Հատված «Մաուգլի» ներկայացումից.
Բալու. — Եթե չպահեք օրենքները, դուք կնմանվեք մարդկանց։
Մաուգլի. — Իսկ մարդիկ, ի՞նչ է, օրենքներ չունե՞ն։
Բագիրա. — Ունե՛ն, բայց նրանց օրենքներն այլևս ներդաշնակ չեն բնության հետ։
Բալու. — Այո՛, նրանք խելացի են, հնարամիտ, բայց, ցավոք, հեռացել են բնությունից, և դա կլինի նրանց կործանման պատճառը։
Դեկտեմբերի 10-ին Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը հանդիսատեսին ըմբոշխնելու մի նոր հնարավորություն էր ընձեռնել. Անգլիացի աշխարհահռչակ գրող Ռ. Քիփլինգի «Ջունգլիների գիրքը» ստեղծագործության հիման վրա բեմադրված «Մաուգլի» մեծամասշտաբ ներկայացման առաջնախաղն էր (բեմականացումը և բեմադրությունը՝ Լյուդվիգ Հարությունյանի, ռեժիսորի ասիստենտ և երաժշտական ձևավորող՝ Ռաֆայել Ասատրյան):
Նոր բան ասած չենք լինի, եթե փաստենք, որ թատրոնի դահլիճը լեփ-լեցուն էր, հաջորդ օրվա տոմսերը ևս ամբողջովին սպառված էին, մանավանդ, ինչպես թատրոնի պատասխանատուները ներկայացրեցին՝ տոմսեր էին գնել նաև մայրաքաղաքի և մարզերի թատերասերները, անգամ ՌԴ Դոնի Ռոստովից մարդիկ եկել էին, որ հերթական թատերական տոնակատարությանը ներկա գտնվեն:
Մինչ ներկայացումը, թատրոնի գեղ.կազմը լրագրողներին մամուլի ասուլիս տվեցին:
— Առաջին հերթին՝ շնորհակալություն եմ հայտնում հատկապես ձեզ՝ լրագրողներին ու լրատվամիջոցներին… Որովհետև ամբողջ տարվա ընթացքում, ինչպես միշտ, թատրոնի կողքին եք եղել,- ասաց թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Լյուդվիգ Հարությունյանը:- Սա շատ կարևոր է, որովհետև հասարակությունը գիտի, թե ինչով է զբաղված թատրոնը: Իմ կողքին նստած են թատրոնի դեմքերը, ինձ համար կարևոր մարդիկ, որոնց մոտ ես քննություն և հաշվետվություն եմ հանձնում առաջին հերթին՝ իրենց. ՀՀ Ժողովրդական արտիստ Անահիտ Քոչարյանը, թատրոնի գեղարվեստական խորհրդատու, թատրոնի ամեն ինչով զբաղվող Նիկոլայ Ծատուրյանը, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, մեր թատրոնի դերասան Սամվել Գրիգորյանը:
Բանախոսը համառոտ ներկայացրեց, թե ովքեր են նպաստել, օգնել, աջակցել՝ «Մաուգլի» ներկայացումը բեմադրելու աշխատանքներին: Լ.Հարությունյանը շնորհակալություն հայտնեց Մշակույթի նախարարությանը (ԿԳՄՍ)՝ մասնակի ֆինանսական աջակցություն ցուցաբերելու համար, Գարեգին Եվանգուլյանին՝ նկարչական ձևավորման, Լուսինե Խաչատրյանին՝ զգեստների ձևավորման համար, Մելս Գևորգյանին՝ նկարիչ-կատարող, որը հատուկ Ռուսաստանից եկել էր, որպեսզի այս ներկայացման նկարչական ձևավորմանը մասնակցի, Տիգրանուհի Աբգարյանին՝ բուտաֆորիստ, Ալիկ Ասատուրյանին՝ պարային լուծումների համար:
— Այս ներկայացմանը ողջ տարվա ընթացքում ենք նախապատրաստվել: Ես ինքս մի քանի ներկայացումներ բեմադրել եմ, բայց ամեն անգամ ինձ համար հերթական քննություն է՝ մասնագետների, և հատկապես՝ հանդիսատեսների առջև: Ինչպես գիտեք, թատրոնը միշտ փորձել է նորություններով հանդես գալ, իսկ բոլորիս, նաև թատրոնի համար 2020 թվականը ծանր տարի է եղել և մենք փորձեցինք դրական էմոցիաներով հանդես գալ:
Դերասանուհի Անահիտ Քոչարյանը գտնում է, որ չնայած դժվարություններին, այնուհանդերձ, թատրոնն աշխատել է: Իսկ ինչ վերաբերում է կոնկրետ «Մաուգլի»-ին, ապա. «Այն շատ հետաքրքիր, հուզումնառատ, մտքի, սրտի, հոգու հետ խոսացող ներկայացում է ստացվել: Այս ներկայացումը մեր խնդիրներն են, մեր ներկան է, այն ուղղված է տարիքային տարբեր խմբերի»:
Սամվել Գրիգորյանն ասում է, որ այս ներկայացումը թատրոնի 4-րդ ծննդաբերությունն է, 5-րդը մի քանի օրից կլինի: «Նապաստակի նման՝ թատրոնը շատ ծնունդներ է տալիս, բայց արված աշխատանքը առյուծային է: Երբ խոսում են, թե այս կամ այն պետական պաշտոնյայի աշխատավարձը բարձրացնենք, որպեսզի լավ աշխատի, և այլն… Ապշելու բան է, որ այդքան ցածր աշխատավարձով ինչպիսի նվիրվածությամբ ու կոլեկտիվային աշխատանք է թատրոնում: 35 տարի առաջ Ազատ Ղարիբյանի և Կարեն Աբրահամյանի բեմադրած «Մաուգլի»-ում ես խաղացել եմ Աքելլա: Այն ևս հրաշալի ներկայացում էր, բայց այն էդ ժամանակներում լրիվ ուրիշ բան էր, պարային բեմականացում էր, շեշտադրումներ չուներ, բայց սա ուրիշ է… Այստեղ ես պետք է Շեր Խանի դերը խաղայի, բայց ցավոք, հենց փորձերի սկզբում ես վնասվածք ստացա… Եվ հիմա իմ սիրտը թփրտում է, սպասում եմ առաջնախաղին, այն հագեցած է ժամանակի շեշտադրումներով: Երբ ինձ հարցնում են՝ կյանքում ինչն ամենից շատը չես սիրում: Ես ասում եմ՝ դավաճանությունը: Մենք ներկայացման մեջ կտեսնենք բնության օրենքները, կենդանիների դավաճանությունը, շեշտադրումները: Կամ մեր վերաբերմունքը բնությանը: Ապշելու բան է. Լ.Հարությունյանը Քիփլինգից հեռանալով, ավելի է մոտեցել Քիփլինգին: Մեկ այլ ապշելու բան է, որ 60-ից ավել մարդ կա ընդգրկված այս ներկայացման համար, ովքեր ամիսներ շարունակ աշխատել են, հաղթահարելով դժվարություններ, հիվանդություններ: Երանի բոլոր պետական մարմիններում այսպիսի աշխատակիցներով կոլեկտիվներ լինեին, որ գլուխները կախ, ջանասիրաբար, իրենց գործն անեին:
— Զարմանում եմ, թե էս մարդու մեջ էսքան էներգիա որտեղից…,- իրեն բնորոշ կատակով Լ.Հարությունյանին բնութագրեց Նիկոլայ Ծատուրյանը,- էս ի՞նչ համբերություն, էս ի՞նչ համարձակություն՝ 60 հոգու բեմ հանել… Ներկայացման մեջ դնել շատ ճիշտ դիրքորոշումներ, կարողանալ այսօրվա խնդիրների մասին խոսել, հարցադրումներ անել: Բնությունից հեռանալը նշանակում է կորցնել Ջունգլին. թե՛ Հայաստանը, թե՛ աշխարհը, թե՛ Երկրագունդը… Ահա սա է մեր իրականությունը և Լյուդվիգն ուղղակի խոսում է այս մասին: Մի օրինակ բերեմ. երբ գազանը սոված է, որս է անում, ուտում, կշտանում է, բայց մարդն այն ագահն է, որ վերցնում է, գռփում է ու չի կշտանում: Այստեղ դուք կտեսնեք կենդանիների ազնվությունը, մարդկանց վայրագությունը, մարդկանց գազանային հատկությունները, նրանց կողմից բնությունն անխնա հոշոտելը… Իսկ ինչ վերաբերում է մեր հանդիսատեսին, ապա Գյումրու հանդիսատեսն առանձնահատուկ է. երևանյան հյուրախաղերի ժամանակ դերասանները վախով, ակնածանքով են խաղում, հետո, եթե ընդունվում են հանդիսատեսի կողմից՝ թեթևացած շունչ քաշում:
— Երբ մեզ հարցնում են, թե մշակույթի մարդիկ ինչ վերաբերմունք ունեն այսօրվա տիրող քաղաքական իրավիճակներին, ես գտնում եմ, որ մշակույթի մարդն իր գործով կարող է ասելիք ունենալ, ինչպես մենք՝ ներկայացման շեշտադրումներով ենք մեր ասելիքն ասում,- շարունակում է թատրոնի տնօրեն Լյուդվիգ Հարությունյանը:- Շատերն իրենց այս ներկայացման մեջ կգտնեն, մարդկային շատ արատներ ի ցույց են դրված՝ դավաճանությունը, ստախոսությունը, հավատի կորուստը, սիրո պակասը, անհանդուրժողականությունը. այս ամենն առաջ է գալիս, երբ մարդը հեռանում է բնությունից և կորցնում է բնության հետ ներդաշնակությունը: Ներկայացումը չէր կարող այսօրվա շեշտադրումներով չլինել: Փորձել ենք լինել անկեղծ և հասարակության յուրաքանչյուր շերտ, պաշտոնավոր, ոչ պաշտոնավոր՝ ինքն իրեն կգտնի ջունգլիներում՝ թե ով է Բագիրան, ով Շեր Խանը, ով՝ Աքելլան, և ով Մաուգլին: Չպետք է լինել կողմնակալ, այլ պետք է խոսել սխալներից:
Ըստ թատրոնի տնօրենի, «Մաուգլու» համար չէր ասի, թե լավագույնն է, որովհետև յուրաքանչյուր ներկայացում ունի իր հանդիսատեսը, բայց որ երկար ժամանակով կմնա խաղացանկում՝ միանշանակ է: Սա ամենածախսատար, վերջին 20 տարվա ամենամասշտաբային ներկայացումներից է։
Մաուգլիին մարմնավորում են երեք սերնդի ներկայացուցիչներ. երեխա Մաուգլի՝ Արեն Պետնյակ, պատանի՝ Արտուշ Բաղդասարյան և երիտասարդ Մաուգլի՝ Արսեն Միքայելյան։
Դերերում՝
ՇԵՐ ԽԱՆ՝ Կարապետ Եղոյան:
ԱՔԵԼԼԱ՝ ՀՀ վաստակավոր արտիստ Տիգրան Գաբոյան:
ԲԱԳԻՐԱ՝ Հասմիկ Սուվարյան:
ԲԱԼՈՒ՝ Արկադի Ղարագուլյան
ԿԱԱ՝ ՀՀ վաստակավոր արտիստ Դիանա Մացոյան:
ՌԱՔՇԱ՝ Ադելինա Հարությունյան:
ՀԱՅՐ ԳԱՅԼ՝ Հրաչ Մովսիսյան:
ՇԵԿ ՇՆԵՐԻ ԱՌԱՋՆՈՐԴ՝ Վարագ Գրիգորյան:
ԳԱՅԼԵՐ՝ Ֆրունզիկ Ամիրխանյան, Կարապետ Ղևոնդյան, Նատալյա Խաչատրյան:
ՏԱԲԱՔԻ՝ Արսեն Սաղաթելյան, Գևորգ Կարապետյան :
ԴԱՎԱՃԱՆ ԳԱՅԼԵՐ՝ Սարգիս Ղարիբյան, Գայանե Մանուկյան, Սարգիս Հարությունյան:
ՄՈԽՐԱԳՈՒՅՆ ԵՂԲԱՅՐՆԵՐ՝ Մուրադ Մուրադյան, Ջեմմա Ադամյան:
ԵՂՆԻԿ՝ Արփինե Մխիթարյան:
ՄԱՍՍԱՅԱԿԱՆ ՏԵՍԱՐԱՆՆԵՐ՝ ԵԹԿՊԻ Գյումրու մասնաճյուղի ուսանողներ: