ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ֆելիքս Գրիգորյան. «Գենոֆոնդի պահպանումը՝ ազգային առաջնահերթություն»

Չգիտեմ, ինչպես կոչել այն գենոֆոնդային աղետը, որը պարբերաբար բաժին է հասնում հայությանը…

Շատ հեռուն չգնալով` աղետալի երկրաշարժը, դրանից հետո շարունակվող պատերազմական և անկախացման ծանր տարիները բացասական ազդեցություն ունեցան ծնունդների ազգագրական տվյալների վրա՝ պակասեցնելով այն շուրջ եռակի: Դրան պետք է ավելացնենք նաև երկրից հարյուր հազարների հասնող արտագաղթը:

Վերջին 10-15 տարում ծննդաբերության ցուցանիշն աստիճանաբար ստացել էր դրական դինամիկա և հույս էր տալիս, որ մեր գենոֆոնդը ոչ միայն կվերականգնվի, այլ` նույնիսկ որոշ հեղինակավոր մարդկանց հաշվարկներով, առաջիկա 20 տարում Հայաստանում կունենայինք մոտ 10 միլիոն ազգաբնակչություն: Սակայն, ինչպես ասում են, ուրբաթը շաբաթից շուտ եկավ. այս պատերազմում ազգը կորցրեց հազարավոր պատանիներ և երիտասարդ տղամարդկանց: Այս կորուստը մեր սակավամարդ հանրապետության համար ահռելի կորուստ է և չի կարող իր խիստ բացասական ազդեցությունը չունենալ ազգագրական տվյալների վրա:

Եղավ այն՝ ինչ եղավ, սակայն հիմա անհետաձգելիորեն պետք է հանձն առնվեն միջոցներ՝ գենոֆոնդը պահպանելու և զարգացնելու համար:

Այսօր ծննդօգնությունը հանրապետությունում գտնվում է պետության հովանու ներքո և անվճար է: Հղիության առաջին օրվանից մինչև ծննդաբերություն և հետծննդյան քառասունք մայրացած կնոջ  առողջական բոլոր պատահած խաթարումները բուժվում է պետական պատվերի շրջանակներում՝ անվճար: Պետությունը յուրաքանչյուր նորածնի համար տրամադրում է որոշակի ֆինանսական աջակցություն՝ տարբեր մեծության, նայած, թե ընտանիքի թվով որ երեխան է: Բացի այդ, այս տարի բնակարանային ապահովման համար հիպոթեկային վարկային պայմաններում ևս միջոցառումներ մտցվեցին՝ ի նպաստ բազմազավակ ընտանիքների: Մի խոսքով, այս ամենը, իհարկե, շատ գովելի է, սակայն ոչ բավարար, մանավանդ վերը նշածս իրավիճակը՝ պատերազմում ունեցած կորուստները հաշվի առնելով, արդեն իսկ խիստ հրամայական է դառնում ազգաբնակչության թվի ավելացման համար նորանոր խթանիչ, գրավիչ միջոցների կիրառումը:

Պատկան մարմինները պետք է մտածեն, միգուցե ընդօրինակեն, ձեռնարկեն այնպիսի միջոցներ, որոնք էապես կխթանեն ծննդաբերությունները: Այդպիսի խթաննրից կարող են լինել ինչպես զուտ ֆինանսական նպաստների չափերի կրկնակի կամ եռակի ավելացումը, այնպես էլ կենցաղային այլ պայմանները բարելավող միջոցառումները, բնակարանային վիճակի բարելավումը, ընդհուպ, ասենք, կոմունալ վճարների տոկոսային իջեցնելը, իսկ բազմազավակների համար անգամ անվճար դարձնելը: Կարելի է և բազմազավակ հայրերին որոշակի արտոնությունների տրամադրում, կամ նման ընտանիքներին, օրինակ, հանրային տրանսպորտից անվճար օգտվելը, պետական հարկերի տոկոսների նվազեցումը և այլն: Պետք է ավելացնել միայնակ մայրերին տրվող ինչպես նյութական, այնպես էլ զուտ քաղաքացիական արտոնությունները: Այդպիսի կանայք պետք է օգտվեն մոր և մանկան համար նախատեսված պետական առողջարաններից և հանգստյան տներից: Առաջնահերթ պետք է բարելավվեն այդպիսի ընտանիքների կենսապայմանները:

Այնպիսի իրավիճակում ենք հայտնվել, որ լինելով հավատավոր քրիստոնյա, ԱԶԳԱԴԱՎ կամ ՀԱԿԱՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ չեմ կարող համարել նաև այնպիսի գլոբալ որոշումը, որը կոչված կլինի թեկուզ ժամանակավոր՝ բազմակնության օրենքի ընդունումը հանրապետությունում:

Վերադառնալով Գյումրու ծննդատանը, ավելի ճիշտ, Գյումրու բժշկական կենտրոնի ծննդօգնության բաժանմունքին, ի՞նչ կարող է անել այն. նախ՝ կշարունակի ծննդօգնության հաստատված միջոցառումները: Կանայք, որոնք այս պատերազմում կորցրել են զավակ և գտնվում են այն տարիքում, որ կարող են երեխա ունենալ (հոգեբանական, սթերսային վիճակի բարելավումից հետո… անգամ, չեմ բացառում՝ բարելավման համար, ինչպես եղավ երկրաշարժից հետո), կարող են դիմել ծննդատուն՝ մինչև հղիանալը պարզելու իրենց առողջական վիճակը, անցնել մանրակրկիտ հետազոտություն բոլոր օրգան-համակարգերի ներկա վիճակի վերաբերյալ՝ մանկաբարձ-գինեկոլոգների ուղեկցմամբ… անվճար: Այնուհետև, հղիության ողջ ընթացքը կհսկվի բարձր ռիսկի հղիների հսկողության ծննդատան կոնսուլտացիայում: Ծննդաբերությունը և հետծննդաբերական շրջանը դարձյալ կանցկացվի բարձր մասնագիտական մակարդակով՝ մեր ծննդատանը:  Հետծննդյան շրջանի հսկողությունը կիրականացվի տանը՝ ծննդատան աշխատակիցների այցելությունների միջոցով:

Երրորդ և հաջորդ ծննդաբերող կանայք իրավունք կստանան անվճար օգտվելու վճարովի հիվանդասենյակների ծառայություններից: Այս նորածինները կստանան նորածնային փաթեթներ և նորածնային սայլակ՝ անվճար:

Ազգի գենոֆոնդի աճն ու պահպանումը բոլորիս սրբազան գործն է:

ՖԵԼԻՔՍ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Մանկաբարձ-գինեկոլոգ
ՀՀ վաստակավոր բժիշկ
Գյումրու պատվավոր քաղաքաց

print
305