ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԱՄՆ սենատորները հետաքրքրված են Գյումրու ՏՏ ոլորտով

ԱՄՆ Գլենդել քաղաքի քաղաքապետ Զարեհ Սինանյանի գլխավորությամբ Հայաստան էին այցելել Կալիֆորնիա նահանգի Գլենդել, Լոս Անջելես, Բրբանք քաղաքի սենատի անդամներ՝ Անթոնի Փորթանթինոն, Հենրի Սթըրնը, խորհրդարանի անդամներ՝ Էվեն Լոն, Աութմն Բըրքը, Սիլիկոնյան հովտում գործունեություն ծավալող բարձր տեխնոլոգիաների ընկերությունների ներկայացուցիչ Անդրեա Դևոն, Գլենդել քաղաքի քարտուղար Արտաշես «Արդի» Քասախյանը, Ամերիկայի հայկական ազգային կոմիտեի արևմտյան տարածաշրջանի նախագահ Նորա Հովսեփյանը, մասնավոր ընկերությունների և պետական հատվածի այլ ներկայացուցիչներ։

Նրանք հանդիպել էին վարչապետի հետ, ներկայացրել, թե ինչպիսի առաքելությամբ են ժամանել Հայաստան: Պատվիրակության անդամները պատրաստակամություն են հայտնել օժանդակել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում փոխգործակցության խթանմանն ուղղված հնարավոր նախաձեռնություններին: Պատվիրակության հանդիպումների հերթական կանգառը Շիրակի մարզում էր:

Նախ՝ հանդիպում տեղի ունեցավ մարզպետ Կարեն Սարուխանյանի և մարզային իշխանության ներկայացուցիչների հետ: Զարեհ Սինանյանը ներկայացրեց հնարավոր փոխհամագործակցության եզրերը. «Մեր այցելության հիմնական նպատակը Հայաստանի IT և Hi-Tecհ ինդուստրիաների կապերի ամրապնդումն է, հետևաբար բոլոր անձինք ինչ-որ ձևով կապված են այդ ոլորտի հետ, և հատուկ ենք ընտրել այս մարդկանց, մեր այցելություններն հիմնականում այս ուղղությամբ ենք կազմակերպել: Եվ քանի որ Գյումրին Գլենդելի հետ քույր քաղաքներ են, նաև ունի տեխնոլոգիական կենտրոն, կփորձենք ձեզ հետ քննարկել, ինչպես նաև Տեխնոպարկում հանդիպումներ ունենալ ոլորտի ներկայացուցիչների հետ` հասկանալու հնարավոր համագործակցության ուղղությունները»:

Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանն իր խոսքում նշեց. «Ինչպես տեղյակ եք, Շիրակի մարզը երկրաշարժից մեծ վնասներ է կրել և բավական երկար ժամանակ փորձում է մեջքը շտկել, բայց խնդիրներ դեռ շատ կան: Նմանատիպ հանդիպումները շատ եմ կարևորում, հատկապես համագործակցության եզրեր գտնելու առումով, մանավանդ մեր հայրենակիցների հետ համատեղ ծրագրեր մշակելն ու իրականացնելը Շիրակի մարզում… Այստեղ մեծ ներուժ կա, գաղափարներ կլինեն, որոնք մեծ հավանականություն կունենան ներդրումներ անելու տեսանկյունով, և ես հուսով եմ, որ մեր սփյուռքի հայրենակիցները մեծ մասնակցություն կունենան նման ձեռնարկներին»:

Պատվիրակության անդամները ներկայացրեցին, թե որքանով գիտեն հայերին, թե որքան մեծ թիվ են կազմում նրանք Միացյալ Նահագներում: Երիտասարդ սենատոր Հենրի Սթըրնը խոսեց հատկապես հայ երիտասարդներից, որոնք մեծ ներուժ ունեն, խելացի են:

Սենատոր Անթոնի Փորթանթինոն հայերին գովաբանելուց հետո, ավելացրեց, որ նա նաև «Պատվավոր հայի» կոչում ունի: Իսկ մեզ հետ ունեցած մասնավոր զրույցի ժամանակ տեղին գործածվող հայերեն բառեր արտահայտեց:

Անդրեա Դևոն ասաց, որ իր հայրը հայ է, սակայն երբևէ Հայաստանում չէր եղել, ու դա առավել մոտիվացրել էր, որպեսզի այս պատվիրակության հետ ևս այցելի Հայաստան:

Հանդիպման ավարտին կողմերը հուշանվերներ փոխանակեցին և շնորհակալություն հայտնեցին ջերմ ընդունելության համար:

Քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ հանդիպմանը խոսակցության թեման նույնն էր, այն տարբերությամբ, որ քաղաքապետի հայտարարությունը նաև մեզ անակնկալի բերեց.

«Ինչպես տեսաք, Գյումրիում մեծ շինարարական աշխատանքներ են տարվում: Ձեր ուշադրությունը թեքեք Գյումրի, որովհետև Գյումրին զարգանում է, մանավանդ, այն գաղափարը, որ Գյումրին ուզում ենք տուրիստական քաղաքի վերածել, դա հստակ տեսլականով երևում է: Կարևորում եմ, որ Հյուսիս-հարավ ճանապարհն է կառուցվում, արդեն Երևանից 1 ժամվա կարելի է հասնել Գյումրի: Այսօր շատ մեծ փոփոխություններ կան Հայաստանում, արդեն իսկ սկիզբ է դրվել նրան, որ վստահությունն է մեծացել մեր պետության, իշխանության նկատմամբ: Քանի որ Գյումրին Գլենդելի հետ քույր քաղաքներ են, ապա պետք է գործնական քայլերի գնալ, համագործակցությունը խորացնել… Ինձ ասել են, որ ուզում են Լոս Անջելես-Գյումրի ավիաչվերթ իրականացնել, հնարավոր է այդ տարբերակը։ Մենք «Տարոն Ավիա» ունեինք այստեղ, հիմա ոնց որ բանակցում է, տեսնենք։ Եթե դա լինի, ոչ միայն լավ կլինի Գյումրիի, այլ ամբողջ Հայաստանի համար: «Շիրակ» օդանավակայանից ուղիղ թռիչք կազմակերպվի դեպի Կալիֆորնիա, որտեղ մեծ թվով հայեր են ապրում»։

Քաղաքապետը նաև նշեց, որ Գյումրին հստակ ուրվագծվում է որպես մշակույթի, տուրիզմի, ՏՏ ոլորտի և թեթև արդյունաբերությամբ զարգացող քաղաք: Նա առաջարկեց շրջել քաղաքով, ծանոթանալ, թե ինչպիսի պատմաճարտարապետական միջուկով քաղաք ենք: Նաև ասաց, որ այս տարի Գյումրին 36 հազար տուրիստ է ունեցել, եթե Հյուսիս-հարավ ճանապարհը կառուցվի, մոտ 50 հազար տուրիստ կունենա։  Հրաժեշտին քաղաքապետը հյուրերին նվիրեց «Գյումրի» գիրքը: