ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՍՊՈՐՏ

Պետությունը պետք է գործարարի ընկերը լինի, այլ ոչ թե միայն ստացողը

«Երկխոսությունների մեդիա կենտրոնում» ասուլիս էին հրավիրել «Գյումրի սպորտ սիթի» զարգացման հիմնադրամի հիմնադիր Հրանտ Պետրոսյանը և հիմնադրամի տնօրեն Աղունիկ Պետրոսյանը. թեման՝ «Հարկային դաշտը խոչընդոտ՝ «Գյումրի սպորտ սիթի» հիմնադրամի համար»:

Հեղափոխությունից հետո, հավատալով նոր Հայաստան, նոր իշխանություն, նոր իրավիճակներ կարգախոսերին, Հրանտ Պետրոսյանը ՌԴ-ում վաճառեց իր ունեցվածքը, բիզնեսների որոշ մասը, վերադարձավ հարազատ Գյումրին: Այստեղ ընդհանուր հայտարարի գալով Գյումրու համայնքապետի հետ, «Սպորտ սիթի» հիմնելու նպատակով, վարձակալական հիմունքներով ստացավ 5,5 հա հողատարածք: Ապա մինչև ձմեռնամուտը, հասցրեց տարածքը հարթեցնել, որոշ հողային աշխատանքներ իրականացնել, և քանի որ ձմեռային շրջան էր, ժամանակավոր հարթեցված տարածքը վերածեց սահադաշտի: Եվ արդեն գարնան գալուն զուգահեռ «Գյումրի սպորտ սիթի» զարգացման հիմնադրամը պատրաստվում էր սկսել դաշտի արհեստական խոտածածկի ամրացման և այլ աշխատանքները:




Ասուլիսին Հրանտ Պետրոսյանը մանրամասն ներկայացնելով այս ամբողջ ընթացքը, պատմեց, որ երբ ղեկավարներին ներկայացնում էր իր մտադրությունները, ասում, թե եկեք, խելք-խելքի տանք, իմանանք, ով՝ ինչ կարող է անել, ինչ հնարավոր խնդիրների առաջ կարող ենք կանգնել և այլն, նրան ասել են, թե «դու հըլը սկսիր, բանըմ էրա՝ հետո մի բան կանենք»: «Ես Թուրքիայի այն ընկերության հետ, որը մասնագիտացած է արհեստական խոտածածկ արտադրելու մեջ, նախնական պայմանավորվածություններ էի ձեռք բերել, և արդեն նոյեմբերին գումար ենք փոխանցել, մարդիկ էլ պայմանագրի համաձայն՝ դաշտն են ուղարկել: Բայց, մաքսային կետում մեր ապրանքը կանգնեցրին, հայտարարեցին, որ մենք պարտավոր ենք 11մլն 103 հազար դրամ հարկ վճարել. ես կարծում էի, պետությունը պետք է գործարարի ընկերը լինի, այլ ոչ թե միայն ստացողը, ու իրեն հետաքրքիր չպիտի՞ լինեն երեխաները, նրանց համար որևէ բան անողները… Այդ դեպքում, ինձ էլ այս պետությունը հետաքրքիր չէ: Հեղափոխությունը եղավ, իբր բան փոխվեց, բայց տեղերում էլի նույն՝ սովետի թվի մտածողությամբ մարդիկ են մնացել: Կառավարությանը կից հազարումեկ վարչություն, տեսչություն, հանձնախումբ, եսիմինչ են ստեղծել, ու ինչ-որ 4-5 մարդ նստած իրենց կաբինետներում քեզ գնդակի նման մեկ այս տեսչության, մեկ այն գերատեսչություն են տշում, հետն էլ այնպիսի աբսուրդ թուղթ ու թամասուք են հավաքել տալիս, ու մի այնպիսի հարցաթերթիկ են տվել, թե դրան պատասխանիր, որ պարզենք՝ դու բարեգործ համարվո՞ւմ ես, թե՝ ոչ: Եթե հեղափոխությունով մենակ վերնագրերն են փոխվել, ապա ի՞նչն է փոխվել. եթե իմ նման 100 հազար դոլար ներդնողները թափած էին, էլ ինչո՞ւմն է խնդիրը, կգային, մեր երկիրը կոնֆետ կսարքեին: Ու էլի կան նման մարդիկ, բայց, քանի որ վերևներում էլի նստած են նույն մարդիկ ու իրանց ընկեր-ընկերիչները, Սաշիկի տեղը խմբակային են նստած, ոնց որ մի շան վրա հազար հատ մակաբույծ՝ միայն արյուն են ծծում… Մենք նախ պետք է նման մարմիններից ազատվենք: Մի բան հարցնեմ, եթե Գյումրիում կա 23 մարզադպրոց, որից 15-ը համայնքապատկան են, ու համայնքի բյուջեից ամեն ամիս մի քանի միլիոն գումար է ծախսվում, որ մի 2-3 հազար երեխա մարզվի, ես իմ նախաձեռնությամբ, իմ հնարավորությամբ ստեղծում եմ պայմանները, պատրաստվում եմ անվճար այդ թվից ավել երեխա մարզել, ու մեր վրա գումար չպիտի ծախսեն, բայց դեռ մի բան էլ մեզանից մեծ գումար են պահանջում… Օրենքն ասում է, թե հիմնադրամ ստեղծելու համար պետք է մինիմում 12 անդամ ընդգրկվեն: Ես դիմեցի մարզպետին, քաղաքապետին, հայտնի սպորտսմենների, որոնք՝ ամեն մեկն իրենց գործունեության զբաղվածությունից ելնելով՝ հրաժարվել են, ու մնացի ես, որպես հիմնադրամի միակ անդամ: Վերցնել ասել, թե օրենքն էս է, ու վերջ: Բայց օրենքը մարդկանց կյանքը կանոնակարգելու համար է, ոչ թե… Հարցնում են՝ ինչի եք Թուրքիայից բերել: Ասում ենք, որովհետև գին-որակ համապատասխան է եղել, մասնագետներն էլ պատրաստ ու պարտավոր են գալ ու ամրացնել դաշտը: Իսկ մաքսազերծման համար, արի ու տես, պահանջում են 11 միլիոն դրամ»:

Հիմնադրամի տնօրեն Աղունիկ Պետրոսյանը ներկայացրեց, որ հողատարածքը տրվել է վարձակալական այն պայմանով, որ եթե 5 տարի կառուցապատում չես անում, ապա համայնքն այն հետ է վերցնում: Մենք, երբ արդեն քաղաքապետարանի որոշումը ստացել ենք, անմիջապես գործի ենք անցել: Եվ Թուրքիայի այն ընկերությունը, որն արտադրում է արհեստական խոտածածկով դաշտը, առաջարկում էր գին-որակ համապատասխան պայմաններ. դաշտի և այլ անհրաժեշտ պարագաները միասին՝ ընդհանուր արժեքը կազմեց 76.158 եվրո: Դիմել ենք Հայաստանում բարեգործական հարցերով զբաղվող հանձնաժողովի, ներկայացրել ամեն փաստաթուղթ, պարզվեց, որ խնդիր են տեսնում այնտեղ, որ հիմնադիրը Հրանտ Պետրոսյանն է, իսկ մենք խոտածածկի գումարը փոխանցել ենք Հրանտին պատկանող ՍՊԸ-ի անունից, որը դարձյալ մականախաղի գործունեությանը պիտի ծառայեր: Ասացին, որ օրենքը թույլ չի տալիս, որ առևտրային կազմակերպության տնօրենը հանդիսանա բարեգործական հիմնադրամի անդամներից որևէ մեկը: Սա է եղել խնդիրը: Ուղղակի մենք շտապել էինք, որովհետև շատ արագ, մեր պայմանավորվածությամբ, Թուրքիայից ապրանքը պիտի տեղափոխեինք, քանի որ պայմանագիր էինք կնքել: Իսկ հիմնադրամը հաշվեհամար դեռ չուներ, հաշվեհամարին գումար լինելու համար ժամանակ էր հարկավոր: Ստիպված էինք ՍՊԸ-ից փոխանցումն անել: Եվ երբ մեր ապրանքն եկավ, մենք ինքներս ի պահ մաքսային վարչության՝ հանձնել ենք ապրանքը, իրենք էլ իրենց կապարակնիքով կնքել են: Այսօր լրանում է մաքսազերծման վերջին օրը՝ 4 ամիս ժամկետը, և մեզանից պահանջվում է 11 մլն 103 հազար դրամ, որից 9 մլն 328 հազարը ավելացված արժեքի հարկն է (ԱԱՀ): Մենք դեմ ենք ԱԱՀ-ն վճարել, դեմ չենք մաքսազերծման գումարի վճարմանը: Մենք բացատրում ենք, որ ուղղակի օրենքին չենք տիրապետել, ՍՊԸ-ից ենք գումարը փոխանցել, չմտածելով, որ այն խնդիր կառաջացնի: Բայց մեզ կառավարության աշխատակազմից կտրուկ պատասխանում են, որ չենք կարող»:

Հրանտ Պետրոսյանը բաց նամակով դիմել էր ՀՀ վաչապետին, բայց պատասխան չեն ստացել:

Հրանտ Պետրոսյանն ասում է, որ պետությունը թեկուզ և գործարարին, չպետք է մենակ թողնի, ձեռքերը լվա, ու մի կողմ քաշվի: Եթե տեսնում է, որ գործարարը ներդրում է անում և ակնկալիքները բիզնեսը չէ, այլ երեխաների կրթությանն ու առողջ ապրելակերպին է վերաբերում, ապա պետությունը պետք է քայլ անի դեպի այդ գործարարը: Ստացվում է, որ այստեղ իրավական ու բարոյական գծերը խաչվել են:

«Գյումրի սպորտ սիթի» զարգացման հիմնադրամի հիմնադիր Հրանտ Պետրոսյանն ակնկալում է, որ պետությունը կարող է օրենքը չխախտելով, համապատասխան հանձնաժողովով որոշում կայացնել՝ ի օգուտ հիմնադրամի:

print
490