ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Երեխաներին ընտանիք վերադարձնելու կառավարության որոշումն իրեն արդարացրել է

2019թ. դեկտեմբերի 1-ից, ըստ կառավարության որոշման, փակվեցին Գյումրիի երեխաների խնամքի կենտրոնները: Ըստ պատասխանատուների՝ երեխաները պետք է մեծանան ընտանիքներում՝ ցերեկային ու ճգնաժամային կենտրոնների աջակցությամբ։ Նման որոշման կապակցությամբ շատ դժգոհություններ հնչեցին՝ թե՛ խնամքի կենտրոններում գտնվող երեխաների ծնողների, թե՛ գիշերօթիկների տնօրենների ու աշխատակիցների կողմից:

Այժմ ի՞նչ վիճակ է տիրում այս ոլորտում, արդյո՞ք կառավարության որոշումը ճիշտ էր, խնամքի կարիք ունեցող երեխաների և նրանց ծնողների կյանքը ինչպե՞ս փոխվեց. այս և այլ հարցերի շուրջ զրուցել ենք Շիրակի մարզպետարանի Ընտանիքի, կանանց և երեխաների պաշտպանության բաժնի պետ ԼԻԼԻԹ ԳՈՐԳԻՆՅԱՆԻ հետ:




Տիկին Գորգինյան, շուրջ 3 տարի է անցել կառավարության որոշման կիրարկումից. նկատի ունեմ գիշերօթիկի երեխաներին ընտանիքներ վերադարձնելու գործընթացը: Հետաքրքիր է լսել Ձեր գնահատականները այս գործընթացի վերաբերյալ և իմանալ՝ արյդո՞ք ընտանիքներում բարեփոխումներ եղան՝ ինչպես խոստանում էր կառավարությունը:

— Գործընթացը սկսվել է 2019թ. դեկտեմբերից և դեռ ընթացքի մեջ է, բայց ես ինձ իրավունք եմ վերապահում ասելու, որ դա, իրոք, ճիշտ որոշում էր, ինչին հենց սկզբից քննադատաբար էինք մոտենում: Որովհետև բոլորիս մտահոգությունն այն էր, որ սոցիալական վատ վիճակում գտնվող ընտանիքներին ի՞նչ աջակցության պարագայում հնարավոր կլիներ դա արդարացնել: Բայց մասնագիտական թիմով՝ պետություն, հասարակական կազմակերպություններ, մասնագետներ,  իրականացրեցինք անհատական աշխատանքներ յուրաքանչյուր երեխայի, ընտանիքների հետ՝ տունայցեր, երեխաների կարիքների խորքային գնահատում, անհատական զրույցներ, ծնողների հետ ինտենսիվ կապ: Այս աշխատանքների արդյունքում մենք ունենք այն իրավիճակը, որ երեխան անհամեմատ ավելի երջանիկ է ընտանիքում, և ծնողներն անհամեմատ ավելի երջանիկ են, որ երեխաներն իրենց մոտ են: Սա հուզական տեսանկյունից… Իսկ մյուս տեսանկյունից՝ երեխաներն ուղղակի ընտանիք չեն վերադարձվել և այդքանով վերջ: Յուրաքանչյուր ընտանիքի կարողությունների գնահատմամբ կազմվել է անհատական միջամտության պլան, այդ ընտանիքներում իրականացվել են տարաբնույթ աշխատանքներ՝ սկսած տան վերանորոգումից, վերջացրած նոր մասնագիտությունների ձեռքբերմամբ, և այդ մասնագիտությունը կյանքում իրականացնելու գործիքների և այլնի տրամադրմամբ, որպեսզի ծնողը կարողանա ձեռք բերած մասնագիտությամբ գումար վաստակի: Երկու գիշերօթիկ հաստատություններից 71 ընտանիքի հետ ենք աշխատել, նաև «Թռչունյան տան» չպլանավորված լուծարման հետևանքով այդ խնամքի տան 108 երեխաներն էլ հայտնվեցին, այսպես ասած՝ դրսում: Վերջինիս դեպքում իրականացվեց զտում. գիշերային բաղադրիչով 53 երեխաներից նրանք, որոնք բարձր ռիսկայնության մեջ էին, տեղափոխվեցին Նանսենի անվան խնամքի կենտրոն: Այս պահին դեռևս գիշերօթիկից ընտանիք չվերադարձած մոտ 16 երեխա կա Նանսենում, որը կարծես դարձավ կենտրոն՝ խիստ բարձր ռիսկայնության երեխաների համար: Իհարկե, այս հաստատությունն հիմա անվանափոխվել է ՇՄ «Երեխայի և ընտանիքի աջակցության» ՊՈԱԿ՝ ճգնաժամային կենտրոնի: Այստեղ երեխաներ ենք ընդունում ողջ հանրապետությունից:

Կմանրամասնե՞ք, հատկապես ինչպիսի աջակցության մասին է խոսքը:

— Այդքան երեխայի հետ իմ անհատական զրույցների բոլոր փակագծերն անշուշտ չեմ կարող բացել, բայց ինքս իմ մեջ համոզվեցի, որ գուցե գիշերօթիկներում երեխաների տեղերը տաք է եղել, սնունդը ժամանակին, խնամքը լավ է եղել, հոգատար են եղել, հագուստ է տրվել, դասապատրաստում, խմբակներ են եղել, ինչը տանը կարող է և չլինել, բայց եղել է այնպիսի վիճակ, որ երեխան իրեն հոգեպես միայնակ է զգացել, ուզեցել է ծնողի կողքին լինել: Մեր մարզում շատ բարդ իրականացվեց այս ծրագիրը, չնայած ողջ հանրապետությունում էլ ժամանակահատվածը համընկավ Քովիդի և պատերազմի հետ: Այն բոլոր բարեգործական գումարները, որոնք ենթադրվում էր ուղղել այս ծրագրի իրականացմանը, ուղղվեցին բանակին, առաջնային ծրագրերին, բայց դրանով հանդերձ, մենք ճգնաժամային իրավիճակներ չենք ունեցել, մասնագիտական խումբը շատ ճիշտ գնահատումներ է իրականացրել, բոլոր այն երեխաները, ովքեր վերադարձվել են, այսօր էլ ընտանիքներում են: Իհարկե, ընտանիքներում հետագայում նոր խնդիրներ էլ են առաջանում, ինչպես և մեր բոլորի ընտանիքներում, բայց այն պլանավորածները, որոնք մենք իրականացրել ենք, ընթացքի մեջ են, իսկ նոր խնդիրների մասին իրազեկում են Միասնական սոցիալական ծառայություններին: Հաջողված ծրագրերից նշեմ. ունենք, որ ծնողը ոչ մի մասնագիտություն չի ունեցել, բայց նոր մասնագիտություն ձեռք բերելով, հիմա կար ու ձև է անում, և իրենց թաղամասում գումար է վաստակում այդ մասնագիտությամբ: Մեծ մասի ընտանիքներում իրականացվեցին վերանորոգման աշխատանքներ՝ պատուհանների, դռների փոփոխումներ, սանհանգույցի, խոհանոցի, նախամուտքի, բնակարանի վերանորոգում, ջրատաքացուցիչի տեղադրում և այլն: Տեսեք ինչ ստացվեց. խոշոր հաշվով, եթե երեխան մի քանի տարի էլ մնար հաստատությունում ու հետ վերադառնար տուն, այստեղ իրավիճակի պատկերը նույնը մնացած կլիներ, իսկ հիմա և ընտանիքի պայմանը, կենցաղը փոխվեց, և երեխայի, նրանք էլ, ովքեր կարողացան եկամուտ ստանալ, նրանց կյանքը փոխվեց: Գյուղական համայնքում ապրողներին կով, հավ, խոզ տրամադրվեց, խթանվեց այն ամենը, ինչը նորմալ դեպքում, բոլորի նման, ընտանիքը պիտի ապրուստը կազմակերպեր: Ծրագիրը ավարտված չէ, դեռ ընթացքում է: Բայց այն, որ հոգեբանական տեսանկյունից, այդ վերամիավորումն իսկապես դրական արդյունք տվեց՝ դա անժխտելի է:

Ես հիշում եմ, որ հոգաբարձու ընտանիքների ինստիտուտը ևս պիտի գործարկվեր:

— Այո, խնամատարության ընտանիքներ որպես այդպիսիք պիտի լինեին, բայց չեղան: Ըստ էության, գիշերօթիկում մենք նման երեխաներ չունեինք, որ խնամատար ընտանիքի անհրաժեշտություն զգացվեր, մյուս դեպքում էլ ծնողները չէին համաձայնի, որ երեխան այլ ընտանիքի խնամքին հանձնվեր:

Ձեր պաշտոնի մյուս բաղադրիչից էլ խոսենք, մանավանդ, մեր քաղաքին ահասարսուռ մի դեպք ցնցել էր. ընտանեկան բռնության մասին է խոսքը:

— Ընդհանրապես ընտանեկան բռնության դեպքերի ահազանգերն առաջինը ստանում են ոստիկանական ծառայությունները: Մենք կարող ենք օգնել նման ընտանիքի, եթե այդ ընտանիքը ցանկություն  է հայտնում, երբ կինը բարձրաձայնում է, երբ հայտնում է, որ այլևս միայնակ չի կարողանում հաղթահարել, կա վախ, սպառնալիք: Մենք նրանց ուղղորդում ենք, որ հոգեբանական աջակցություն ստանան, որ հաղթահարեն վախը, կարողանան ինքնուրույն ոտքի կանգնել, քանզի տնտեսապես անկախ չեն, իսկ այն կանայք, ովքեր ինքնուրույն ապրել, երեխա պահել չեն կարող, ուղղորդում ենք, որ կարողանան ինքնուրույն գումար ստեղծել ու երեխա պահել: Խնդիր է նաև օթևանը, երբ բռնարար ամուսնուց կինը կախման մեջ է մնում գնալու այլ տեղ չունենալու պատճառով, այս դեպքերում օգնության են հասնում ապաստարանները, որոնց տեղն ու վայրը գաղտնի են պահվում, մինչև համապատասխան բնակության վայր գտնելը: Հիմա, ի դեպ, բռնաճնշումների ենթարկվելու դեպքում կանայք բարձրաձայնում են, թիվ չեմ կարող ասել, բայց որ ընտանեկան բռնության դեպքեր շատ ունենք՝ ունենք… Հատկապես մեծ են ճնշումները գյուղական ընտանիքներում: Միակ բռնության տեսակի մասին, որ տվյալ չունենք՝ սեռականն է, բայց, ցավով պիտի նշեմ, որ տվյալի բացակայությունն ընդամենը մենթալիտեդի հետ է կապված, որ հանկարծ հասարակական ճնշման ու քննադատության թիրախի չվերածվեն: