ՄՇԱԿՈՒՅԹ

«Օհ, Փարիզ, Փարիզ՝ Գրան Պրիզ»

Անգամ պանդեմիայի շրջափուլում մշակութային Գյումրին միջազգային հարթակից մրցանակ է բերում. ֆրանսիական Vocal City միջազգային փառատոնի շրջանակներում, 55 երկրների մասնակիցների շարքում, խստապահանջ ժյուրիի ընտրությամբ, Գրան-Պրի մրցանակը եկավ Գյումրի: Իսկ այդ մրցանակի ստանալու հրճվանքը մեզ պարգևեց երգչուհի ԱՆԻ ԲԵԿՋԱՆՅԱՆԸ (Անի Բեկ):

Անի, նախ, իհարկե, շնորհավորում ենք: Կպատմե՞ս, այդ ինչպե՞ս

– Փարիզում ամեն տարի անցկացվում է Vocal City երգի մրցույթ-փառատոն: Աշխարհի բոլոր ծայրերից ակադեմիական երգիչները գալիս են Փարիզ ու ներկայանում բավական ծանրակշիռ ժյուրիին: Այս տարի 55 երկրներից էին մասնակիցները: Այս տարի, քանի որ ճանապարհները փակ էին, ապա նույն փառատոնը անցկացվեց օնլայն հարթակում: Մենք մեր տեսաձայնագրություններն էինք ուղարկել, իսկ ժյուրին, մոտ մեկ ամսվա լսումներից հետո հնչեցրեց գնահատականը:

Դու տեղյա՞կ էիր այդ փառատոնից, ինչպե՞ս ստացվեց, որ որոշեցիր մասնակցել:

– Ես պատահական իմացա այդ փառատոնի մասին: Պատրաստված գործ ունեի, ասի՝ ուղարկեմ, ինչ որ եղավ… Հուլիսի 20-ին էր, էլեկտրոնային հասցեիս նամակ եկավ, որ ես հաղթահարել եմ անցողիկ շեմը: Հավատացեք, դա ինձ համար արդեն ցնցող էր, որովհետև այնտեղ այնպիսի մասնակիցներ կային, ինչպիսիք էին Լոնդոնի արքայական ակադեմիայից, Լա Սկալայից… Ինձ համար համարյա օլիմպիական մասնակցություն էր… Իսկ հուլիսի 22-ին նամակ ստացա, որ արժանացել եմ Գրան-Պրիի…

Անկեղծ ասա, քանի՞ անգամ կարդացիր նամակը

– (Ծիծաղում է)… Հենց առաջին բառը կարդացի՝ Գրան-Պրի, միանգամից «Փարիզ-ԳրանՊրիզ» արտահայտությունը միտքս եկավ: Անկախ ինձանից ծիծաղում էի: Իհարկե, նաև արձանիկի տեսքով մրցանակ ունեմ, որը որոշ ժամանակ հետո կհասնի ինձ: Առայժմ նամակով ուղարկված «Պատվոգրով» եմ բավարարվում:

Ի՞նչ էիր ներկայացրել և ի՞նչ շարունակություն կունենա:

– Շարունակությունն այն է լինելու, որ մրցույթի կազմակերպիչներն ինձ ասացին, որ իրենց հետ կապի մեջ մնամ մինչև լավ օրեր՝ սահմանների բացվելը: Խնդրեցին, եթե ֆրանսերենով երգեր ունեմ, ապա այն ուղարկեմ իրենց: Իսկ ներկայացրել էի Բախ՝ «Չարչարանքներ ըստ Մաթթեոսի»՝ Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ: Այն վաղուց էր տեսաձայնագրված, դեկտեմբերի 7-ին էինք ներկայացնելու: Եվ այն ինձ հաղթանակ բերեց: Մեկ այլ մրցույթ էլ ունեն, որը երաժշտության ուսուցիչներին է վերաբերում. որոշել եմ Գյումրու Կարա-Մուրզայի անվան երաժշտական դպրոցի կողմից մասնակցել:

print
507