ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՃԱԿԱՏԱԳՐԵՐ

«Աղմուկ լսելիս, մինչեւ հիմա առաստաղից կախված լամպին ենք նայում…»

30 տարի առաջ… Հիշողությունների այն կետը, որտեղից մեր կյանքը բաժանվեց երկու մասի՝ առաջ ու հետո… Այնտեղից հետո մրմուռ ու կսկիծ, չսպիացող վերք է, որ ամեն պատահած պահի ցավեցնում է, կոկորդդ սեղմում… Ականջներիդ մեջ քաոս է, չդադարող հեկեկոց, աչքերիդ առաջ արյունը սառեցնող պատկերներ, որոնք մերթընդմերթ կինոժապավենի պես պտտվում են, պտտվում են… Մի պահ փորձում ես կանգնեցնել, բայց անզոր ես, ու թուլացած թևերդ ընկնում են: Անզորությունից ձեռքերդ երկինք ես պարզում ու հարցնում Երկնային Տիրոջը՝ «ԻՆՉՈ՞ւ»: Պատասխան չգտնելով՝ համակերպվում ես եղածի հետ ու… այդ կետից ոմանք հավերժի ճամփորդն են, իսկ ոմանք նորից են սկսում ապրել: Միգուցե ժամանակը բուժում է ցավը, բայց «Շրջապատի» այս շարքը փորձ է՝ վերհիշելու ցավն ու այն բուժելու ճանապարհ գտնել:



Իր հիշողություններով կիսվում է Գեղագիտական Ազգային կենտրոնի տնօրեն ՍՈՒՍԱՆՆԱ ՄԿՐՏՉՅԱՆԸ:

Այդ օրը դաջվեց ընդմիշտ

Մեր բնակարանը հրապարակի հյուրանոցի հետևի շենքում էր. 5 մուտք՝ 50 բնակարանով… 50 հոգի զոհ ունեցավ…

Դեկտեմբերի 6-ին մենք շատ խառն էինք, որովհետև նշվելու էր մեր կենտրոնի 10-ամյակը: Պարի անվանական հագուստներ էինք պատվիրել, կենտրոնն էինք զադարում: Ֆիլմ էր պատրաստվել, մնացել էր վերջին ակորդները, որ հաջորդ օրը պիտի շարունակեինք: Առավոտյան արագ-արագ պատրաստվում էի, որ աշխատանքի գնամ: Այն ժամանակ 3 գծով հեռախոս ունենալը ճոխություն էր: Ես տանն էի, օգնականս զանգեց, թե` «Մեքենայով գամ Ձեր հետևից, համ էլ անակնկալ կհայտնեմ»: Ասացի՝ «Չէ, ես կգամ»… Ու հետո պիտի պատկերացնեի. օգնականս ուշացող էր, եթե ես ստիպված լինեի նրան սպասելու, մինչև գար, ես մեր շենքի փլատակների տակ կմնայի… Ամուսինս արձակուրդում էր, ձեռքին «Արբատի զավակները» գիրքն էր: Երբ նա ընթերցում էր, չէր սիրում, որ իրեն խանգարում էին, ոչ մեկս չպիտի խոսեինք: Համարյա վերջին էջերն էր ընթերցում, իր պետը զանգահարեց, ասաց, որ շտապ գործ կա: Ամուսինս էլ ինձ դեռ սաստեց, թե իզուր ասացի, որ տանն է… Տղաս 3 տարեկան էր, եթե ամուսնուս պետը չզանգեր, նա տանն էր մնալու, ու որդուս էլ մանկապարտեզ չէր տանի… Վեր կացավ, հագնվեց, երեխային հագցրեց, տանից դուրս եկան: Ես էլ արդեն դուռը փակեցի, դուրս եկա: Մեր 3-րդ հարկի հարևանի աղջիկը նոր էր երեխա ունեցել, մուտքի հարթակում էր, շնորհավորեցի, նորածին աղջնակին գուրգուրեցի… Հետո մյուս հարևաններիս ողջունելով, խոսք փոխանակելով՝ իջա… Ինչո՞ւ այս պահը վերհիշեցի, որովհետև այս հարևաններից ոչ մեկը չփրկվեց:

Քայլելով հասա Ասլամազյանի պատկերասրահի մոտ… Սկսվեց… Կարծես ծովի ալիքների վրա կանգնած լինեի, քանզի գետինն այդ ձևով փախնում էր ոտքերիս տակից: Այն ժամանակ Աբովյանի վրա փոքրիկ շատրվաններ կային, մեկից բռնվեցի, բայց ալիքի ուժգնությունն ինձ գետնով տվեց: Հագիս նոր կիսամուշտակ էր, այնքան պահի ողբերգությունը չէի զգացել, որ մտածում էի՝ մուշտակս կեղտոտվեց: Հետո, երբ գլուխս վերև բարձրացրեցի, Ասլամազյանների տան կտուրից մի մեծ քիվ պոկվեց ու այն է, ընկնելու էր մի մոր ու աղջկա վրա… հազիվ տակից փախան: Ես արդեն գլխի ընկա, որ կատարվածը երկրաշարժ էր…

Արդեն 30 տարին կլրանա, ամեն անգամ հենց այդ ճանապարհով անցնելիս, ես ասես վերապրում եմ այդ պահը: Հիշում եք, «Դելտա» խանութ կար, ամուսինս այնտեղ էր աշխատում, աչքս գցեցի շենքի կողմը, բան չէր եղել, բայց աչքիս առաջ հարակից շենքերի պատերը գնում ու գալիս էին. չեմ կարծում, թե տեսողական խաբկանք էր: Հետո այդ շենքն ալիքաձև ծռմռված էլ մնաց: Քանի որ շենքին բան չէր եղել, դարձա հրապարակի կողմն ու վազեցի. աղջիկս դպրոցում էր, տղաս՝ մանկապարտեզում: Կինոթատրոնից մարդիկ դուրս եկան, բայց ոնց որ բանից անտեղյակ էին: Երբ աչքս ընկավ Աստվածածնա եկեղեցուն, աչքիս առաջ գմբեթը երկու մասի բաժանվեց երկնքում… ու մի այնպիսի փոշու ամպ իջավ, որ աչք-աչքի չէր տեսնում: Ձայներ, ճչոցներ, բղավոցներ, կանայք երեխաների անուններն են գոռում. «Արմենս…», «Աստղիկս…», «Հայկս»…

Տղաս ռուսական 2-րդ դպրոցի մանկապարտեզում էր, ու ես վազեցի այդ ուղղությամբ: Երբ եկեղեցու կողքով էի անցնում, աչքիս առաջ Շահումյանի «Գայանե» պասաժի շենքի մեջտեղի հատվածը ասես ավազի նման ներքև մաղվեց: Մի կին շատրվանների աստիճաններին պառկած էր, գլուխը կոտրված էր, արյուն էր ցայտում: Շարֆս հանեցի, կապեցի գլխին ու շարունակեցի վազել: Ընկերուհուս՝ Համբարյան Թամարայի աղջիկն առաջին դասարանում էր սովորում: Ֆիզկուլտուրայի ժամն էր եղել, ուսուցիչը շարքով դուրս էր հանել երեխաներին: Աղջնակն իմ մոտ վազեց, ամուր բռնվել էր, նրան գրկեցի, փոշուց աչքերս չէին տեսնում, չէի կարողանում տղայիս գտնել: Իհարկե, մանկապարտեզին բան չէր եղել, երեխաները լացում էին, կիսահագնված էին, արդեն քնի ժամը պիտի լիներ: Գոռում եմ՝ «Արմենս ո՞ւր է»: Դաստիարակչուհին հանգստացրեց, թե բան չի եղել, այստեղ է: Ու տղաս ձայնիս ուղղությամբ վազեց, ասելով. «Մամա, էդ հիմար ձյաձյաները երկրաշարժ են միացրել»… Պատը փլվել էր, երեխաների հագուստների պահարանը տակն էր մնացել: Մի կերպ ինչ-որ վերարկու կարողացա տակից հանել, փաթաթեցի ընկերուհուս աղջկան, իմ մուշտակով էլ տղայիս փաթաթեցի… Երկու երեխաներին գրկեցի ու վազեցի 20 դպրոցի կողմ, որտեղ աղջիկս էր: Հրապարակի կարմիր շենքը փլվել էր տաքսիների վրա, մարդիկ կային տակը: Ես ինձ ասում էի՝ մի նայի, ու երեխաներին սեղմել եմ կրծքիս, որ իրենք էլ բան չտեսնեն: Զարմանում եմ, թե ինչպե՞ս այդ ճանապարհը, բարձրակրունկներ հագած, երկու երեխան ձեռքիս կարողացա վազել, հասնել դպրոցի մոտ: Աղջկաս դասարանի մի պատն էր մնացել… Ծնկներս թուլացան, բայց գիտակցությունս չկորցրեցի: Երեխաները գրկիս, ճաղերից բռնած ծնկի իջա… Մեկ էլ մեկը մոտեցավ, հարցնում է՝ «Արմինեն ո՞ւր է»: Արմինեն աղջիկս է, բայց մոտեցողին չեմ ճանաչում, հետո հասկացա, որ ամուսինս է: Ինքն էլ աշխատավայրից վազել է մեր շենք, հարևան Սոնային օգնել է՝ փլատակից դուրս գալ, վազել է մանկապարտեզ, իմացել է, որ ես երեխային գտել եմ, վազել է դպրոց՝ աղջկաս գտնելու: Աղջիկս էլ, դպրոցից դուրս է թռել, իր հերթին վազել է  մանկապարտեզ, հետո մեր շենք, տեսել է՝ փլված է, հետ է վազել դպրոց: Մի խոսքով՝ գտանք իրար: Սկեսուրս Սլաբոդկայում էր ապրում, վատառողջ էր, տեսնենք, խեղճ կինը գիշերանոցով, վերարկուն ուսերին, սկեսրայրիս հետ, մեր շենքը փլված տեսնելով, ողբալով հասել են դպրոց: Այդպես միասին գնացինք Պոլիգոնների սեփական տներից մեկը, որտեղ տալս էր բնակվում: Իրենց տանը շուրջ 30-40 մարդ՝ ծանոթ-անծանոթ, հավաքվել էին՝ պատսպարվելու: Երբ մի քիչ խելքի էինք եկել, երեկոյին մոտ ամուսինս ասաց, որ Գեղագիտական կենտրոնի դռները բացել են, ինչ-որ մարդիկ են լցվել: Այդ իմացա, ասես՝ ուշքս գլխես գնաց, ամուսնուս խնդրեցի երեխաներին տեր լինել, ես վազելով եկա կենտրոն: Տեսնեմ, զինվորները փշալարերով շրջապատել են: Ախր ՊԱԿ-ը կողքն էր: Մեր դուռն էլ կոտրել, բացել ու դարձրել են շտաբ:

Ներս չեն թողնում: Եկան քաղսովետի նախագահ Էմիլ Կիրակոսյանն ու ՊԱԿ-ի պետ Աշոտ Կագրամանյանը: Նրանց հորդորով ինձ ներս թողեցին: Շենքին բան չէր եղել, մասնակի իրեր էին ընկել, ծեփոններ թափվել: Մոսկվայից Լոբովն էր եկել, ու մեր շենքում շտաբը տեղակայել: Իմ կաբինետում էր տեղավորվել, ինձ ասաց՝ իրերդ վերցրա: Ես էլ չեմ պատկերացնում, թե աշխարհը գլխներիս է շուռ եկել, հակաճառում եմ, թե ինչու պիտի վերցնեմ: Հասկացավ վիճակս: Այնքան լավ էին մտնում մեր դրության մեջ: Ես հիշում եմ, որ Շչերբինան, որը Ուկրաինայից էր, ու Չեռնոբիլի աղետի պատճառով պիտի վերականգնողական կուրսի գնար, չէր գնացել, եկել էր Հայաստան: Ինչպե՞ս երախտագիտությամբ չհիշես դա, ու ընդհանրապես, բոլոր այն մարդկանց ու ազգերին ինչպե՞ս շնորհակալ չլինես, որ մեզ այդ օրերին հասան: Հիշո՞ւմ եք, վրացիները, ջավախահայերն առաջինը մեքենաներով մեզ հաց ու ջուր հասցրեցին…

Կենտրոնը զինվորական շտաբ էր

Այդպես ես մնացի իմ հարազատ կենտրոնում… Որպեսզի շատ մանրամասների չանդրադառնամ, ասեմ, որ այն մինչև 89-ի մարտ ամիսը ծառայեց որպես փրկարարական ու պաշտպանական զինվորական ջոկատների կենտրոն՝ շտաբ, որտեղից ղեկավարում էին աշխատանքները: Իսկ ես, որպես տանտիրուհի, շուրջ 80-100 հոգու համար ճաշ էի պատրաստում, հավաքում, մաքրում: Ամուսինս օգնում էր, որքան հնարավոր էր: ԽՍՀՄ պաշտպանության նախարար Յազովն էր եկել, ինձ հարցնում էին, թե ինչպե՞ս է սկսվել երկրաշարժը, ինչ ձայներ եմ լսել, ինչ եմ զգացել: Մանրամասն նկարագրեցի, ասացի, որ ձայն չեմ լսել, խուլ գվվոց է եղել, բայց մեր պարասրահի ապակիները տրաքվել էին, մինչդեռ սկեսրայրս 26 թվի երկրաշարժն է տեսել, ու ասում էր, որ երկրաշարժից ապակիները չեն տրաքում: Հետո մեկն ինձ հարցրեց, թե Ռուսաստանում բարեկամներ ունե՞մ և, եթե անհրաժեշտ եմ համարում, ապա կարող են օգնել՝ մեզ տեղափոխել: Դա էլ Ավիացիայի նախարարն էր: Ամուսնուս լուր տվեցի, թե երեխաներին հագցրա, բեր: Հետո պիտի պատմեր, որ լացով, ախալքալակցիների բերած հինումին շորերից է վերցրել, որ երեխաներին հագցնի: Մի խոսքով, եկան: Ամուսնուս՝ երեխաներիս հետ, հասցրեցին օդանավակայան, թռան Ռուսաստան: Սպասել էին, մինչև ամուսինս երեխաներին հասցրել էր քրոջս տուն, ապա նրան նորից հետ բերեցին: Սա աննկարագրելի երևույթ էր:

Այդ ամիսներին կենտրոնում լիքն էին. բարձրաստիճան ղեկավարներ էին գալիս ու գնում, Ռիժկովն էր գալիս, քննարկումներ էին անցկացնում, պարասրահում տարբեր ազգերի ներկայացուցիչներ էին նստում, ռադիոհաղորդագրություններ էին ուղարկում, աղմուկ էր, քաոս էր: Տեսա, որ միայնակ չեմ հասցնում, մեր աշխատողներից մի քանիսն եկան ինձ օգնելու: Ես այդպես պահպանեցի մեր կենտրոնի գանձերը՝ երեխաների նկարները, ձեռքի աշխատանքները: Մի օր էլ Լոբովի հետ զրույց ունեցա, հետագա անելիքներիցս խոսեցի, և նա հասկացավ, որ ուզում եմ՝ շենքը ազատեն: Ու նրանք շուտով տեղափոխվեցին քաղկոմի շենք:

«Վերակենդանացում»…

Պատկերացրեք, արդեն փետրվարի 1-ից կենտրոնում մենք դասերը սկսեցինք: Գնում էինք վրանային դպրոցները, երկկողմանի որբերին հավաքագրում: Այնքան դժվար, բարդ հոգեբանական վիճակներ ենք անցել: Երեխաները շատ ծանր վիճակում էին: Իսկ 89-ի հունիսի 1-ին արդեն մանկապարտեզը գործեց: Պատկերացրեք, մի տանից 5 որբ երեխա էին հաճախում… Պետությունը գումար տվեց, որ կարողանամ կազմակերպել մանկապարտեզի աշխատանքները: Գերմանական «Կարմիր խաչից» մահճակալներ, անկողնու պարագաներ բերեցի, այլ կազմակերպություններից սնունդ ու սպասքեղեն: Նույն տարում Ֆրանսիա մեկնեցի, Շարլ Ազնավուրի կազմակերպած ֆոնդի շնորհիվ 8 երեխա ինձ հետ տարա՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից կազմակերպված «Աշխարհի շնորհալի երեխաները» փառատոնին մասնակցելու. մենք նկարչությունն էինք ներկայացնելու: Շատ լավ ընդունեցին, երեխաները «Գրան պրի» շահեցին: Ազնավուրի օգնականը երեխաներին տարել, ոտքից գլուխ հագցրել էր, ատամները բուժել: Ինձ հրավիրեցին Ազնավուրի «Ֆյուղ լա Արմենի» հիմնադրամի պահեստները, որն անծայրածիր ապրանքներով էր լցված, որոնք պատրաստվում էին Հայաստան ուղարկել: Պահեստապետն էլ, ի զարմանս ինձ, լենինականցի էր: Իմ գալուց հետո մեր մանկապարտեզի ու գործող մի քանի պարտեզների համար լիքը խաղալիքներ ու գրենական պիտույքներ ուղարկեցին: Իսկ մի մեքենա էլ՝ Երևանից-Գյումրի ճանապարհահատվածում կորավ, այդ մասին մեծ աղմուկ բարձրացավ, բայց գտնել չհաջողվեց: Ասեմ, որ իմ մանկապարտեզի ծնողազուրկ երեխաների համար պետական այլ գումար չի ծախսվել: Բարերարների, հովանավորների միջոցներով են այդ մանկապարտեզը գոյատևել: Հետո մանկապարտեզը վերածվեց սոցիալապաես անապահով երեխաների, ապա վերկանգնողական ու փորձարարական կենտրոնի:

Օտարներն ու մենք

Ճիշտ է, բավական թվով հոգեբաններ եկան՝ մեզ օգնելու, բայց նրանց մենթալիտեդն ուրիշ էր, նրանք այն խորությամբ չկարողացան մտնել մեր երեխաների նուրբ հոգիները, ինչպես դա անում էինք մենք՝ մեր մայրական զգայարաններով: Հոգիս տակնուվրա էր լինում, երբ երեխաները ժամանակ առ ժամանակ իրենց ծնողներին էին հիշում, հեկեկում էին, «Մամա, մամա» կանչում… Ինձ ասում էին, թե առանց այդ էլ զգացմունքային ես, ինչու ես քո ներաշխարհը ալեկոծող բաներով զբաղվում: Հիմա, երբ հետ եմ նայում, այդ ամենն արել եմ խղճիս թելադրանքով, հոգուս պարտք զգալով: Ես հիշում եմ, որ շատ որբ երեխաների (որոնց պետության կողմից բազմաթիվ առավելություններ էին տրվում՝ սկսած բնակարանից ու թոշակից) ճակատագրեր դասավորվեցին ի հեճուկս վայ բարեկամների, որոնք ագահությունից դրդված, վերցնում էին խնամակալության տակ, ապա… Բայց միևնույն ժամանակ շատ հորաքույրեր-մորաքույրեր չամուսնացան ու պահեցին, դաստիարակեցին, կյանքի ուղի հարթեցին իրենց եղբոր, քրոջ երեխաներին:

Շատերն էին իմ մոտ գալիս, որն անկեղծ միտումով, որը շառլատանության դրսևորումներով, տարան երեխաների նկարները, վաճառեցին, ալբոմներ թողարկեին, բայց ոչ մի լումա այստեղ չուղարկեցին: Որոշների համար կարծես այստեղ փորձարարական դաշտ լիներ: Աղանդավորական կազմակերպություններից էին փորձում հոգեորսություն անել, մանավանդ, օգտվում էին մարդկանց կենցաղային, սոցիալական ծանր վիճակից… Բայց սրա կողքին շատ օտարազգիներ մեր մարդկանց ապրելու շանս տվեցին, հույս ներշնչեցին, կյանքի վերադարձրեցին: Ես օգնություն ասվածը երբեք չէի ուզենա գումարային տեսքով լիներ, այլ լիներ անհրաժեշտ նյութեր, դեղորայք, սնունդ, իսկ մեր կենտրոնի համար ես ուրախությամբ ընդունում էի նկարչական պարագաների օգնությունը, որի կարիքը շատ էր զգացվում:

Հոգևոր արժեքներն ու չափի զգացողությունը

Երկրաշարժը ոչ միայն մարդկային, նյութական ավերածություններ պատճառեց, այլև հոգևոր…  Ցավով եմ նայել ու լսել, թե ինչպես գյումրեցի խաս կինը հետո կարող էր վերածվել չափն անցած անտակտի, լիրբ ու լաչառի, որոշ կանայք երեխա պահելու համար չարչրկված ուղիներ անցան՝ լցվելով ավտոբուսներ, գնացքներ, առևտուր անել, բերել, վաճառել… Բայց դա պարտադիր չէր, որ կնոջ բնավորությունն այնպես փոխեր, որ չափի զգացողությունը կորցնեին: Ոչ մի աշխատանք անպատվաբեր չէ, եթե մարդն ինքը չի ապականում այն իր էությամբ: Ես միայն կանանց եմ դիտարկում, քանզի հայ օջախի ջերմությունը կինն է: Ներկայում չափի զգացողությունը կորցրել է իր դեմքը:

30 տարին քի՞չ էր, թե՞

Աղետի գոտի, վերականգնման գոտի, զարգացման գոտի… Ինչ գոտիներ ասես եղանք, բայց շատ դժվարությամբ առաջ գնացինք: Աղետ տեսածը կյանքում չի մոռանա իր տեսածն ու զգացածը: Մենք աղմուկ լսելիս, մինչև հիմա առաստաղից կախված լամպին ենք նայում… 30 տարին և քիչ էր, որ երբեմնի քաղաքի համբավին մոտենայինք, բայց միևնույն ժամանակ հնարավոր էր, բայց քիչ բան արվեց, որպեսզի վաղեմնի քաղաքը դառնայինք: Բայց չնայած այս ամենին, Գյումրին ֆենոմենալ է՝ անգամ պատերն են ջերմություն տարածում: Գյումրու ուրախությունն էլ է բոլորինս, տխրությունն էլ: Համոզված եմ, որ յուրաքանչյուր գյումրեցի, ուր էլ, որ լինում է, կարոտից մտովի քաղաքով քայլում է:

Արվեստը կբուժի Գյումրին

Բայց մեր քաղաքը դեռ բուժման կարիք ունի՝ թե՛ հոգևոր, թե՛ դաստիարակչկան: Հետո համեմատության համար նշեմ, որ սովետական ժամանակներում մտավորականների հետ հաշվի էին նստում, իսկ հիմա ասես մեկ-մեկ ինքնահավաններ լինեն, ոչ հարցնում են, ոչ բանի տեղ դնում: Կարծում եմ, սա էլ է բացթողումներից, որին արժի ուշադրություն դարձնել: Արվեստագետները խենթ են, մի քիչ թև տան, անվարձահատույց կոգևորվեն, կստեղծագործեն: Քաղաքը հոգացավ տեր պիտի ունենա, որը խնամքով, հոգատարությամբ, իր տան պես կմաքրի, կծաղկեցնի, կապրեցնի, կզարգացնի այն:

Պիտակներ՝