ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Սովոր ենք՝ վատին ընտրել, հետո մեղավոր փնտրել…»

«Շրջապատի» հարցազրույցը սպորտային  մեկնաբան ՍԱՄՎԵԼ ԱՂԱՆՅԱՆԻ հետ այս անգամ ոչ թե սպորտային, այլ քաղաքական թեմայով է:

Պարոն Աղանյան, մեկ ամսից սպասվում է արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որի նախաշեմին ինչ անունով ու ինչ բազմաերանգ կուսակցություն ասես հիմնվում են, լոզունգների պակաս էլ չկա. «Հաղթենք, որ չգաղթենք», «Ապագա կա ապագա», «Կյանք և ազատություն», «Խաղաղ սահմաններ» և այլնԵրկիրը կարծես կենացի սեղանի է վերածվում:

– Կուսակցությունների բոլոր գաղափարախոսություններն էլ լավն են լինում՝ հանուն ժողովրդի, ժողովրդի հետ, ժողովրդի համար… Բայց երբ գալիս են ընտրությունները, ընտրվում են, հետո սկսում ենք փնտրել… Մեր ազգը մի տեսակ մազոխիստական հակումներ ունի. մենք սովոր ենք վատին ընտրել ու հետո մեղավորներ փնտրել: Ի՞նչ է նշանակում 2,5-3 միլիոնի մեջ 80-ից ավել կուսակցություն… Ինչի՞ համար են, երբ ոչ մի իմաստ ու արժեք չունեն:

 – Դե, եղած «իմաստ ու արժեք» ներկայացնողների ֆեյքկուսակցություններն են ու իրենց արբանյակները:

– Թեկուզև, բայց դրանք կարող են ժողովրդի մի հատվածի գիտակցության վրա բացասական ազդեցություն ունենալ: Այս ամենի կողքին, օրինակ, եթե ինձ հարցնեք, թե ես որ կուսակցություններին կնախընտրեի տեսնել քաղաքական ասպարեզում, ապա առավելությունը կտայի այն նորերին, որոնց լիդերները ուրույն դիրք ունեն՝ Նորայր Նորիկյան, Լևոն Շիրինյան, Արման Բաբաջանյանը… Ուժեր են, որոնք գրագետ են, ցույց են տալիս բացերը և առաջարկություններ են անում: Բայց այս ամենի կողքին, այդուամենայնիվ, ուզում եմ խոսել այն մասին, թե այսօր 3 տարվա իշխանությանը, հանձինս Նիկոլ Փաշինյանին, անխնա քննադատում են, մեղադրում ամեն ինչում: Կուզենայի հարցով հակադարձել. բա որ 10 տարով ղեկավարում էիք, ի՞նչ արեցիք: Քննադատելու, դժգոհելու իրավունք ունի այն մարդը, որը ժողովրդանպաստ գործողություններ է արել… Մինչդեռ՝ բանակը թալանել են, երկրի փողերը ամեն խողովակով գողացել, գնալով ավելացել էր գեներալների քաշերը, միլիոնավոր դոլարներ արժեցող դղյակները, Արցախի սահմանները, որպես կանոն, ծառայում էին բացառապես անապահով խավի երեխաները, իսկ հարուստների երեխաները եթե ծառայում էին, ապա հատուկ գնդերում: Բացը լրացնելու համար նույնիսկ խայտառակ օրենքներ ընդունվեցին, երբ հիվանդ երեխաներին «հնարավորություն» էր տրվում բանակում ծառայել: Սեյրան Օհանյանն էլ ելնում, հայտարարում էր, թե «մենք կարողացանք մեր զինակոչային պլանը կատարել 100 տոկոսով»… ո՞ւմ հաշվին՝ հիվանդ երեխաների՞… Այսպիսի հարցերն են, որ ինձ շատ են ցավեցնում: Եվ Նիկոլ Փաշինյանի գալով սպասել, թե հիմնովին բան կփոխվեր, ասել, թե նա ոչինչ չի արել… Նա փորձում էր դիմակայել, բայց ավելին չէր կարող անել, քանի որ այդ արատավոր ստրուկտուրան այնպիսի խոր արմատներ է գցել, որոնց դեմ պայքարելը շատ գլոբալ առումով պետք է լիներ…

Սակայն, պարոն Աղանյան, չեմ կարող Ձեզ չհակադրվել. այն լեգիտիմության աստիճանը, որ ուներ Փաշինյանը, հնարավորություն էր տալիս նրան լուրջ փոփոխություններ անել դատաիրավական համակարգում, բանակում, այլ ոլորտներում: Կամ, նա շատ լավ գիտեր, թե մենք իրականում ինչպիսի բանակ ունեինք, որ մտել ենք պարտվողական պատերազմի մեջ ու ոչ մի քայլ չարեց այն կանխելու համար, ժողովրդին էլ հրամցնում էին՝ «հաղթելու ենք», բայց եղավ այն ինչ եղավ

– Երբ մեր երկիրը մտավ ԵԱՏՄ կազմի մեջ, Ս.Սարգսյանը կարողացավ մեզ բացատրել, որ դա Հայաստանի անվտանգության երաշխիք է: Բայց հետագայում մեր դաշնակից Ռուսաստանը ցույց տվեց, որ մեզ ծառայեցրեց որպես իր վասալ, մեզ մանրադրամի պես, այսպես ասած՝ խուրդեց… Ես սա խորը ցավով եմ ասում, որովհետև ես ռուսական մշակույթով դաստիարակված մարդ եմ ու մեծ հարգանք ունեմ այդ ազգի հանդեպ: Բայց Պուտինը մեզ խուրդեց… Ասում է՝ ադրբեջանցիներն էլ են մեր եղբայրները… Մենք այդ կառույցում ունենք ոչ տաք-ոչ պաղ կամ չարակամ գործընկերներ. հիշեք Ղազախստանի ղեկավարի նամակ ընթերցելը… Եթե հանկարծ Ադրբեջանը մտնի այդ կառույց, ճիշտ կլինի Հայաստանը նույն պահին դուրս գա: Այո, մենք պարտություն կրեցինք, բայց մենք պատերազմում էինք ՆԱՏՕ-ի հզորությամբ երկրորդ բանակ ունեցող երկրի՝ Թուրքիայի, Ադրբեջանի, վարձկան ահաբեկիչների, Իսրայելի, Ուկրաինայի դեմ, վերջին երկուսը կանոնավոր զենք էին մատակարարում, այդ թվում քիմիական: Բայց չնայած այդ ամենին, մեր բանակը 44 օր դիմակայեց

Այո, մենք պարտվեցինք, բայց կարող էինք, չէ՞, խուսափել և՛ պատերազմից, և՛ պարտությունից, եթե ճիշտ արտաքին քաղաքականություն տարվեր:

– Այստեղ կուզենայի հիշել Լևոն Տեր-Պետրոսյանին, ով իմ կողմից շատ բարձր է գնահատվում, նրա խելացիությունը միայն հարգանքի է արժանի, երբ ասաց՝ «Տղա եք, մի տվեք» արտահայտությունը, իսկ ոչմիթիզական գիծը տանողները նրան դավաճան ու այլ պիտակավորումներ էին կպցնում, բայց ապացուցվեց, որ նա ճիշտ էր, որովհետև այդպես ասողներն առաջինը փախան պատերազմից: Եթե ժամանակին լսեին Տեր-Պետրոսյանին, այսօր այսքան զոհեր չէինք ունենա:

Նորից վերադառնալով Փաշինյանին, հարցնեմ. ինչո՞ւ խոստումները չկատարեց՝ բանակը թալանողներին, խոշոր կոռուպցիոներներին չպատժեցին, էլ չեմ ասում, երբ ասում էր դավաճաններ են եղել, բայց ոչ մի դավաճանի պատասխանատվության չենթարկեց:

– Նիկոլի անկեղծությանը չեմ կասկածում, բայց նա անզոր եղավ կոտրելու նախկին կարծրացած մեխանիզմները, քրեաօլիգարխիկ համակարգը… Նա պիտի քանդեր կարծրացած համակարգը ներքևից, կտրեր այն օղակները, որոնք անտես ու տեսանելի թելերով կապված էին նախկինների հետ: Նորից Լևոն Տեր-Պետրոսյանին վերադառնամ՝ բոլորը նրան մեղադրում էին, թե նա է դրել հիմքերը… Մենք աչքաթո՞ղ ենք անում, որ նրա օրոք Արցախը ետ բերեցինք, հաղթանակ կերտեցինք… Նիկոլ Փաշինյանի սխալը նրա սարսափելի թույլ թիմի մեջ է, նրա կողքին չկան ազդեցիկ անհատականություններ, անգամ կորիզ չկար:

Եվ վերջին հարցը. ի՞նչ կարծիքի եք Լևոն ՏերՊետրոսյանի՝ երեք նախագահների միասնական դաշինքով ընտրություններին մասնակցելու հայտարարության մասին:

– Առաջին նախագահը խելացի և լուրջ քաղաքական գործիչ է, անցել է կյանքի ու փորձության բավականին լուրջ ճանապարհ, որն ավելի շատ խութերով է եղել և ոչ՝ վարդերով: Նրան սկուտեղի վրա ոչինչ չի մատուցվել, նա ղեկավարել է շատ բարդ ժամանակներում: Ես նրան չեմ պաշտպանում, վերևում անգամ նշեցի իմ նախընտրելի թեկնածուներին, բայց միևնույն ժամանակ չեմ կարող անկեղծորեն չնշել մի մարդու կարևորությունը, որը մեծ դերակատարում է ունեցել մեր երկրի համար: Եվ գտնում եմ, որ նա լավ է հասկանում, թե որ արտահայտությունը երբ անի, որովհետև լավ է պատկերացնում քաղաքական կոնյուկտուրաները… Նրան լսել է պետք: Ովքեր անտեսում են, քննադատում են՝ նրանից շատ ցածր են: Եթե մի բան ասել է, ուրեմն ավելին գիտի: Եվ կյանքն էլ ցույց է տվել, որ նա միշտ ճիշտ է դուրս գալիս:

306