունենք, որ Հնդկաստանի Աջանտայի անձավային որմնանկարների թանգարան ենք ուզում հիմնել, Չինաստանի դեսպանի հետ նախնական պայմանավորվածություն կա Կոնֆուցիոսի կենտրոն հիմնելու: ԵՄ դեսպանի հետ ակտիվ քննարկում ենք արևային էներգիայի և էլեկտրոմոբիլների լիցքավորման կայանների մասով: Անցած շաբաթ Ֆրանսիա կատարած այցելության շրջանակներում համագործակցության շրջանակներն ենք ընդլայնել մեր քույր-քաղաքների հետ, որոնց հետ համատեղ ծրագրեր ենք ներկայացնելու: Արթիկի և Ֆրանսիայի Հանրապետության Վո Ան Վլեն քաղաքների միջև արդեն իսկ ծրագրեր են իրականացվում, Ֆրանսիայի դեսպանի հետ շահագրգիռ ենք Թումոյի նախագծի ընդլայնմամբ, գիտեք, որ հավակնոտ ծրագրեր ունեն. նախատեսում են քաղաքային զբոսայգին վերածել լուրջ կենտրոնի, շուկայի տարածքում ուզում են խոհարարական դպրոց կառուցել: Լիոնի Թումո կենտրոն այցելելով, համեմատականներ տարանք, հանդիպմանը պայմանավորվածություն ձեռք բերեցինք այստեղ ևս նույնական մոտեցում ցուցաբերել: Նաև հաջողվել է Թումո-տուփեր բացել Արթիկում, Փանիկում:

Իսկ բուժհաստատությունների մասով ի՞նչ կասեք, կա՞ն ցցուն խնդիրներ:

— Այստեղ վիճակը կայուն է: Պետք է ասեմ, որ վերջին երկու արհավիրքների ժամանակ՝ Քովիդի և պատերազմի՝ մերոնք որակապես լավ ցուցանիշներ են գրանցել: Աշխատանքներից, ընդհանուր առմամբ, լուրջ թերացումներ չեմ տեսել: Գյումրու բժշկական կենտրոնը՝ մի քանի բուժհաստատությունների միավորումից՝ դարձել է հսկա, և այստեղ կառավարումը բարդացել է, սակայն կարծում եմ, որպես մարզային բժշկական հաստատություն՝ լավագույններից մեկն է: Ինչի վառ ապացույցն ու պատճառներից է, որ ֆրանսիական կողմն ուզում է համագործակցություն ունենալ մեր ԲԿ-ի հետ, նաև ինտենսիվ համագործակցային ծրագրեր են իրականացնում: Մարզային խոշոր բժշկական կենտրոններից մյուսն էլ Ավստրիական «Մոր և մանկան» կենտրոնն է: Շուտով այն իր հիմնադրման 30-ամյակն է նշելու և հրավիրված գործընկերներ կան Ավստրիայից, որոնք մեծ ներդրում ունեն այս հիվանդանոցի կայացման գործում: Դրան զուգահեռ, մարզում գործում են փոքր և միջին բուժհաստատություններ, որոնք փորձում են իրենց ծառայությունները մատուցել բարձր մակարդակում: Իմ կարծիքով և ինձ համար առողջապահությունը չպետք է որպես բիզնես դիտարկել, այն պետական լուրջ քաղաքականության մաս է, և չպետք է բիզնես ծրագրեր իրականացնելու նպատակով կենտրոններ բացել:

Մի ինչոր ժամանակահատված կար, որ պիտակավորվում էր, թե Գյումրին կրիմինալ քաղաք է, մարզը այս է, և այլն, և այլնՆերկայիս գնահատմամբ, մեր մարզը, քաղաքը այդ առումով ի՞նչ վիճակում է:

— Մարզում հիմա հանգիստ է, նախկինում, գաղտնիք չէ, որ ինչ-որ դեպքեր, կրակոցներ, «ռազբորկաներ» խամրում էին, բայց հիմա իրավապահ համակարգն օպերատիվ և ճկուն գործում է: Չգիտեմ, նախկին մարզպետների ժամանակ քրեական ենթամշակույթն ինչպես է գործել, բայց այն հանգամանքը, որ ես կին եմ, երևի բավական զերծ է պահում: Հանցավորության մակարդակի բարձրացում չունենք, անհանգստացնող միջավայր չեմ տեսնում: Իրավապահ համակարգի հետ համագործակցում ենք և կարծես թե նախորդ տարվա ցուցանիշներով էլ մարզում կառավարելի իրավիճակ է: Կարևոր է նաև այն, որ այդ ենթամշակույթը կրող մարդիկ իշխանությունից դուրս են:

Եվ վերջին հարցը. Դուք էլ, ես էլ, շատերն էլ՝ եղել ենք օտար ափերում, տեսել ենք, գիտենքհիմա ասում ենք՝ Գյումրին զբոսաշրջային կենտրոնի է վերածվումԻ՞նչ կարծիքի եք, ինչեր, ինչպես ու ինչ գործողություններ են պետք, որպեսզի համապատասխանենք դրան:

— Մեկ գլոբալ խնդիր ունենք, միգուցե խնդիրները շատ են, բայց այն առաջնային է. սպասարկման ոլորտում համապատասխան մասնագետներ չունենք, այսպես ասած՝ սերվիզը կաղում է: Դա լեզուների իմացությունը չէ, այլ սպասարկման որակը, էթիկան, ինչում Գյումրին դեռ զիջում է: Ենթակառուցվածքների առումով Գյումրին ճկուն չէ: Ասում են՝ տուրիզմ, տուրիզմ, բայց էլեմենտար՝ հանրային զուգարան չունենք: Օրինակ, հեռախոսների մարտկոցների կետեր քաղաքում չկան, մինչդեռ ասոմ էին՝ «խելացի կանգառներ», ցուցանակներ չկան, որ մարդիկ տեսնեն, թե որտեղից ուր ու ինչպես կգնան: Եվ, այցելության վայրերում՝ թանգարաններ և այլ զբոսաշրջային վայրեր՝ կարիք կա, որ տարբեր լեզուների տիրապետող զբոսավարներ լինեն:

2,818