Հունվարի 26-ին Գյումրու «Բեռլին հյուրերի տանը» պաշտոնապես հայտարարվեց Գյումրիում Գերմանիայի Դաշնային Հանրապետության (ԳԴՀ) հյուպատոսության գործունեության մեկնարկի մասին: Հայաստանում ԳԴՀ դեսպան Մաթիաս Քիսլերը ներկայացրեց նորանշանակ պատվո հյուպատոսին՝ Ալեքսան Տեր-Մինասյանին:
Դեռևս 1989-ին, երբ Գյումրին ուշքի չէր եկել ծանր աղետից, Հաղթանակի պողոտայի վրա գտնվող «Ունիվերսամ» խանութի փլատակները վերացնելով, Բեռլինի Կարմիր Խաչի Ֆյուր Արմենիեն բարեգործական հիմնադրամն իր բարի առաքելության սկիզբն ազդարարեց: Գերմաներենի լավ իմացությունը Ալեքսան Տեր-Մինասյանին ծանոթացրեց «Կարմիր Խաչի» ներկայացուցիչների՝ Օտտո Ռայների, Բեռլինի հայ համայնքի այն ժամանակվա ղեկավար Պետրոս Դիքիջյանի հետ: Իսկ ծանոթությունը վերածվեց մտերմության ու փոխադարձ վստահության: Գյումրեցիներիս նման, մութ ու ցուրտ օրեր անցկացնելով, կրելով դժվարություններ, շուտով Հաղթանակի պողոտա 25 հասցեում գերմանական նախագծով գեղեցիկ, բարեկարգ շինություն կառուցվեց, և տարիների ստեղծարար աշխատանքը տվեց իր պտուղները. մինչ օրս տարածքը ծառայում է որպես Գյումրիում Գերմանական «Կարմիր Խաչի» մանկական համաբուժարան և կից՝ «Բեռլին Արտ հոթել» հյուրերի տուն:
Հանդիսավոր արարողության ժամանակ Հայաստանում ԳԴՀ դեսպան Մ.Քիսլերը ներկայացնելով նորանշանակ հյուպատոսին, նշեց, որ ԳԴՀ Արտաքին գործերի նախարարությունն այդ պաշտոնին հավակնող անձին գտնելու համար երկար մտածելու կարիք չի ունեցել, քանի որ Ալեքսան Տեր-Մինասյանը երկար տարիներ ի վեր դեսպանության վստահելի ու բանիմաց գործընկերն է եղել և, այսպես ասած, հանդիսավորությամբ Ալեքսի ոչ պաշտոնական հյուպատոսական աշխատանքն ուղղակի պաշտոնականացնում են: «Սա ընդամենը փոքր քայլ է ոչ պաշտոնական պատվո հյուպատոսության պաշտոնից անցում կատարելու պաշտոնական պատվո հյուպատոսի պաշտոնակալման։ Գյումրիում արդեն իսկ կա պատվո հյուպատոս իտալական կողմից: Երկար ժամանակ է՝ անհրաժեշտություն կար, որ մենք ունենայինք մեր ներկայացուցիչը՝ ի դեմս պատվո հյուպատոսի մի քաղաքում, որը Հայաստանում երկրորդն է իր մեծությամբ և, որը հաջողությամբ մրցակցում է մշակութային ոլորտում։ Եվ անհրաժեշտ էր, որ մենք ունենայինք մեր մշտական ներկայացուցիչը՝ ի նպաստ հայ-գերմանական հարաբերությունների էլ ավելի զարգացման»,- նշեց Մաթիաս Քիսլերը։
Ողջույնի խոսքով ելույթ ունեցան Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, Լոռու փոխմարզպետը, Բեռլինի Կարմիր Խաչի Ֆյուր Արմենիեն բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Օտտո Ռայները:
«Գերմանիայի աջակցությունը Հայաստանին, մասնավորապես, Շիրակի մարզին էական է եղել, հատկապես երկրաշարժից հետո: Լիահույս ենք, որ Ալեքսան Տեր-Մինասյանի ջանքերը կուղղվեն հարաբերությունների ամրապնդմանը, հատկապես հայ և գերմանացի գործարարների միջև նոր համագործակցության հաստատմանը: Ես վստահեցնում եմ, որ Շիրակի մարզպետարանը պատրաստ է աջակցելու, կողջունենք բոլոր նախաձեռնությունները, որոնք նպաստելու են մեր երկրի, մասնավորապես, մեր մարզի զարգացմանը»,- ասաց Շիրակի մարզպետը:
Իսկ քաղաքապետն իր շնորհավորական խոսքը համեմելով կատակով, նկատեց, որ Ալեքսան Տեր-Մինասյանի պատշաճ աշխատանքը հնարավորություն կտա, որպեսզի նա ոչ միայն Շիրակի և Լոռու մարզերի հյուպատոսը համարվի, այլև որպես գլխավոր հյուպատոս հանդես գա:
Ի դեպ, ներկաների մեջ չկային Հայաստանի Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչներ: