ՄՇԱԿՈՒՅԹ

Ֆրանսերենով ու կարիբյան ռիթմերով  «Սասնա Ծռեր» էպոսը հայաստանյան հյուրախաղերից հետո կբեմադրվի Ֆրանսիայի քաղաքներում

Ապրիլի 13-19-ը Հայաստանում Ֆրանկոֆոնիայի շաբաթվա ընթացքում ֆրանսիական «Սաթե-Աթղը» թատերական միությունը ներկայացրեց «Սասնա Ծռեր» էպոսի երաժշտական բեմադրությունը՚ ֆրանսերեն լեզվով և աֆրիկյան երաժշտության ռիթմերով: Ներկայացման հայաստանյան հյուրախաղերն իրականացվում էին Հայաստանում  ֆրանսիական դեսպանատան միջոցով:

Թատերական ներկայացման բեմադրիչը Սաթե Խաչատրյանն է, ով պատմում է, որ «Սաթե-Աթղը» թատերական միությունը 2013 թվականին ստեղծել են ամուսնու՝ Էդգար Մանուկյանի հետ, ով արդեն 20 տարի Ֆրանսիայում է բնակվում։ Ի սկզբանե նպատակը մեկն էր, ստեղծել մի ոճ, որով կկարողանան տարբերվել մյուս թատերական խմբակներից:

Թատերախմբի առաջին նախաձեռնությունը եղել է Թումանյանի հեքիաթների բեմադրությունը, որոնք խաղացել ու մինչև օրս էլ խաղում են ֆրանսիական տարբեր քաղաքներում։ Չնայած ներկայացումները բեմադրվում են ֆրանսերենով, հարակից պաստառին էլ հայկական գլխագրերով, սակայն միախառնված  է նաև հայերենը և հայկական երգ-երաժշտությունը։

Հայկական հեքիաթների ներկայացումը հիմք է հանդիսացել բեմ հանելու  հետո «Սասնա Ծռեր» էպոսը. Ներկայացված էր «Սանասար և Բաղդասար» գլուխը որպես ամփոփում, «Մեծ Մհեր» և «Սասունցի Դավիթ» գլուխները: Սաթէն չէր անդրադարձել «Փոքր Մհեր» գլխին, որովհետև խռոված էր նրա խռովությունից: Նա ասաց՝ եթե մի օր համակերպվի այդ ամենի հետ և հասկանա Փոքր Մհերի քայլը, գուցե բեմ բարձրանա նաև «Փոքր Մհեր» գլուխը:

Սաթէ Խաչատրյանը նշեց՝ իր դերասանները, լինելով օտարերկրացիներ, շատ հավանեցին էպոսը:

– Թատերախումբը կազմված է 6 արտիստից, ազգային պատկանելիությունը խիստ բազմազան է. Ես և Լիլիթը հայեր ենք, Մեծ Մհերին և Սասունցի Դավթին մարմնավորող Ռոբբա Բիասի Բիասին՝ Կոնգոյից, Ձենով Օհանի դերակատարը՝ Յաննիկ Լուին՝ Գվադելոպից, իսկ ավագ և կրտսեր Մելիքներինը՝ ֆրանսիացի Պիեռ-Ամբեր Պոտիեն,- ասաց «Սաթէ-Աթղը»-ի հիմնադիրը՝ ավելացնելով,- բազմիցս նշել եմ՝ Սասնա էպոսն առաջին հերթին ընկալում եմ իբրև գեղարվեստական ստեղծագործություն, այնուհետև որպես ռեժիսոր, հետո նոր ինձ օգնել է իմ հայ լինելը, որպեսզի բացահայտեմ որոշակի շերտեր, բեմադրությճան միջոցով կարողանամ ցույց տալ մեր ազգի մշակույթը. ներկայացումը բազմալեզու մշակույթների երկխոսություն է:

Բեմադրության մեջ Մեծ Մհերի և Սասունցի Դավիթ կերպարը մարմնավորող կոնգոցի դերասան Ռոբբա Բիասսի Բիասսին ասում է, որ մեծ ոգևորությամբ ու սիրով է մարմնավորում իր կերպարը, ու կարծում է, որ շատ գովելի է մշակույթի միջոցով տարբեր ազգերի միավորումը, անձամբ իրեն հայկական մշակույթի հետ ծանոթությունը շատ է օգնել։ Գվադելուպայից Յանիկ Լուին, ով մարմնավորում է Ձենով Օհանին, պատմում  է, որ Էպոսը մեծ ազդեցություն է թողել իր վրա, քանի որ ինքն էլ չափերով փոքր երկրից է, որին մյուս պետությունները անընդհատ փորձում են իշխել ու ենթարկեցնել իրենց։ Խոսելով իր մարմնավորած կերպարի մասին, չի մոռանում շեշտել, որ չնայած կերպարը փոքր ինչ վախկոտ է ու զվարճալի, միաժամանակ նաև շատ քաջ է, և մտահոգվում է Սասունի բարեկեցության համար, վերջիվերջո համոզելով, որ ամեն ինչից վեր ու ամեն ինչից կարևոր Սասնա հողն է, ու Սասունցիների ազատությունը։

Հանդիսատեսը շատ տպավորված էր, թե ինչպես են տարբեր երկրներից հայկական էպոսի շուրջ միավորված դերասանները աֆրիկյան շարժումներով ու հայկական բարբառով 1000 ողորմի կանչում Սասնա Մհերին, Դավթին ու էպոսի բոլոր հերոսներին: Հայաստանյան հյուրախաղեից հետո սեպտեմբեր-հոկտեմբերին էլ բեմադրությունը կներկայացվի ֆրանսիական Վիեն, Գրենոբլ, Բուրգ-Լե-Վանանս և Լիոն քաղաքներում: Իսկ նոյեմբերին թատերախմբի  «Ես զինվոր եմ կրում» ներկայացման առաջնախաղն է՝ նվիրված Արցախյան 44 –օրյա պատերազմին:

Նիկոլ Մարգարյան

Ազատուհի Հովակիմյան

 

 

 

 

 

print
350