ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՄՇԱԿՈՒՅԹ

Ստվերներ, որոնք անձեւ չեն, պաղ ու միապաղաղ չեն…

Գյումրու մշակութային կյանքը մի պահ ոտքը կախեց պանդեմիայի շրջանում: Թվում էր, թե շուրջ-բոլորն ամեն ինչ անշնչացել է, բայց Հայաստանի մշակութային մայրաքաղաքը դադար չունի և մի նոր մշակութային օջախ է հիմնել. «Մտորումների թատրոն», որի հիմնադիրն է ժողովրդական արտիստ, Վ.Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի դերասան Հովհաննես Հովհաննիսյանը: Հանդիսավոր բացում դեռ չի եղել, սակայն, ըստ գեղղեկավարի, նախատեսում են, որ շաբաթվա ամեն օրը կլինեն ներկայացումներ, մտորումների մանրապատումներ: Մեկ օրը կնվիրվի երեխաներին՝ «Հեքիաթի օր»-ով, մի օրը՝ ուրբաթը, «Հումորի օր» կլինի, և ինչպես հարցազրույցներից մեկում ասել է Հ.Հովհաննիսյանը. «Գյումրին հումորի քաղաք է, բայց, ցավոք, այդ հումորը վերջերս թաքնվել է, չի երևում: Ուզում ենք էդ ավանդույթը վերականգնել, բայց նոր մոտեցմամբ, նոր խոսքով, մի քիչ էքսկլյուզիվ, էս բառը չեմ սիրում, բայց երիտասարդներից մեջս է մտել, նորովի հայացքներով»:

Այստեղից վերցնելով «նոր խոսք ու նոր մոտեցումներ» արտահայտությունը, զրուցեցինք Գյումրու տիկնիկային թատրոնի դերասան ԱՐԹՈՒՐ ՕԹԱՐՅԱՆԻ հետ, ով մեզ փոխանցելու նորություն ունի. «Ստվերների թատրոն»:

– …Ստվերներն անձևԴողում են դանդաղՊաղ, միապաղաղԱրթուր, ի՞նչ է իրենից ներկայացնում «Ստվերների թատրոնը»:

– Քանի որ պանդեմիայի ընթացքում Տիկնիկային թատրոնը չէր գործում, մենք, որպես ստեղծագործող դերասաններ, անընդհատ պրպտում էինք, թե ինչ անենք, ոնց անենք, ինչ մի նոր բան սկսենք… Վաղուց ուսումնասիրում էի թղթով և էմուլսիայով տիկնիկների պատրաստման տեխնոլոգիան, և պատրաստեցի իմ առաջին տիկնիկը՝ միսթեր Չոչոն: Պարոն Հովհաննիսյանն էլ առաջարկություն էր արել փոքրիկ Կամերային թատրոնի վերաբացման համար. փոքր խմբերով հավաքվելով երիտասարդներով՝ ազատ ստեղծագործենք: Շատ հավանեցինք այդ գաղափարը և, քանի որ լայնածավալ փորձեր հնարավոր չէր այս շրջանում, ներկայացումներ պատրաստեցինք 3-4 հոգու խաղով: Փոքրիկ խմբով աշխատեցինք, ստացանք ստվերային տիկնիկներ, և բացօթյա առաջին փորձնական ներկայացումը հնարավոր եղավ հանձնելու հանդիսատեսի դատին. «Մտորումների թատրոնի» դիմաց, բակի երեխաների համար, պահելով սոցիալական հեռավորությունը, մոտ 10 երեխա՝ իրենց ծնողների հետ, դիտեցին ներկայացումը: Մեզ համար կարևոր էր, թե ինչ արձագանք կստանանք: Եվ մեր սպասելիքներն արդարացված էին:

Ճիշտն ասած, մտածում էի, որ տեխնիկայի այս դարում մի՞թե նոր սերունդը, երեխան կուզենա նստել ու ներկայացում դիտել

– 4-8 տարեկան երեխաներ էին մեր հանդիսատեսը, բայց պիտի փաստեմ, որ նրանց ծնողներն էլ պակաս ոգևորությամբ չէին դիտում: Ի վերջո, մենք Գյումրվա մոտիվներով, Գյումրվա տիպաժներով՝ Խելառ Սաքոն, Պոլոզ Մուկուչը, Օրիորդ Վարսենիկը… բոլորը կային մանրապատման մեջ, և հայտնի կերպարներին կենդանություն տալով, այլաբանական մոտեցումներով՝ հանդիսատեսը գրավվեց: Ինչ խոսք, կյանքը զարգանում է, և ժամանակակից տեխնոլոգիաները մեր կյանքի անքակտելի մասն են կազմում, բայց պետք չէ կտրվել ավանդական մշակույթից, այլ կարելի է սինթեզել, կարելի է անիմացիայի միջոցով դեկորացիաներ ստեղծել, իսկ ստվերային տիկնիկները բնական լինեն:

Ի՞նչ ես կարծում, միգուցե այնքան լավ ստացվի, որ «յութուբյան» հայկական տիրույթում ստվերային հեքիաթներ, այլաբանական ներկայացումնե՞ր ցուցադրվեն, որը կգրավի երեխաներին ու դեռահասներին:

– Մենք մտածում ենք այդ ուղղությամբ: Ներկայում աշխատում ենք երկու ներկայացման վրա. «Գնդիկ-բոքոնիկն» ու Գոգոլի՝ «Քիթը»: Վերջինս ուզում ենք և՛ ստվերային, և՛ տիկնիկային ներկայացում պատրաստել, և նաև դերասանի՝ կենդանի խաղով:

Կարելի՞ է ասել, որ ստվերային թատրոնն այնքան էլ մեծ ծախսերի հետ կապված չէ. թուղթ է, էմուլսիաբացառությամբ, իհարկե, եթե նկարահանումներ չեք նախատեսում:

– Փառք Աստծո, քանի որ քաղաքի համար լավ բան ենք անում, ապա մեզ շատերն են ուզում օգնել, մեր ընկերներն են արձագանքում, օպերատորներն ասում են՝ երբ գուզեք՝ կգանք, կնկարենք, անիմատորներ են արձագանքել, որ պատրաստ են անվճար ապահովել տեխնիկական մասը:

Կարծում եմ, սա նաև երիտասարդների համար ստեղծագործական մի դաշտ է, որտեղ կկարողանան ինքնադրսևորվել:

– Այո, այո: Մյուս կողմից, գիտե՞ք, մեր փորձից ելնելով, հասկացել ենք, որ սա ոչ միայն մանուկ հանդիսատեսի համար է հետաքրքիր, նաև մեծահասակներին է գրավում. երևի մանկություն վերադառնալու քաղցր հուշերն են տանում… Պարոն Հովհաննիսյանը շանս է տվել, որ՝ ով, ինչ ստեղծագործական կուտակումներ ունի ներսը, կարող է կյանքի կոչել:

– «Ստվերային թատրոնի» գաղափարը որտեղի՞ց ծնվեց:

– Ես շատ եմ ուսումնասիրել այն: Տիկնիկայինում աշխատելու ժամանակ հաճախ մտովի այդ գաղափարին էի վերադառնում. «Ստվերների թատրոնը» տեսողական արվեստի ձև է, որը ձևավորվել է Չինաստանում մոտ 1.700 տարի առաջ: Հետո ավանդաբար դրսևորվել է Ինդոնեզիայում, Մալայզիայում, Թայլանդում և Կամբոջայում, հետագայում տարածվել նաև Եգիպտոսում, Թուրքիայում, Հունաստանում, Գերմանիայում, Ֆրանսիայում և ԱՄՆ-ում: Երկրորդ հազարամյակում ստվերների թատրոնը մեծ տարածում է ունեցել Չինաստանում և Հնդկաստանում: Թուրքիայում ստեղծվել է Ղարագյոզ կերպարը, որը մենք վերցրել ենք, մեր իրականության մեջ դա մոտավորապես ծիսական տիկնիկի հումորային կերպարն է. թագավորներին ուրախացնելու համար այդ տիկնիկի կերպարով ներկայացումներ են ցուցադրվել: Ստվերներով ցուցադրվող հեքիաթը երեխաներին շատ է գրավում, նրանց երևակայությունն ու մտահորիզոնն է զարգացնում, մանավանդ մենք Գյումրվա մանրապատումներ ենք ներկայացնելու, և այն առավել քան հետաքրքիր կդառնա նաև մեծերի համար:

Հ.Գ. Ստվերների թատրոնում կիրառվում են կիսաթափանց մեծ էկրաններ և ծաղկե հարթ մարիոնետներ, որոնք կառավարվում են բարակ փայտիկներով: Մարիոնետները հետևի կողմից հպվում են էկրանին` դրանով դառնալով տեսանելի:

print
407