Հիշու՞մ եք հայկական «Տղամարդիկ» ֆիլմում ընկերներն ուզում էին նշանել խենթի պես սիրահարված իրենց «ամլիկ գառի» նման ընկերոջը, բայց ինչ հնար կիրառում էին, միայն ծիծաղաշարժ իրավիճակների մեջ էին ընկնում` չէր հաջողվում իրագործել փափագը: Ֆիլմը կատակերգական էր և նկարահանված էր այդ ժանրի սովետական ավանդական ոճով: Հիմա սովետը չկա ու բնավ միջին տարիքը գերազանցած տղամարդկանց խնդիրներն առնչություն չունեն կատակերգական ժանրի հետ: Այժմ վիճակագրությունը փաստում է, որ բնակչության սոցիալական վիճակի վատթարացումն ուղիղ համեմատական է ամուսնությունների գրանցման թվին: Թերևս, մեր օրերում ամուսնանալու որոշումը մեծ վճռականության ու հանդգնության հետ է կապված:
Ընտանիքը մասամբ կամ առավելապես, բոլոր ժամանակներում կառուցվել է մի հենքի վրա, որ ընդունված է անվանել` սեր և համաձայնություն: Բայց առօրյա կյանքում ամուսնությունների նվազման միտումը, կարելի է ասել, սոսկ սիրո բացակայությամբ չի պայմանավորված: Պակասորդն այստեղ սիրո դեֆիցիտը չէ, այն ուղղակի առնչություն ունի բնակչության մեծամասնության մոտ առկա փողի դեֆիցիտի կամ դրա անգոյության հետ: Այս երկրի քաղաքացին, ինչպես մեկ այլ հայկական հայտնի կինոնկարում, ուղղակի ժամանակ չի ունենում իր երջանկության մեխանիկան հիմնավորել «իր տեսած լուսավոր կետի շուրջ թիթեռնիկի պես պտտվելու» տեսությամբ: Սակայն, ըստ Սերժ Սարգսյանի տեսակետի, որն արտահայտվեց օրերս բազեյականների հետ հանդիպման ժամանակ, հնչյունաբերվեց այսպես. «Մեր երկիրը մեծ ընտանիք է և, եթե համաձայնության մեջ ապրենք մենք` բոլորս, կունենանք մեր երազած երկիրը»: Խոստովանենք, որ հրաշալի է ասված, թեև, երևի այս միտքն արտահայտողն էլ կասկածներ չունի, որ մեր երկրում ապրող որոշ ընտանիքների կողմից, որոնք շատ բարեկեցիկ են ապրում այս երկրում, դա կարող է բնավ հուզական ընկալմամբ չընդունվել:
Առարկայորեն բնութագրելու համար նկատենք, որ սիրահար զույգերից շատերի համար այսօր սրճարաններում և ժամանցային այլ վայրերում հայտնվելու հնարավորությունը հավակնում է դառնալ սրտատրոփ շքեղություն կամ, որպես երևույթ` բացառիկ դիպված: Գրեթե մոռացության է մատնված ծաղկեփնջով ժամադրության գնալու հասարակ սովորույթը: Դրա փոխարեն, սիրո հակառակ երեսն է լայնորեն արտացոլվում աստղերի պերճաշուք սիրո և ամուսնության հորինովի ու անհնար, հայկական «գլանցային ժուռնալների» էջերում և հեռուստատեսային հաղորդումներում տեղ գտած պատումներում` ստվերում թողնելով հասարակ մարդկանց կյանքի ընթացքի «տաղտուկը»: Դե, դա հետաքրքիր էլ չէ, երևի: Այդ «տաղտուկը» սրտերում բազում երիտասարդներ են ապրում մեր երկրում` ուստի ու՞մ է հետաքրքիր նրանց կյանքը, բացի իրենց հարազատներից:
Կազմավորված ընտանիքների մի մասում էլ թերահավատությամբ է ընկալվում երկու-երեք երեխա ունենալու նպատակահարմարությունը: Սա էլ ներընտանեկան` հույսերով ապրելու ուրվապատկերի փլուզման դրդապատճառից է բխում: Սպառողական գներն օրեցօր օլիմպիական ռեկորդներին համարժեք ցատկեր են գործում` սոցիալական վայրիվերումների օրակարգով ապրողներին զրկելով վաղվա օրը բարեժպիտ դիմավորելու հույսից: Է՛լ ո՞ր ընտանիքում կհամաձայնեն այդ վաղվա նկատմամբ ապահովությանն ապավինած` երեք երեխաներ մեծացնելու հույսերով ապրել: Իսկ այն ժողովրդական իմաստությունն էլ, որ ասում է` «Ծնողների բախտ` զավակների թախտ», անշուշտ, այս դեպքում արդեն իմաստաբանական լայն նշանակություն է ձեռք բերում նրանց համար:
Սպառողական գներ ձևավորողների համար էլ փույթ չէ, թե խեղճուկրակ հայ ընտանիքի բյուջեն սեղմելիության ինչպիսի՞ ռեկորդային ցուցանիշներ է խփում ու, թե հետն էլ դրանք ամեն օր ինչպիսի՞ գերազանց արդյունքներ են «ցուցադրում»: Երևի այս դեպքում պետք է ականջ դնել իշխանությունների հորդորներին ու ջանալ վերահսկելի դարձնել ընտանիքի բյուջեն: Բայց ինչպե՞ս վերահսկելի դարձնել մի բան, ինչի գոյությունը մանրադիտակով նույնիսկ անդիտարկելի է: Ուստի, ավելի լավ չէ՞ր լինի, որ այս դեպքում պետական կառույցները համապատասխան վերաբերմունք դրսևորեին այն երիտասարդների հանդեպ, ովքեր իրենց կյանքում վերոհիշյալ խոչընդոտների առկայության և ոչ թե բնույթով Դոն Ժուան լինելու պարագայում են հրաժարվում ամուսնության մտքից: Եվ լավ չէ՞ր լինի, որ իշխանավորներն աշխատելու ունակ երիտասարդներին գործազրկության շոշափուկներից կարողանային փրկել իրենց վարած տնտեսական քաղաքականությամբ, ինչը թույլ կտար վստահություն ձեռք բերել ընտանիք պահելու նրանց հնարավորությունն իրականացնելու նկատմամբ:
Չստացվի այնպես, որ աղջիկն իրեն ուզող տղայի լրջության հանդեպ թյուր պատկերացում ունենա` ինչպես մի անեկդոտում. մայրն հարցնում է աղջկան, թե նրա հետ ամուսնանալու մտադրություն ունեցողը լո՞ւրջ տղա է: Աղջիկն էլ` ի պատասխան, թե. «Հա, մայրիկ, ինչքան ժամանակ է, որ նրան ճանաչում եմ, իսկ նա մի անգամ նույնիսկ չի ծիծաղել»: Մայրը մտածում է` «Իսկ չլինի՞ այդ լրջությունը երկմտելուց է` ուզի՞ աղջկաս, թե՞ չուզի»: Ու այս սկզբունքը շարունակ այնչափ հաստատուն է դառնում, որ մարդկանց դրանից ետ վարժեցնելու Դուրովների կրկեսային արտիստների դինաստիային էլ չէր հաջողվի անել:
Հասարակության շարքային անդամի կենցաղավարությամբ ապրող սերնդակից ընկերներիս շարքում կան այնպիսիք, որ մինչ այժմ կրում են ամուրի լինելու «խաչը» ու վերջերս ինձ շնորհել են «Զինվորի հայր» կարգավիճակը: Ես հասկանում եմ, որ իրենք առհասարակ իրենց տարիքում կգերադասեին թեկուզ զինվորի հայր լինել, քան մինչ այժմ անընտանիք ու անզավակ մնային:
ՍԱՄՎԵԼ ՀՈՒՆԱՆՅԱՆ