ՍՊՈՐՏ

Գյումրիի «Հայասա»-ն կրկին նվաճեց չեմպիոնական տիտղոսը

Մայիսի 26-ին Գյումրու ֆուտբոլի ակադեմիայում կայացավ Ֆուտբոլի Հայաստանի կանանց բարձրագույն խմբի 2021-2022թթ. առաջնության վերջին հանդիպումը՝ «Հայասա» (Գյումրի) — «Արարատ-Արմենիա» (Երևան) թիմերի միջև: Խաղն ավարտվեց «Հայասա»-ի ֆուտբոլիստուհիների հաղթանակով ՝ հակառակորդի դարպասն ուղարկելով 20 անպատասխան գնդակ: Արդյունքում՝ «Հայասա»-ն կրկին հռչակվեց Հայաստանի չեմպիոն: Շնորհավորում ենք մեր թիմին, ակումբի նախագահին, մարզիչներին, երկրպագուներին:

Հանդիպման ավարտին, երբ չեմպիոններին մեդալների և գավաթի հանձնման արարողությանն էին պատրաստվում, «Շրջապատը» զրուցեց Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի կանանց ֆուտբոլի բաժնի պետ Լիլիթ Մուրադյանի հետ: Վերջինիս գնահատմամբ, «Հայասա»-ն լուրջ հաջողություններ է գրանցում. «Թիմը շատ լավ ֆուտբոլիստներ ունի, և մենք մեծ հույսեր ենք կապում թիմի հետ, որ օգոստոսի 18-21-ին կայանալիք ՈւԵՖԱ-ի կանանց 2022-2023 չեմպիոնների լիգայի մրցաշարին բարձր մակարդակով հանդես կգան: Թիմը զարգանալու, առաջ գնալու մեծ պոտենցիալ ունի»:

Մեր հարցին, թե ՀՖՖ-ն որքանով է օգնում, աջակցում կանանց ֆուտբոլին, պատասխանատուն ասաց, որ նախկինում էլ են օգնել՝ թե դրամաշնորհների տեսքով, թե ամեն հարցում՝ ընդհանրապես կանանց ֆուտբոլի զարգացման համար, ինչն իրենց հնարավորությունների սահմաններում է: «Հայասա»-ի հաջողության գրավականն անշուշտ թիմի կանոնավոր մարզումներն են, լավ ներդրումներն են, փորձառու ֆուտբոլիստներն են, ովքեր ավելի ու ավելի են զարգանում: Շիրակի մարզը մեծ պոտենցիալ ունի կանանց ֆուտբոլի զարգացման գործում: Բոլոր տարիքային խմբերում առաջնություններին Շիրակի մարզն ունի ներկայացուցիչներ, նաև հավաքականի կազմում նրանց թիվը քիչ չէ: Նրանց լավ մասնակցությունը մասսայականության վրա ունի իր դրական ազդեցությունը: Շիրակից մյուս թիմը՝ «Շիրակ»-ն է, որն հանդես է գալիս առաջին լիգայում»,- ասաց Լիլիթը:

Թիմի գլխավոր մարզիչ Սենիկ Առաքելյանը գոհ է թիմից, հպարտորեն նշում է որ առաջնության 16 խաղերից 14-ում հաղթել են խոշոր հաշվով, խփել են ընդհանուր 130 գոլ, սեփական դարպասն ընդունելով ընդամենը  3-ը: «Դառնալով Հայաստանի չեմպիոն՝ «Հայասա»-ն իրավունք նվաճեց հանդես գալու ՈւԵՖԱ-ի կանանց 2022-23 Չեմպիոնների լիգայի մրցաշարին: Հունիսի 24-ին կայանալու է վիճակահանությունը և մենք կիմանանք մեր մրցակիցներին և որտեղ ենք խաղալու»: Հարցին, թե հնարավո՞ր է, որ մեր դաշտում էլ հանդիպումներ կայանան, Ս.Առաքելյանը ներկայացրեց, որ իրենք հայտ են ներկայացրել ՈւեՖԱ-ին և վիճակահանության օրը պարզ կլինի: