ՀԱՅՐԱՔԱՂԱՔ

Աղն ու ավազը եւ մեր «հին տաշտակը»

Ձմռան պատրաստության, կատարված ու կատարվելիք աշխատանքների մասին ասուլիս տվեց Գյումրու քաղաքապետարանի բնակկոմունալ և շրջակա միջավայրի պահպանության բաժնի պետ Կնյազ Մանասյանը: Նա տեղեկացրեց, որ կառույցը կազմ-պատրաստ է՝ դիմակայելու ձմռանը: Կադրային խնդիր չունեն, ունեն շուրջ 145 աշխատակից: Գնվել է 900 հազար դրամի աղ և 1մլն դրամի պեմզա: Փողոցների մերկասառույցները հալեցնելու համար գործածության մեջ են դրվելու աղբատար մեքենաները. «Ցերեկը մեքենաները աղբն են հավաքելու, իսկ գիշերները աղ ու ավազ են ցանելու: Վառելանյութով ու քսայուղերով ապահովված ենք: Մայթերի մաքրմանը ևս ուշադրություն ենք դարձնելու»:

Ասուլիսի ընթացքում Կ.Մանասյանը պատասխանեց «Շրջապատի» հարցերին:

Անցած տարիներին, ձմռան ամիսներին մայթերը սառույցներից մաքրվում էին լոմով կամ այլ սուր գործիքներով, ինչի պատճառով, օրինակ, թատրոնի տարածքի սալաքարերը շարքից դուրս են եկել: Այս տարի և՞ս նույն մեթոդով են մաքրվելու մայթերը:

—  Առայժմ նոր տեխնիկա չունենք, ձեռքով է իրականացվելու: Մենք աշխատում ենք հնարավորինս մաքրել: Նախորդ տարիներին այդ խնդիրը չենք ունեցել, անցած տարի հանկարծակի հայտնեցին, որ չգիտեմ ով է գալու, ու դրա համար ձեր նշած մեթոդով մի քանի ժամվա մեջ աշխատեցինք: Հնարավոր է՝ դա է պատճառը: Բացի այդ, սալաքարերը հին են, ու դա էլ իր հերթին է պատճառ:

Նորակառույց Ռուսթավելի փողոցի մաքրման աշխատանքներում նույն մեթո՞դն է օգտագործվելու: Հնարավո՞ր է՝ դիմեք վարչապետին, որպեսզի օգնության ձեռք մեկնեն:

— Նույնկերպ ենք աշխատելու: Վարչապետին դիմել ենք, դեռ հստակ բան ասել չենք կարող:

Նախորդ զրույցներից մեկում բարձրաձայնել էինք գոնե քաղաքի կենտրոնական մասերում նոր աղբամաններ տեղադրել, և Դուք ասել էիք, որ «Սանիտեք» ընկերության հետ ինչինչ բանակցությունների մեջ եք: Արդյո՞ք հույս կա:

— Բանակցությունները դեռ ընթացքի մեջ են: Հիմա ուրիշ կազմակերպություն էլ կա, որի հետ բանակցում ենք: Աղբամաններ փոխելն ինքնանպատակ լինել չի կարող, քանի որ մեր ներկայիս աղբամաններն հարմարեցված են աղբատար մեքենաներին: Եթե այլ աղբամաններ տեղադրենք, ուրեմն համապատասխան հարմարեցված մեքենաներ պետք է ունենանք, իսկ դա, պատկերացրեք, բավական ծախսատար է: Չնայած, պիտի նշեմ, որ մեր տեխնիկան արդեն հնացած է, աշխատելու ենք ռացիոնալ օգտագործել, որ շարքից դուրս չգան:

Պլաստմասե շշերի վերամշակման հարցն ի՞նչ եղավ:

— Անցած շաբաթ մի կազմակերպություն եկել էր, հետաքրքրվում են, մենք լրիվ ելակետային տվյալները տվել ենք, պայմանավորվել ենք, որ ուսումնասիրություններ կանեն, հաշվարկներ կկատարեն, մեզ կներկայացնեն, որից հետո, եթե ամեն ինչ բարեհաջող եղավ… Այդպես վերցնել, տալով չէ, մրցույթ պիտի հայտարարենք, տեսնենք… Մեզ համար մեծ շահագրգռվածությունն այն է, որ քիչ ծախսերով մաքուր քաղաք ունենանք: Նաև աղբի վերամշակման հետ կապված նշեմ, որ Ասիական բանկի կողմից թեպետ մանրակրկիտ ուսումնասիրություններ եղել են, սակայն ինչ-ինչ պատճառով այս պահի դրությամբ դադարեցված է կամ ընթացք չկա: Թեպետ իրենց կողմից ընդունելի էր ու բավարար: Ասում էին, աղբի վերամշակման համար գործարան պիտի կառուցեին, տեղն էլ մարզպետարանի հետ կհատկացնեինք: Նախագծման փուլում էր գտնվում, բայց թե ինչու է լռություն, չգիտեմ:

Ինչպե՞ս կգնահատեք կանաչապատման աշխատանքները:

— Գոհ չեմ: Ոռոգման համակարգ չունենալու պատճառով, ծառատունկ անելը նույնն է, թե փողը ջուրը լցնել, քանի որ միայն ջրցան մեքենաներով տնկիները ջրելը բավարար չէ կանաչապատում ապահովելու համար:

Լրագրողները մատնանշեցին, որ այս տարի ասֆալտապատում, որպես այդպիսին, չիրականացվեց, ինչին Կ.Մանասյանն արձագանքեց. «Մեծածավալ աշխատանքներ չիրականացվեցին, բայց դրա փոխարեն մենք ունեցանք «Պիոներ պալատ», «Պարի դպրոց», «Երիտասարդական պալատ»… Կապիտալ ծախս չի նշանակում փողոցաշինություն, նաև շինարարություն է ենթադրում, քանի որ նույն հոդվածով է, փոսալցումներ ևս իրականացվել են»:

Իսկ փողոցների սալիկապատման մեթոդի շարունակականության մասով նշեց, որ դրանք փակ, թաղային փողոցների համար է հարմար, իսկ կենտրոնական փողոցների համար հաջորդ տարվա մարտ ամսից մեծածավալ աշխատանքները վերջապես թափ կառնեն (խոսքը 23,8մլն եվրո վարկով նախատեսվելիք փողոցաշինությանն է վերաբերում,- հեղ.), նաև հավելեց. «13 փողոց այդ վարկի հաշվին կիրականացնենք, կան այլ ծրագրեր ևս, որոնք կիրականացնենք քաղաքի բյուջեի հաշվին՝ մոտ 4-5 փողոց, ևս 7-8 փողոց էլ այլ միջոցներով… Մոտ 80-85 փողոցների և հրապարակների ընթացիկ նորոգումը քաղաքային բյուջեի միջոցներով կանենք»: