ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Սմարթ-կանգառները նաեւ քաղաքային բյուջե հոսքեր կապահովեն

Գյումրու Վարդանանց հրապարակում 30-ամյա Նորայր Դավթյանի ջանքերով տեղադրվեց առաջին սմարթ-կանգառը: Երիտասարդ բիզնեսմենը մեզ հետաքրքրեց այն պատճառով, որ Մոսկվայում ուսում ստացած, իր «ես»-ը ձևավորած, բիզնես ունեցողը կարող էր ամեն ինչ թողնել ու 28 տարի անց վերադառնալ հայրենիք:

Նորայր, ըստ քեզ, մարդը ծնված վայրն է համարում իր ծննդավայրը, թե՞ ապրած: Քո պարագայում բավականին խառը պահ կա

— Այնքան էլ խառը չէ, ուղղակի ես ծնվել եմ երկրաշարժից հետո՝ 1989 թվականի հունվարի 6-ին, ու քանի որ այստեղ ծննդատուն չի եղել, մերոնք Աշտարակ են տեղափոխվել, ու ես այնտեղ եմ ծնվել: Բայց իմ համար որպես ծննդավայր Գյումրին է, որովհետև հայրս, մայրս, պապերս… մենք 200 տարուց ավել պատմություն ունենք այստեղ ու, բնականաբար, եթե կուզեք, ապա արյան կանչը ինձ Գյումրի պիտի բերեր:

Ումոնցե՞ն եք. կհարցներ գյումրեցին:

— Դավթյանենց ազգն ենք, Սպանդարյան փողոցում են բնակվել:

Երբ 2 տարեկան ես եղել, ծնողներդ տեղափոխվել են Մոսկվա ու այնտեղ հիմնավոր մնացել:

— Այո, միայն թե ես էդ ծրագրերը մի քիչ շեղեցի (ծիծաղում է): Բայց դե, ինձանից 2 տարով փոքր եղբայր ունեմ:

Նորայր, շատերն իրենց ապրուստի հարցը լուծելու համար արտագաղթում են այլ երկրներ, իսկ քո պարագայում հակառակն է ստացվել: Ի՞նչն էր պատճառը, որ որոշեցիր վերադառնալ հայրենիք:

— Նախևառաջ, երբ ծնվեց մեր որդին, ես որոշեցի Հայաստան տեղափոխվել, որովհետև ես պետք է պլանավորեի նրա կյանքը, նրա ապագան: Չնայած Մոսկվան հիանալի քաղաք է, լավագույն քաղաքներից է, բայց ես չէի ուզենա, որ իմ որդին էլ ինձ նման Հայաստանից դուրս ապրեր: Ճիշտ հասկացեք, չնայած որ կինս էլ է հայաստանցի, բայց այնպես էր ստացվել, որ մենք տանը ռուսերեն էինք խոսում… Դե, ինքներդ պատկերացրեք, ռուսների մեջ ենք մեծացել: Որ որդիս մեծանար, նրա գիտակցականը կփոխվեր, եթե անգամ հայերեն իմանար, բայց նա արդեն հայերեն չէր մտածի: Ինչպես տեսնում եք, մի քանի ծանրակշիռ պատճառներ կային, որոնք լուրջ ազդեցություն թողեցին Հայաստան տեղափոխվելու որոշում կայացնելուս վրա: Որքան էլ Ռուսաստանում կյանքդ ու կենցաղավարությունդ բարեկեցիկ լինի, ապահովված լինես, գալիս է մի պահ, որ ուզում ես մի այլ իմաստով ապրել, օգտակար լինել ոչ թե միայն քեզ ու քո ընտանիքին, այլ, հնարավորության դեպքում՝ նաև այլոց, մի խոսքով, որ լավ հետագիծ թողնես քո հայրենիքում, որին ի ծնե պարտավոր ես:

Քո որոշմանը դեմ կանգնողներ չեղա՞ն:

— Իհարկե՝ եղան. ծնողներս, ընկերներս, բարեկամներս:

Իսկ կի՞նդ:

— Այդ թվում և նա: Բայց նրա հետ երկար զրուցելուց հետո, եկանք տեղափոխման որոշմանը:

Արդյո՞ք հայրենիք վերադառնալուն նաև նպաստեց այն, որ այստեղ հեղափոխություն եղավ:

— Դա հենց առաջին ու մեծ խթանն ու դրդապատճառն էր: Երբ հեղափոխությունն եղավ, ես եկա Հայաստան, տեսա, որ տրամադրություններ են փոխվել, հույսն է արթնացել, մարդիկ ուրիշ ձևով են սկսել մտածել: Ամեն տարի, երբ Հայաստան, Գյումրի էի գալիս, այդպես չէր, իսկ հեղափոխությունից հետո հոգեբանության փոփոխությունը շատ զգալի էր:

Ի՞նչ մասնագիտություն եք ստացել:

— Անգլիական թեքումով ռուսական դպրոց եմ ավարտել: Ապա Մոսկվայի կապի ու ինֆորմատիկայի ինստիտուտն եմ ավարտել՝ կապի ինժեներ որակավորմամբ: Այնուհետև, քանի որ հայրս ու հորեղբայրներս բիզնեսմեններ են, իրենց եմ օգնել, սպորտային հագուստի գիծ ունենք, դա էի ղեկավարում: Բացի այդ, Մոսկվայում պրոֆեսիոնալ բռնցքամարտի զարգացմամբ ենք զբաղվել, սպորտային միջոցառումներ ենք կազմակերպել, շատ բռնցքամարտիկներ ենք աճեցրել, մեծացրել: Ես սրանով էի ավելի շատ զբաղվում:

Նորայր, ի՞նչ ասել է սմարթկանգառ: Գաղափարը Մոսկվայի՞ց է վերցված:

— Մոսկվայում այդպիսի կանգառներ չկան, ինչ-որ բաներ կան, բայց այլ տեսակի են: Մոտ տարի ու կես սմարթ-կանգառների գաղափարն ինձ հանգիստ չէր տալիս, որովհետև այն հետաքրքիր պրոյեկտ է՝ և՛ բիզնես է, և՛ սոցիալ է՝ քաղաքացիների հետ է կապվում:

Դա ինչոր մեկի, ծրագրավորողի գաղափարների՞ց է:

— Այսպես ասեմ. այն, երբ որոշեցի Հայաստան տեղափոխվել, դե պարզ է, այստեղ ինչ-որ բանով պիտի զբաղվեի, աշխատեի, երիտասարդ տղա եմ, հո պարապ չպիտի թրև գամ, մանավանդ, ընտանիք ունեմ: Երբ այդ գաղափարը ծնվեց, սկսեցի ինտերնետով փնտրել, տեսա, որ ֆրանսիական և իսպանական ընկերություններ կան, որոնք դեռևս 80-ականներին են այդպիսի մոդելով աշխատեցրել: Ես այդ մոդելը վերցրեցի, դիզայնի կոնցեպտները վերցրեցի: Նրանք Եվրոպայում լայն տարածում ունեն, Ռուսաստանում ավելի քիչ է, այն գովազդային բիզնեսի հետ է զուգակցվում: Ես այդ մոդելը վերցրեցի, սկսեցինք դիզայնի վրա աշխատել, ուսումնասիրեցինք տեղային, լոկալ մինուսներն ու պլյուսները, հաշվի առանք եղանակային պայմանները, հումքի դիմացկունությունը, քաշը և, իհարկե, հաշվարկներն այնպես արեցինք, որ ընդունելի արժեք կազմի: Ու իմ գաղափարն է, որ Գյումրիում ոչ թե մի քանի հատ նման կանգառներ լինեն, այլ բոլորը փոխենք՝ միանման ու ժամանակակից դիզայնով, հարմարավետ կանգառներ լինեն: Ինչո՞ւ կանգառ, որովհետև կանգառը աչք ծակող, այսպես ասած, փողոցային կահավորանք է: Իսկ մեր հին կանգառները կիսաջարդած, ժանգոտված, կեղտոտ, անպիտան ու վտանգավոր նստարաններով… Իսկ նման մանրուքները, երբ համատարած աչքի են ընկնում, զբոսաշրջիկների մոտ թերի կարծիք է կազմվում քաղաքի մասին: Մի խոսքով, այս գաղափարը լրիվ եփվեց, եկա, քաղաքային իշխանությունների հետ բանակցեցի: Քաղաքապետի, տրանսպորտի ու կոմունալ բաժինների հետ շատ լավ համագործակցում ենք: Կանգառները միջազգային պրակտիկայից է վերցված. երկաթյա կոնստրուկցիա է, թրծված ապակիով, մոնոլիտային ծածկով, արևային էներգիայով ապահոված, հեռախոսների լիցքավորման հնարավորությամբ, հետագայում նաև Wi-Fi կապի ապահովմամբ: Կանգառների հետագա սպասարկումն ու պահպանումը նույնպես մեր հոգածության ներքո են: Այս տարվա մեջ կհասցնենք մոտ 35 հատ տեղադրել, իսկ 3 տարվա ընթացքում քաղաքը կապահովենք 70 կանգառով: Երբ ամբողջական ցանցը եղավ, նոր միայն ինտերնետային կապը լիարժեք կապահովվի, որովհետև այստեղ արդեն բիզնես-կոլեգաների հետ պիտի համագործակցենք:

Թող ներեն ինձ, ու հանկարծ չսովորեն. իսկ կարո՞ղ է «լևի» գիծ մտնեն արևային էներգիայից

-…Հույս ունենամ, որ նման «ստեղծագործությամբ», ուրիշների ասած՝ գողանալու, ջարդելու և այլ վատ արարքներ չեն լինի, որովհետև մեր ազգի մասին ես այդ կարծիքին չեմ, ավելի բարձր կարծիքի եմ:

Չեմ կարող չհարցնել. դու քաղաքի համար, իրոք, լավ բան ես անում, բայց, ժողովրդական լեզվով ասած, «քյարդ ո՞րն է»…

— Կանգառների պատրաստման, պահպանման, մաքրությունն ու սպասարկումն ապահովելու դիմաց մենք գովազդային տարածքներ վարձով տալու հնարավորություն կունենանք: Եվ սա, որ աշխատեց, հետագայում նույնպես քաղաքին օգուտ կտանք, որովհետև գովազդներից քաղաքային բյուջե ֆինանսական հոսքեր կապահովենք: Բայց սա իմ այն նշաձողը չէ, թե վայ, սրանով տուն պիտի պահեմ, և այլն: Եթե միայն այս պրոյեկտը լիներ, ռիսկերը հաշվի առնելով, կարող է և չիրացնեի: Որովհետև ֆինանս դնելու այլ տեղեր ու հնարավորություններ կան, որից կարճ ժամանակահատվածում եկամուտներ կապահովես: Դրա համար եմ ասում, որ ինձ առանձնակի հաճույք է պատճառում, որ իմ քաղաքում ինչ-որ բան թողնեմ: Մենք Տավուշի մարզում անմշակ հողամաս ենք գնել: Մտադիր եմ մշակել տալ, էկոլոգիապես մաքուր պտուղ-բանջարեղեն աճեցնել, ու սա ևս բիզնես գաղափար է: Մնում է խելացի ու բանիմաց աշխատակիցներ գտնել, ովքեր իրենց պրոֆեսիոնալիզմով կկարողանան իմ ներդրումների հետ համատեղ շահեկան բիզնես իրականացնել: Ինձ համար ամենահաճելին այն է, որ իմ երեխան մաքուր օդին դուրս գա, մաքուր սնունդ ուտի: Մենք սխալ կամ քիչ ենք գնահատում մեր հայրենիքի հնարավորությունները. մաքուր օդ ու համեղ ջուր:

Նորայր, տա Աստված, որ քո բոլոր ծրագրերն իրագործվեն, բայց, եթե ինչոր բան այնպես չստացվի, ինչպես նախատեսել ես, կհեռանա՞ս

— Ոչ, բոլոր դեպքերում, ես, մենք կմնանք: Որովհետև ես մեծ հույսեր ունեմ՝ կապված մեր երկրի զարգացման հետ, նոր իշխանության հետ, ես հավատում եմ, որ շատ փոփոխություններ կլինեն: Ես կառավարության մեջ ընկերներ ունեմ, ես տեսնում եմ, որ շատ լավ ու առաջատար գաղափարներ, ցանկություններ կան, մնում է բոլորս իրար հասկանանք, համակարգը գործի քցեն ու լավ կլինի: Թող հիմա անհատների ուսերին լինի զարգացումները, մինչև համակարգային դառնա:

Ս.ՄԵԽԱԿՅԱՆ

print
670