Կանանց հանդեպ բռնության դեպքերի դեմ պայքարող հրապարակախոս Զարուհի Հովհաննիսյանն այն անձն է, ով անցյալ տարվա դեկտեմբեր ամսին Երևանում ականատես լինելով ամուսնու կողմից կնոջը ծեծի ենթարկելու մի դեպքի, իր ամուսնու հետ կարողացավ կանխել իրադարձությունների հետագա զարգացման ողբերգական ընթացքը: Կնոջն անմարդկային ծեծի ենթարկողը Ջունգլ մականունով Գևորգ Սարգսյանն էր:
«Շրջապատի» հետ զրույցում Զարուհի Հովհաննիսյանն ասաց, որ մեր հանրապետությունում կանանց հանդեպ բռնությունների աճ է նկատվում և դրա դեմ հարկավոր է պայքարել:
— 2010 թվականի հոկտեմբերի 1-ին դաժան ծեծի արդյունքում զոհվեց 20-ամյա Զարուհի Պետրոսյանը: Զարուհու դեպքը, անշուշտ, միակը չէր Հայաստանում, սակայն նախադեպային էր, քանի որ նպաստեց Հայաստանում ընտանեկան բռնություն երևույթի մասին բարձրաձայնմանը՝ մեր հասարակությունում թաքնված ընտանեկան բռնության դեպքերի վերծանմանն ու լուսաբանմանը, այդ երևույթի մասին իրազեկվածության բարձրացմանը: Դեպքից հետո այս հարցով մտահոգված 7 կազմակերպություն միավորվեց և ստեղծվեց «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան», որի պահանջն էր արդար դատավարություն, ընտանեկան բռնության դեպքերի կանխում և Ընտանեկան բռնությունը կանխարգելող օրենսդրության ընդունում,- նշեց Զ.Հովհաննիսյանը:
Ըստ Զ.Հովհաննիսյանի, 2016 թվականի ընթացքում ՀՀ ոստիկանությունում գրանցվել է ընտանեկան բռնության 756 դեպք, որից 699-ը ֆիզիկական բռնության, 4-ը սեռական, 53-ը բռնության այլ տեսակներին վերաբերող դեպքեր են:
Զարուհու համոզմամբ, գոյություն ունի նաև կանանց հանդեպ խտրականության դրսևորում դատաիրավական համակարգում:
— Կանանց նկատմամբ բռնություններին վերաբերող փաստական հանգամանքները դժվար հասանելի են իրավապահ համակարգի կողմից, քանի որ ընդունված է դրանց մասին լռել ու չբարձրաձայնել։ Նույնիսկ, երբ տվյալները հասանելի են, սպանությունների և դրանց նախորդող բռնության գործողությունների միջև կապը հեշտ չի հաստատվում, քանի որ դրանք պաշտոնապես չեն փաստաթղթավորվում, իսկ բժշկական փորձագետները հաճախ հավատարիմ են հանցագործությունները կոծկելու գործելաոճին: Ավելին, սպանությունների դասակարգման այնպիսի ոչ հստակ կատեգորիաների օգտագործումը, ինչպիսիք են «կրքից դրդված հանցագործությունները» կամ «խանդի շարժառիթով», հանգեցնում են կնասպանության դեպքերի սխալ բնորոշմանն ու թերի ներկայացմանը։
Ի հակադրություն սեռի հիմքով համեմատաբար ոչ խտրական օրենսդրական դաշտի առկայության՝ հայաստանյան իրականությունում գերիշխում են դատական պրակտիկայում առկա խտրական երևույթները՝ զոհի վերազոհայնացումը ու մեղադրյալի գործած հանցանքի հանդեպ ընդգծված մեղմ վերաբերմունքը, ինչը նսեմացնում է օրենքի ընձեռնած հնարավորություններն ու զրկում կնոջն իր արդար դատաքննության իրավունքից։
Ինչպես Զ.Հովհաննիսյանն է պնդում, Հայաստանում գոյություն չունի կանանց նկատմամբ բռնությունը թիրախավորող և կանխող, ինչպես նաև մեղավորներին պատժող պատշաճ օրենսդրություն: «Հաճախ մահվան սպառնալիքներն ու այլ նախազգուշական նշաններն անտեսվում են, քանի որ պետական մարմինների ներկայացուցիչները չունեն համապատասխան գիտելիքներ ու հմտություններ կամ չեն ցանկանում պատշաճ գնահատել ռիսկերը: Կնասպանության շատ զոհեր որոշ դեպքերում ուղղակի աղերսել են ոստիկանության օգնությունը, սակայն ապարդյուն: Որպես օրինակ նշեմ. երկու երեխաների մայր Հեղինե Դարբազյանը բնակվել է Երևանում, ենթարվել է հոգեբանական և ֆիզիկական բռնության իր ամուսնության ողջ ընթացքում: Մի քանի անգամ դիմել է ոստիկանություն, սակայն համապատասխան օգնություն չի ստացել: Մինչև աշխատավայրում ամուսնու կողմից դանակահարվելը, մեկ տարի առաջ բաժանվել էր նրանից»:
Հաշվի առնելով կանանց հանդեպ բռնության դեպքերի աճը, հրապարակախոսը եկել է այն եզրակացության, որ այս ոլորտում անհրաժեշտ է նոր քաղաքականություն մշակել:
— Առաջին հերթին ընտանեկան բռնությունը կանխարգելող օրենք է անհրաժեշտ։ Պետք է ներդնել բռնարարի վտանգավորության աստիճանը գնահատող համակարգ, որի միջոցով հնարավոր կլինի պարզել զոհերի համար ամենից հավանական վտանգները և համապատասխան քայլեր ձեռնարկել զոհերի պաշտպանության համար: Առաջին իսկ հանցանքի դեպքում բռնարարի հանդեպ միջոցառումների կիրառումը կծառայի որպես բռնության զսպման արդյունավետ մեխանիզմ: Ընտանեկան բռնությունների քրեական հետաքննության ընթացքում անհրաժեշտ է ներդնել բռնարարների վարքը մշտադիտարկող ու բռնությունը զսպող պաշտպանական հրամանների ու կարգադրությունների լծակներ»:
ԱՆԱՀԻՏ ՍԻՄՈՆՅԱՆ