ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Փողոցաշինական ծրագրերը շարունակվում են

Հարցազրույց Գյումրու քաղաքապետ ՍԱՄՎԵԼ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻ հետ:

Պարոն քաղաքապետ, Ձեր տարեվերջյան ասուլիսին՝ ելնելով անցնող տարվա արդյունքներից, բոլորս բավական ոգևորված էինք, նոր տարվան էինք սպասում՝ նորանոր ծրագրեր կյանքի կոչելու հույսով: Սակայն մեր կյանքը, ինչպես և ամբողջ աշխարհինը՝ կիսվեց թագաժահրից առաջ և հետոյիԻ՞նչ բացթողնված ծրագրեր կնշեք, որոնք, թերևս, առայժմ անհնար կլինի իրագործելը:

– Ծրագրերն իրենց շարունակությունն ունեն: Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկի (ՎԶԵԲ), Համաշխարհային բանկի, սուբվենցիոն, ինչպես նաև տեղական միջոցներով ծրագրերը կշարունակվեն նաև այս տարի:  ՎԶԵԲ ծրագրի շրջանակներում երկու լոթերով մրցույթներն արդեն կայացել են, առաջիկայում պարզ կլինեն նաև շինարարները: Առաջիկայում կսկսենք մոտ 13կմ ճանապարհի շինարարական աշխատանքները: Առաջին լոթի աշխատանքները երևի մինչև հունիսի 20-ը կկարողանանք սկսել: Մագիստրալ փողոցներ են ընդգրկված այդ լոթում՝ Օզանյան փողոց, Կարսի խճուղի, Կարսի խճուղի 1-ին նրբանցք, Տեր-Գաբրիելյան փողոց, Այգաբաց 4-րդ շարք: Երկրորդ լոթը ևս պատրաստ է: Դա իր մեջ ընդգրկում է Տերյանից մինչև Գորկի փողոց, և Մուսաելյան փողոցից մինչև Հաղթանակի պողոտա ընկած հատվածը, որը հիմնականում մտնում է Կումայրի արգելոց թանգարանի մեջ: Երրորդ լոթը կունենանք մի քիչ ավելի ուշ: Այս պահին նախագծման աշխատանքներ են ընթանում: Այս լոթում ևս ընդգրկված են շատ կարևոր փողոցներ՝ Շարա Տալյան փողոցը, Կայարանամերձ հրապարակը, որը միացնելով Տիգրան Մեծ փողոցին՝ կունենանք շատ գեղեցիկ հրապարակ, որն իր հերթին տուրիզմի զարգացման մեջ իր լուրջ դերակատարությունը կունենա: Մեծ թվով զբոսաշրջիկներ նաև գնացքներով են գալիս Գյումրի, սա ևս մեկ խթան է տուրիզմի զարգացմանը: Սուբվենցիոն ծրագրով մոտ 16 փողոցի նախագծերն ունենք պատրաստ, մինչև մայիսի 26-ը ներկայացնելու ենք մարզպետարան, մարզպետարանն էլ՝  ՀՀ կառավարություն: Երևի մինչև հունիսի կեսերը սուբվենցիոն ծրագրերը կհաստատվեն և կկարողանանք սկսել այդ փողոցների շինարարությունը սուբվենցիոն ծրագրերով:

Փողոցաշինական ծրագրերը կոնկրետ ե՞րբ կվերսկսվեն և ի՞նչ ժամկետներում եք նախատեսում՝ ավարտին հասցնելը:

– Այս պահին համայնքային բյուջեի միջոցներով փոսալցման աշխատանքներ են իրականացվում: Անցած տարվա սուբվենցիոն երկու ծրագրերով «Գծի հետև» կոչվող թաղամասում, Մայր Հայաստան հուշահամալիրի տարածքում: Սուբվենցիոն ծրագրով նաև Մուշի հրապարակը ունենք, որը կարծես կույրաղիք դարձած լինի բոլորիս համար: Հիմա շինարարին հանձնարարել ենք թերությունները վերջնական վերացնի և, ի վերջո, կարողանանք ունենալ գեղեցիկ հրապարակ: Եթե մինչև մայիսի վերջ շինարարը թերությունները չվերացրեց, իրավաբանորեն կտանք այդ հարցի լուծումը: Արդեն հանձնարարել եմ, որ այդ հրապարակի համար նստարաններ, աղբամաններ գնենք՝ կահավորենք հրապարակը: Ինչպես արդեն նշեցի, ՎԶԵԲ ծրագրով հունիսին կմեկնարկեն 2-րդ փուլի առաջին լոթի աշխատանքները: Մենք, իհարկե, նորից մի քիչ նեղություն կտանք մեր բնակիչներին, բնականաբար կլինեն նաև բողոքներ, բայց կփորձենք տեղավորվել ամառային այս շրջանի և մինչև նոյեմբեր ամիսը խնդիրներ չունենանք:

Քաղաքաշինական ինչպիսի՞ ծրագրեր կարող են դեռ կյանքի կոչվել:

– Իհարկե, դժվար ժամանակներ են, բայց չեղարկված ծրագրեր այս պահին չունենք: Այս պահին խնդիրը կոմունիկացիոն համակարգերի բացակայությունն է երկրների միջև, մարդիկ չեն կարողանում գալ ու գնալ: Տեսեք, լոգիստիկ կենտրոնի ծրագրի շարունակության համար հիմա Իսրայելի հետ կապեր չլինելն է: Ծրագրի ներկայացուցիչները Իսրայելից չեն կարող գալ, կառավարության հետ, էկոնոմիկայի նախարարության հետ քննարկվել է ծրագիրը, մարտ ամսին պետք է շինարարությունը սկսեինք, բայց կորոնավիրուսի պատճառով հետաձգվեց: Մի քանի օր առաջ մենք շատ մեծ մի ծրագրի մասին ենք քննարկում ունեցել, բայց այս պահին դրա մասին բարձրաձայնել չեմ ուզում:

Գյումրիում մեծ թափ էր առել տուրիզմը: Տարին համարյա կիսվում է, կարանտինի հետևանքով չեղարկված են շատ գործառույթներ. Դուք ինչպիսի՞ լուծում եք առաջարկում:

– Իհարկե, 2019 թվականին Գյումրին աննախադեպ թվով տուրիստներ ընդունեց տարբեր երկրներից: Այլ պետությունների հետ հիմնականում տուրիստական  հոսքերը կանգ են առել և ես վստահ եմ, որ այս տարի ներքին տուրիզմի զարգացում կլինի, ինչը նկատելի կլինի երևի թե մի քանի օրից: Գյումրին այսօր տուրիզմի ոլորտում բավական ռեյտինգային քաղաք է, անգամ Forbes ամսագրում ունեցանք մեր տեղը և ակնկալում էինք տուրիստական մեծ հոսքեր, բայց այս իրավիճակում ես մեծ հույս ունեմ, որ ներքին տուրիզմը կզարգանա: Մարդը չի կարող նույն տեղում անընդհատ մնալ, հատկապես այն մարդը, ով սիրում է ման գալ, իր հաճույքի համար կգա, կշրջի մեր գեղեցիկ քաղաքի գեղեցիկ փողոցներով:

Ներդրումային ծրագրերից խոսենք, որոնք իրագործելի են:

– Համաշխարհային բանկով ունենք ծրագիր: Կարևոր մի ծրագիր է, որի նախագծային աշխատանքներն են այս պահին ընթանում: Համաշխարհային բանկի ծրագրով վերականգնելու ենք Աճեմյան փողոցից սկսած մինչև Տերյան փողոց, Կենտրոնական հրապարակ, որի մի մասը ասֆալտապատում, մի մասը մանրաքարեր է նախատեսված, Ջիվանու հրապարակ, Ամենափրկիչ եկեղեցու լուսավորություն, եկեղեցու հետևի հատվածի վերականգնում: Բարեկամության այգու հետ կապված 1,5 մլն դոլարով աջակցելու են, որպեսզի այդ կոմունիկացիոն մասին առնչվող աշխատանքները իրականացվի պետության աջակցությամբ, իսկ մնացած ներդրումը կատարելու է IDEA հիմնադրամը: Երևի թե մի քիչ կձգձգվի շինարարությունը, բայց հրաշք այգի ենք ունենալու այդ թաղամասում, որը շատ կարևոր է:

print
1,938