ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վարչապետը շատ անհաջող բառախաղ է արել, որովհետեւ կիսանախագահականը չի նշանակում թերի նախագահական համակարգ

Հարցազրույց Հայ Ազգային Կոնգրեսի փոխնախագահ ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆԻ հետ:

Պարոն Զուրաբյան, ՀԱԿը հանդես էր եկել հայտարարությամբ, որում կարևորում էր երկրի կառավարման համակարգի՝ կիսանախագահական մոդելին վերադառնալը: Նախ, ինչո՞ւ հենց այդ մոդելն է անհրաժեշտ մեր երկրին: Եվ, երբ վարչապետի ասուլիսի ժամանակ նրան այս մասին հարց տրվեց, վերջինս ասաց. «Կիսանախագահական համակարգը անպատասխանատու կառավարման համակարգ է։ Էս տարբերակը Հայաստանի համար պետք է բացառել։ Եթե գնում ենք տեսականորեն, պետք է էս «կիսա» որևէ բան մենք պետք է չունենանք՝ մենք պետք է ունենանք ամբողջական խորհրդարանական կառավարման համակարգ, կամ ամբողջական նախագահական կառավարման համակարգ, երբ որ նախագահը նաև կառավարության ղեկավարն է։ Իմ կարծիքը հետևյալն է. որ մենք կառավարման համակարգ չպետք է փոխենք առնվազն էնքան ժամանակ, մինչև չենք համոզվել, որ էս կառավարման համակարգը մեզ համար պրոբլեմ է»:

– Նախ, ասեմ, որ վարչապետը շատ անհաջող բառախաղ է արել, որովհետև կիսանախագահականը չի նշանակում թերի նախագահական համակարգ: Իրականում կիսանախագահական համակարգը ստեղծված է ֆրանսիացիների կողմից, և այսօր կիրառվում է հարյուրավոր երկրներում: Եվ ոչ թե ՀԱԿ-ն ինքնանպատակ ցանկանում է կամ ցանկալի է համարում կիսանախագահական համակարգը, այլ պարտադիր ենք համարում՝ հանուն Սահմանադրական կայունության: Ընդհանրապես, բոլոր կայուն զարգացած, առաջադեմ, դեմոկրատական երկրները մեկընդմիշտ ընդունում են մի սահմանադրական մոդել և այդուհետ դրանից չեն շեղվում: Սերժ Սարգսյանի կողմից կես միլիոն կեղծիքով հայ ժողովրդի վզին խորհրդարանական մոդելի փաթաթումը՝ դա հանցագործություն է նաև սահմանադրական կայունության դեմ: Եվ խնդիրն այսօր սահմանադրական կայունության վերականգնմանն էլ է վերաբերում, դրանով հաստատելով, որ ոչ մեկ իրավունք չունի ի սկզբանե ընտրված կառավարման մոդելը փոխելու: Ես կարծում եմ, որ այս իշխանությունները պարտք են ժողովրդին, և դա Սերժին մերժող հեղափոխության նպատակներից մեկը պետք է լինի: Բազմաթիվ փաստարկներ կան, որոնք մենք կարող ենք ներկայացնել՝ հօգուտ կիսանախագահական համակարգի կառավարման վերականգնմանը Հայաստանում:

Մեկն էլ մեր սահմանային անկայուն վիճա՞կն է:

– Դա գլխավոր փաստարկներից մեկն է: Ակնհայտ է, որ տարածաշրջանային անկայունության պայմաններում, ռազմական մարտահրավերների պայմաններում, Ղարաբաղի խնդրի չլուծվածության պայմաններում, մշտապես կախված պատերազմական պայմաններում կիսանախագահական համակարգը առավելագույն կերպով ապահովում է պետական կառավարումը՝ հենց ազգային անվտանգության տեսանկյունից: Եվ այդ համակարգի անխափան գործունեությունն 90-ական թվականներին եղել է Արցախյան պատերազմում հաղթանակի կարևոր գրավականներից մեկը: Այն, ինչ արել է Սերժ Սարգսյանը, պատճենելով գերմանական խորհրդարանական մոդելը, մի մոդել, որը զինված ուժերի կառավարման առումով նրան պարտադրել են Գերմանիային օկուպացրած պետությունները, այդ մոդելը բացարձակապես անարդյունավետ մոդել է, և չի համապատասխանում մեր ազգի առաջ ծառացած մարտահրավերներին:

Բացի այդ, նաև այժմ նախագահի ինստիտուտը կարծես չի աշխատում. եթե մարդկանց հարցնենք, շատերը չեն կարողանա մեկնաբանել, թե ինչի համար է նախագահը:

– Այո, ընտրվել է խորհրդարանական համակարգի տեսակետից առավել թույլ նախագահի կարգավիճակը, նախագահը չի ընտրվում ժողովրդի կողմից… Ի դեպ, սա ժողովրդավարության կարևոր գործիքներից մեկն է, որը խլել են ժողովրդից: Մինչդեռ ժողովուրդը վստահաբար նախընտրում է ընտրել իր ղեկավարին: Չի ընտրվել, ժողովրդի կողմից նա չի հանդիսանում Գերագույն գլխավոր հրամանատար, ինչպես դա ընդունված է ավանդական խորհրդարանական համակարգերում, և մենք, բնականաբար, համարում ենք, որ այո, թերի համակարգ է, և այդ թերի համակարգի «շտկումը» մնալով խորհրդարանական մոդելի շրջանակներում, իրականում շտկում չի լինի, այլ կլինի Սերժ Սարգսյանի կողմից կատարված կեղծիքի, հանցագործության լեգիտիմացում:

Պարոն Զուրաբյան, կազմավորվել է Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով, սակայն արտախորհրդարանական ոչ մի ուժ այնտեղ ներառված չէ: Կոնկրետ ՀԱԿին հրավեր ուղարկվե՞լ էր:

– Ոչ միայն հրավեր չի ուղարկվել, նաև մենք գտնում ենք, որ Սահմանադրական հանձնաժողովի ստեղծումը սխալ է, առանց հասարակական լայն քննարկումների հիման վրա, առանց այդ փոփոխությունների նապատակը պարզելը: Հենց խնդիրը դա է: Կառավարության կողմից հրապարակված ռազմավարությունից ենթադրել է տալիս, որ իրենք Սահմանադրական փոփոխություններով նպատակ են հետապնդելու՝ լուծել իրենց իշխանության առաջացած քաղաքական խնդիրները: Իսկ դա ոչնչով չի տարբերվում և՛ Ռոբերտ Քոչարյանի, և՛ Սերժ Սարգսյանի կողմից կատարված սահմանադրական փոփոխությունների գործընթացներից, որոնք նախաձեռնվում էին սեփական ամբիցիաները կամ սեփական քաղաքական խնդիրները լուծելու նպատակով: Սահմանադրական փոփոխությունները երբեք չպիտի հետապնդեն փոքր խմբի նպատակները: Իրականում, Սահմանադրության գործառույթը հենց նրա մեջ է, որ իշխանության ձևավորման խաղի կանոնները հաստատվում են Սահմանադրությամբ և մնում են անփոփոխ, անկախ նրանից, թե այն հարմարավետ է, թե հարմարավետ չէ իշխող թևին: Այո, իշխանությունները կարծես փորձում են Սահմանադրությունը դարձնել ավելի հարմարավետ՝ իրենց քաղաքական նպատակների համար: Մինչդեռ երկրում էֆեկտիվ սահմանադրական կառավարման նպատակներն այլ բան են թելադրում. սահմանադրական մոդելի կայունության վերականգնումը, եթե դա չի արվում, ուրեմն մենք նորից մտնում ենք Սահմանադրությունը քաղաքական նպատակահարմարությանը ենթարկելու դաշտ:

Այլ կերպ ասած, այն կոստյումը, որը կարված էր Սերժի հագով, այժմ կարկատան անելով, փորձ է արվում այս իշխանության վրով սազեցնել:

– Ես էլ այս կերպ կմեկնաբանեի. պատկերացրեք թիմային խաղ է, ասենք՝ ֆուտբոլ, ու թիմը, որը ֆուտբոլ շատ լավ չի խաղում, փորձում է վոլեյբոլում իրենց առավելությունները մտցնել ֆուտբոլի կանոնների մեջ: Հետո թենիսիստները կգան իշխանության, հետո սրանք իրենց կանոնները կմտցնեն… Սա է պրոբլեմը, որ խաղի կանոնները հարմարեցվում են կոնկրետ իրենց քաղաքական նպատակներին և առավելություններին: Մինչդեռ, նորից եմ ասում, պետք է մնար անփոփոխ: Աշխարհում հաստատված, գործող, ավանդական ժողովրդավարությունները մեկ անգամ հաստատում են խաղի կանոնները և դրանք այլևս չեն փոխում: Եվ հիմա մեզ մոտ դրանք արդեն խախտվել են. 1991թ-ից սահմանադրական կառավարման մոդելը լեգիտիմ իշխանությունների կողմից, ժողովրդի կողմից ընտրված է:

print
1,719