2022-2023 թվականներին Գյումրու Անի և Ավստրիական թաղամասերի հարևանությամբ կառուցվելու է «Ամերիկյան թաղամաս»՝ կայուն զարգացման տեսլականով էկոավան։ Նախատեսվում է երեք տիպի տներով, ամերիկյան արվարձանային բնակավայրերի նմանությամբ կառուցապատում: Նախագիծն իրականացվում է «Համահայկական կոնգրես» կոնսորցիումի «Էկոավանների կառուցապատման ծրագրի» շրջանակներում։
Ամերիկյան թաղամասի կառուցապատումն իրականացնում է «Վեստ Հաուս» շինարարական ընկերությունը։ Տները կառուցվում են կանադական տեխնոլոգիայով՝ SIP վահանակներից (structural insulated panel-կառուցվածքային իզոլացված վահանակ), ինչն ապահովում է ամրություն, էներգախնայողություն, արագ կառուցապատում։ Կարկասային տեխնոլոգիայով է կառուցվում աշխարհում առանձնատների բացարձակ մեծամասնությունը, այդ թվում՝ Կանադայում՝ 97%, ԱՄՆ-ում՝ 95%։
Առանձնատները կառուցվում են երկաթ-բետոն հիմքով (ջերմամեկուսացված սկանդինավյան հիմք): SIP վահանակներով պատերը 17,4 սմ հաստությամբ են, որի էներգախնայողությունը հավասար է 2,7 մետրանոց աղյուսե պատի նույն ցուցանիշին։ SIP վահանակներով տան կարկասը հնարավոր է կառուցել հաշված օրերի ընթացքում։ Օրինակ՝ Հարավային բևեռում ամերիկյան արկտիկական կայանը կառուցվել է SIP վահանակներով, իսկ Հարավային բևեռում ջերմաստիճանը կարող է նվազել մինչև մինուս 60-70 աստիճան։ Երեսպատումն արվում է աղյուսային թերմովահանակներով` 3 սմ հաստությամբ։
Պարիսպները կառուցվում են հիպերմամլված աղյուսից։ Ներկայացված կոնստրուկցիայով կառուցվող տունը դիմանում է մինչև 9 բալ ուժգնությամբ երկրաշարժի։ Ստանդարտներին համապատասխան կառուցված տան շահագործման ժամանակահատվածն 100 տարի ու ավելին է։ Տները ձեռք բերելու համար կարող եք օգտվել «Համահայկական կոնգրեսի» 25 տոկոսի չափով համաֆինանսավորման դրամաշնորհից։ Այլ մանրամասների՝ տների գներին, պայմաններին կարելի է ծանոթանալ կառուցապատողի կայքէջում` http://gyumri.info:
Զրուցեցինք սոցիալական ձեռներեց, «Համահայկական կոնգրես» կոնսորցիումի «Էկոավանների կառուցապատման ծրագրի» Գյումրու համակարգող Արմեն Բադալյանի հետ: «Մենք կառուցապատման լավագույն փորձը փորձում ենք ներմուծել Հայաստան: Մինաս Ավետիսյան փողոցի վերջում տարածք ունենք գնված մասնավորից: Հարակից տարածքները քաղաքապետարանը աճուրդի է դնելու, և որի պոտենցիալ գնորդ ենք հանդիսանում: Մոտ 25 առանձնատուն, 15 թաունհաուս է նախատեսվում առաջին ձեռք բերված հողատարածքի վրա: Հարակիցում ևս այդքան: Շարունակությունը՝ ըստ պահանջարկի: Որպեսզի ճանապարհածախսը բարձր չստացվի, SIP վահանակների արտադրությունը տեղում է կազմակերպվում. հումքի ներմուծումն իրականացվում է Եվրասիական միությունից՝ հիմնականում Ռուսաստանից, և շինանյութն արտադրվում է տեղում: Սա շահույթ չհետապնդող նախագիծ է, որի ղեկավարն է «Համահայկական կոնգրես» բարեգործական կոնսորցիումը: Այն ունի մի շարք նախագծեր՝ շինարարական, բիզնեսի զարգացման, լրատվական: Դրամաշնորհային ծրագրով համաֆինանսավորում է տրամադրվում այն բնակչին, որն ուզում է ձեռք բերել կառուցվող առանձնատունը կամ տուն «թաունհաուսում»: Եթե դրամաշնորհը հաստատվում է, ապա տեղի կառուցապատման գների հետ համեմատ՝ էժան է ստացվում. այս դեպքում տան 1քմ հավասար է 135 հազար դրամ, մինչդեռ ինքնարժեքով 180 հազար է»,- ներկայացրեց Արմեն Բադալյանը: Ըստ նրա՝ արտարժույթի տատանումները չեն ազդի գնային քաղաքականության վրա, քանզի ամեն ինչ մանրազնին հաշվարկված է:
Արմեն Բադալյանի խոսքով, ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակներից առաջնահերթը՝ ոչ աղքատությանն է: Եվ թաղամասը որդեգրելով այդ սկզբունքը, իր թաղամասի բնակչին միայնակ չի թողնի. օրինակ, եթե բնակիչը աշխատանք է կորցնում, ապա թաղամասի կառավարչական մարմնի միջնորդությամբ աշխատանք է գտնում, կամ օգնում են սեփական բիզնես սկսելուն և զարգացնելուն, կամ համատեղ նախագիծ կիրականացնեն. «Այսինքն, մենք սոցիալական պատասխանատվություն ենք կրում յուրաքանչյուր բնակչի բարօրության համար: Սա նոր մտածողություն է, նոր մթնոլորտ, միջավայր: Սա զուտ բիզնես-նախագիծ չէ: Մի քանի տեղ նման նախագծեր իրականացնելով, մենք կշարունակենք հայկական գաղթօջախներում: Ցանցային ֆորմատով աշխատող համակարգ է լինելու: Սա հավելյալ օղակ է լինելու համահայկականության գաղափարի զարգացման և իրացման համար: Բիզնեսի զարգացման ծրագրեր ունենք, որի արտահանման-ներմուծման կազմակերպման ծրագրով կհեշտացնի առևտրաշրջանառությունը: Այսինքն, Հայաստանում որակյալ արտադրանքի ստեղծում, արտահանման կազմակերպում: Եթե մեր տեղական արտադրանքները իրացվում են հիմնականում Ռուսաստանում, ապա մեր միջնորդությամբ կարող է ընդլայնվել արտահանման արեալը: Մենք, ցավոք, չենք օգտագործում մեր Սփյուռքի հնարավորությունները»:
Արմեն Բադալյանն օրինակ է բերում. «Ընդունենք Չեխիայում մեր գաղթօջախի ներկայացուցիչը, որը զբաղվում է բիզնեսով, կամ ինչ-որ վայրում է աշխատում, տեղում կապ է ապահովում, Հայաստանի մեր բիզնեսմենը, որը որակյալ արտադրանք ունի, բայց տարածման խնդիրը չի կարող լուծել, մենք օգնում ենք, որպեսզի նրա ապրանքանիշը փիառվի, գովազդվի, Չեխիայի մեր բիզնեսմենի հաստատած գործընկերների միջոցով ապրանքը տարածվի: Սա վաճառքի մասով… Նաև կօգնենք տեղափոխման այլ ճանապարհներ գտնելու և այլ հարցերում»: Մեկ այլ օրինակով, քանի որ բարձր է գնահատվում հայկական գյուղատնտեսական էկո մթերքները, ապա ինչո՞ւ գյուղական համայնքներում չստեղծել որևէ ապրանքահոսք, մաքուր, էկո արտադրանքը բրենդավորել, գովազդել պահանջվող վայրում և տեղ հասցնելով՝ վաճառել այն: