ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Սա իր բնույթով ռեստարտ էր»

Հարցազրույց տեքստիլ արդյունաբերության ոլորտի գործարար, «Լենտեքս» ՍՊԸ հիմնադիր ԿԱՐԵՆ ԳՈՄՑՅԱՆԻ հետ:

– Պարոն Գոմցյան, անցած տարի, կարելի է ասել, գործերը լավ ընթացքի մեջ էին և ընդլայնման մեծ հնարավորություններ կային… կառավարությունը հարկային արտոնություն էր տվել, հումքի արտադրման ֆաբրիկա էիք բացել Շիրակի մարզում և այլն: Սակայն պանդեմիան խառնեց բոլոր խաղաքարտերը:

– Ես այս ընթացքը կբաժանեմ երկու մասի՝ այս տարվա առաջին եռամսյակի և հետոյի: Երկրորդ եռամսյակից սկսած, երբ Հայաստանում արձանագրվեց համավարակ, մեր ձեռնարկությունը ևս դադարեցրեց իր աշխատանքները: Ունեցանք ծավալների անկում, և մեր գերխնդիրն էր՝ մոտ 350 աշխատակցի աշխատատեղերը պահել: Որդեգրեցինք շուկայական քաղաքականություն. ցածր գին սահմանելով՝ պահպանել պատվերների ծավալը: Ինչպես գիտեք, մեր հիմնական պատվիրատուն ՌԴ-ն է, որտեղ արտարժույթի հետ լուրջ տատանումներ գրանցվեցին: Սակայն, պատվերից, արժեքից, արտարժույթի տատանումից զատ, սրանով խնդիրները չեն ավարտվում. մեր հիմնական գործընկերները խնդրել են պատվերների դիմաց գումարները ուշ փոխանցել, քանզի իրենց մոտ էլ են անկումներ: Ռուսաստանում մեծածախ ու մանրածախ առևտրի ծավալն է նվազել, ինչն անմիջապես իր ազդեցությունն է թողնում Հայաստանի տնտեսության վրա: Արտահանող ճյուղերը, որի մեջ մտնում է նաև տեքստիլ արտադրությունը, բնականաբար, տուժել է: Էլ չենք խոսում ներքին շուկայի վիճակի մասին…

– Իսկ ի՞նչ ազդեցություն է թողել պանդեմիան մարդկանց մտածելակերպի վրա:

– Մարդիկ խնայողական ռեժիմի են անցել: Պատճառները շատ են. եղած աշխատատեղերն են փակվում, արտագնա աշխատանքն է կտրվել, դրսից տրանսֆերտներն են նվազել, եկամուտի այլ աղբյուրներ չունեն, և բոլորն իրենց ծախսերը կրճատել են, սպառելով բացարձակապես առաջին անհրաժեշտության ապրանքներ: Դրա համար էլ մեր ոլորտը 2-3-րդ պլան է մղվել, պետությունը 3 տուժած ոլորտներից մեկն էլ ճանաչեց տեքստիլ արդյունաբերությունը:

– Պետական ծրագրերը՝ միտված կորոնավիրուսի հետևանքների չեզոքացմանը, որևէ կերպ հարցի լուծում տվե՞ց:

– Դիմեցինք՝ մեզ օգնել են: Մի քանի օր առաջ էր՝ աշխատավարձի և հարկերի մասով հաստատել են, 230 մլն դրամ են տալու, 0 տոկոսով, 2 տարի ժամկետով: Շատ շնորհակալ ենք դրա համար: Սա ինչ-որ չափով մեր դժվարությունները կմեղմի: Երբ մենք 2 ամիս առաջ դիմել էինք բանկերին, մերժում էինք ստացել, իսկ հիմա պետությունն է թիկունք կանգնում:

– Ի՞նչ եք կարծում, ինչպիսի՞ քայլեր կարող է պետությունը ձեռնարկել, որպեսզի քիչ, թե շատ՝ մեղմվի տնտեսական ճգնաժամը:

– Օրեր առաջ ԱԺ էի գնացել, առաջարկություն եմ արել, որպեսզի ըստ ոլորտների ստեղծվեն հիմնադրամներ: Նախ, որ հարցերին են լավ տիրապետում, կոնկրետ խնդիր-լուծում պատկերացում կկազմեն, և պետությունը բիզնես ծրագրի շրջանակում կարող է մասնակցություն ունենալ՝ որպես փայատեր, մտնելով կազմակերպության կազմ: Երբ ժամանակ առ հետո արդեն բիզնեսը զարգանա, ծավալները կմեծանա, արդեն կապիտալիզացիան կփոխվի, գումարները պետությունը հետ կվերցնի՝ մասնաբաժինը վերադարձնելով բիզնեսին: Այս գաղափարն արդեն կյանքի կոչվել էր, ուղղակի ստեղծվել է ոչ թե ոլորտային, այլև ընդհանուր հիմնադրամ: Բայց այս մասին ես նոր եմ իմացել: Բանկերին մեղադրում ենք, սակայն մոռանում, որ այն մասնավոր ֆինանսական կառույց է, և նա հաշվարկում է իր ռիսկերը, իսկ արտադրությունը համբերություն է պահանջում, երկարաժամկետ պրոցես է: Եթե պետությունը բանկի օղակը բաց թողնի, ապա ավելի էֆեկտիվ կստացվի: Սա կարելի է մնացած ոլոտների նկատմամբ էլ կիրառել, ուղիղ ներդրումներով այս ճգնաժամային վիճակները մեղմել: Ճիշտ է՝ ռիսկ է, բայց պետությունը պետք է գնա այս ռիսկին, որպեսզի մենք չկորցնենք մեր դիրքերը:

– Այժմ աշխատանքները վերսկսե՞լ եք, թե՞ հարկադիր պարապուրդը շարունակվում է:

– Աշխատանքներն ամբողջ թափով սկսել ենք: Ուղղակի սեզոնային խնդիրն կա:

– Վարչապետն իր ելույթներից մեկում ասաց, թե հիմա տնտեսությունը զարգացնելու հնարավորություն է տրված:

– Ճիշտ է ասում: Դրական կողմ կա: Մենք անցել ենք էկոնոմ ռեժիմի, ծախսերը գույքագրեցինք, և տեսանք ծախսեր, որոնք կարող էինք չանել, իսկ որոշ մասն էլ օպտիմալացրեցինք: Սա բերեց էֆեկտիվության բարձրացման: Բոլորը մի պահ կանգ առան ու սկսեցին մտածել, թե ինչպես շարունակել: Սա իր բնույթով ռեստարտ էր: Զարգացան օնլայն հարթակները, բիզնես կառուցվածքը փոխվեց:

print
14,960