ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ | ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Սեքսոլոգիան համալիր բժշկական գիտությունների մի ամբողջություն է

Հարցազրույց Բժշկական գենետիկայի և առողջության պահպանման կենտրոնի բժիշկ-սեքսոլոգ ԱՆԴՐՈՆԻՍ ՂԱՐԻԲՅԱՆԻ հետ:

Բժիշկ, զարմանքով նկատեցի, որ հանրապետության երկրորդ, խոշոր քաղաքում՝ Գյումրիում՝ սեքսապաթոլոգ չկա: Ճիշտ է, միակ մասնագետ ունեցել ենք, բայց, ցավոք, մահացել է: Մի՞թե սեքսոլոգիան այն կարևոր մասնագիտությունը չէ, որ պահանջված լիներ:

– Նախ, պետք է հասկանանք, որ սեռական առողջությունը մարդու ընդհանուր առողջության անբաժանելի մասն է կազմում: Ու սեռական խնդիրները բավական տարածված են Հայաստանի բոլոր մարզերում: Դա են վկայում այն, որ Երևանի սեքսապաթոլոգներն անչափ ծանրաբեռնված են, քանզի բոլոր մարզերից մեծ թվով այցելուներ ունեն, այդ թվում՝ Շիրակի մարզից: Եվ սեռական խանգարումները, լինի Գյումրիում, Վանաձորում, թե՝ Երևանում, իրարից չեն տարբերվում: Նույնիսկ հաշվի առնելով այն, որ Գյումրիում հասարակությունը մի քիչ այս առումով ավելի փակ է, սեռական խնդիրներ, բնականաբար, շատ ավելի են ի հայտ գալիս: Ու ստացվում է, որ եթե Գյումրիում չունեք սեռական առողջությամբ զբաղվող նեղ մասնագետ, այդ իսկ պատճառով, մարդիկ ստիպված են լինում Երևան գալ: Կամ, դիմում են հարակից մասնագետների, բայց բուն սեռական խնդիրներն այս մասնագետներն իրավասու չեն լուծելու: Բացի այս, շատ կարևոր էր, որ Շիրակի մարզում լիներ այդ նեղ մասնագետը, որովհետև, տեսեք, մենք շատ այցելուներ ունենք Ջավախքից, որ գալիս, հասնում են Երևան, մինչդեռ, երկրի Հյուսիսային հատվածում եթե մասնագետը լիներ, այդքան երկար ճանապարհ հիվանդները չէին հատի: Բայց սա միայն Գյումրիի ու Շիրակի մարզի խնդիրը չէ: Սեքսոլոգներ չկան Հայաստանի և ոչ մի մարզում: Երևանում մոտ 15 ակտիվ աշխատող բժիշկ ենք, ու շատ ծանրաբեռնված, և սա շատ խնդիրներ է առաջացնում:

Սեքսոլոգիան ավելի շուտ հոգեբանակա՞ն խնդիրներ է լուծում, թե՞ ֆիզիոլոգիական:

– Սեքսոլոգիան մի մասնագիտություն է, որն ուսումնասիրում է մարդու էմոցիոնալ, անձնային և հարաբերություններում առկա խնդիրները, և այդ խնդիրների լուծման համար ինքը ստեղծում է անհատական մեթոդաբանությունը: Սեքսոլոգիան առնչվում է հորմոնալ, հոգեբանական, միջանձնային, տարատեսակ առողջական խնդիրների հետ և, կարելի է ասել, այն համալիր բժշկական գիտությունների մի ամբողջություն է: Մեր աշխատանքի նպատակը չի սահմանափակվում մարդկանց պատկերացրած սեռավարակներով, այլ լուրջ աշխատանք է՝ պացիենտների հարաբերությունների վերականգնման, հարաբերություններում խնդիրներ գտնելու և դրանք լուծելու: Իսկ հարաբերություններում խնդիրները գրեթե ամենուր են, առավել ևս Շիրակի մարզում: Շիրակի մարզը նրանով է առավել, որ հայտնի է որպես հանրապետության ամենաբարձր գործազրկության մակարդակով և որպես ամենաաղքատ մարզ, որտեղից մեծ թվով արտագնա աշխատանքի մեկնողներ կան: Կանայք երկար տարիներ միայնակ են մնում, տարվա մեջ մեկ-երկու շաբաթ են հարաբերություններ ունենում կամ չեն ունենում: Հետագայում մենք ավելի լուրջ հիվանդությունների հետ ենք առնչվում, քանզի նշածս խմբի տղամարդիկ արտագնա միջավայրից ավելի լուրջ, երբեմն անբուժելի հիվանդություններ են բերում: Այնպես որ, մենք այս խնդիրներն առավել ևս պիտի հաշվի առնենք: Եվ հաշվի առնելով, որ սեռական առողջությունը շատ կարևոր է, իրականում շատ զարմանալի է, որ մենք չունենք մասնագետներ Շիրակի մարզում: Բայց ասեմ նաև, որ Երևանում ունենք մասնագետներ, ովքեր Շիրակի մարզից են: Ես որքանով գիտեմ, Շիրակի մարզում փորձ արվել է սեքսապաթոլոգիական աշխատանքի, սակայն նաև հասարակությունն իր փակ լինելու պատճառով, մենթալիտետի պատճառով այնպիսի խնդիրներ է առաջացնում, որ բժիշկը նախ այդ հոգեբանական բարդույթներով մարդկանց հետ աշխատանք պիտի տաներ, նոր միայն կոնկրետ հիվանդության հետ: Մեր գործն էլ այդ է, հաղթահարել խոչընդոտները, կարծրատիպերը կոտրել, հասկանալ, թե ինչ է տեղի ունենում:

Պրակտիկա կար՝ դպրոցներում դեռահասների շրջանում սեռական դաստիարակության, սեքսապաթոլոգիական ստուգումների և այլն: Գուցե ես տեղյակ չեմ, հիմա մեր դպրոցներում նման ստուգումներ իրականացվո՞ւմ են:

– Ես համամիտ եմ այն կարծիքի հետ, որ սեռական դաստիարակությունը պետք է սկսել դպրոցներից: Բայց, քանի որ մենք դարձյալ այստեղ կունենանք մասնագետների բաց, չունենք պետական ծրագիր, որ դպրոցի դասատուն վերապատրաստվի սեռական առողջության ոլորտում և ապա դասավանդի: Սրան հակառակ, ունենք խնդիր, որ այսօր ֆիզկուլտուրայի ուսուցիչները, որպես սեռական առողջության դասատու, շփվում են դեռահասների հետ: Իսկ սա խնդիր է, քանզի այս ոլորտի մասնագետները չգիտեն ինչից խոսեն, ինչպես խոսեն, երեխաների հարցերին չեն կարողանում պատասխանել կամ սխալ պատասխաններ են տալիս, ստեղծելով ավելի խճճված վիճակ: Սա գլոբալ խնդիր է: Մենք դիմել ենք Առողջապահության նախարարությանը, որ գոնե ունենանք ձեռնարկ՝ սեռական առողջության, դաստիարակության մասին: Պետք է երեխաները փոքր տարիքից, գոնե տարրական բաներից տեղեկություն ունենան, որպեսզի չունենանք 15 տարեկան ՄԻԱՎ վարակակիր, 14 տարեկան հղի, և նման այլ դեպքեր: Ի դեպ, ասեմ, որ այսօր ավելի շատ անչափահաս հղիներ ունենք հենց մարզերից: Դա խոսում է այն մասին, որ տեղեկատվությունը շատ ավելի ցածր է, որ ընտանիքներում սեռական առողջության մասին խոսելը փակ թեմա է, արգելված է: Իսկ երեխաները պարտադիր հարցեր ունենում են, ու իրենց հարցերի պատասխանները գտնելու, հետաքրքրությունը մարելու համար օգտվում են տարբեր աղբյուրներից:

Թվում էր, թե 21-րդ դարում փակ թեմաներ չպետք է լինեինՉեմ ասում, թե պիտի սանձարձակություներ լինեին, այլ կրթվածության մասին է խոսքը, առավել ևս՝ ծնողների սեռական կրթվածության մասին է խոսքը:

– Միանշանակ ճիշտ եք: Մենք էլ չենք պատկերացնում սեռական առողջության կրթությունը 40 տարեկան մարդկանց շրջանում, որն ավելի ծանր է լինելու, քանի որ արդեն ձևավորված մարդուն պիտի փորձես զրոյից բացատրել սեռական կյանքի առանձնահատկությունները: Իհարկե,  դեռահասների շրջանում մենք ավելի լուրջ աշխատանքներ կկարողանանք տանել, և երեխան որպես անձ կկայանա, կհասունանա, հստակ կհասկանա, թե ինչ տիպի հարաբերություններ են իրեն անհրաժեշտ, որ տիպի հարաբերություններն են ապահով, որ տիպի հարաբերություններն են ավելի վստահելի, և այլն: Այո, այս ամենը պետք է սկսել դպրոցներից: Չնայած մյուս խնդիրն էլ կա. դպրոցական սեռական դաստիարակության ձեռնարկները, դրանք էլ առանձնապես չեն համապատասխանում իրականությանը, հիմնականում թարգմանություններ են՝ տարբեր երկրներից վերցված, որը չի համապատասխանում մեր մշակութային, սոցիալական, և այլ տարրերին: Նման ձեռնարկ պետք է ստեղծել տվյալ երկրին բնորոշ առանձնահատկություներով ու հանգամանքներով:

Ասել կուզի՝ տեղայնացնել է պետք:

– Ավելի շուտ՝ ոչ թե ադապտացման խնդիր կա, այլ զրոյից սկսելու:

Բժիշկ, ասացիք, որ մարզերից ավելի շատ են դիմում: Ինչպիսի՞ խնդիրներով են առավել շատ պացիենտներ Ձեզ այցելում: Ավելի շատ ֆիզիոլոգիակա՞ն խնդիրներով, թե՞ հոգեբանական պատճառներ ունեն:

– Կոնկրետ ես կենտրոնացած եմ ավելի շատ հոգեբանական խնդիրների վրա, և ավելի շատ աշխատում եմ երիտասարդների հետ: Բայց ասեմ, որ մինչև 40 տարեկան սեռական խանգարումների գրեթե 80 տոկոսն ունեն հոգեծին ծագում: Այսինքն, օրգանական բնույթի խանգարումների մենք հազվադեպ ենք հանդիպում երիտասարդների շրջանում: Որպես կանոն, Երևանում երբ խնդիր է առաջանում, դիմում են ավելի շուտ, իսկ մարզերից, ելնելով հազար ու մի պատճառահետևանքային բարդույթներից, ավելի ուշ: Օրինակ, Շիրակի մարզից ունեմ 60-ամյա պացիենտ, ով 11 տարվա սեռական խախտում ունի: Իհարկե, սա միանշանակ չեմ ասում, բայց բժշկին դիմելու կարծրատիպ հաստատ կա:

Վերջերս դարձյալ մեծ թափով շրջանառվում են խոսակցություններ ԼԳՏԲ համայնքի, տրանսգենդերների շուրջ: Ձեր կարծիքով, սեռական շեղումը հոգեբանակա՞ն հիմք ունի, միգուցե սա ընդամենը արդարացում է, թե՞ մարդու ներքին աշխարհի վարքն է:

– Որպես աշխատող բժիշկներ, մենք մեր կարծիքները չենք կարող փաթաթել հասարակության վրա: Մենք փորձում ենք օգտվել բոլոր միջազգային ուղեցույցներից, որոնք առաջրկվում են: Եվ արդեն իսկ 1992թ-ից հստակ առաջարկվել է, որ սեռական կողմնորոշման հետ կապված խնդիրներն իրականում խնդիրներ չեն, և դա ընդամենը անձի նախընտրությունն է, ցանկությունն է, թե որ սեռի հետ է ուզում հարաբերություն ունենալ: Ներքին ցանկություն է, և դրա համար էլ մենք այդ թեմային անդրադառնալիս չենք կարող հստակ ասել, թե ինչ ենք կարծում: Որովետհև հիմնական եզրակացություններ տրվում են երկարատև ապացուցողական բժշկության հիման վրա: Երբեմն ինչ են ասում. չեք ուզում աշխատել, վերցրեք, օրինակ, հոմոսեքսուալ անհատի, ու փորձեք փոխել սեռական կողմնորոշումը: Նմանատիպ փորձեր դարեր շարունակ տեղի են ունեցել, ցանկացած մակարդակով, և իհարկե, նմանատիպ միջամտությունները բոլորովին ապարդյուն են եղել: Նույնիսկ, եթե փորձում ենք միջամտություններ անել, տվյալ անհատին կարող ենք տանել մինչև անգամ ինքնասպանության: Եվ դրա համար էլ բժշկության մեջ սա արգելված է: Մինչև 1990 թիվը կար, որ փորձում էինք անհատին համոզել, բացատրել, բուժումներ իրականացնել, բայց անարդյունք էր: Իսկ հետագայում, օրինակ, Եվրոպայում, եթե որևէ բժիշկ պրակտիկայում նման փորձեր կիրառի, կարող է անգամ լիցենզիայից զրկվել: Այստեղ ոչ թե անհատների խնդիր է, այլ հասարակության: Կան հստակ հետազոտություններ, որ դարեր շարունակ, թե՛ հոմոսեքսուալների, թե՛ տրանսգենդերների թիվն աշխարհում չի աճել, և սա միանշանակ է: Այնպես չէ, որ 21-րդ դարում այն մեծ թափ է առել: Կամ, ասում են, թե իբր հեղափոխությունից հետո բոլորն ակտիվացել են: Հետո, էդ «Մել» ֆիլմը… Ոչ թե մարդկանց քանակն է շատացել, այլ տեսանելիությունը: Այսինքն, եթե ամբողջ կյանքում թաքնված են ապրել, հիմա մարդիկ որոշել են, ուզում են թաքնված չապրել:

Եվ վերջին հարցս. ինչի՞ ազդեցության հետևանքով նատուրալը կարող է փոխել իր սեռական կողմնորոշումը:

– Եթե խոսքը գնում է տրանսգենդերների, տրանսսեքսուալների մասին, ապա դա անհնար է, սա որպես կանոն, բնածին երևույթ է: Իսկ եթե խոսքը գնում է լեսբիների և հոմոսեքսուալների մասին, այս պարագայում լիքը հիփոթեզներ կան նույն այդ արտաքին գործոնների մասին, այսինքն, մինչ օրս չկա հստակ բացահայտված, թե ինչն է պատճառը, էնդոկրի՞ն՝ հորմոնայի՞ն խանգարումներն են պատճառները, գենետի՞կ, արտաքի՞ն միջավայրի խանգարումներ են, և նույնիսկ՝ ընտանեկա՞ն բնույթի խանգարումներ են… Կար միայն հետազոտություն, որ տղա հոմոսեքսուալներ լինում են, ավելի հավանական է, ում ընտանիքում կա բռնություն, կամ մեծացել են կանանց շրջանում: Բայց սա, նորից եմ կրկնում, դեռ ապացույց չէ: Մինչ օրս մենք չունենք հստակ պատճառներ: Եվ քանի որ չունենք հստակ պատճառներ, մեր արած ամեն ինչն էլ լինելու է բավական մոտավոր: Դրա համար բժշկությունը վերցրել է մի տարբերակ. այդպիսի անհատներին մաքսիմալ չվնասել:

print
774