Հարցազրույց Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի տնօրեն ՎԱՀԱԳՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ հետ:
— Պարոն Ղուկասյան, ստեղծագործող երիտասարդներին տեսնելով, մարդու սիրտը հրճվանքով է լցվում, քանզի հասկանում ես, որ կյանքն այնքան էլ չի խրվել վիրտուալ իրականության մեջ, տեխնոլոգիական արվեստից զատ դեռ ապրում և արարում են իրական կյանքում: Շատ հետ չգնալով, ինչպե՞ս կարողացաք թոթափել համաճարակի շրջանը:
— Վերջին 2 տարիները շատ բարդ էին ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ աշխարհի համար: Դուք ճիշտ եք, երբ խոսում եք կյանքի կարծես վիրտուալիզացման մասին. տեսեք, գեղարվեստի ակադեմիայի 7 մասնագիտական բաժիններից 6-ը տեսական չեն, այլ կատարողական արվեստ են ներկայացնում: Տեսականն ինչ-որ տեղ կարելի էր օնլայն անցկացնել, բայց մյուսները… Սակայն համաճարակի ժամանակահատվածն ինչ-որ տեղ հնարավորություն էր թերություններն ու բացերը առերևույթ հասկանալու, վերաիմաստավորելու համար: Մենք այդ հատվածում մեր ֆոնդերը թվայնացրեցինք: Գեղարվեստի ակադեմիայի 25 տարիների ընթացքում աշխատակազմը մի շատ կարևոր քայլ է արել՝ լավագույն ուսանողների լավագույն ստեղծագործությունները և դիպլոմային աշխատանքները պահպանել է ֆոնդերում և ցուցադրել հետագա սերունդներին: Ֆոնդայնացման կարևոր գործն արվել էր, սակայն թվայնացում՝ ոչ: Մենք սոցիալական կայքերում էջեր բացեցինք, մեր գործունեությունը ներկայացրեցինք, հանրայնացրեցինք արվեստի գործերը, շրջանավարտների հետ մշտական կապի հնարավորություն ստեղծվեց:
— Ակադեմիայում ուսանելու ցանկություն հայտնողներից էլ խոսենք:
— Համաճարակի տարում մենք ունեցել ենք ամենաքիչ ուսանողների թիվը, սակայն 1,5 տարվա ընթացքում կարողացանք շտկել այդ և ֆինանսական վիճակը, և հիմա ուսանողության թվի բավական աճ ունենք: Հպարտորեն նշեմ, որ 2021-22թթ. ուսումնական տարվա մագիստրոսական կրթական աստիճանում ունեցանք քառորդ դարի պատմության մեջ ամենամեծ թվով մագիստրոսական ուսանողների ընդունելություն: Դա խոսում է այն մասին, որ իրենց ընտրած արվեստի ճյուղում ավելի ուղղորդված ու խիստ մասնագիտական ուղղվածություն վերցրած ուսանողներ են, սա խոսում է մեր բարձր վարկանիշի մասին, կերպարվեստի բնագավառի և հանրության մոտ մեծ վստահության մասին: Բացի այդ, միշտ տպավորություն կա, թե կերպարվեստի բուհերը շատ ծախսատար են և միշտ ֆինանսական խնդիրներ են ունենում: Այլ մասնագիտությունների պարագայում կարող է 60 հոգանոց լսարանին մեկ դասախոս դասավանդել, իսկ մեր պարագայում կարելի է ասել, որ մեկ ուսանողին 1-ից ավել կամ նույնիսկ մոտ 10 դասախոս է անհրաժեշտ: Սա նորություն չէ, միշտ էլ այդպես է եղել: Այդ իսկ պատճառով մեր ռազմավարությունն այնպես կազմեցինք, որ ֆինանսական հոսքերը միայն ակադեմիայի ծախսերը հոգալու վրա չգնային, այլ մշակութային միջոցառումների կազմակերպման, ուսանողների վարձավճարների զեղչման, կամ տարբեր դրամաշնորհային արվեստների պրոյեկտների իրականացման, կրթաթոշակային ծախսերի, նոր ֆոնդերի, լաբորատորիաների թարմացման համար և այլն:
— Լսարաններն անհրաժեշտ պարագաներով հագեցա՞ծ են:
— Այնպիսի ժամանակներ են, որ ունեցածով չես կարողանա տասնամյակներով յոլա տանել, ժամանակակից տեխնոլոգիաների անհրաժեշտություն կա: Օրինակ, ունենք դիզայնի և հագուստի մոդելավորման մասնագիտություն, որն անընդհատ պահանջում է նոր տեխնիկաներ, նոր հագեցվածություն: Սկսեցինք տարբեր դրամաշնորհային ծրագրերի մասնակցել: «Հայկական Կարիտասի» հետ համագործակցության արդյունքում դարձանք Հայաստանում ամենականաչ բուհը, և փորձում ենք տարածաշրջանում լինել նաև ամենա ուսանողակենտրոն բուհը. ողջ ջեռուցման ծախսերն ապահովում ենք արևային և ֆոտովոլտային կայաննների միջոցով: Այդպիսով մեծ գումարները, որոնք պիտի գնային կոմունալ ծախսերին, մենք հասցնում ենք ապահովել և հավելյալ գումարներն ուղղորդել նոր լաբորատորիաների հիմնադրմանը: Բացի այդ, ամենականաչ ասելով նաև նկատի ունենք, որ արվեստն ու բնությունն իրար հետ փոխկապակցված են: Անցյալ տարվանից սկսել ենք ակադեմիայի բակի վերականգնման աշխատանքները: Երկրաշարժից հետո բակում ժամանակավոր կացարանում բնակվողներ կային, և հիմա հաջողվել է մեր բակը ազատել, կամաց-կամաց վերականգնել, վերջնարդյունքում կվերածվի արվեստային բակի՝ իր քանդակներով, արվեստի գործերով, կանաչապատ դիզայնով, որը բաց կլինի նաև հասարակության համար: Որակի կենտրոնի և արտաքին կապերի միջոցով անընդհատ փորձում ենք մեր ուսանողներին հասցնել տարբեր միջազգային և հայաստանյան մրցույթների: Իսկ ինչու ամենաուսանողակենտրոնը. բացի մրցույթներից, միջազգային հարթակների միջոցառումներից ու ցուցահանդեսներից, մենք նաև խոշոր կրթաթոշակային դրամաշնորհներ ենք անում: Օրինակ, դոկտոր Հայկ Սարգսյանի կրթաթոշակը (նա Ամերիկայում բնակվող ծնունդով գյումրեցի դեղագործ է), ով ամեն տարի 10 ուսանողի ուսման վարձերն է ֆինանսավորում:
— Իսկ 25-ամյակի կապակցությամբ մե՞ծ միջոցառում է նախատեսված, Լորիս Ճգնավորյանն ու այլ հայտնի հյուրե՞ր են գալու:
— Նա խոստացել է նոր ուսումնական տարին սկսելուն պես գալ: 25-ամյակին նվիրված ոչ թե մեկ, այլ միջոցառումների շարք ենք նախատեսել կազմակերպել. այլ քաղաքներում ցուցահանդեսներով ներկայանալ, հագուստի մոդելավորման բաժնի ցուցադրություններով, կլինեն ուսանողների, նախկին շրջանավարտների, դասախոսների արվեստի գործերի ցուցահանդեսներ, վարպետության դասեր, մայրաքաղաքում, Գյումրիում մեծ ցուցահանդեսներ և այլն: Նաև նախատեսում ենք նոր լաբորատորիաների հիմնում, վերազինում, համակարգչային գրաֆիկայի լաբորատորիա, հագուստի մոդելավորման և դիզայնի լաբորատորիայի վերազինում, դեկորատիվ կիրառական արվեստի լաբորատորիայի, գունավոր մետաղի լաբորատորիայի վերազինում և այլն:
— Լինելով երիտասարդ, և ղեկավարելով կրթական համակարգ, հաշվի առնելով ժամանակակից կյանքի պահանջները՝ կրթական մոդելը համապատասխանո՞ւմ է ժամանակին:
— Շատ ճիշտ եք: Հայաստանում մշտապես խոսում ենք, որ բարձրագույն ոլորտում շատ առումներով գիտելիքները տեսական բնույթ են կրում, երբ առնչվում են աշխատաշուկան ու գիտելիքները, շատ առումներով չեն համընկնում: Հայաստանում գործում է այսպես ասած՝ որակի կենտրոն, որը 5 տարին մեկ բուհերը լիցենզավորման կարգով է անցկացնում, ինչն առիթ է, որ դու անընդհատ թարմացնես քո ծրագրերը: Օրինակ, եթե քանդակագործը կամ գեղանկարիչն առաջ համակարգչի հետ չէր շփվել, հիմա առանց դրա գործն առաջ չի գնա: Մեր կրթական ծրագիրը եթե պատկերավոր բացատրեմ, ստացվում է՝ տեսական գիտելիքից մինչև արվեստային պրոդուկտ և շուկային ուսանողին պատրաստելը: Օրինակ, հագուստի մոդելավորման բաժնին կից մենք ստեղծեցինք նորաձևության լաբորատորիա, որպես սթարթափ, այն հնարավորություն է տալիս ուսանողին իր դիզայնով կարված հագուստը վաճառքի հանել կամ տեքստիլ արտադրողի հետ կապեր հաստատել՝ արտադրանքը հասցնել շուկա:
— Կարծում եմ կոպիտ չի հնչի, եթե հարցնեմ՝ մենք արվեստագետի որակ ունեցող ուսանողներ ունե՞նք. Ձեր կողմից անձի մատնանշելը չեմ ակնկալում, այլ իմաստային առումով:
— Ինչ խոսք, հազարը կարող է սովորեն, բայց մեկը արվեստագետ դառնա: Բայց գեղարվեստի ակադեմիայում ստացած կրթությունը նախ գեղագիտական ճաշակն է զարգացնում, կյանքին համահունչ բարձրաճաշակ քաղաքացի է պատրաստում: Մենք նոր նախագիծ սկսեցինք, որն ենթադրում է կարճամետրաժ տեսահոլովակներ, որոնք պատմում են մեր բուհի ուսանողների հաջողությունների մասին, և արձագանքներից էլ նկատեցինք, որ շատերը կայացած են արվեստի բնագավառում: Հպարտորեն պիտի նշեմ, որ մեր բուհը կայացած է իր պրոֆեսորադասախոսական կազմով, ունենք բազմաթիվ պրոֆեսորներ, դոցենտներ, արվեստի, մշակույթի վաստակավոր գործիչներ… Մեր մոտ շատ լավ է ստացվում սերնդափոխությունը: Այսօր ունենք շրջանավարտ, որ Բրազիլիայի անվանի թանգարանում է ցուցադրվում… Ցոլակ Թոփչյան, Արման Թադևոսյան, Սարգիս Հովհաննիսյան, Գոհար Սիմոնյան, որոնք տարբեր երկրների ցուցասրահներում են ցուցադրվում, տվել ենք շրջանավարտներ, որոնք այսօր ղեկավարում են թանգարաններ, հիմնադրամներ Հայաստանում և դուրս, ունենք շրջանավարտներ, որոնք ստեղծել են իրենց բրենդները, օրինակ, Արտակ Գյոդակյանը, որը գունավոր մետաղների մշակմամբ է զբաղվում, ում դիզայներական գործերը մինչև ամերիկաներ են հասել: Նրանք կայանում են և կայացնում են մեզ: Գեղարվեստի ակադեմիան մշակույթների պահպանման և տարածման, ինչու չէ, հանրայնացման շատ կարևոր դերակատարում ունի: