ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ամեն ոք բզբզում է յուրովի

Էվոլյուցիայի ընթացքում բնությունը, բացի մարդու անհատական ուսուցումից, հավանաբար նրան շնորհել է ինքնուսուցման մեխանիզմ, որն ինքնածրագրավորման և ինքնակազմակերպման հնարավորություն է տալիս: Լև Տոլստոյը 63 տարի անընդմեջ օրագրային գրառումներ է արել, և դա մղված է եղել մեկ նպատակի` սեփական անձի կատարելագործմանը: Երկու հազար տարի առաջ Ցիցերոնը կանխատեսում է արել. «Ապագայում բացարձակ իմաստությամբ և բանականությամբ օժտված մարդը հոգու ստորին շերտերն այնպես կկառավարի, ինչպես արդարամիտ հայրը սեփական որդիներին, նրան մի նշանը բավական կլինի, որպեսզի առանց ջանքի նպատակին հասնի, ոգևորի իրեն, ոտքի կանգնեցնի և զինի այնպես, որպեսզի դուրս գա ցավի դեմ, ինչպես թշնամու»:

Մարդկությունն, իհարկե, այսօր էլ հեռու է Ցիցերոնի նկարագրած իդեալից, սակայն ակնհայտ է նաև, որ յուրաքանչյուր մարդ, անկախ տարիքից, ընդունակ է ինքնափոփոխման: Գիտնականները գտնում են, որ մարդն առաջընթաց է ապրել այն պատճառով, որ մշտապես ռեֆլեքսացվել է, ջանացել է տարբերակել արդյունավետ գործողություններն անարդյունավետից, չարը` բարուց, և այժմ` կյանքի լարված հոսանքում գոյատևելու համար, սոցիալական վիճակի հանդեպ բարոյական պատասխանատվություն է պետք կրել, գործողությունների նպատակահարմարությանը` ճշգրիտ, ոչ երկիմաստորեն, ինքնահաշվետու լինելու համար:

Առօրյայում երբեմն կարող են մեզ հանդիպել այնպիսի մարդիկ, որոնց հետ կզրուցես ու ոչ մի տարօրինակ գիծ չես նկատի, մինչև մի պահ, երբ անցումն էլ չես նկատի, որտեղ ի հայտ կգան նրանց տարօրինակությունները: Իսկ վերջին տարիներին ինձ թվում է, թե հաճախացել են այն դեպքերը, երբ մարդը թվում է միանգամայն ադեկվատ է ու հանկարծ մի բան կանի կամ կասի, որ անհնար կլինի զարմացական հայացքդ վրան չհառես: Մեկը կար, հիմա էլ նրան հիշում են: Գայլեռ, իսկ հետո արդեն, Գայլեռ Մոնտե Տիտանիդ` իրեն շնորհած անվամբ: Շատերն էին նրան քաղաքում ճանաչում, գրպանում գրեթե միշտ փող ուներ: Սովորաբար այդ փողը նրան տալիս էին քաղաքի պաշտոնյաները, ունևորները: Հետաքրքիր էր, որ շատերի պես ոչ թե փողը խնդրելով, աղաչաբար էր ուզում, այլ, ինչպես ասում են Գյումրիում, արքով. մի տեսակ պահանջատիրական դիվանագիտություն կար դրանում: Երևի «դիվանագիտություն» ասվածը չափազանցված հնչի, պարզապես բնավորության գծում դա բնազդային դրսևորում պետք էր դիտել: Բանաստեղծություններ էր գրում, որոնք հիմնականում հարստահարողների, իշխանություն ունեցողների դեմ էին ուղղված: Այլ կերպ ասած` իր հիմնական «հովանավորների»: Նրա գրածներում հանգեր կային, բայց պարզունակ, հայհոյախառը մտքեր էին հիմնականում: Քայլում էր քաղաքի մայթերով, հիստերիկ շարժուձևերով, ինքն իրեն խոսելով: Մեկ էլ նա մշտապես կրկնում էր, թե իր հոգին, որում բնագրվել է Բրյուս Լիի էությունը, փշրել է այն իրողությունը, որ Ղարաբաղում մարտնչած իր երկու երկվորյակ եղբայր ընկերներին խփել էին հայերը: Մտածում էի, թե ենթադրաբար գլուխն է գցել այդ անհեթեթությունը ու պարզապես չի կարողանում ձերբազատվել դրանից:

Մի անգամ նրան պատահական հանդիպեցի Գյումրու հոգեկան առողջության կենտրոնում, ուր ռեպորտաժ նկարահանելու էի գնացել: Ինձ, որպես ծանոթի, խնդրեց, որ կադրում չֆիքսենք, պատճառաբանեց, թե այստեղ զուտ հանգստանալու է եկել, հո մյուսների պես խանգարված չէ՞: Գայլեռը մահացավ իր չջերմացվող տանը` քնած ժամանակ: Երևի նրա մահվան միակ «վկան» դատարկ տան պատին փակցված Բրյուս Լիի լուսանկարն էր եղել:

Մասնագետի փորձից. ուղեկցող ցնորքներ
Գյումրու հոգեկան առողջության կենտրոնի տնօրեն Նադյա Վարդանյանը միանգամայն բնական է համարում, որ իրենց մոտ բուժվողների գերակշիռ մասն հեռու են իրենց հիվանդությունն ընդունելու պատրաստակամությունից և շատ քչերն են, ովքեր պատկերացնում են, որ իրենց ուղեկցող ցնորքներն իրականության հետ որևէ կապ չունեն ու ինքնակամ են դիմում բժշկին: «Սովորական աչքը միշտ չէ, որ կարող է տարբերել հոգեկան խնդիրներ ունեցող մարդկանց: Կարելի է, իհարկե, մարդկանց վարքում արտաքուստ նկատել հոգեբանական փոփոխություններ, սակայն նրա ազգականներն ու մտերիմները դա պարզապես կարող են վերագրել նրա խառնվածքի վայրիվերումներին: Նրանք չեն հասկանում, որ մարդու ներաշխարհում հիվանդագին տեղաշարժեր են եղել»,- ասում է կենտրոնի տնօրենը:

Չկայացած բժիշկ` ինքնահաճախորդ
Հովսեփը (անունը փոխված է) մի ժամանակ սովորել է Երևանի բժշկական ինստիտուտում, թողել է ուսումը` անգամ իր համար անբացատրելի պատճառներով, ընթերցասեր է, լավ հիշողությամբ է օժտված, շատ հաճախ նաև սյուրռեալիստական այնպիսի մտքեր է արտահայտում, որ չես հասցնի դրանց իմաստը որսալ: Դրանք, եթե ոչ ուրիշներին, կոնկրետ ինձ բավական հետաքրքիր են թվում: Մի անգամ զանգեց, ասաց, թե հարբած է, պատմեց, թե տղաների մի խմբի կողքով անցնելիս, քամահրանքով հարցրել էին. «Փղի շապիկ ես հագե՞լ, այ տղա»: Կարծում եմ, թե դա իր իսկ համեմատությունն էր, ուղղակի նրանց էր վերագրել: Առավոտյան նորից զանգեց ու ասաց, թե զարթնել, իրեն անհայտ վայրում է գտել` մետաղի ջարդոններ բոլորը, կարծես անեզր դաշտում է, չի իմանում, թե հետն ինչ է կատարվել: Դեռևս նախորդ օրն էր ինձ ասել, թե` չի ուզում տուն գնալ և, ընդհանրապես, հաշիվները փակել է պետք իր անհեթեթ կյանքի հետ, մի հատ էլ հարցրել էր, թե կարո՞ղ է կասկածում եմ, թե չի անի այդ բանը: Ես նրան միայն համոզել էի, որ հիմարություններ չանի:

Հովսեփին մի օր թուղթ ու գրիչ տվեցի ու խնդրեցի, որ սյուրռեալիստական իր մտքերը գրառի, վստահեցրի, որ կստացվի: «Կստացվի՞որ»,- հարցրեց նա: Հաստատակամորեն պնդեցի.«Կստացվի»: Համոզվեց: Յուրաքանչյուր մարդ իր գաղտնի բանալին ունի, ուղղակի պետք է գտնել այն՝ նրա ներաշխարհը թափանցելու համար: Գրեց, իսկը` արձակ բանաստեղծություն` Շառլ Բոդլերին կամ Արթյուր Ռեմբոյին չզիջող տողեր էին.

Երբ մրջյունները, որոնց փորի մեջ Էյֆելյան
Եվ Պիզայի աշտարակները շախմատ են խաղում,
Թամանյանի արձանի միջով լաբիրինթոս է ձգվում:
Այստեղ մեծ քաղաքն է ապրում,
Անչափելի մեծ, քան Երևանն է:
Ժամանակակեր կատուների օրթոդոքս դրախտ է
Նորակերտ անդրօվկիանոսյան Տոկիոն մռնչում է,
Մինչդեռ ձվածեղն սկսել է կերտել փոքրիկ երկնային Երուսաղեմը:
Արևը ջերմում է` մի քիչ թոքաբորբ է մարդկային տկարությունից:
Եթե անգամ այս պայմաններում գնանք Մարս
Եվ բերենք նեյտրոնային հարս,
Մեկ է` Երկիրն էլի կմնա թարս:

Այս բանաստեղծությունը գրելը Հովսեփից ընդամենը մի քանի րոպե պահանջեց: Ինձ հետ երևի համաձայնեք, որ այստեղ մտքի, երևակայության թռիչք կա ու այժմ իրենց մոդեռնիստ համարող շատ երիտասարդ գրողներ կգնահատեին այս գործը:

Ըստ չին փիլիսոփաների…
Սարգիսը (անունը փոխված է) մեդիտացիաներով է զբաղվում, հավաստիացնում է, թե մի ժամանակ չինացի մասնագետներից է դասեր առել և նույնիսկ հաղորդակցվելԴալայ լամաների հետ, այսինքն` եղել Տիբեթում: Նրա միտքը մշտապես զբաղեցված է այն գաղափարով, թե ինչպե՞ս իր խմբակը ստեղծի, որտեղ մարդկանց թրեյնինգների միջոցով կազատի նյարդային լարվածությունից` մարմնական և հոգեկան հավասարակշիռ վիճակի կբերի: Բայց նա էլ մի քանի անգամ հայտնվել է հոգեկան առողջության կենտրոնում: Ասում են, թե մայրը չի հանդուրժում նրա` պարբերաբար կրկնվող ոչ ադեկվատ, համարժեք վիճակը ու ստիպված է լինում որդուն «հանձնել» բժիշկների հսկողությանը:

Պատմեմ Սարգսի հետ կապված մի դեպք, որի ականատեսն եմ եղել: Գյումրու Վարդանանց հրապարակում նստած խորհում էր: Մոտեցա, բարևեցի, հարցրի, թե ի՞նչ մտածմունքների հետ է, որ ինձ չնկատեց: Աչքերն ամպերին հառեց ու ասաց, թե երամներ է ցրում: Հետո նկատելով իմ թերահավատությունը, համոզիչ թվալու համար, ասաց, թե այս երամին կարող է ազդակներ ուղարկել, որպեսզի այն հայտնվի այլ թաղի երկնքում: Հորդորեց իր հետ գնալ նշած թաղը: Գնացինք` երկնքում թռչուններ կային, բայց ի՞նչ երաշխիք, թե դա հենց հրապարակի երկնքում թևածող թռչուններն էին. նրան դա չէր հուզում: Հետո նա համոզեց, որ ուրիշ թաղ գնանք` այստեղից էլ կարղ է երամի տեղաշարժը կառավարել: Հրաժարվեցի, վստահեցնելով, թե կարիք չկա` հավատում եմ նրա հիպնոտիկ կարողություններին: Դա նրան շոյեց:

Ուխտագնացը՝ խաչելության ձգտումով
Վահագնն (անունը փոխված է) էլ ուխտագնացության է ելնում` երկար ճանապարհ կտրելով, գնում է գյուղական մատուռները, մտերիմներին հավաստիացնում, թե շուտով իրեն խաչելու են: Ընկերը, ում հետ հաճախ է կիսվում, կատակով է վերաբերվում դրան: Վահագնը այդ դեպքերում նեղանում է ու «անհավատ» անվանում նրան, ասում է, խոստանում, թե կապերը խզելու է հետը: Մեկ էլ` ուխտագնացության թեմայից կանցնի իր համար ոչ երկրորդային կարևորություն ներկայացնող ամուսնությանը: Գտնում է, թե իրեն շտապ ամուսնանալ է պետք` ժառանգ ունենալ, որպեսզի իր տեսակը երկրի երեսից չվերանա: Նրան էլ մայրը, ում նկատմամբ անբացատրելի վախ ունի Վահագնը, արգելում է ուրիշների հետ շփվել, պարբերաբար տանում է ստացիոնար բուժման: Իսկ երբ արդեն բերում են տուն, մայրը նրան դեղորայքներով է «կերակրում»:

Սեփական գործողությունների  հեղինակ լինել
«Հիվանդի լրիվ բուժման հավանականությունը շատ փոքր է,- ասում է Գյումրու հոգեկան առողջության կենտրոնի տնօրենը,- կարելի է լավագույն դեպքում հասնել հիվանդի վիճակի մեղմացման, այնուհետև, երբ մարդը դուրս է գրվում հիվանդանոցից, տնային պայմաններում նրան ապահովում ենք դեղորայքով: Իսկ դեղորայքի սակավություն վերջին երեք տարում չկա` առողջապահության նախարարությունն ապահովում է անհրաժեշտ չափով»:

Հայտնի հոգեֆիզիոլոգ Լեոնիդ Գրիմակը գտնում է, թե ամբողջությամբ գիտակցելով իր արտաքին կյանքի պայմանները, ենթարկվելով մյուսների հետաքրքրությունների հետ իր կյանքի ուղին կապակցելուն, մարդն հանդիսանում է սեփական գործողությունների հեղինակը և իր հանդեպ պատասխանատվություն է կրում: Թերևս, ըստ իս, այս հանգամանքն է, որ բացակայում է որոշ մարկանց հոգեբանության ու կամային որակների մեջ և նրանց անհաշվետու դարձնում իրենց արարքների ու արտահայտած մտքերի, վախերի հանդեպ: Բայց սա էլ, հավանաբար, ընդամենը ենթադրություն է. ըստ ամենայնի, յուրաքանչյուրի նկատմամբ լավ մասնագետի կողմից անհատական մոտեցում է անհրաժեշտ, քանզի յուրաքանչյուր մարդ յուրովի է «հետաքրքիր» մյուսների համար:

ՍԱՄՎԵԼ ՀՈՒՆԱՆՅԱՆ