Հարցազրույց Գյումրու համայնքապետի առաջին տեղակալ ԴԱՎԻԹ ԱՌՈՒՇԱՆՅԱՆԻ հետ:
— Պարոն Առուշանյան, քանի որ Դուք երկար տարիներ զբոսաշրջության ոլորտում եք, ապա զրույցը սկսենք հենց այդ բնագավառից:
— Այո, զբոսաշրջությունն ինձ համար հոբբի է: Եթե մի քանի տարի ետ գնանք, ապա կարելի է արձանագրել, որ Գյումրի զբոսաշրջիկների հաճախելիությունը շատ ցածր էր: Այն թափ առավ քաղաքի պատմական միջուկի մեկ փողոցի վերակառուցումով և վարչապետ Նիկոլ Փաշինյանի մեկ լայվով, որին հարյուր հազարավորներ էին հետևում: Դրան հետևեց Գյումրիում մեծ միջոցառումների կազմակերպումները…Անկախության տոնը, Գյումրու ծնունդը, որին երկրի առաջին դեմքերն էին մասնակցում, և այլ նմանատիպ միջոցառումները, որոնց շնորհիվ Հայաստանի քաղաքացիների մոտ Գյումրու հանդեպ հետաքրքրությունը մեծացավ: Ինչ խոսք, եթե Քովիդը չլիներ, ապա ավելի մեծ արդյունքներ կգրանցեինք, սակայն հանուն արդարության, չեմ կարող չմատնանշել, որ նաև դրա շնորհիվ ներքին տուրիզմին մեծ թափ հաղորդվեց: Իմ համոզմամբ, փոխաբերական իմաստով՝ Գյումրիում զբոսաշրջության համար մեծ կրակ է վառվել, և իր մեջ եթե փայտ չգցենք, կհանգչի: Իսկ այս բնագավառի, ոլորտի մասնագետները թե՛ անհատական, թե՛ որպես կազմակերպություն, աշխատանք տանելով, ամեն օր այդ խարույկի մեջ կրակը պահպանում էին: Ի վերջո, ներգնա տուրիզմի ուղղությունները, որոնք ժամանակին կային, մարդիկ հոգնելու էին և այլ ուղղություններ էին փնտրելու, իսկ Գյումրին ամենալայն հնարավորություններն ուներ դրա համար:
— Այո, մանավանդ թեկուզ իմ անձնական ուսումնասիրությունից գոնե ինձ համար պարզ էր դարձել, որ հայաստանյան տուր—օպերատորներն իրենց նախագծած տուրերում ասես շրջանցում էին Գյումրին, Շիրակի մարզը…
— Հիմա Գյումրին ասես դարձել է տրենդային՝ մոդայիկ, մոդայիկ է դարձել Գյումրիի պատմամշակութային կոթողների մոտ լինելը, լուսանկարվելը, սոցիալական տարբեր կայքերում հրապարակելը, Գյումրվա խոհանոցի տված բարիքները համտեսելն ու գովազդելը: Եվ, ինչպես փոխաբերական իմաստով օրինակ բերեցի վերևում, պետք է վառված խարույկի մեջ շարունակաբար փայտ գցվի՝ հետաքրքիր ու գրավիչ առաջարկներով հանդես գալով:
— Տարիներ առաջ Գյումրին ունենալով հարուստ կենսագիր՝ զբոսաշրջության զարգացման տեսանկյունից դուրս էր մնացել, դա էլ քիչ էր, փակվել էին պաշտոնական՝ քաղաքային ու մարզային բաժինները, որոնք պետք է զբաղվեին զբոսաշրջության զարգացմամբ: Հետագայում մարզային կառույցը արտասահմանյան գրասենյակի միջնորդությամբ վերսկսեց իր աշխատանքը, և հիմա էլ, փաստորեն, քաղաքային կառույցում արդեն նման բաժնի աշխատանքների կազմակերպում է նախատեսվում: Հուսամ՝ այն ոչ միայն ներքին տուրիզմի վրա կկենտրոնանա, այլև արտաքին տուրիզմի խթանմանը կնպաստի:
— Այո, Արտաքին կապերի և զբոսաշրջության բաժին ունենալը կարևոր է, որը մեծ ու փոքր ծրագրեր կկազմի, կառավարության ծրագրեր կբերի, փառատոներ կկազմակերպվեն, որոնք ոչ միայն ներքին տուրիզմին միտված կլինեն, այլև համընդհանուր գաղափար կունենան: Օրինակ՝ գինի և արվեստ:
— Գինի՞… միգուցե գարեջո՞ւր… Չէ՞ որ մենք գարեջրի տեղական արտադրություն ունենք:
— Այո, շատերն այդ հարցը կտան… Գյումրի-գարեջուրը հայտնի է, ուղղակի չուզեցինք, որ մարդկանց մոտ թյուր տպավորություն ստեղծվի… գիտեք ինչու… Փառատոները մենք կազմակերպելու ենք «Էվենտուրա» միջազգային ստանդարտներին համապատասխանող կազմակերպության հետ, որը Հայաստանում ամենախոշոր ցուցահանդեսներ է կազմակերպել, պրոֆեսիոնալ, երկար տարիների փորձ ունեցող ընկերություն է: Մեր պայմաններից մեկն այն է, որ փառատոնը լինելու է Գյումրունը, ամրագրված օրով, այդ փառատոնն ունենալու է իր լոգոն, իր բրենդը, չի լինելու ասենք, հաջորդ տարի Վանաձորում կամ այլ մարզում: Որոշումն արդեն կայացված է: Աշխարհի ցուցահանդեսների օրացույցում մեր փառատոնը պետք է ընդգրկված լինի: Ինչ վերաբերում է արվեստին, ապա իզուր չէ, որ Գյումրին անվանում են արվեստի և արհեստի քաղաք: Այդ ամենն ունենք, ուղղակի պետք է խելացի ու գրագետ ցույց տալ, հրամցնել: Զբոսաշրջության ամենակարևոր գործոններից մեկը՝ զգայարանների վրա աշխատելն է, իսկ լավագույնս տպավորություն թողնողը՝ համի ու հոտինն է: Ինտերնետով կարող ես տեսնել պատմամշակութային վայրերը, լսել երգը, բայց գաստրոտուրիզմը հնարավոր չէ ինտերնետով զգալ և, եթե մտադիր ես զբոսաշրջիկ գրավել տարբեր ուղղություններով, ապա բոլոր զգայարանները խթանելու ուղղությամբ պետք է աշխատել: Եվ ահա, լավ միջոց է գինին ու արվեստը համատեղելով՝ եկամտաբեր փառատոն կազմակերպել: Հաջորդը կլինի գարեջրի փառատոնը, որի փորձը նշածս կազմակերպությունն ունի, իսկ մենք նաև պատվախնդրությամբ ենք առաջնորդվելու, քանզի տեղական համեղ գարեջուր ունենք, նաև գարեջրի արտադրության մեջ առաջիններից ենք: Եվ սա ամբողջ աշխարհով կտարածվի՝ տուրիստական բլոգրների, լրատվամիջոցների պարտադիր ներկայությամբ: Նաև Գյումրու պատմության թանգարանի հետ կապված մեծ ցուցահանդես-փառատոն կա նախատեսված: Զբոսաշրջությանը մեծ թափ հաղորդող երկու կարևոր գործոն ունենք՝ օդանավակայան, երկաթգիծ, իսկ հյուսիս-հարավ ճանապարհի վերագործարկումով մենք դառնալու ենք խաչմերուկ:
— Մեր անձնական զրույցներից մեկում խոսեցինք Գյումրիում կազմակերպել նաև կինոփառատոն, որովհետև մեր քաղաքում հայկական շատ ֆիլմեր են նկարահանվել, կամ սպորտի հետ կապված ինչ—որ հետաքրքիր ծրագիր…
— Սպորտի թանգարան ունենալու գաղափարը կյանքի ենք կոչելու: Իսկ ֆիլմերի հետ կապված քաղաքապետի ու փոխքաղաքապետ Պապիկյանի հետ քննարկումներ ենք անցկացրել, ուզում ենք այն վայրերը, որտեղ ֆիլմերն են նկարահանվել, թատրոնի հետ համագործակցությամբ՝ խաղարկային տեսարաններ ներկայացնել, ասենք՝ ամեն շաբաթ: Եվ սա ևս կարող է զբոսաշրջիկների մոտ հետաքրքրություն առաջացնել: Մի հետաքրքիր միտք էլ կա, քանի որ քաղաքի հին հատվածը վերանորոգելու ծրագիր կա, շատ փակագծեր չեմ բացի, բայց կասեմ, որ այդ հատվածներում ևս աշխուժություն մտցնելու գաղափարներ կան: Մի խոսքով՝ առաջարկը պահանջարկ է ծնում, և ճիշտ հակառակը: Իմ համար շատ կարևոր է, որ երևանյան հայտնի բրենդները գալիս են Գյումրի, քանզի դրսի սպասարկման մշակույթը ստիպում է, որ տեղի սպասարկման ոլորտի ընկերությունները մրցապայքարի մեջ մտնելով՝ զարգացնեն ու կատարելագործեն իրենց ոլորտը: Մեր զբոսաշրջության բաժինն էլ իր հերթին պատրաստվում է ժամանակ առ ժամանակ տարատեսակ դասընթացներ կազմակերպել՝ գիդերի, հյուրանոցի ադմինիստրատիվ կազմի, սպասարկման ոլորտի, թանգարանի աշխատակիցների և այլնի համար:
— Թանգարանների տոմսերի արժեքի թանկացումը խոչընդոտ չի՞ հանդիսանա, մանավանդ ներգնա տուրիզմի համար, երբ դպրոցահասակներ էին գալիս…
— Գիտեք, օրինակ ինձ համար շատ վիրավորական էր, երբ ասենք՝ հայտնի Ասլամազյան քույրերի կամ Մհեր Մկրտչյանի թանգարանի տոմսի գինը հավասար էր կողքի կրպակում վաճառվող կարկանդակի գնին… Ասենք արտասահմանցի զբոսաշրջիկի համար գոնե 1 ԱՄՆ դոլարին համարժե՞ք էլ չլիներ… Ռուսաստանից գալիս են հատուկ Ֆրունզի թանգարան, մի քիչ թանկ տոմս չլինի՞… Մենք նախատեսում ենք օդանավակայանում, Բավրայի սահմանում, քաղաքի մուտքի մոտ ունենալ տեղեկատվական կենտրոն, որը ներգնա տուրիզմի համար շատ կարևոր կլինի, որպեսզի հեշտությամբ տեղեկանան, թե քաղաքում որտեղ ինչ կա, ճիշտ ուղղորդվեն: Ասենք, երբ օդանավակայան են իջնում, որ հետո գնան Հայաստանի մեկ այլ մարզ, միգուցե նույն օրվա մեջ չպլանավրեն քաղաքից հեռանալը, այլև գրավիչ տեղեկատվություն ստանալով, ուզենան մեկ գիշեր ավել Գյումրիում մնալ, և ոչ միայն Գյումրիում, այլև Շիրակի մարզում, որն իր պատմամշակութային կոթողներով Հայաստանի ամենահարուստ տարածաշրջանն է: Մենք մեծ աշխատանք ունենք տանելու նաև սոցիալական ցանցերով, Գյումրիի մասին հետաքրքիր տեղեկությունները ճիշտ մատուցելով: Նաև հանդիպումներ կլինեն զբոսաշրջությամբ զբաղվող անհատների, կազմակերպությունների ղեկավարների հետ, հյուրանոցատերերի, ռեստորանատերերի, թանգարանների տնօրենների հետ: Մենք պատրաստ ենք համագործակցելու, աջակցելու յուրաքանյուր լավ գաղափարի, որը մեր քաղաքի առաջխաղացման, զարգացման համար մեծ խթան կարող է հանդիսանալ:
— Չեմ կարող չխոսել ենթակառուցվածքներից… Ամենածեծված լուրջ հարցը՝ քաղաքը պետքարան չունի:
— Մենք նախատեսում ենք պետքարաններ կառուցել հատկապես այն վայրերին մոտ, որտեղ զբոսաշրջիկների հոսքը մեծ է: Հաջորդ քայլը՝ քաղաքի այն հատվածը, որն ընդհանուր կենտրոն կարելի է համարել, պետք է ունենա համապատասխան դիզայն, արտաքին տեսք, կանաչապատումը պետք է լինի պրոֆեսիոնալ մակարդակում, գունային գամման, արտաքին գովազդները և այլնը պետք է համահունչ տեսք ունենան: Հաջորդ քայլը՝ հատկապես ուշադրություն ենք դարձնելու քաղաքի փողոցների անվանումների ցուցանակների թարմացմանը: Հատկապես պատմական միջուկում հետաքրքիր ոճ, ընդհանուր մեկ դիզայնով է լինելու: Քաղաքի բոլոր մուտքերը պետք է ինքնատիպ դիզայն ունենան: Նաև շատ կարևոր է մեքենաների կայանատեղիների հարցը: Մեր կենտրոնական հրապարակը վերածվել է ավտոկայանի, պետք է հրապարակը գոնե ազատ օրերին բեռնաթափված լինի: Քաղաքը մաքուր պահելն էլ բոլորիս պարտավորությունն է: Համայնքապետարանն իր պարտավորությունն անում է, մնում է բնակիչն էլ դա պարտավորություն համարի:
— Այո, ամենակարևորը մաքրությունն է, մեկ էլ… շները: Երբ շներից ենք խոսում, կենդանասերներին չգիտես ինչու թվում է, թե ուզում ենք սպանել, վերացնել կենդանիներին, էլ չեն մտածում, որ մենք էլ պակաս կենդանասեր չենք, բայց նաև ուզում ենք ապահովություն, անվտանգություն:
— Այո, շատ ցավոտ թեմա է: Մենք որդեգրել ենք մի մոտեցում, նաև օրենքով կարգավորվող, որ մենք կենդանիներին վնաս չենք տալիս, բայց մեր քաղաքացիների անվտանգության հաշվին այն չպիտի լինի: Պլանավորում ենք ունենալ քաղաքային ստերջացման կենտրոն, և նաև շների կացարան: Աշխատանքներ տանում ենք, թող քաղաքացիներին չթվա, թե այն մեր ուշադրությունից դուրս է: Կունենանք արագ արձագանքման խումբ, ահազանգի դեպքում, արագ կմոտենան և կվնասազերծեն տվյալ շանը՝ նրան կացարան տեղափոխելով: Շների բուժման լաբորատորիան և ստերջացման կենտրոնը կարևոր է: Ամբողջ Հայաստանում կա նման խնդիր: