ՀԱՅՐԱՔԱՂԱՔ

«Քաղաքում ով քարը քարին է դնում՝ իմ աչքի լույսն է»

Մարդկային արժանիքները բնութագրելիս փորձում ես ընտրել լավագույն խոսքեր, բնորոշիչ արտահայտություններ, սակայն երբեմն զգում ես, որ խոսքերը չեն կարող նկարագրել մարդու ողջ կերպարն ու առանձնահատկությունները, և այստեղ դասականն է օգնության հասնում. «Մարդու գործն է միշտ անմահ»… Հիմա խոսքն այն մարդու մասին է, ով երեկ էլ, այսօր էլ, և դեռ վաղն էլ մեր կողքին է, իսկ հետո, շատ հետո, նրա մասին կխոսեն ու կպատմեն նրա գործերը:

Շինարար Վարդան կամ տուն շինող Վարդան

… Խոսքը գյումրեցի շինարար Վարդան Հովհաննիսյանի մասին է: Նա ողջ կյանքի ընթացքում կառուցել է՝ Գյումրիում իր հետևից թողնելով շուրջ հարյուր շինություն, և նրան ժողովուրդը կոչել է Շինարար Վարդան: Երբ երկրաշարժից հետո Վարդանին հրավիրում են, որպեսզի ապամոնտաժեն կարի գործարանի շենքը, նա հրաժարվում է՝ ասելով. «Այսքան տարի ես շինել եմ, ու ինձ գյումրեցիք շինարար են կոչել: Հիմա ի՞նչ կասեն մարդիկ, եթե տեսնեն՝ ես կքանդեմ: Ուզում եք, որ ինձ տնաքա՞նդ կոչեն»:

Երկրաշարժից հետո, երբ շատերը հույսները կտրած կամ հեռանում էին քաղաքից, կամ արհավիրքից շվարած՝ մի անկյուն էին քաշվել, ընդամենը մեկ ու կես ամիս անց այն ժամանակ 40-ամյա Վարդան Հովհաննիսյանը որոշեց տուն կառուցել: Ո՞վ կամ ո՞ւմ մտքով կանցներ, թե այդ ժամանակ դա հնարավոր է: Բայց արի ու տես, որ հնարավոր էր. «Բերեցի մեքենայի անիվներ, շրջանակով շարեցի, որ հողը ուշքի գար՝ սառուցը հալվեր, ու 1989 թվականի փետրվարի 1-ին ես տան հիմքը գցեցի»,- պատմում է Վարդան Հովհաննիսյանը: Այդ օրվանից անցել է 30 տարի, բայց ոչ թե այդ օրը հետևում է թողել, այլ տրամաբանորեն շարունակվել է: «Ես շատ ուրախացա, որ իմ օրինակը ուրիշներին թև տվեց, ինձ նայեցին ու իրենք էլ սկսեցին կառուցել: Ես ամեն մի շինության համար ուրախանում եմ»: Հարցնում եմ՝ իսկ քաղաքի դիմագիծը պահպանվո՞ւմ է, մենք ախր հին քաղաք ունենք, կոլորիտային… Մի պահ լռում է, ասում է. «Փառք Աստծո՝ կառուցվում է: Այս քաղաքում յուրաքանչյուր ոք, ով քարը քարին է դնում՝ իմ աչքի լույսն է: Մեկ-մեկ շեղվում են, բայց դե, ի՞նչ արած, ճաշակ է… Էլի եմ ասում, կարևորը, որ կառուցում են: Իմ ձեռագրում Գյումրին կպահպանի իր կոլորիտը: Կարծում եմ, մինչև կյանքիս վերջին օրվան հասնելը կտեսնեմ, որ քաղաքս լրիվ կառուցված է, ու ոչ մի տնակ չի աղավաղի նրա դիմագիծը»:

Շնորհանդես

Փետրվարի 1-ին Գյումրու Գեղագիտական կենտրոնում կազմակերպվել էր շնորհադես՝ նվիրված Շինարար Վարդանի՝ երկրաշարժից հետո առաջին շինության հիմքը դնելու 30-ամյակին: Ներկա էին քաղաքի հայտնի շինարարներ, հարգարժան մարդիկ, բայց քաղաքային ու մարզային իշխանությունից ոչ մեկը չկար՝ բացառությամբ Շիրակի մարզպետարանի հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սամվել Գրիգորյանի և Խաչատուրի, ովքեր եկել էին, թերևս, ոչ որպես մարզային իշխանության ներկայացուցիչներ, այլ որպես հասարակ գյումրեցի:

Շնորհանդեսը վարում էր գրող Գագիկ Վարդանյանը, որը դեռևս երեք տարի առաջ ընթերցասերի դատին էր հանձնել Շինարար Վարդանի մասին պատմող գիրքը: Իր խոսքում նա ասաց. «Այսօր մենք հավաքվել ենք ոչ միայն վարպետ Վարդանի պատվին, այլ Գյումրու վերածննդի կապակցությամբ, որովհետև հարգարժան Վարդանն առաջին քարն այս օրը 30 տարի առաջ դնելով՝ ազդարարեց քաղաքի վերածննդի սկիզբը: Մի խոսք կա. «Ասիր՝ գնաց, գրիր՝ մնաց»: Ես շատ հպարտ եմ, որ Վարդան Հովհաննիսյանի մասին պատմող գրքույկի հեղինակն եմ, քանզի այն կմնա, կպահպանվի, ու գալիք սերունդները, երբ կուզենան քաղաքի որևէ շինության մասին տեղեկություն իմանալ, կբացեն գիրքը, ու կկարդան այն մարդու մասին, ով քաղաքի կառուցման գործում մեծ ջանք ու եռանդ է ներդրել»:

Գագիկ Վարդանյանը մի դրվագ էլ պատմեց. «Երբ դպրոցական էի ու անցնում էի թատրոնի մոտով, տեսա՝ ինչ-որ միջոցառում է, որը նվիրված էր վաստակավոր մանկավարժներ՝ Ցոլակ Հայկազյանին, Հրայր Քալաշյանին, Լյուսա Նորյանին և Ֆլորա Քալաշյանին: Պատկերացնում եք՝ այդ օրվանից որքան խորությամբ է իմ մեջ տպավորվել այն: Որովհետև դա մարդկանց արածի, վաստակի, գնահատանքի համար կազմակերպված միջոցառում էր: Եվ այսօր էլ, որ մենք այստեղ ենք, վարպետ Վարդանին հարգանքի տուրք տալու առիթով է: Ինչպե՞ս չգովաբանես մի մարդու, ով այն ժամանակ երիտասարդ էր, եռանդով լի, ու մյուսների նման չթողեց հեռացավ քաղաքից, այլ որոշեց ու սկսեց կառուցել»: Ապա նկատեց, որ մենք այդպես էլ չսովորեցինք մարդու վաստակն ըստ արժանվույն գնահատելը, խոսքն, իհարկե, ղեկավար խավին է վերաբերում: «Այսօր որքան հեշտ է կանչել մարդուն ու ստորագրել նրա աշխատանքից կրճատելու դիմումի տակ… Իսկ այդ մարդու տարիների վաստա՞կը, մի՞թե դժվար է թեկուզ մի փոքր միջոցառում կազմակերպելը, մարդուն մի երկու ջերմ խոսք հղելը, ծափահարելը… Էլ ուրիշ բան պետք չէ: Այ, հենց դրա համար էլ իմ մեջ պահպանվել է այն անցած-գնացած օրերի վաստակավոր մանկավարժների գնահատանքի միջոցառումը: Ու որոշել եմ, որ մեր քաղաքի տարբեր բնագավառներում մեծ վաստակ ունեցող մարդկանց համար գնահատման երեկոներ ու միջոցառումներ կազմակերպել: Դա շատ կարևոր է: Իսկ մենք՝ գյումրեցիներս, մեր ընկերոջը գնահատող, մարդուն հարգող ենք»:

Շատերն էին ուզում իրենց սրտի խոսքն արտահայտել: Բժիշկ-նյարդաբան Արտյոմ Կյուրեղյանը նաև ասմունքեց, ապա դիմեց Շինարար Վարդանին. «Ես հպարտանում եմ Ձեզանով: Ձեր կյանքի անցած ուղին սերունդների դաստիարակության ինքնատիպ օրինակ է»:

Մեկ այլ շինարար՝ վարպետ Հովհաննեսը, ընդգծեց Շինարար Վարդանի բնավորության առանձնահատկություններից մեկը. «Վարդանի մարդկային հատկանիշները շատ բարձր են, ու նա այն կիսում է մյուսների հետ՝ Իիր հետ աշխատողներին, բրիգադին է փոխանցում: Գաղտնիք չէ, որ արհեստավորները համարյա բոլորը ծխում են, ու համարյա բոլորի մոտ էլ ծխախոտի մնացուկով լի է, բայց Վարդանի կողք-բոլորը երբեք նման բան չեք տեսնի. նրանց շուրջ բոլորը ավլած, մաքրած է: Շնորհակալ եմ վարպետ Վարդանից, որ ինքը պահպանել է քաղաքի կոլորիտը: Ով ամակ ունի որևէ բանի վրա, նույնքան էլ սրտացավ է, Վարդանը սրտացավ ու հոգատար է մեր հարազատ քաղաքի համար»:

Քարտաշ Վաղինակ Խանզատյանը նկարագրեց վարպետ Վարդանին, ում հետ, իր խոսքով՝ բախտ է ունեցել աշխատելու. «Վերին աստիճանի պահանջկոտ՝ թե՛ մաքրության, թե՛ որակի: Շինարարի չգրված ավանդույթը պահպանող. առաջին քարը դրեց, պիտի բրիգադին պատիվ տա, առաջին բետոնը լցրեցին՝ պիտի պատիվ տա: Սաղ բանվորներին կուրախացներ: Էլ չեմ խոսում նրա վարպետության, նրա աշխատանքային փորձի մասին: Մենակ մաքրության համար իրեք հատ մարդ կպահեր. կողքերը պտի մաքուր էղնիր, մէ պապիրոսիմ կտոր տեսնիր, կսաստեր, թե ըսիկ ի՞նչ է, վերցրեք գցեք զիբիլը… Ու ինքն էլ էր այդպիսին, որ կպահանջեր, ինքն էլ կվերցներ աղբը ու կգցեր աղբամանը. մենակ մէ 15 հատ զիբիլի վեդռո կառներ, կշարեր»:

Գագիկ Վարդանյանը մի դեպք էլ պատմեց. «Զույգաղբյուրի տարածքում վարպետի շինբրիգադն էր աշխատում: Տղեքը մի օր հարցրեցին, թե էդ շինարարներն ո՞վ են: Ասի՝ ի՞նչ կա: Բա թե՝ ա՜յ քեզի բան, ըդպես բան չէինք տեսել. ամեն օր՝ առավոտից-իրիկուն, սուս-փուս, առանց շուխուռի, առանց անշնորհքության, առանց հայհոյանքի ու աղմուկի՝ աշխատում են: Սա վարպետի ևս մեկ առանձնահատկություններից է, որ փոխանցել է իր բրիգադի աշխատակիցներին: Մեկ այլ դրվագով էլ, վարպետ Վարդանն ասել է. քանի դեռ աշխատողի քրտինքը չի չորացել, պիտի մարդու աշխատավարձը տաս, վարձահատույց պիտի լինես: Սա է, որ նրան յուրահատուկ է դարձնում»:

Սամվել Գրիգորյանն էլ մարզպետարանի դեմքը փրկելու համար, կառույցի կողմից երախտագիտության խոսքեր փոխանցեց վարպետ Վարդանին, ապա որպես համաքաղաքացի, ընկեր ու բարեկամ, իր երախտագիտությունն արտահայտեց. «Ես ու մեր շատ համաքաղաքացիներ վստահաբար կարող ենք Ձեր կառուցած տներում բնակվել, որովհետև համոզված ենք, որ ոչ մի բալային աստիճան չի կարող այն խարխլել: Եվ լիահույս եմ, որ վարպետ Վարդանն իր մասնագիտական կարողությունները կփոխանցի հետնորդներին, որպեսզի հետագայում էլ քաղաքը սրտով կառուցող վարպետների պակաս չունենա»:

print
907