ՄՇԱԿՈՒՅԹ

Փառատոնից մինչեւ պարի պետական համույթ. «Շիրակի էսքիզների» 5-րդ մեկնարկն ու նպատակակետը

Մեկնարկի մասին

Բացահայտել Հայաստանում գործող լավագույն պարային համույթներին ու խմբերին՝ նպաստելով ազգային պարարվեստի զարգացմանն ու պրոպագանդմանը: Այս նպատակով 2016-ի մայիսին առաջին անգամ «Շիրակի էսքիզներ» պարային փառատոնն իր շուրջ համախմբեց Գյումրու պարարվեստի ներկայացուցիչներին ու որոշեց՝ լինել ու դառնալ ոչ թե ինքնանպատակ ու արդեն գոյություն ունցող փառատոների կրկնություն, այլ սահմանել նոր նշաձող, ունենալ հստակ վերջնարդյունքներ, ու «Շիրակի էսքիզները» դարձնել նախևառաջ գաղափար, որտեղ թիվ մեկ խնդիրը համախմբումն է ազգային պարի ու մշակույթի շուրջ։

Ընթացքի մասին

Պարային մրցույթ-փառատոնը նախ մարզայինից դարձավ հանրապետական ու իր շուրջ  համախմբեց տասնյակ պարային համույթների՝ հանրապետության տարբեր համայնքներից և մայրաքաղաք Երևանից։ Փառատոնին միացան ու շարունակեցին հավատարիմ մնալ հանրապետության տարբեր անկյուններում ազգային պարին հավատարիմ համույթները։ «Շիրակի էսքիզները» դարձավ ծանոթությունների, փորձի փոխանակման, ազգային պարարվեստը բացահայտելու և ներկայացնելու հարթակ։

Համագործակցությունների մասին

Պարային համույթների միջև ստեղծված ամուր բարեկամական ու համագործակցային կապերից բացի, «Շիրակի էսքիզներին» աջակցեցին, փառատոնը ողջունեցին ու գաղափարին միացան հանրապետության լավագույն պարային համույթների գեղարվեստական ղեկավարներն ու գլխավոր բալետմայստերները. «Կարին» ավանդական երգի-պարի համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյան, ՀՀ ՊՆ «Սարդարապատ» պարային համույթի գեղարվեստական ղեկավար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Մուրադ Հակոբյան, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Կարապետյան, «Բերդ» պարային անսամբլի գլխավոր բալետմայստեր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Կարեն Գևորգյան, Սոֆի Դևոյանի «Հոգու և պարի թատրոնի» հիմնադիր, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ Սոֆի Դևոյան ու պարարվեստի ոլորտի այլ մեծանուն ներկայացուցիչներ. նրանք բոլորը համակարծիք էին ամենակարեւորի շուրջ՝ «Շիրակի էսքիզները» միայն փառատոն չէ, այլ գաղափար ու շարժում, որին միանալը պատիվ է մանավանդ մանկապատանեկան համույթների համար։

Վերջնարդյունքների մասին

Փառատոնի յուրաքանչյուր շրջան ավարտվել է հստակ վերջնարդյունքով։ Համապատասխանաբար նվիրվելով Արցախյան քառօրյային, Խաչատուր Ավետիսյանի 90, Սայաթ-Նովայի 350 և Շերամի 160-ամյակներին՝ փառատոնի ստեղծագործական կազմը առաջադրանք է դրել մասնակից պարային համույթների առջև՝ ունենալ նոր, թեմատիկ բեմադրություններ՝ նշված կոմպոզիտորների երաժշտությամբ ու փառատոնի թեմատիկ մոտիվներով։ Արդյունքում և՛ մրցութային խմբերը, և՛ փորձագետների պարային համույթներն ու էսքիզյան շարժման մասնակիցներն հարստացրել են իրենց պարացանկը նոր բեմադրություններով։

5-րդ շրջանի մասին

Այստեղ ոչ թե կազմակերպիչ «Մանուկյան ընկերության» ներկայացուցիչներն, այլ թվերն են խոսում. հանրապետության 6 մարզերի, 10 համայքների 20 պարային համույթների շուրջ 600 հայորդիներ ապրիլի 22-ին ազգային պարեր կպարեն Գյումրու դրամատիկականի դահլիճում։ Հայաստանի պարային խճանկարը կհավաքվի մայրաքաղաք Երևանից, Կոտայքի, Տավուշի, Արարատի, Լոռու և Շիրակի մարզերի Աբովյան, Չարենցավան, Հրազդան, Դիլիջան, Գյումրի, Ստեփանավան, Վանաձոր, Ամասիա, Հովտաշեն և Ակունք համայնքներից։ Էսքիզյան 5-րդ իրարանցումը նվիրված է Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրման 100-ամյակին։

Մրցույթի մասին

Մրցույթը կանցկացվի 3 տարիքային խմբերում՝ 8-12, 12-16 և 16-ից բարձր տարիքային խմբերում: Մասնակից պարային համույթները կգնահատվեն հագուստի և երաժշտության ընտրության, բեմադրության և կատարողական վարպետության համար։ Մասնագիտական ժյուրին կնախագահի ՀՀ ՊՆ «Սարդարապատ» պարային համույթի գեղարվեստական ղեկավար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Մուրադ Հակոբյանը։ Ժյուրիի կազմում բացի փառատոնի փորձագետներից, այս անգամ կաշխատի նաև Վանաձորի «Հորովել» երգի-պարի պետական անսամբլի գլխավոր բալետմայստեր Արայիկ Գևորգյանը։ Հայտագրված յուրաքանչյուր համույթ մրցույթին կներկայանա հայկական ժողովրդական պարերի երկու կատարմամբ:

Պետական համույթ ունենալու մասին

Դեռ առաջին եթերաշրջանի ավարտին փառատոնը բեմ բարձրացրեց միասնական պարային բեմադրություն՝ «Շուշի» վերնագրով՝ նվիրված քառօրյա պայքարին։ Սա փառատոնի փորձագետների պատասխանն էր այն տարակուսանքին, թե արդյո՞ք Գյումրին այսօր ունի պարի պետական անսամբլի ներուժ։ Պարային հավաքականը բեմից ապացուցեց՝ քաղաքը կարող է և պետք է ունենա պետական անսամբլ։ Հավատարիմ որդեգրած սկզբունքին, «Շիրակի էսքիզների» փորձագետները ևս մեկ անգամ բեմ կբարձրացնեն միասնական պարային բեմադրություն. մայիսի 20-ին, 5-րդ «Շիրակի էսքիզների» գալա-համերգին դրամատիկականի բեմ կբարձրանա Հայաստանի 100-ամյա պետականության ողջ ուղին իր մեջ ամփոփող պարային ներկայացումը։ Իսկ մինչ այդ, ապրիլի 22-ին մրցանակային հորիզոնականների համար կպայքարեն մրցութային համույթները։

ԼԻԼԻԹ ԹՈՎՄԱՍՅԱՆ