ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վարդենու վարդերը Գյումրուն

Դեռևս սեպտեմբերին «Վարդենի Գյումրի» ջերմոցային տնտեսության սեփականատերերից մեկը՝ Ցոլակ Չադրյանն իր ֆեյսբուքյան էջում գրառել էր. «Վարդենի Գյումրի» ջերմոցային տնտեսությունը պատրաստակամ է Գյումրի համայնքին նվիրել 500-1.000 վարդի տնկիներ…»:

Գյումրու արդեն նախկին փոխքաղաքապետ և նորընտիր պատգամավոր Դավիթ Առուշանյանն գրառեց. «Վերսկսել ենք Գյումրու կենտրոնական հրապարակի կանաչապատման աշխատանքները։ Շնորհակալություն Ցոլակ Չադրյանին և Արտյոմ Խաչատրյանին՝ վարդերը տրամադրելու համար»:

Հարցազրույց  «Վարդենի Գյումրի» ջերմոցային տնտեսության համասեփականատեր ՑՈԼԱԿ ՉԱԴՐՅԱՆԻ հետ:

Պարոն Չադրյան, նախ որպես գյումրեցի, շնորհակալություն եմ հայտնում Ձեզ և Ձեր գործընկեր Արտյոմ Խաչատրյանին՝ քաղաքին վարդեր նվիրելու համար: Թե չէ, թյուր պատկերացում կա, որ միայն դրսից կարող են նվիրաբերություններ անել…  Մեր քաղաքը կանաչապատման անհրաժեշտություն շատ ունի: Հուսանք, գարնանը, աշնանը, հետագայում՝ մեկ վարդի թուփը երկուս կդառնա, մեկ ծառի կողքին երեքը կլինեն, և այդպես շարունակ ու մեր համաքաղաքացիները նույնպես հոգատարությամբ կմոտենան մեր քաղաքին

— Անկեղծ, դեռ երիտասարդ տարիքից ես միշտ ունեցել եմ այն մտահոգությունը, որ քաղաքի, երկրի պոտենցիալը թերագնահատվել է, ու շատ հաճախ դրսից եկած ներդրողների մասին են գովասանքներ ձոնում: Ու երբեք չի վերլուծվել, թե մենք իրականում ինչ ներուժ ունենք ու ինչեր կարելի է անել, ու ավելի շատ սևեռվել ենք դրսերին: Հասկանում եմ, երկրաշարժից հետո մեր ժողովուրդը բնավորության «ուրիշ գիծ» ձեռք բերեց, օգնող ձեռի ակնկալիքը մեծացավ, որ դրսից ներդրողի «ձենն անուշ է»… Երբ ասում են՝ Հայաստանում գումար չկա, ես դա ճիշտ չեմ ընդունել:

Մինչդեռ, երբ որևէ մեկի կոռուպցիոն հանցագործությունները բացահայտվում են, իմանում ենք, թե քանի զրոյով միլիոնատերեր են դարձել, ու դա եղել է մեր երկրի հարստահարման հանցավոր ճանապարհով:

— Նույնիսկ, եթե մասնավոր դեպքերին ու անհատներին չանդրադառնանք… Եթե բանկային համակարգի պաշտոնական տվյալները դիտարկենք, կտեսնենք, թե ինչ թվերով ու ինչ թվով ավանդատուներ կան, էլ չեմ ասում, որ մի երկու-երեք էլ երևի իրենց նկուղներում են «զակատել»… Պետք է փորձենք այնպիսի գաղափար ներդնել մեր ու սերունդների մոտ, որ գիտակցենք. եթե ներքին պոտենցիալը դու չես օգտագործում, ապա դրսից եկողի մոտ դու այլ արժեք ես ներկայացնում: Պատկերացրեք, որ գալիս են ու տեսնում, որ այստեղ մարդիկ նստած՝ սպասում են, որ մեկը գա անի:

Ջերմոցը քանի՞ տարվա աշխատանքի արդյունք է:

— Չնայած, որ իմ ընտանիքը միշտ է հողագործությամբ զբաղվել, մոտ է եղել բնությանը, ես էլ եմ շատ աշխատել, բայց ջերմոց՝ որպես այդպիսին, առաջին անգամ հիմնադրել եմ 2016-ին, գործընկերոջս՝ Արտյոմի հետ խորհրդակցելով: Եվ դա մեզ ոգևորեց, թևեր տվեց, որպեսզի մենք ընդլայնենք այն ու ավելի լուրջ հիմքերի վրա դնենք: Թող գովազդ չդիտվի, բայց երախտագիտություն պետք է հայտնեմ «Վարդ ագրո» ընկերությանը՝ ի դեմս Հովհաննես Քաղքեցյանի, ով այդ ամենի ներկրողն է եղել, առաջիններից մեկը, որ նման բիզնես է հիմնել, և իր ընկերությունն հասցրել է այն մակարդակին, որ մրցակցում է առաջատար հոլանդական, ֆրանսիական, գերմանական կազմակերպությունների հետ, որոնք տասնամյակների փորձառություն ունեն: Եվ մեր հայրենակիցը չվախենալով՝ մտել է այդ մրցակցության մեջ:

Երևի նպաստել է նաև ժամանակակից տեխնոլոգիաների ներդրո՞ւմը, որով հնարավոր է դարձել լավ պրոդուկտ ստանալը:

— Միանշանակ, նաև դա է նպաստել: Այսօր յուրաքանչյուր ապրանքի գնագոյացումը եթե դու ավելի մատչելի ես ստանում, նշանակում է, դու շուկայում մրցունակ ես:

Ճի՞շտ է, որ չնայած վարդը նուրբ ծաղիկ է, այն դիմացկուն է եղանակային պայմաններին ու տարբեր հողային հատկանիշներին, ու կարող է «բռնել», «կպնել» և ծաղկել:

— Ես կասեի, որ ամեն ինչ կարելի է աճեցնել, հարցն այն է, թե ինչպիսի խնամք կտարվի ու ինչ ես աճեցնում: Խնդիրը ոչ թե ինչ գույնի վարդեր ես աճեցնում, այլ ինչ որակի վարդեր: Մենք շուկայում դիմանում ենք ու կայանում մեր վարդերի որակով, թե չէ շատ ավելի մեծ ջերմոցներ կան ու մեծ թվով վարդեր աճեցնողներ:

Ձեր վարդերը շատ տեսքով են, մանավանադ փնջայինները, և յուրաքանչյուր ստացողի կամ գնորդի համար բավական հաճելի են: Ի՞նչ կարծիքի եք, բնությունը, ծաղիկները մարդկանց վրա ազդեցություն թողնո՞ւմ են:

— Թողնում են, ու դրական իմաստով: Մարդը պետք է բնությանը մոտ գտնվի, երբ հեռանում է՝ բնավորությունը փոխվում է, չոր է դառնում, անհանդուրժող, սերն է պակասում: Նկատե՞լ եք, երբ որևէ շենքին հարակից մեկը փոքր օազիս է ստեղծում, լրիվ այլ մարդ է՝ բարի ու ժպտերես: Ես մարդիկ գիտեմ, որ իրենց դարդն ու ցավը պատմում են ծաղիկներին ու հանդարտվում են:

Գտնո՞ւմ եք, որ մատաղ սերնդին հենց մանկուց պետք է դաստիարակել՝ սերը դեպի բնությունը:

— Միանշանակ: Երբ եվրոպական արժեքներ են ասում, այլ բաներ են դրա տակ հասկանում, թեպետ, ամեն մեկն իր պատկերացմամբ: Այնտեղ երեխաներին կրթում են բուսականություն, բնություն սիրել ու պահպանել իմանալ, երբեք չեք տեսնի, որ մաքուր ու կանաչ գազոնի վրա աղբ թափեն, ոտնատակ տան:

Բացի վարդերից, ոնց որ թե այլ բույսեր ևս աճեցնում եք:

— Ավելի շատ ցիտրուսայինների վրա ենք սևեռվել: Մենք փորձում ենք մի քանի քայլ առաջ նայլել: Պետք է մեր տնտեսությունն այլ պրոդուկտ արտադրելով ևս զարգացնենք

531