Հարցազրույց Շիրակի մարզի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ ՀՐԱՅՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ հետ:
— Պարոն Կարապետյան, ամփոփելով 2021-22թթ. ուստարին, ինչպիսի՞ արդյունքներ ունենք, ի՞նչ առաջադրանքներ ունեիք տարվա կտրվածքով, որոնք հաջողվեցին, որոնք՝ ոչ:
— 2021-22 ուստարին, կարելի է ասել, վերջին տարիների հաջողված ժամանակահատվածն էր: Հաջողված այն առումով, որ հնարավոր էր լիարժեք կերպով կազմակերպել ուսումնական գործընթացը, առանց որևէ վայրիվերումների ու լրացուցիչ խնդիրների, սովորական աշխատանքային գրաֆիկով, դասացուցակով: Վերջին 6 տարիների ընթացքում Շիրակի մարզն ունեցել է աշակերտների որոշակի թվով աճ՝ պայմանավորված առաջին դասարանցիների ավելի բարձր թվով ընդունելության, իսկ ավարտական դասարաններում ավելի ցածր թվաքանակով: Այսինքն՝ այս տարի սեպտեմբերին ունեցել ենք 3080 առաջին դասարանցի, և ուստարին ավարտել են 1689 12-րդցիներ: 9-րդցիներից եթե ավարտել են պարտադիր հանրակրթական ուսուցումը, ապա դա չի նշանակում, որ ոլորտից դուրս են, այլ մնում են համակարգում՝ քոլեջներում, ուսումնարաններում շարունակելով ուսումնառությունը: Այս կտրվածքով, աշակերտների ընդհանուր թիվը 35 հազարից մի փոքր ավելին է, և հույս ունենք, որ այս տենդենցը մի քանի տարի դեռ կպահպանվի: Մեր հաշվարկներով, հաջորդ ուսումնական տարում ևս 3000-ից ավել առաջին դասարանցիներ կունենանք:
Անցնող ուսումնական տարվա փոփոխություններից էր էլեկտրոնային համակարգով առաջին դասարանցիների ընդունելությունը: Նաև կարող եմ նշել 1689 աշակերտից բուհեր դիմած աշակերտների թիվը 851 է կազմում, ովքեր դիմել են միասնական քննություններին մասնակցելու համար: Սա 50 տոկոսից բարձր ցուցանիշ է: Ինչ մնում է կոնկրետ ձեռքբերումներին, ապա ինչպես միշտ, Շիրակի մարզն աչքի է ընկնում առարկայական օլիմպիադաներին մասնակցությամբ, դիպլոմակիրների թվով. այս տարի ունեցանք 27 դիպլոմակիր՝ 1-ին, 2-րդ և 3-րդ կարգի, ինչպես նաև 24 շնորհակալագրեր: Սա կարելի է համարել բարձր արդյունք: Ունեցանք միջազգային օլիմպիադայի մեկ մասնակից:
— Մեր մարզն հատկապես ո՞ր առարկաներից է առավել աչքի ընկնում:
— Տարբեր, բայց ավանդաբար, Շիրակի մարզն աչքի է ընկնում բնագիտական առարկաներից:
— Պարոն Կարապետյան, իսկ ի՞նչ կասեք ուսուցիչների ատեստավորման գործընթացի մասին. որքա՞ն տոկոս է կազմում ատեստավորման դիմած կամ անցած ուսուցիչները:
— Ատեստավորման գործընթացը նախ պետք է տարբերակել հետևյալ կերպ. կա պարտադիր ատեստավորում, որի դեպքում յուրաքանչյուր տարի 10-20 տոկոս է յուրաքանչյուր դպրոցի մանկավարժական համակազմից մասնակցությունը, և կա կամավորական սկզբունքով ատեստավորում: Նշեմ, որ Շիրակի մարզից ունեցանք 24 դրական արդյունքներով, ընդհուպ 100 տոկոս առաջադիմությամբ ատեստավորոմ: Հետևաբար, այս 24 ատեստավորում անցած ուսուցիչների համար տեղի կունենա աշխատավարձային ֆոնդերի փոփոխություններ:
— Անկեղծ ասած, որպես ծնող, ինձ հետաքրքիր է՝ ուսուցիչն անցնելով ատեստավորում, ապացուցում է, որ լիարժեքորեն տիրապետում է իր մասնագիտությանը, և մանկավարժական ոլորտում աշխատելու իրավունք ունի: Սա ծնողների մոտ ուսուցչի գիտելիքների հանդեպ վստահության ամրագրում է: Մյուս կողմից, լսել ենք, որ ատեստավորման բուն գործընթացն այնքան է բարդացված, որ անգամ լավագույն ուսուցիչներին երբեմն չի հաջողվում այն հաղթահարել: Այդպե՞ս է:
— Նախ նշեմ, որ մասնագիտության հանդեպ վստահության բարձրացումը միայն ծնողների համար չէ, որ կարևոր է, այլ նույն մանկավարժների համար էլ է կարևոր: Իսկ Ձեր հարցադրման այն մասը, թե «լավագույն» ուսուցիչներ. նախ, ո՞րն է, ո՞վ է, որ համարվում է լավագույն ուսուցիչ. եթե լավագույն ուսուցիչը ատեստավորման փուլերը չի հաղթահարում, ապա… Լավ կամ վատը չափելի պետք է լինի ոչ թե ենթադրելով, մի խումբ ծնողների գնահատականով կամ մի քանի դասալսումով, այլ, կարծում եմ, հենց այս ատեստավորումը բերեց նրան, որպեսզի տարբերակվի՝ ինչ է նշանակում լավ կամ վատ ուսուցիչ: Սակայն, մյուս կողմից, հասկանալով Ձեր հարցադրման տողատակը, կասեմ. յուրաքանչյուր նոր սկսվող գործընթաց իր մեջ պարունակում է թե՛ թերություններ, թե բացթողումներ: Բայց հետագայում եղան նաև թերությունների շտկումներ:
— Մանկավարժական հանրույթն ի՞նչ թիվ է կազմում մարզում: Կա՞ն առարկաներ, որոնց դասավանդող ուսուցիչների համալրման խնդրի առջև է կանգնած համակարգը:
— Այս պահին 3200-ից ավել մանկավարժ ունենք: Կադրային համալրման անհրաժեշտություն ոչ միայն մեր մարզն ունի: Ցավոք, նաև խնդիրները գնալով խորանում են: Նախարարությունում այս հարցի շուրջ բազմաթիվ քննարկումներ են եղել, նաև առաջարկություններ են հնչել: Տեսեք, կան առարկաներ, օրինակ՝ ինֆորմատիկա, որոնց դասավանդող, ասենք ՏՏ ոլորտից, հնարավոր է գտնել, սակայն մանկավարժական բարձրագույն կրթություն չունեն: Սրան ուշադրություն ենք դարձնում, կան տարբեր ծրագրեր, որ կարճաժամկետ վերապատրաստման կուրսերով հնարավոր կլինի այս բացը լրացնել: Թեպետ սա ժամանակավոր լուծում է… Երբ մանկավարժի մասնագիտությունը գրավիչ դարձավ հատկապես ֆինանսական առումով, ապա խնդիրները կմեղմվեն: Տևական ժամանակ է մանկավարժական մասնագիտությունը մրցունակ չէ իրավաբանական, տնտեսագիտական, բարձր տեխնոլոգիաների և այլ ժամանակակից պահանջված մասնագիտություններին: Ցավով պետք է նշեմ, որ մանկավարժական բուհերը՝ գնալով՝ ցածր թվով դիմորդներ են ունենում. նախորդ տարի ֆիզմաթ սովորող ուսանողների թիվը, որքանով հիշում եմ, չի գերազանցել մեկ տասնյակը… Սա լուրջ խնդիր է, եթե լուրջ քայլեր չձեռնարկվի, ապա հետագայում այն ավելի կխորանա:
— Իսկ առաջարկությունների փաթեթ նախարարություն ուղարկո՞ւմ եք:
— Անշուշտ. նախ բոլորը տեղյակ են, մենք էլ վերլուծությունների արդյունքը ներկայացնում ենք, ակտիվ մասնակցում ենք քննարկումներին, ներկայացնում ենք մարզում կրթության համակարգի բացերը: Ասեմ, որ Շիրակի մարզն առանձնապես չի տարբերվում մյուս մարզերից, քանզի բոլոր մարզերում նմանատիպ խնդիրներն առկա են:
— Չեմ կարող չանդրադառնալ դպրոցներում ֆիզկուլտուրա առարկայի անցկացմանը, քանզի այն ուղղակի մեր երեխաների ֆիզիկական դաստիարակության, առողջության բաղդադիչ մասն է կազմում, և այդպես էլ բարի լուրեր չստացանք, թե մարզում մարզադահլիճների թեկուզ մի երեքի խնդիր լուծվել է:
— Մեր զրույցի սկզբնական մասում խոսեցինք դրականից և, անշուշտ, չէինք կարող չանդրառանալ ցավոտներին. այո, փաստացի, Շիրակի մարզում մոտ 60 հանրակրթական դպրոց չունի ֆիզկուլտուրայի դահլիճ: Հետևաբար ֆիզիկական դաստիարակության բարձր մակարդակ ապահովելը կամ կազմակերպելը, մեղմ ասած՝ ծիծաղելի է: Եթե դպրոցներ էլ կան, որ ունեն դահլիճներ, ապա համապատասխան կահավորանք չունեն: Եթե անգամ առարկայի դասավանդման ժամերը շաբաթվա կտրվածքով ավելացվել է, ապա չեմ պատկերացնում, թե ինչ պետք է անեն. դասագրքայի՞ն ֆիզկուլտուրա… Բայց ուրախալի է, որ վերջին նորակառույց դպրոցներում մարզադահլիճներ նախատեսված են, ինչը չէր կարելի ասել մի քանի տարի առաջ կառուցվող դպրոցների մասով:
— Ձեզ մոտ ծնողներ գալի՞ս են դժգոհելու, բողոքելու, եթե այո, ապա հատկապես ո՞ր խնդիրներն են նրանց բերում կրթության վարչության պետի մոտ:
— Ցավոք, այսօր առանց բողոքների անհնար է: Իհարկե, կան հիմնավորված բողոքներ, սակայն մեծ մաս է կազմում նաև չհիմնավորված, անհեթեթ բողոքները: Եվ բավական ժամանակ է ծախսվում մանավանդ անհիմն բողոքների վրա: Երբեմն բողոքների հիմք են բամբասանքները: Սա ցանկալի չէ, չի կարելի փողոցային խոսակցության թեման բերել և փաթաթել դպրոցի վզին, առավել ևս, երբ խոսում ենք դպրոցի, մանկավարժի դերի բարձրացումից: Իսկ հիմնավորների դեպքերում համապատասխան գործողություններ իրականացվում են: