ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ | ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Վտանգավորության աստիճանը գիտակցելով՝ հսկողությունն ու զգոնությունը բարձր մակարդակի ենք բերել

Հարցազրույց ՀՀ Շիրակի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ ՀՐԱՅՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ հետ:

— Պարոն Կարապետյան, գաղտնիք չէ, որ մեր պատանիները սոցիալական ցանցերի տիրույթում ժամանակ շատ են անցկացնում: Վերջերս մեծ աղմուկ բարձրացավ փողոցների պատերին թելեգրամյան ալիքը մատնանշող անհասկանալի գրառումների առումով, որոնք, ինչպես պարզվել է՝ թմրամիջոցների թաքնված հայտարարություններ են… «Ֆեյսբուք»-ում հաճախացել են մտահոգություններ բարձրաձայնողներն ու սթափության կոչ անողները: Որպես մարզային կրթության պատասխանատու, ի՞նչ միջոցներ եք ձեռնարկում դպրոցներում՝ նման երևույթներից մեր երեխաներին զերծ պահելու համար:

— Դպրոցների տնօրենների, դաստիարակության գծով փոխտնօրենների, դասղեկների հետ ամենօրյա, ամենժամյա կապի մեջ ենք, նաև ահազանգերին հետևողական ենք: Տեղեկատվական միջոցառումներ ենք կազմակերպում, հանդիպումներ ունենում դպրոցների անձնակազմերի հետ, ծնողների հետ, որպեսզի բոլորս զգաստանանք, և նմանատիպ երևույթները բացառենք, որ թույլ չտանք դրանց ներթափանցումը կրթօջախ: Նշեմ, որ եթե խնդիրը կառավարելի է գյուղական համայնքներում, դպրոցներում, նույնը չենք կարող ասել քաղաքային միջավայրի մասին, քանզի և դպրոցներն են շատ, և աշակերտների թիվն է մեծ: Աշխատանք է տարվում նաև կանանց և երեխաների պաշտպանության բաժնի հետ, ոստիկանության անչափահասների գործերով զբաղվող բաժնի հետ: Ոստիկանության հետ սերտ համագործակցում ենք, որ միջոցառումներն ունենան ցանկալի արդյունքներ:

— Երբ ծնողների հետ եք հանդիպում, հետաքրքիր է, ի՞նչ արձագանքներ եք լսում:

— Չգիտեմ, ի ուրախություն, թե որպես ցավալի փաստ ասեմ, ծնողները բոլորն համոզված են, որ իրենց երեխաները նման բաների մեջ չկան, հեռու են, նման բան չկա… Իհարկե, նաև մտավախություն են հայտնում:

— Անշուշտ, յուրաքանչյուր ծնողի համար իր երեխան ամենա-ամենան է, բայց խնդիրն այն է, որ ոչ մեկս ապահովագրված չենք, նույնիսկ այն առումով, որ, ասում են, հնարավոր է թմրանյութը խառնած լինեն կարկանդակի, մաստակի կամ հյութի մեջ, ու երեխան ի՞նչ իմանա, թե իրեն ինչ են «հյուրասիրել»…

— Այդ մասին լսել եմ, սակայն ոչ մի կոնկրետ դեպք դեռ չի արձանագրվել: Իսկ եթե կա էլ, ապա ոստիկանության համապատասխան բաժնի տիրույթում է, և գաղտնի է պահվում: Ինչ վերաբերում է վերը բերված ահազանգ հնչեցնողների հայտարարություններին, ապա, եթե կոնկրետ փաստեր ունեն՝ դրանով ոստիկանությունը պետք է զբաղվի: Մենք այս պահին նման տեղեկություն չունենք: Չեմ բացառում, որ դպրոցների հարակից տարածքներում, մոտակայքերում կարող են նման դեպքեր տեղի ունենալ, բայց մեր պատասխանատվության ներքո գտնվում են կոնկրետ դպրոցների ներսը, որտեղ, ինչպես և նշեցի, ամենօրյա հսկողություն է, իսկ անձնակազմերի և ծնողների հետ զրույցներն էլ միտված են կանխարգելիչ միջոցառումների ձեռնարկմանը:

— Հասկանալի է, որ ոստիկանության հետ համագործակցում եք, իսկ պարեկային ծառայության աշխատակիցների թիվն էլ օր-օրի աճում է. հնարավոր չէ՞ փոխգործակցության մոդել մշակել, որպեսզի նրանք հսկողություն իրականացնեն դպրոցների մերձակայքերում, թեկուզ ծպտյալ աշխատակիցների ներկայություն ապահովեն, կամ տեսասարքեր տեղադրվեն:

— Ես չգիտեմ, պարեկային ծառայության պարտականությունների, գործառույթների մեջ նման աշխատանքները մտնո՞ւմ են, թե՝ ոչ, կամ ֆիզիկապես կհասցնե՞ն ներկայություն ապահովելու բոլոր դպրոցների մոտ, բայց դպրոցների մեծ մասում՝ շենքերի ներսում կամ դրսում տեսախցիկներ տեղադրված են: Անշուշտ, վտանգավորության աստիճանը հաշվի առնելով, հսկողությունն ու զգաստությունը պետք է բարձր մակարդակի բերել:

— Քանի որ մեր զրույցը իրավախախտումներից են՝ ի՞նչ տեղեկություն կտաք անչափահաս իրավախախտներից, որոնց անուններն արդեն ոստիկանության անչափահասների գծով բաժնի տեղեկատվական բազայում են: Այս առումով ինչպիսին է վիճակն ընդհանրապես:

— Շիրակի մարզի անչափահասների շրջանում խուլիգանական դեպքերի բավական ցածր ցուցանիշ ունենք: Կոնկրետ թվեր չեմ կարող նշել, բայց աշակերտական թվաքանակը վերցնելով, նշեմ. ասենք, 9-րդցիները 2000 և ավել են, և այս տարիքը անցումային է, վտանգավոր տարիքն է, իսկ 12-րդցիները մոտ 1700 են, իսկ կոնկրետ Գյումրիում վերցնելով 8-10 հազար աշակերտի մեջ չենք կարող բացառել1-2 դեպք: Խոսքը 100-200 աշակերտի մասին մասին չէ, և ընդհանրապես բացառել էլ չենք կարող:

— Դպրոցներում հոգեբան-մանկավարժներ աշխատո՞ւմ են: 

— Ոչ բոլոր, բայց հիմնականում կան, նաև սոց աշխատողներ, հատուկ մանկավարժներ, որոնք հստակ աշխատանք ունեն դեռահասների հետ: Լավ էլ արդյունավետ աշխատում են, ծանր խնդիրներ ունեցող երեխաների հետ աշխատում են, բացի այդ, ունենք աջակցման տարածքային կենտրոններ Գյումրիում և Արթիկում, որոնք համապատասխան մասնագետներ ունեն, և կարողանում են յուրաքանչյուր դպրոցի, յուրաքանչյուր խնդիր ունեցող աշակերտի հետ աշխատել: Իսկ սեպտեմբերից նախատեսվում է բոլոր դպրոցներում հոգեբան մասնագետների առկայությունը:

— Քանի որ ուսուցիչներից խոսեցինք. գյուղական համայնքներում ուսուցիչների թափուր աշխատատեղեր կան, որոնք կարծես չեն համալրվում:

— Այո, կան դպրոցներ, մոտ 24 տարբեր մասնագիտություններից միշտ թափուր տեղերի մրցույթներ են հայտարարվում, բայց չեն համալրվում: Այս խնդրի ուղղությամբ տարբեր ծրագրեր ենք իրականացնում, ԿԳՄՍ նախարարության ուշադրության տակ է, համագործակցում ենք նաև «Դասավանդիր Հայաստան» կազմակերպության հետ՝ նման բացերը լրացնելու համար, բայց դեռ խնդիրն ամբողջությամբ լուծված չէ:

— Կրթական նոր չափորոշիչներ են սպասվում, այս առումով ի՞նչ կասեք:

-Հիմնական փոփոխություններ կան. տնօրենների ընտրության, վարչատնտեսական համակարգ է ներմուծվում դպրոց, առանձնացվում է դպրոցի ուսումնական և ֆինանսական մասերը, ֆինանսական փոփոխություններ են նախատեսված, հաստիքային միավորների փոփոխություններ են սպասվում, առարկաների գնահատման չափորոշիչների փոփոխություններ են սպասվում… Սա փորձարկման փուլում է, առայժմ Տավուշի մարզն է փորձարկվում՝ որպես պիլոտային ծրագիր: Կտեսնենք բաց և թույլ, ուժեղ կողմերը, նոր կոնկրետ կխոսենք:

1,715